Կարևորը ներքին ձայնին հավատարիմ մնալն է

Գրիգոր Ջանիկյան
«Գարուն», 1985թ, թիվ 2

«Այն վարագույրի վրա, որ մեզ բաժանում է հանդերձյալ աշխարհից,– ասել էին Գառզուին գեղարվեստից ակադեմիայի ընտրությունների ժամանակ,— դուք պատկերել եք թախիծ և հուսահատություն, հույսի տեսիլքներ ու խորհրդանշական կերպարանքներ, որոնք միանալով ստեղծում են մի երջանիկ ու երջանկացնող աշխարհ՝ ԳԱՌԶՈՒԻ աշխարհը։

Դուք այն տեղավորել եք իրականության ու երազանքի, կյանքի ու մահվան միջև…»։

Գառզու

Այո, այդ գծանկարիչը Գառնիկ Զուլումյանն է՝ Գառզուն, ինչպես ճանաչում է աշխարհը։ Քիչ անց ես հանդիպելու եմ նրան։ «Իրիկվան եկար, որ ազատ խոսինք»,– ասել է ինձ, որովհետև մինչ այդ տարբեր օրերի, օրվա տարբեր ժամերի մեր զրույցները սկսվել ու… չեն ավարտվել։ Մեզ ընդհատել են նկարիչների ու արվեստաբանների ատելությունները, երկրպագուների ծաղկեփնջերը, հայրենակիցների ողջագուրումները՝ հուշերի ծվատված, բայց անխուսափելի հորձանքներով։ Այլ կերպ երևի չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ Հայաստան է եկել մեր ժամանակի այն բացառիկ նկարիչներից մեկը, որը կարողացել է արվեստում ստեղծել ի՛ր ոճը, ի՛ր ուրույն, անկրկնելի աշխարհը…

Հյուրանոցի միջանցքում նա հայտնվեց ճիշտ ժամին, նույնիսկ պայմանավորված ժամից մի քանի րոպե առաջ։ Չնայած արդեն յոթանասունյոթ տարեկան է, բայց զարմանալի եռանդ ունի, քայլվածքի, շարժումների մեջ անսահման կենսասիրության կա։ Գառզուի այս հատկանիշը թերես առաջինը նկատել է Շահան Շահնուրը՝ շա՜տ տարիներ առաջ։ Նա դիպուկ է գրել.

«Գառնիկին հետ հանդիպումներ ունեցած եմ Մոնպառնասի սրճարանը, երբ ես դեռ ռետաշոր էի։ Ան ինձի կնմաներ՝ թեթևոտն էր, կուգար, բաժակ մը կխմեր, արագ խոսակցություն մը՝ ու կբաժնվեինք»։

Հայաստանում, սակայն, Գառզուն նաև շատ երջանիկ է և չի թաքցնում դա։

ՍՍՀՄ նկարիչների միության մեծ սրահում նրա անհատական ցուցահանդեսը փայլուն հաջողություն է ունեցել, շատ խոշոր արվեստաբաններ նրան դասել են համաշխարհային գեղանկարչության ամենաակնառու դեմքերի շարքը։ Մոսկվայում լինելու այդ առիթը օգտագործելով, Գառզուն մի քանի օրով եկել է Հայաստան ու իսկույն հայտնվել հայրենակիցների սրտաբաց, բացառիկ ջերմ ու անկեղծ շրջապատում։ Նկարչին ընդունել, հետը մտերիմ զրույց են ունեցել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, մեծարման երեկոյի ժամանակ նրան հանդիսավորությամբ շնորհվել է Մարտիրոս Սարյանի անունը կրող մրցանակ։

Գառզու

Գառզուն, որը տասից ավելի միջազգային համբավավոր մրցանակներ ու պատվանշաններ ունի, լամբակին փակցրել էր միայն Մարտիրոս Սարյանի հուշամեդալը և ուղղում էր ստեպ-ստեպ։ Ըստ երևույթին շատ էր հպարտանում։

