Կոմիտասի անվանն արժանի

«Հայրենիքի ձայն», 1984թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

«… Ես չեմ կարող չասել, որ տաղանդ բառը բավական չէ նրանց համար: Նրանք նվագում են ե՛ւ սրբերի, ե՛ւ հրեշտակների, ե՛ւ դեւերի պես: Ու այդ բոլորը՝ տեխնիկական բարձր մակարդակով: Դա աշխարհի երեք լավագույն քառյակներից մեկն է: Չեմ չափազանցում, ոչ թե հինգից, այլ երեքից»:

Այս խոսքերն ասվել են 1984 թվականի մայիսի 26-ին, Փարիզի հեռուստատեսությամբ, նշանավոր դաշնակահարուհի Հյուգետ Աժեդերյանի կողմից:

Ասվել են Հայաստանի Կոմիտասի անվան լարային քառյակի մասին, Էդվարդ Թադեւոսյանի, Սուրեն Հախնազարյանի, Ֆելիքս Սիմոնյանի, Յակով Պապյանի մասին:

Այո, չափազանցություն չկա: Շուրջ 60 տարի է, որ նման խոսքեր ասվում եւ գրվում են աշխարհի բոլոր այն երկրներում, ուր համերգային շրջագայություններով հանդես է գալիս քառյակը: Ասվում եւ գրվում են Անգլիայում, Ճապոնիայում, ԳՖՀ-ում, Ֆիլիպիններում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այլուր:

Պատահել է այսպես. 1924 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանող չորս հայ երիտասարդներ խիզախում են ստեղծել լարային քառյակ, եւ այն կոչում են «Հայկական»: Այլ կերպ անհնար էր: Նրանք տաղանդավոր էին, անհանգիստ ու եռանդուն եւ ասելիք ունեին: Ու Մոսկվայի երաժշտական միջավայրերում հաճախ սկսեցին հոլովել այդ չորս երիտասարդ հայերի՝ Ավետ Գաբրիելյանի, Լեւոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի, Մարգիս Ասլամազյանի անունները: Նրանք գրավեցին ոչ միայն ունկնդրի, այլեւ ժամանակի անվանի կոմպոզիտորների ուշադրությունը, որոնք սկսեցին երաժշտություն գրել հատկապես այդ քառյակի համար, հատկապես հայկական թեմաներով:

«Այդ հրաշալի հայ անսամբլին փայլուն ապագա է սպասում»,- վստահեցնում էին երաժշտագետները:

Նրանք՝ քառյակի անդամները, գիտեին, թե ինչ է պետք իսկական արվեստ մտնելու համար, գիտեին նաեւ, որ այդ իսկական արվեստում կարեւոր է պահպանել ոչ միայն արվեստի չափանիշները, այլեւ ազգային ոգին ու դեմքը: Բայց գիտեի՞ն արդյոք, որ իրենց ուսանողական այս պարզ ձեռնարկումը այսպիսի երկարատեւ, կենսունակ շարունակություն է ունենալու եւ այդ շարունակության մեջ մշտապես հիշվելու են իրենց անունները:

Արդեն որոշակի ճանապարհ անցած, ճշտած իրենց գեղարվեստական ու քաղաքացիական հավատամքը, նվաճած բազմաթիվ դահլիճներ, նրանք իրենց իրավունք վերապահեցին քառյակը կոչելու հայկական երաժշտական արվեստի ամենանվիրական անունով՝ Կոմիտասի անունով:

Տարիների հետ փոփոխվեց քառյակի կազմը, փոփոխվեց համերգային ծրագիրը, բայց անփոփոխ մնաց նրա հավատամքը:

Ինչպես ամեն մի լարային քառյակ, Կոմիտասի քառյակն էլ մեծ հետաքրքրություն ցուցաբերեց դասական կոմպոզիտորների հարուստ ժառանգության նկատմամբ:

Սակայն քառյակի գոյության փաստն առանձնապես կարեւոր էր հայ կոմպոզիտորների համար: Ի դեմս քառյակի նրանք գտան վստահելի մեկնաբանի, որն իրենց ստեղծագործությունները հասցրեց աշխարհի ամենատարբեր երկրների դահլիճները:

