Կոմիտասը կը խոսի

Սովետական Հայաստան, թիվ 6, 1982

Կոմիտասը, եղեռնի մեծ նահատակը, գաղթի ճամփաներին տեսած բոլոր մահերն անցկացրեց իր սրտի միջով և ընդմիշտ կորցրեց բանականությունը… Ամբողջ քսան տարի Փարիզի հոգեբուժարանում կյանքին անհաղորդ մնաց։ Սակայն փարիզահայությունը չէր կորցնում հավատը, որ Կոմիտասը կառողջանա։ Հայ մայրերը եկեղեցիներում խունկ էին վառում, ծնրադրում, աղոթում, Նարեկ շշնջում նրա համար։ Պատահել է, որ բազմամարդ մի երգչախումբ նրա լուսատուտի առաջ երգել է իր իսկ դաշնավորած աշխարհիկ և հոգևոր մեղեդիները, երգերը։ Կոմիտասի բարեկամները հաճախ էին գնում հիվանդանոց՝ նրան տեսակցության։ Նրանցից մեկը՝ Վարդան Մերջանյանը, ժամանակին գրի է առել իր հուշերը Կոմիտասի մասին։ Նա իր երկու ընկերներով 1931-ի հունվարի 31-ին այցելել է Կոմիտասին։ Այդ օրը Կոմիտասը այնպիսի լուսամիտ պահեր է ապրել, որ կարողացել է նրանց հետ լուրջ զրույց ունենալ։ Ստորև տպագրում ենք այդ հարցազրույցը, որը խմբագրությանն է տրամադրել Էդվարդ Աղամյանը։

ԿՈՄԻՏԱՍ — Լսեցի, որ Փարիզ շատ հայեր եկեր են, ի՞նչ կընեն, ինչպե՞ս կապրին… Չե՞ն ուզեր հայրենիք երթալ և իրենց սեփական տունը շինել։ Հոս սարսափելի է։

ՄԵՐՋԱՆՅԱՆ — Կկարծե՞ք, որ մենք ալ պիտի վերադառնանք մեր հայրենիքը, հայր սուրբ։

Կոմիտաս

ԿՈՄԻՏԱՍ — Անշուշտ, ոչ թե կկարծեմ, այլ կհավատամ։ Ան, որ տուն ունի` Հայրենիք կկերտե, ան, որ Հայրենիք ունի ազատ է ու կստեղծագործե։ Ստեղծագործությունը արվեստ է։

ՄԵՐՋԱՆՅԱՆ — Այո՛, հայր սուրբ, և դժբախտաբար հայ արվեստը շատ փոքր է բաղդատմամբ օտար արվեստներու։

ԿՈՄԻՏԱՍ— Ինչո՞ւ կբաղդատենք մեր արվեստը օտար արվեստներու հետ։ Մեր արվեստը պետք չէ ցուցադրել ուրիշներու… Աշխարհն ականջ ունի կլսե, աչք ունի կտեսնե։ Եթե արվեստ մը արժեք ունի, ան իր գնահատանքը կգտնե։ Մի երգեք ուրիշներու տանը մեջ, այլ երգեք ձեր տանը մեջ, ամեն մարդ իր տանը մեջ ազատ է, ինչպես ես իմ տանս մեջ։

ՄԵՐՋԱՆՅԱՆ— Բայց ազգը փչանալու վրա է այս օտար հողերու վրա։

ԿՈՄԻՏԱՍ— Դուք մի վախենաք այդ փչացումից, եթե ամբողջը փչանա, գեթ անոր մեջ մեկը պիտի գտնվի, հայ մը, որ կայծի մը պես պիտի բոցավառե մյուսները, ինչպես ցորենի հատիկը կմեռնի հողին մեջ, բայց անոր մահով կյանք կառնեն մեկե ավելի հատիկներ, այնպես ալ ազգի մը մեկ զավակը դարձյալ կկենդանացնե ու կփրկե թե ազգը, և թե՛ ազգային արվեստը։

ՄԵՐՋԱՆՅԱՆ — Վերջին անգամ Գնել եպիսկոպոսն ալ վախճանեցավ։

ԿՈՄԻՏԱՍ— Հը՜… Տառապանքն ու վիշտը հանգիստ չեն թողուր մարդուն հոգին։ Բայց հիմա ան իր հավիտենական կյանքի մեջ իր հանգիստը գտավ։

ՄԵՐՋԱՆՅԱՆ— Մեր մեծ դեմքերը հաջորդաբար կկորսնցնենք և նորեր չկան անոնց հաջորդող, ինչպես այսօր չունինք կարող երաժիշտ մը հայ երգերը հավաքելու համար։

Կոմիտասը մի քիչ մտածելե հետո կպատասխանե. «Այս ազգը, որ ծներ է այդ մարդիկը, դարձյալ կծնի։ Բավ է, որ իր տունը ունենա և իր արժանի գնահատանքը։ Այն հացը, որ ինձի այստեղ կուտան, այդ իմ մարմնույս սննունդ ըլլալե ավելի բան չարժեր։ Գնահատանք չէ։ Անհատը պետք է զարգանա մեծության հասնելու համար։ Երբ այդ զարգացումը մի միայն ի շահ ապրուստի ծառայեցնե՝ արժեք չունենար, այլ զարգացումով պետք է ազնվացնե իր հոգին, իր միտքը ստեղծագործե ի շահ իր ժողովրդին, իր ազգին…

Ահա այդտեղ է հոգիի մեծությունը, որ իր տանը կպատկանի, այս է իսկական մեծությունը»։

ՄԵՐՋԱՆՅԱՆ— Լավ, հայր սուրբ, ի՞նչ է երաժշտությունը, հաճեցեք բացատրել։

ԿՈՄԻՏԱՍ— Երաժշտությունը, տղաս, հոգեկան այն հսկա ուժն է, որ կտիրապետե զգացումներու վրա։ Երաժշտությունը տիեզերական այն լեզուն է, որ մարդկային հոգիները առանց թարգմանի ուղղակի հաղորդակցության մեջ կդնե… Կլսես, բայց չես տեսներ, կտեսնես, բայց չես կրնար բռնել, կզգաս, բայց չես հասկնար, ահա այս է երաժշտությունը։

ՄԵՐՋԱՆՅԱՆ— Իսկ հայ երաժշտությո՞ւնը…

ԿՈՄԻՏԱՍ— Ազգային երաժշտությունը ազգի մը մեծության չափանիշն է, երաժշտությունը որքան մեծ է՝ ազգն ալ նույնքան մեծ է։ Հայ գեղջուկն ալ ուներ իր երգը և ան կերգեր իր տանը մեջ։ Մարդ իր տանը մեջ ինքզինքը ազատ կզգա, և ազատությունը կստեղծագործե։

Գեղջուկը կարդալ չգիտե, բայց երգել գիտե։ Ան կերգե իր գյուղը, հողը, իր տունն ու հայրենիքը։ Ան այս բոլորը դարձյալ պիտի ունենա։ Եթե այժմ փոքր է, վաղը պիտի մեծանա, ինչպես մի երեխա մեծանալե վերջ իր տունը կկազմե։

You may also like...