Ճաշասենյակում նա ներկայացնում է սեղանակիցներին։ Կողքինը կինն է՝ Նան Գառզուն, միշտ լուռ ու ժպտուն, աչքերում անըմբռնելի տխրություն։ Դեմ-դիմաց նստած են Քոթե ամուսինները։

— Աս ալ այսպես,— իր պարտականությունը կատարած մարդու գոհունակությամբ ձեռքերը իրար շփեց Գառզուն ու մոտ քաշեց թեյի գավաթը։

Բայց իմ աչքը դռան կողմն է։ Արդեն վախենում եմ անակնկալ այցելուներից.

— Դուք ինձ ուզում էիք մի ընտանեկան գաղտնիք պատմել,— ասում եմ կամաց,— քանի անգամ սկսեցիք, չկարողացաք ավարտել։

— Այո՛, այո՛,— աշխուժանում է Գառզուն,— հիմա ամենքն ալ մեռած են, կրնամ հանգիստ խիղճով պատմել։

Ու թեյից ումպ անելով` միայն իրեն բնորոշ, Գալուստյան վարժարանում սովորած հյութեղ արևմտահայերենով նկարագրում է, թե Տիգրանակերտում ինչպես է իր մոր` Հայկանուշ Թաշչյանի և հոր՝ Հարության Զուլումյանի միջև, մինչ այդ չլսված-չտեսնված, բուռն սեր ծնվել։ Բայց աղջկա ծնողները ամուսնության մասին լսել անգամ չեն ուզել։ Նրանց տոհմը քաղաքում բարձր դիրք է ունեցել։ Գառզուի մայրական պապը անվանի ճարտարապետ է եղել, նույնիսկ եկեղեցի է կառուցել։ Երիտասարդ զույգը ընտանեկան այդ անհամապատասխանության վրա, հասկանալի է, ուշադրության չի էլ դարձնում։ Սիրո համար ինչ անհամապատասխանության։ Ու երբ նրանք զգում են, որ ծնողների արգելքներն ու համաքաղաքացիների ասեկոսեները շատանում են, փախչում են Հալեպ, այնտեղ ամուսնանում։

Դա այնպիսի խոր տպավորության է թողնում Տիգրանակերտի հայության վրա, որ աշուղները սկսում են երգեր հորինել Հայկանուշի ու Հարությունի սիրո մասին։ Այդպես, Գառզուն ծնվում է Հալեպում։

— Հայրս Բապ-ըլ-Ֆարաժ հրապարակի վրա լուսանկարչատուն ուներ,— կարոտով հիշեց նա։– Արվեստի առաջին գործը, որ տեսած եմ, հոն կախված «Մայր Հայաստան» նկարը եղած է։ Ժամերով կնայեի ու չէի հասկնար, թե ինչու այդ հայ աղջիկը միշտ տխուր է։ Հետո կամաց-կամաց Դեր-Զորեն փախած տարագիրները Հալեպ հասան ու պատմեցին իրենց տեսածները։ Մեկ անգամ ալ չեմ գիտեր ինչու լուսանկարչատան ճիշտ դիմացը, հրապարակի վրա հայ երիտասարդներ կախեցին։

Գառզու

Կանցնեն տարիներ, ու արդեն խոշոր նկարիչ դարձած Գառզուն այսպես կբացատրի իր գծանկարներին հատուկ մելամաղձոտությունը։

«Հակառակ իմ ցանկության, ինձ անընդհատ հետապնդում են ամայացած հողի տեսարաններ։ Դրանք տաք երևակայության, ոճական փնտրտուքների արդյունք չեն։ Ես ճշմարտացիորեն պատկերում եմ այն, ինչ տեսնում եմ ու զգում, ինչով լեցուն է իմ ստեղծագործությունը՝ դաշտում լքված գյուղատնտեսական գործիքներ, հրանոթների բեկորներ ու կործանված փլատակներ։ Ըստ երևույթին այդ ամենը արդյունք են իմ մանկական հիշողությունների՝ պատերազմի ու տեղահանության»։