- Մանկուց արդեն մեզանից շատերի գիտակցության մեջ կար Կոմիտասի քառյակի ստեղծագործական անկրկնելի դիմանկարը, կատարողական բարձր արվեստը,- ասում է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը:- Հայ կոմպոզիտորներից շատերիս համար ի սկզբանե քառյակը եղավ ստեղծագործական լաբորատորիա եւ ոսկի կամուրջ՝ մեր եւ ունկնդրի միջեւ: Մենք քառյակին պարտական ենք թե՛ որպես ունկնդիր եւ թե՛ որպես հեղինակ՝ մեր ստեղծագործությունների երջանիկ ճակատագրի համար: Այդ փոքրաթիվ ստեղծագործական կոլեկտիվը մեզ համար ե՛ւ քառյակ էր ե՛ւ սիմֆոնիկ նվագախումբ, ե՛ւ մենք նրան ենք վստահել մեր ամենանվիրական զգացումները, որոնք նա հավատարմորեն հասցրել է ունկնդրին:

Որպես հեղինակ ինձ համար անկրկնելի հաճույք է համագործակցել քառյակի հետ, քանի որ նրա համար կատարողական պրոցեսը ստեղծագործական պրոցես է: Այդ երաժիշտները կարողանում են ունկնդրին հասցնել իմ ասելիքը, դրան ավելացնելով իրենց մտքի եւ հոգու ասելիքը: Սա՛ է իսկական կատարողական արվեստը:

Առհասարակ կամերային արվեստը ենթադրում է փոքր, մտերմիկ լսարան: Եւ պատահական չէ, որ քառյակային ստեղծագործությունները լայն ճանաչում չեն վայելում: Սակայն Կոմիտասի անվան քառյակը այս տիպի կոլեկտիվների մեջ այն եզակի բացառություններից է, որը վայելում է համաժողովրդական սեր եւ ճանաչում՝ իր ստեղծման առաջին իսկ օրվանից: Եւ դա շնորհիվ թե՛ իր կատարողական փայլուն արվեստի եւ թե՛ այն բանի, որ նա կատարում է ժողովրդի կողմից սիրված կոմիտասյան ստեղծագործությունները:

Այո, կամերային երաժշտությունը ենթադրում է համեմատաբար փոքր, մտերմիկ լսարան: Այնպիսի լսարան, որտեղ չկորչի քնքշաքնքուշ ոչ մի հնչյուն, ոչ մի նրբերանգ, ոչ մի թրթիռ:

Եւ երբ բեմ են դուրս գալիս այդ չորս տաղանդավոր երիտասարդները՝ ավանդական ֆրակներով, արտիստական գեղեցիկ կեցվածքով, դահլիճն անմիջապես քնքշանում ու ջերմանում է եւ դա ո՛չ միայն իսկական արվեստի հետ հանդիպման ու երաժշտական վայելքի ակնկալիքից: Դահլիճում ծնվում է ինչ-որ ուրիշ մի զգացում, որը չես կարող պարզ սեր կոչել, այդ զգացման մեջ խտացած է ե՛ւ արժանապատվություն, ե՛ւ վստահություն, ե՛ւ մեծ ու հզոր լինելու հպարտություն, ե՛ւ հավատք, որ դա՛, քո քառյակը, այս մեծ ու բազմամարդ աշխարհի երեք լավագույն քառյակներից մեկն է:

- Այս գարնանը ես բախտ ուսեցա Կոմիտասի անվան քառյակի հետ լինելու Ֆրանսիայում,- պատմում է Վահագն Դավթյանը,- եւ այդ ճամփորդության ընթացքում կարողացա հասկանալ քառյակի հաջողության գաղտնիքներից մեկը: Այդ չորս հրաշալի երիտասարդները՝ Էդվարդ Թադեւոսյանը, Սուրեն Հախնազարյանը, Ֆելիքս Սիմոնյանը եւ Յակով Պապյանը, մի շատ գեղեցիկ ներդաշնակություն էին կազմում, իսկ ինչպես գիտենք, ներդաշնակությունը երաժշտության հիմունքներից մեկն է, եւ նրանց այդ անձնական ներդաշնակությունը վեր էր ածվում երաժշտական ներդաշնակության:

