Կյանքը` ժողովրդին, մահը` նրա հետ

Սովետական Հայաստան, թիվ 6, 1982

Թորգոմ Գևորգյան

Այս հոդվածը տպագրության ընթացքի մեջ էր, երբ վախճանվեց նրա հեղինակը՝ Թորգոմ Գևորգյանը, որն Անդրանիկ զորավարի համհարզն է եղել, անցել է հայրենիքի զինվորի ու աշխատավորի ազնիվ մի ճանապարհ և կյանքի վերջին տարիներին հաճախ հուշագրություններով հանդես է եկել հայրենիքի և սփյուռքի մամուլում։ Խմբագրությունն իր խոր ցավակցությունն է հայտնում նրա մահվան առթիվ։

Այսօր ես ձեզ կպատմեմ իմ ուսուցիչների մասին։ Վաղը արդեն ուշ կլինի։ Ես ութսունչորս տարեկան եմ։ Այդ տարիքում վաղվա մասին գրեթե չեն մտածում։ Միլիոն ու կես նահատակներից փրկենք ևս երկու անուն։ Մարդիկ, որոնք իրենց կյանքը ապրեցին ծնծղաներից հեռու, կրթեցին ու լուսավորեցին առանց ակնկալիքների, և մահվամբ իսկ եղան ուսուցիչ, որովհետև ուսուցիչ ոչ թե նրանց կոչումն էր, այլ ճակատագիրը։

Բարեկամներս, սիրեցեք իմ ուսուցիչներին։

Կար չկար, Արևմտյան Հայաստանում Խոտորջուր անունով մի գավառակ կար։ Եվ հեքիաթ է, և հեքիաթ չէ։ Խոտորջուրի անտառները մոր պես բարի էին ու իրենց փեշերի տակ պատսպարում էին նրան՝ չար աչքից հեռու և ապահով։ Խոտորջուրի քարանձավները իրենց մութ խոռոչներում կուրացնում էին օտար հայացքները, իրենց ժայռեղեն թիկունքներին փշրում վայրի բնազդները։ Ապրում էին աննկատ, իրենք իրենց մեջ երջանիկ ու հպարտ։ Թող չլիներ այդ օրը, մեզ պետք չէր նաև այս լեգենդը։ Թուրք հարկահանները, որպես օրինական մուրացկաններ, շրջում ու հարստահարում են հայկական բնակավայրերը։ Նրանց անկշտում ու վայրի էությունը պահանջում էր՝ քիչ է, քիչ է: Հանկարծ նրանցից մեկը Ճորոխ գետի մեջ թափվող առվակում նկատում է թարմ տաշեղ ու գդալ։ Եվ ագահ երևակայությունը առվակի հունով տանում է նրանց։ Գնում են, գնում և հանդիպում են մշակված, առատ բանջարանոցների ու այգիների։ Շփում են իրենց բահ չբռնած ձեռքերը, պսպղացնում ուրիշի ունեցվածքով հարուստ իրենց աչքերը… պղծվում են Խոտորջուրի կուսական անտառները… պապանձվում են Խոտորջուրի խորհրդավոր քարանձավները… պղծվում է օդը… պղծվում է և այս լեգենդը. և Խոտորջար գավառակը դառնում է օսմանյան պետության հարկատու գյուղախումբ։

Խոտորջուր գավառակի Միջնթաղ գյուղի դպրատունն, ուր սովորել եմ ես, ուներ երկու ուսուցիչ` տեսուչ Բագրատիոն էֆենդի Չախալյանը և հայր Մաթևոս Հաջյան- Գավառացին։ Տարբեր խառնվածքի ու հակումների տեր մարդիկ էին նրանք, բայց հիմքում երկուսն էլ նույնն էին, երկուսն էլ լի էին իրենց կյանքն ու հնարավորությունները ժողովրդին ծառայեցնելու վճռականությամբ։

Թորգոմ Գևորգյան

Չախալյանն ավարտել էր Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան նշանավոր վարժարանը, ապա նաև Վենետիկի ատամնաբուժական ուսումնարանը և վերադառնալով ծննդավայր, ստանձնել էր մեր դպրատան տեսչությունը։ Միաժամանակ բուժական օգնություն էր ցույց տալիս բնակչությանը։ Իսկ Հաջյանը, Մխիթարյանների Վիեննայի ուսումնարանն ավարտելուց հետո, հետևել էր նաև տեղի գերմանական համալսարանի մանկավարժական դասընթացներին, որից հետո երկու տարի ուսուցչություն էր արել Զմյուռնիայի և Պոլսի հայկական դպրոցներում։ Մեր դպրատանը նա դասավանդում էր գրաբար, երգեցողություն և կրոն։