— Ձեր հարազատները վերջ ի վերջո հաշտվեցի՞ն հայրիկիդ ու մայրիկիդ ամուսնության հետ։

— Ո՞վ ողջ մնաց, որ հաշտվի։ Ամենքն ալ ջարդվեցան: Չէ՛, մեծ մայրիկս, մորեղբայրներս կային, հրաշքով մը փրկված էին։ Երբ հայրս մահացավ, եկան մեզի Եգիպտոս տարին։ Հոն ես վերջացուցի Գալուստյան վարժարանը և հինգ հայ ընթերցավարտներու հետ որպես Եղիայան կրթաթոշակի սան Փարիզ ղրկվեցա։

Ֆրանսիացիները լուռ լսում են մեզ և մեր շարժումներից, դեմքի արտահայտությունից փորձում գլխի ընկնել, թե ինչի մասին ենք խոսում։ Գառզուն ժպտում է, մեղավոր բռնում կնոջ ձեռքն ու շարունակում ֆրանսերեն։ Բայց տիկին Նանը ըստ երևույթին ոչ այնքան ամուսնու խոսակցությամբ է հետաքրքրվում, որքան մտահոգվում, որ նա վատ է ուտում։ Ավելի ճիշտ, չի ուտում։ Ու աննկատ, առանց զգացնել տալու, նրա ափսեի մեջ է դնում կարագհացի փոքրիկ պատառներ, տաքացնում թեյը։

— Իսկ ինչպե՞ս եղավ, որ Փարիզում ճարտարապետական դպրոց ընդունվեցիք, դեռ չէի՞ք որոշել նկարիչ դառնալ։

— Որոշել էի, ինչպես չէ,— ֆրանսիական արագախոսությամբ ասում է Գառզուն,— ուղղակի Եղիայան կրթաթոշակի կանոնադրությունը մեզ իրավունք չէր տալիս նկարչական դպրոց հաճախել։ Բայց ես ելքը գտել էի։ Հենց որ դասերից ազատվում էի, գնում էի «Մեծ խրճիթ» կերպարվեստի արվեստանոցը։

Գառզուի բարեկամները ճիշտ է, բժիշկ են, բայց ըստ երևույթին շատ լավ գիտեն, սիրում են նրա արվեստը։ Երևի դրա համար են այդքան մտերիմ։

— Գառզուի ուժը հենց այն է,— ներողություն խնդրելով խոսակցությանը միջամտում է ժան Քոթեն,— որ նա կարողացել է նկարչի իր «ես»–ը, արվեստը ընդունելի դարձնել, անուն հանել համաշխարհային նկարչության մայրաքաղաքում։

— Ճիշտ է,— հիշում է տիկին Նանը,– Փարիզում, պատերազմից առաջ շաբաթական յոթանասունհինգ ցուցահանդես էր բացվում, ամեն օր մի ոճ, մի ուղղություն էր ստեղծվում։ Ինքս էլ չեմ հասկանում, ինչպե՞ս Ժանը կարողացավ դուրս պրծնել այդ հորձանքից։

Գառզու

— Ուրեմն մոռացե՞լ ես,— տխուր ժպտում է Գառզուն,— օր ու գիշեր պահածոների տուփեր, ռեկլամներ էի նկարում, որ ապրենք։

Թերթերում ամենաշատը ինձնից ծաղրանկարներ էին տպում։ Ահա այդ ժամանակ էր, ավելի ճշգրիտ՝ 1933 թվականին, որ ես Հիտլերի շարժը արեցի։ Պատկերացնո՞ւմ եք, «Քոմեդիա» երգիծաթերթը տպեց։

Գառզուն չի պատմում, թե տարիներ շարունակ ինչ ջանք, լարվածություն է պահանջվել իրենից փարիզյան թոհուբոհում սեփական դեմքը, նպատակը չկորցնելու համար։