Այդ ճամփորդության ընթացքում հասկացա նրանց հաջողությունների նաեւ մեկ ուրիշ գաղտնիքը, դա այն խորին հարգանքն է, որ նրանք ունեն իրենց նախորդների նկատմամբ: Հիշում եմ, թե Էդվարդ Թադեւոսյանը, որ քառյակի ոգին ու շունչն է, ինչպիսի հիացումով էր խոսում Ավետ Գաբրիելյանի, Սարգիս Ասլամազյանի եւ մյուսների մասին:

Քառյակը հավատարիմ է իր ավանդներին: Եւ դա նրա մեծագույն ուժն է: Առանց ավանդների պահպանման ու զարգացման չկա ճշմարիտ արվեստ:

Բայց, անշուշտ, քառյակի հիմնական գաղտնիքն այն է, որ նրա չորս անդամներն էլ տաղանդավոր են, շռայլորեն տաղանդավոր եւ պատահական չէ, որ այդ համերգներից հետո, Փարիզի հեռուստատեսությամբ նրանց նվիրված հաղորդման մեջ արտահայտվեց այն միտքը, թե նրանք նվագում են ե՛ւ սրբերի, ե՛ւ հրեշտակների, ե՛ւ դեւերի պես: Սրբերի, հրեշտակների, տաղանդավոր դեւերի մի գեղեցիկ ներդաշնակության է այս քառյակը, եւ նրա միջազգային ճանաչումը պատահական չէ:

Անհնար է առանց հիացումի փաստել այս զարմանալի գեղեցիկ իրողությունը, երբ չորս կանթեղների խորհրդով ամբողջացած քառյակը, իր լիցքի շուրջ հավաքել է մեր երաժշտության երախտավորներից ամենափառավորներին: Մանավանդ, գնահատելի է այն երեւույթը, որ, որպես ժամանակների հանդիսության պատվո չորս ասպետներ, իրար են փոխարինում նույն ծրագրին տրված տարբեր սերունդների հայ երաժիշտները, եւ Կոմիտասի քառյակի առաջին ջութակ հասկացությունը զարմանալի տարողունակ ու նշանակալի է դառնում մեր ամբողջ մշակույթի համար:

Քառյակի գոյությամբ մեզ համար ճշտվում է ինտերյերային երաժշտության ըմբռնման մեր ձեւն ու խոսքը:

Իրոք, Կոմիտասի անվան քառյակը կյանք է առել իբրեւ սենյակի ներսում ձեւավորված երաժշտական մշակույթ, առանց որի սակայն, գուցե անկարելի պիտի լիներ, ասենք, սիմֆոնիկ նվագախմբի գոյությունը: Այս երկու ժանրերի կապը փոխադարձ լրացման, փոխհարստացման ճանապարհով է ընթացել: Քառյակային մտածողության մակարդակը բնորոշում է ամբողջ մի մշակույթի սիմֆոնիկ մտածողությունը: Եւ սրանք դառնում են մի կշեռքի զույգ նժարներ: Չէ՞ որ երաժշտական մշակույթի ամբողջացման օրենքով Բեթհովենի ինը սիմֆոնիաների հետ ծնվել են 17 կվարտետները, Շոստակովիչը 15 սիմֆոնիաների հետ ստեղծել է իր 15 կվարտետները:

Մեր հոգիների ամենախորքերի ալեբախությանն ու ամենանուրբ զգացումների սղագրությունն իրականացող՝ շքեղորեն հարուստ կոմիտասյան քառյակին ցանկանք հարատեւություն, ստեղծագործական բեղուն կյանք:

Ունկնդիրը սպասում է նոր համերգների… Սպասում է այն հրաշալի պահերին, երբ այդ «չորս ասպետները» նորից կսկսեն պատմել աղեղի ու լարի միջոցով ծավալվող սիրո, քնքշության, ազնվացնող թախծի, վեհացնող պայքարի մասին… Ու այդ պատմություններից պիտի թրթռան բոլորիս հոգիները, քանի որ Կոմիտասի անվան քառյակի մի լարն անցնում է ունկնդրի հոգու միջով…

You may also like...