Բագրատիոն էֆենդին Խոտորջուրի մեծավոր Տեր-Կարապետի զավակն էր, իսկ Հաջյանը՝ աղքատ որբևայրի Սրմա Մորոյի։

Հաջյանը հեզաբարո մարդ էր։ Չէր միջամտում հասարակական գործերին, ներողամիտ էր, մարդկանց հետ հարաբերությունների մեջ՝ զուսպ։ Նրա բնավորությունն ի նկատի ունենալով, ժողովուրդը նրան կպցրել էր «Կաթնապուր» մականունը, այսինքն՝ կաթնապուրի պես քաղցրանուշ։

Չախալյան Բագրատիոն էֆենդին դասավանդում էր մնացած բոլոր դպրոցական առարկաները։ Խառնվածքով Հաջյանի հակապատկերն էր։ Ակտիվ էր, ձեռներեց, խիստ, պահանջկոտ։ Խառնվում էր հասարակական և թաղական բոլոր գործերին։ Հաջյանը հմուտ բանահավաք էր: Նա մշտապես իր հետ ուներ մի տետրակ, ուր գրում էր իր նոր լսած բառն ու բանր՝ երգ, մանի, առակ, առած, հանելուկ։ Ժողովուրդը սիրով օժանդակում էր նրան։ Նա իր կենդանության օրոք կարողացավ հրատարակել «Երգեր, առակներ, հանելուկներ, թերհավատություններ Խոտորջրո» գիրքը, որը լույս տեսավ Թիֆլիսում 1904 թվականին, ապա նաև «Ավանդական հեքիաթներ Խոտորջրո» գիրքը, որը տպագրվեց Վիեննայում 1907 թվականին։ Բայց Հաջյանի ամենանշանակալից գործը «Խոտորջուրի գավառաբարբառը» աշխատությունն էր, որը լույս տեսավ նրա նահատակությունից մոտ հիսուն տարի հետո, 1964 թվականին, Մխիթարյանների հրատարակած «Հուշամատյան Խոտորշուրի» բազմաբովանդակ գրքի մեջ։

Եթե Հաջյանի նախասիրությունը բանահավաքությունն էր, ապա Բագրատիոն էֆենդին տարված էր Խոտորջուրի խիստ մշուշապատ անցյալի մասին պատմական նյութեր հավաքելով։ Նա նույնիսկ եղավ Անի քաղաքում, որտեղից ըստ ավանդության սերում են խոտորջուրցիները։ Դժբախտաբար Բագրատիոն էֆենդին չկարողացավ հրատարակել իր ուսումնասիրությունները։ 1915 թվականի խառնակ օրերին նա այդ նյութերը հավաքեց կողովի մեջ ու թաքցրեց։ Եվ այսօր էլ մեր սիրելի ուսուցչի գրավոր ժառանգությունը լքված ու միայնակ թախծում է Խոտորջուրի բազում քարանձավներից մեկում։

Վերջերս, բոլորովին պատահաբար, իմ հանգուցյալ հոր հին նամակների մեջ հայտնաբերեցի մի նամակ, որը գրված է ուսուցիչ Բագրատիոն էֆենդու ձեռքով, դեռ այն ժամանակ, երբ ինքը ուսանում էր Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Նամակը հասցեագրված է հորս։ Հետաքրքրություն է ներկայացնում նամակի այն հատվածը, ուր Չախալյանը նկարագրում է գերմանական կայսր Վիլհելմ Երկրորդի այցելությունը Իտալիո Ումբերթո թագավորին։ Կրճատումներով ներկայացնում ենք այն.

«…Հոկտեմբերի 13-ին մեր՝ Վենետիկ իջած օրվա երկրորդ օրը Գերմանիո կայսր Վիլհելմը հոս եկավ կայսրուհու հետ…

Առավոտյան ժամը 12-ին դպրոցեն ելանք այս տեսարանը դիտելու համար։ Մեծ ջրանցքին վրա պալատի մը առջև տեղավորվեցանք, ուրկե պիտի անցնեին կայսրը և Իտալիո Ումբերթո թագավորը…

Ասկե ս. Մարկոսի հրապարակը եկանք, ուր թագավորական պալատը իջած էին հիշյալ ճամփորդները։ Ամբոխը հրապարակը լեցված, ծափահարելով և աղաղակելով, ի տես,
ի տես կկանչեր, և ահա պալատին պատուհաններեն մեկը բացվեցավ, ուսկից առաջ երևան եկան Գերմանիո կայսրը և Ումբերթո թագավորը։ Պատուհանին մոտ ըլլալով, լավ մը դիտեցինք զիրենք, թագավորին քաղցր դեմքը սպիտակ աչիքներու մեջեն սեր և գութ կարտահայտեր։ Մյուսը` լուրջ երիտասարդ մը, աչքերր խրոխտ տեսա, կարծես թե՝ եթե խոսեին, պիտի արտասանեին մեզի համար. «Դուք՝ հայերդ, սպասեցեք…»։