Իհարկե, սկզբնական շրջանում նա նույնպես տարվել է թե՛ վերացական ուղղություններով, թե՛ գերիրապաշտությամբ, բայց վերջ ի վերջո հայտնագործել է գիծը՝ իր գիծը և զգացել, որ դրանով է ամենից լավ արտահայտում մտքերը, զգացմունքները, այն ամենը, ինչ ուզում է ասել մարդկանց։ Իսկ ի՞նչ է ուզում ասել Գառզուն նկարից–նկար փոխադրվող իր առարկա-խորհրդանիշներով՝ ավերված քաղաք, անառագաստ նավակ, խանձված դաշտ, էլեկտրասյուն, որոնք բոլորն էլ հազիվ նշմարելի, ավելի շուտ զգացական տագնապ ու մտահոգության են արտահայտում։

«Ես հիանում եմ մեր դարաշրջանի հայտնագործումներով,– ինքն իրեն փորձել է բացատրել նկարիչը,– բայց դրանք վախեցնում են ինձ։ Մեքենան չփոխեց մարդու ճակատագիրը։ Ես հաստատ համոզված եմ, որ բնությունից հեռանալով, մենք հեռանում ենք ճշմարտությունից։ Գոյություն ունի տարբերություն ոգու և նյութի միջև…»։

Ահա՛ որտեղից է ծնվում Գառզուի տագնապը: Նա վախենում է, որ նյութը կտիրի ոգուն և դա մարդուն կդիմազրկի, կնսեմացնի, կմեկուսացնի բնությունից։ Առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմների արհավիրքները, տեղահանության ոճրագործությունը տեսած արվեստագետը կարող է ունենալ նման տագնապ: Այնուամենայնիվ, Գառզուի գծանկարները ողբերգական չեն։ Թախծոտ են, բայց ոչ ողբերգական։

«Այո՛, մահը միշտ ներկա է, բայց արվեստագետի ուժը գարունը գովերգելու մեջ է»։

Նկարչի այս հավատամքը ակնհայտ է յուրաքանչյուր աշխատանքում։ Ճիշտ է, նրա պատկերած սենյակները վանդակներ են հիշեցնում և ճնշում դիտողին, բայց չէ՞ որ այնտեղից հաճախ մեզ է նայում կինը։ Կին, որ դժվար է ասել, եգիպտական թագուհի՞ է, հունական աստվա՞ծ, իտալական պչրուհի՞։ Ավելի ճիշտ, նա յուրաքանչյուր ազգության գեղեցկությունից մասնիկ ունի։ Այդ կին–խորհրդանշանը, որի ձեռքին հաճախ ծաղիկ կամ դափնեճյուղ կա, միշտ կիսադեմով ուղղված է դեպի կտավի մի անկյունում հազիվ նշմարվող դուռը կամ պատուհանը։

Գառզուական բոլոր սենյակները դուռ կամ պատուհան ունեն, որտեղից անտեսանելի լույս է ճառագում։ Նշանակում է, որքան էլ երկաթե մեքենաներն ու մահաբեր զենքերը աշխարհին տիրել ուզեն, գեղեցկությունը կհաղթի, գեղեցկությունը միշտ եղել է ու կլինի։ Անհրաժեշտ է միայն, որ մարդ ավելի հաճախ հայացքը ուղղի դեպի բնություն, ուր ամեն ինչ ներդաշնակ է, ավելի հաճախ մտքով տեղափոխվի երազանքների ջինջ ու լուսավոր աշխարհը։

— Ջեր ասելիքը ճիշտ ընկալվե՞ց, հեշտ հասկանալի դարձա՞վ փարիզեցուն։

— Իհարկե՝ չէ։ Ես ակադեմիական ոճի նկարիչ եմ և շատ հնարավոր է, որ սկզբնական շրջանում շատերը ինձ հնացած, ուշացած էին համարում։ Բայց ես ձեռքս մատիտ չէի առել մարդկանց շլացնելու համար։ Միշտ կրկնել եմ, որ ժամանակակից շատ նկարիչների ողբերգությունը աստվածներին հավասարվել ուզելու ահավոր հավակնության մեջ է։ Ուղղակի ես իմ ասելիքը ունեմ ու պիտի ասեմ ի՛մ ձևով։ Կարևորը սեփական «ես»–ին չդավաճանելը, ներքին ձայնին միշտ հավատարիմ մնալն է։

