Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու նվիրապետական Աթոռներից է: Հիմնադրվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Սբ. Աստվածածին Մայր եկեղեցին է: 1998թ.-ից Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքն է Մեսրոպ արք. Մութաֆյանը: Ներկայում Պատրիարքի տեղապահ է ընտրվել Արամ արք. Աթեշյանը:
Պատրիարքությունը հանդիսանում է Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցիչը: Պոլսո Հայոց Պատրիարքն ընտրվում է համայնքի ներկայացուցիչների պատգամավորական ժողովում:

Այսօր Թուրքիայում ազգային իշխանություն հանդիսացող Պոլսո Հայոց Պատրիարքությունը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ուստի չի կարող ունենալ գույքի, սեփականության, նյութական միջոցների տնօրինման իրավունք:
1700թ. Պոլսի Հայոց Պատրիարքությունն ունեցել է 20 վիճակ-թեմ, 1834թ.` 36 վիճակ-թեմ, 1900թ.` 43 վիճակ-թեմ: Այժմ Պատրիարքությունն ունի 6 վիճակ-թեմ` Հին քաղաք, Արևմտյան Բոսֆոր, Արևելյան Բոսֆոր, Իշխանաց կղզիներ, Գավառ, Կրետե:
Մինչ Պոլսո Հայոց Պատրիարքության հաստատումը Օսմանյան պետության սահմաններում ապրող համայնքներն ընդգրկված են եղել 3 թեմերում` Սվազի, Էնկյուրիի (Անկարա), Բուրսայի Քյոթահյա Գարամանիում:

14-րդ դարասկզբին Պոլսում գործել են Սբ. Սարգիս, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները և լատինադավան Սբ. Նիկողայոս եկեղեցու մի մասը: Պոլսո Հայոց Պատրիարքության հիմնադրումից հետո, 17-րդ դարասկզբին նրան էին պատկանում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր առաքելական եկեղեցիները: 1900-ական թվականների սկզբին Պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի և 132 վանք:

Այսօր Պոլսո Հայոց Պատրիարքության իրավասության ներքո գործում է 43 եկեղեցի, որոնցից 42-ը` Թուրքիայում, 1-ը` Կրետե կղզում: Պոլսում կա ընդհանուր առմամբ 37 եկեղեցի: Թուրքիայի 14 հայ համայնքներում եկեղեցիներ այլևս չկան:
Պատրիարքարանում հրատարակվում են կրոնաբարոյական, գրական և պատմաբանասիրական «Շողակաթ» հանդեսը (լույս է տեսնում 1925թ.-ից) և տեղեկատվական «Լրաբեր» պարբերականը (լույս է տեսել 1996թ.-ից):

Լուսանկարներում

1. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սուրբ Աստվածածին եկեղեցի: 2. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սուրբ Աստվածածին եկեղեցի: 3. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սուրբ Աստվածածին եկեղեցի: 4. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Սուրբ Աստվածածին եկեղեցի:

You may also like...