Եթե հաշվի առնենք, որ նամակը գրված է 1898 թվականին, ապա կարելի է զարմանալ իմ սիրելի ուսուցչի կանխատեսության վրա։ Ւնչպե՞ս նա կարողացավ Առաջին համաշխարհային պատերազմից դեռ 16 տարի առաջ Վիլհելմ կայսեր մեջ տեսնել նրա բարբարոս էությունը։ Բայց մեր զարմանքը փարատենք այն փաստով, որ վարժարանի աշակերտության հոգևոր հայրն էր մեծն Ալիշանը, իսկ Չախալյանի դպրոցական ընկերներն էին ապագայի այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Վարուժանը, Էդգար Շահինը, Վահրամ Փափազյանը և ուրիշներ։

Բարեկամներս, ինձ կներեք այս հոգեցունց շեղումների համար։ Իմ ուսուցիչներին հիշելիս, աչքերս արտասուքով են լցվում։ Նրանք ոչ թե ուսուցիչներ էին, այլ նվիրյալներ։ Ուսուցիչ էին, եթե նույնիսկ կրթություն էլ չունենային։ Միշտ այնտեղ էին, ուր իրենց կարիքը զգում էին։ Ժողովրդին բաժին ընկած զրկանքներն ու ողբերգությունը առաջինը իրենց վրա էին կրում։ Այժմ նրանք ինձնից հեռու են մեկ կյանքի չափով։ Եթե ես հավատայի հանդերձյալ կյանքին, ուրախ պիտի լինեի, որ մոտենում եմ նրանց։ Սիրելիներս, իմ ութսունչորս տարիների անունից խնդրում եմ ձեզ, երբ կգնաք Ծիծեռնակաբերդ ու կխոնարհվեք եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի առջև, շշնջացեք նաև իմ ուսուցիչների անունները, նրանք կլսեն ձեզ։

Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես չէինք ուզենա, որ լիներ։ 1908 թվականին Թուրքիայում հռչակվեց Սահմանադրություն՝ Հյուրիեթ։ Այսինքն՝ ազատություն և հավասարություն։ Իմ ուսուցիչների խորին համոզմամբ՝ որոգայթ։ Բայց «ազատություն» բառն ինքնին արբեցնող էր։ Խոտորջուրն արթնացավ։ Բացվեցին գրադարան-ընթերցարաններ, սկսեցին գործել թատերական խմբեր, հիմնվեցին կոոպերացիաներ, ծնվեցին հիդրոէլեկտրակայաններ կառուցելու գաղափարներ։ Սկսեց տպագրվել հայերեն թերթ։ Ազատությունը բթացրել էր մեր զգոնությունը, և մենք՝ երեխաներս, արդեն հայդուկային երգեր էինք երգում ու ըմբոշխնում երջանիկ հեռանկարները։ Իսկ մեր ուսուցիչները, որ այս բոլոր գործարկումների առաջամարտիկներն էին, տխուր էին։ «Թուրքը,— ասում էին նրանք,— երկաթե կամուրջ էլ լինի, վրայով չանցնեք»։

Եվ իրոք մեր ուսուցիչների կասկածներն իրականացան։ Այնքան շռնդալից հայտարարված Հյուրիեթից հինգ տարի հետո ամեն ինչ խառնվեց իրար։ Սկսվեց Խոտորջուրի բռնագաղթը։

Անճարակ մարդ համարվող ուսուցիչ Հաջյանը անճանաչելիորեն փոխվեց։ «Կաթնապուրը» դարձավ եռանդուն, քաջ, ձեռներեց մի գործիչ։ Նախ, նա իր ողջ ունեցվածքը բաժանեց կարիքավորներին, հետո մինչև ժողովրդի ողբերգական ճակատագրի վերջը սատար եղավ նրան։

Թուրք զինվորականները մեզ համոզում էին, իբր այս տեղահանությունը ժամանակավոր երևույթ է, իբր մեզ, որպես հայ կաթոլիկների, արտոնյալ կարգով փոխադրելու են մինչև Երզնկա ու Արաբկիր։ Երզնկայում սկսվեցին զանգվածային ջարդերը։ Երզնկայի գավառապետը իր մոտ է հրավիրում ուսուցիչ Հաջյանին և սիրալիր ու շողոքորթ ժպիտով ասում, որ նա, որպես դաշնակից Ավրստրիայի քաղաքացի կարող է փրկել իր կյանքը ու Տրապիզոնի վրայով հասնել Պոլիս, այնուհետև՝ Վիեննա (հավանաբար Մխիթարյանների ջանքերն էին)։ Երբեմնի հեզ ու խեղճուկրակ ուսուցիչը խրոխտ հայտարարում է.