Թերևս Գառզուն իրավացի է։ Թերևս նկարչական տարբեր ուղղությունների չլռող աղմուկի մեջ փարիզեցին ուշացումով լսեց նրա ձայնը, ուշ հայտնագործեց նրա բանաստեղծական, եթերային ու երազային աշխարհը։

Բայց երբ հայտնագործեց…

1952 թվականին Գառզուն Փարիզի օպերայում ձևավորեց Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ» օպերայի երրորդ գործողությունը, ուր ներկայացվում է իսպանացիների հաղթական մուտքը Պերու։

Այդպիսի բան երևի ոչ մի տեղ չէր եղել։ Երբ վարագույրը բացվեց, և հանդիսատեսների աչքի առջև շողշողացին 16-րդ դարի Պերուի վառ, հեքիաթային գույները, ողջ դահլիճը հոտնկայս ծափողջունեց նկարչին՝ խլացնելով անգամ նվագախմբի ձայնը։ Ու հենց սկսվեց ներկայացումը, թվաց, թե մի շքեղ գեղանկարի կերպարներ կենդանացան ու հենց կտավի վրա սկսեցին երգել, պարել։

1953 թիվ։ Փարիզում կազմակերպվեց «Ժամանակակից վեց նկարիչներ» ցուցահանդեսը, որին մասնակցելու էր նաև Գառզուն։ Կազմակերպիչները այցելուներին խնդրել էին նշել, թե իրենց դիտած ո՞ր կտավը կուզեին հետները տուն տանել։ Երբ հարցման արդյունքներն ամփոփվեցին, պարզվեց, որ համարյա միաձայն առաջնությունը տրվել է Գառզուի «Սիրահարների զբոսանք»–ին։

1955 թիվ։ «Քոննեսանս դեզ՚ար» («Արվեստի ճանաչողություն») հանդեսի հանրաքվեի համաձայն Գառզուն համարվեց Ֆրանսիայի ժամանակակից տասը լավագույն նկարիչներից մեկը։

1958 թիվ։ Արձակագիր Ժակ Օդիբերթը Գառզուի հերթական ցուցահանդեսի տպավորության տակ արձակ բանաստեղծությունների մի ամբողջ գիրք գրեց և ձոնեց նկարչին հետևյալ մակագրությամբ. «Ես պարզապես գրի եմ առել այն պատմությունները, որոնք բխել են ձեր տիեզերապարփակ գեղանկարների միջից»։

Եթե սրանց ավելացնենք նաև տարբեր թվականներին Գառզուի կատարած տասը թատերական ձևավորումները, Հեմինգուեյի, Քամյուի, Ռեմբոյի, Շեքսպիրի, Պոյի, Իոնեսկոյի, Էլիոթի, Մորուայի գրքերի նկարազարդումները, վերջապես նրա հաղթական մուտքը գեղարվեստից ակադեմիա…

Սակայն, ակադեմիայի այն նշանավոր նիստում, ուր Գառզուն արտասանում Էր իր շնորհակալական ճառը, անսպասելիորեն շեղվեց ու ջախջախիչ քննադատության ենթարկեց Պիկասոյին, Սեզանին, արդի մոդեռնիզմի բոլոր հիմնադիրներին։ Նման բարձր ու պատասխանատու ամբիոնից դեռ ոչ ոք չէր հանդգնել այդպիսի բան անել։

— Տեր ակադեմիական ճառի շուրջը բռնկված աղմուկը շարունակվո՞ւմ է։

— Այն էլ ինչպե՜ս։ Մարդիկ չեն հասկանում, որ ես ոչ այնքան Պիկասոյին եմ դեմ, որքան պիկասոյականությանը, այսինքն՝ ընդօրինակմանը այնպիսի մի սրբազան բնագավառում, ինչպիսին արվեստն է։

Արվեստը ըստ իս, ոչ թե աշխարհը ժխտելու, այլ ավելի լավ ըմբռնելու, ինչո՞ւ չէ, նաև սիրելու միջոց պիտի լինի։ Եվ հետո, ես չեմ ուզում, որ պարզ, միամիտ մարդկանց թյուրիմացության մեջ գցեն այն գեղանկարիչները, որոնք կերպարվեստում հեղափոխություն են կատարում հանուն հեղափոխության, նորարարություն՝ հանուն նորարարության, փնտրտուք` հանուն փնտրտուքի։

Այդ նույն նշանավոր ճառում, նախքան գեղանկարչության մասին իր տեսակետները բացահայտելը, Գառզուն հարկ համարեց հայտարարել, թե ո՞վ է ինքը և ո՞ր ժողովրդին է պատկանում. «…Մի ժողովուրդ, որից միայն վսեմ հիշատակներ են մնացել այն հողի վրա, որ ինքը քաղաքակրթել է մեր դարի առաջին ցեղասպանությանը ենթարկվելուց առաջ և որը այժմ իր հինավուրց հայրենիքի մի բեկորն է շենացնում Խորհրդային Միության տարածքի մեջ»։

Առիթը օգտագործելով ես տվեցի այն հարցը, որ մինչև հիմա էլ անընդհատ վեճեր է հարուցում։

— Ձեր կարծիքով նկարիչ Գառզուն որքանո՞վ է հայ ու որքանո՞վ՝ ֆրանսիացի։

— Դիտողը պիտի ըսե,— հայերեն պատասխանեց Գառզուն,— դո՛ւք պիտի ըսեք։ Ես միայն կուզեմ հիշեցնել, որ մարդը կրնա Հայաստան ապրիլ, ամբողջ կյանքը Արարատ նկարել և նորեն հայ նկարիչ չըլլալ։

Ինքը՝ Գառզուն, մի անգամ Արարատ նկարել է, մեր աչքին անսովոր, օտարոտի մի Արարատ։ Այսինքն հայկական ի՞նչ կարող է լինել բուն Արևելքում ծնված ու մեծացած, Եվրոպայամ կրթություն ստացած մի նկարչի արվեստում, որը սիրում է պատկերել պրովանսյան բնանկարներ ու վենետիկյան տեսարաններ՝ դրանք շրջանակելով տարբեր ոճի ծաղկազարդերով։ Ճիշտ է, Գառզուն որոշ ընդհանրություն գտնում է իր նկարների ու հայկական ճարտարապետության ձևերի միջև, իր զարդանախշերի արմատները երբեմն հասցնում է միջնադարյան գրիչների արվեստին, բայց նա անշուշտ ֆրանսիացի նկարիչ է, ինչպես Սարոյանն է ամերիկացի գրող։ Սա՛ է տարագիր հայի ճակատագիրը։ Ուրիշ բան, որ նա նկարչության «օտար» լեզվով արտահայտում է հայ մարդու մտքերն ու հույզերը, ավելի ճիշտ, արտահայտում է համամարդկային գաղափարներ ու զգացումներ, որոնք նույնքան հարազատ են հայ մարդուն։

Բայց, որպես անձնավորություն, Գառզուն Սարոյանի նման մինչև ուղն ու ծուծը հայ է և հպարտանում է դրանով՝ ակադեմիայի ամբիոնից սկսած մինչև աշխարհի տարբեր երկրներում բացված մոտ երկու հարյուր անհատական ցուցահանդեսները, ուր հնարավորություն է ունենում թեկուզ շատ համառոտ ելույթ ունենալ։ Ակադեմիկոս ընտրվելուց անմիջապես հետո նա Բեյրութի «Զարթոնք»-ի միջոցով հայտարարեց բոլոր հայրենակիցներին.