— Բեյ էֆենդիմ, աստծո կամոք ես այս անմեղ ժողովրդի ոտքն եմ, ինչպե՞ս պիտի նա քայլի առանց ոտքի, նրա աչքն եմ, ինչպե՞ս պիտի տեսնի, նրա ձեռքն եմ, ինչպե՞ս պիտի պաշտպանվի քո գազանների ոհմակից։ Չէ, բեյ էֆենդիմ, կյանքս իմ ժողովրդինն է, իմ մահն էլ նրա հետ կլինի։

Եվ ուսուցիչը գնում միանում է մյուս խոտորջուրցիներին՝ նրանց հետ ընդունելու ճակատագրի հարվածները։

Ըստ ականատեսների պատմածի, Եփրատի ափին, կամրջի մոտ նա գազանաբար գլխատվում է։ Նա իր խոսքի տերն եղավ՝ իր կյանքը ժողովրդինն էր, մահը՝ նրա հետ։

Առաջին բռնագաղթից հետո Խոտորջուրում մնացել էին մոտ հազար մարդ՝ հիվանդներ, ծերեր, անդամալույծներ։ Նրանց և տեղական թուրք իշխանավորներին բուժական օգնություն ցույց տալու համար ուսուցիչ Բագրատիոն Չախալյանին թողել էին այնտեղ։ Մեկ ու կես ամիս հետո սկսվեց երկրորդ տեղահանությունը։ Զրկանքներով ու սարսափներով լի ճամփաներին Բագրատիոն էֆենդին իր հայրենակիցների «աստվածն» էր։ Օգնում էր, ինչպես կարող էր։ Նրա խոսքը խոտորջուրցիների համար դեղից ավելի ներգործուն էր։ Երկրորդ խմբին նույնպես վիճակված էր առաջինի բախտը։ Արաբկիրում արդեն սկսվում են թալանն ու ջարդը։ Թուրք մեծավորները Չախալյանի բժշկական շնորհքի մասին լսելով, կանչում են նրան և առաջարկում հավատափոխ լինել ու ստանձնել Արաբկիրի հիվանդանոցի տնօրինությունը։ Ուսուցիչը, համոզված, որ իր բացասական պատասխանը կարող է իրեն մահ բերել հենց տեղում, և մտածելով, որ ինքը դեռ կարող է օգտակար լինել իր ժողովրդին, անսպասելի ցատկով դուրս է նետվում պատուհանից և աներևութանում։ Խոտորջուրցիներին հաջողվում է թաքցնել նրան հետապնդողներից։ Մի քանի շաբաթ նա դեգերում է Եփրատի ափերին, գաղտնի այցելում հիվանդ հայրենակիցներին, բայց ի վերջո հայտնաբերվում է ու նահատակվում Մալաթիայի մոտերքում։

Վերջին անգամ իմ սիրելի ուսուցչին տեսել է Խոտորջուրի Կիսակ գյուղի դարբին Ջանիկյանի որդին՝ Գաբրիելը (նա այժմ ողջ է ու բնակվում է Երևանում)։ Նա ասում է, որ ուսուցչի դեմքը աղճատվել էր տառապանքից, իսկ հայացքը մշուշապատ էր ու թափառուն, կարծես նախազգում էր, որ շուտով ճախրելու է երկնքում, իսկ Խոտորջուրի մթին քարանձավներում մի կողով գիր մնալու էր առանց տիրոջ։

Ահա և ձեզ պատմեցի իմ ուսուցիչների մասին։ Գրեցի այն տառերով, որը սովորել եմ իրենցից։ Նրանք եղան իմ առաջին և վերջին ուսուցիչները։ Այլևս ինձ բախտ չվիճակվեց սովորել։ Ութսունչորս տարին ապրելու համար շատ է, բայց հիշելու համար՝ քիչ։ Ես նրանց գուցեև վերջին աշակերտն եմ։ Մտածեցի՝ վաղը, մյուս օրը կգնամ, ու իմ սիրելի ուսուցիչները կմնան առանց աշակերտ։ Բարեկամներս, սիրեցեք իմ ուսուցիչներին և եղեք նրանց աշակերտները։ Նրանք այն ուսուցիչներն էին, որոնց հավերժ կարելի է աշակերտել։

You may also like...