— Հայության ամեն բեկոր, ինչ դիրքի և պաշտոնի ալ հասնի միջազգային գետնի վրա, նշանակութենե զարկ կդառնա, եթե իր դրական նպաստը, թեկուզ նվազագույն չափով չունենա հայության։ Կհավատամ այս իրողության։ Եվ իմ մտերմագույն զգացումներս գոնե մասամբ գոհացած պիտի ըլլան, եթե այդ ուղղությամբ նշանակություն մը ունենա իմ ակադեմիական տիտղոսս։

Գառզուի խոսքերում կեցվածք չկա։ Դա զգացվում է անգամ իր ընտանիքից։ Օտար ափերում, երբ օտար ամուսնություններ են տեղի ունենում, սովորաբար նահանջում, վերանում է հայն ու հայկականությանը։ Գառզուների հարկի տակ հակառակը կատարվեց։ Քիչ առաջ, խմբով ճաշասենյակ մտնելիս Նան Գառզուն, որ նոր էր վերադարձել Գեղարդից, մոռացավ անգամ իր լռակյացությանը։

— Զարմանալի երկիր է Հայաստանը,— ասաց,— երրորդ անգամ եմ գալիս, բայց միշտ մի նոր հրապույր, մի առինքնող բան գտնում եմ։ Անգամ իմ եղած վայրերում։

Ահա՛, նա արդեն վերջացրել է թեյը ու իրենից անբաժան ծոցատետրում դանդաղ, համաչափ գրում է։ Հայաստան գալուց ի վեր Նան Գաոզուն նոթագրում է յուրաքանչյուր օրվա մեծ ու փոքր իրադարձությունները կարևոր ու անկարևոր հանդիպումները, նկարագրում անգամ մարդկանց արտաքինը։

— Այդ ամենը Հայաստանի մասին նոր գի՞րք է դառնալու,– գրառումները ցույց տալով հարցնում եմ ես։

Տիկին Նանը անակնկալի է գալիս։

— Չգիտեմ, դեռ ոչինչ չեմ կարող ասել։

— Մենք մամուլից տեղեկացանք, որ Հայաստանի մասին գրած Ձեր նախորդ գիրքը շատ լավ է ընդունվել ֆրանսիացիների կողմից։

— Շնորհիվ ամուսնուս ձևավորումների։

— Ինչո՞ւ, գրախոսները նշել էին, որ դուք նրանց մի բոլորովին նոր, ինքնատիպ Հայաստան եք ներկայացրել;

— Այդ մեկը ճիշտ է,— ժպտում է տիկին Գառզուն,— իմ նկարագրած Հայաստանը այնքան դուր եկավ ընթերցողներին, որ հրատարակիչը խնդրեց հայկական հեքիաթների մի գիրք պատրաստել։

— Ո՞ր հեքիաթները ներկայացրիք։

— Հորինված հերոսների կողքին ես շատ իրական կերպարներ էլ եմ օգտագործել, օրինակ, զորավար Անդրանիկին։

— Ժան-Մարի՞ն ինչ է անում, հայկական հարցի կապակցությամբ նոր ոչինչ չի՞ գրել։

— Մեր որդի՞ն, ո՛չ,— ամուսնու կողմը նայելով ձայնը ցածրացրեց տիկին Նանը,— առայժմ նա իդեալական կին է որոնում ու չի գտնում։ Երեք անգամ ամոանացավ-բաժանվեց։

— Գոնե իմացա՞վ, թե իր աշխատությունը ինչ ընդունելություն գտավ Հայաստանում, մամուլում ինչպիսի արձագանքներ եղան։

— Որտեղի՞ց իմանա, հայերեն համարյա չի հասկանում։ Մենք իրար հետ ենք քիչ ու միչ գրել-կարդալ սովորել։

…1975 թվականն էր, Մեծ եղեռնի 60-րդ տարին։ Թուրք «տեսաբանները» աշխարհը հեղեղել էին պատմությունը խեղաթյուրող, առաջին համաշխարհային պատերազմի ու արևմտահայերի տարագրության հետ կապված դեպքերը նենգափոխող հոդվածներով, գրքերով։ Ամենազարմանալին այն էր, որ Արևմտյան Եվրոպայում ու Ամերիկայում անտեղյակ անձինք հավատ էին ընծայում այդ զրպարտություններին, մինչև անգամ թրքանպաստ ելույթներ ունենում։

Առաջին մարդը, որ արտասահմանում անարգանքի սյունին գամեց պատմության կեղծարարներին ու միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը պղծողներին, ժան և Նան Գառզուների միակ որդին էր՝ երեսունվեցամյա Ժան-Մարին։ Նա աշխատում էր Փարիզի հեռուստատեսության երրորդ ծրագրում և որպես ֆրանսիական լրագրող կարողացել էր մուտք գործել շատ երկրների գաղտնի արխիվները, լույս աշխարհ հանել իթթիհատական կառավարության կանխամտածված, ծրագրված ցեղասպանությունը բացահայտող բազմաթիվ նոր փաստաթղթեր, նո՛ր լուսանկարներ։ Նրա գիրքը, որ կոչվում է «Օրինակելի ցեղասպանություն», ցնցեց աշխարհը։ Ժան-Մարիի գիրքը ընթերցողին հավատ է ներշնչում ոչ միայն անկեղծ հրապարակախոսական պաթոսով, այլև պատմական ճշգրտությամբ ու գիտական անաչառությամբ: Այդ գրքի մասին Հայաստանի գիտությունների ակադեմիայի «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսը գրել է.

«…Թուրքական պատմագիտության մեջ իշխող հակագիտական միտումը մերկացնելու առումով ուշագրավ մենագրություն է Ժան-Մարի Գառզուի աշխատությունը, որը սեղմ, զուսպ և ընդհանրացված մի բանիմաց հակաճառություն է այն կեղծումների և նենգափոխումների դեմ, որ տարիներ ի վեր թուրքական պատմագիտությունը համառորեն փորձում է կիրառել Արևմտյան Հայաստանում թուրքերի «պատմական իրավունքների»՝ հատկապես հայկական հարցի ու հայերի ցեղասպանությանը վերաբերող խնդիրներում։

Քաջատեղյակ լինելով հայ և թուրք ժողովուրդների պատմության հարցերին, լրագրող Ժան-Մարի Գառզուն հիմնավոր և նպատակասլաց կերպով հերքում է թուրք պատմաբանների հակագիտական դրույթները։

Ընդ որում, աշխատությունն արժեքավորվում է նաև նրանով, որ նրանում առաջնությունը տրված է փաստերին և պատմական զարգացման կուռ տրամաբանությանը»։

Ես գրախոսության միտքը, ընդհանուր ձևով, թարգմանում եմ Նան Գառզուին։

Ո՛ր մայրը չի ուրախանամ որդու հաջողությամբ։

— Բայց գիտե՞ք,— քիչ անց մթագնում է նա,— այդ գի՛րքը պատճառ եղավ, որ մեր ընտանիքի անունը Թուրքիայում անբաղձալիների ցուցակի մեջ մտնի։ Մի ժամանակ հայր ու որդի որքան էին ուզում Տիգրանակերտ գնալ, տեսնել նախնիների ծննդավայրը։ Նույնիսկ մեկնելու ժամկետն էին որոշել, բայց վերջին պահին խորհուրդ չտվեցին, ասացին, նման ուղևորությունը երկուսի համար էլ ճակատագրական կարող է լինել։

Ինձ թվում էր՝ Գառզուն զբաղված է իր ֆրանսիացի հյուրերով։ Բայց նա անսպասելիորեն ընդհատեց կնոջը.

— Այնուամենայնիվ, քույրս՝ Տիգրանուհին, ինձնից համարձակ էր, չվախեցավ, մահվանից քիչ առաջ գնաց, տեսավ Տիգրանակերտը։ Նա այնտեղ շատ հայերի էր հանդիպել, նույնիսկ հայկական եկեղեցում պատարագի ներկա գտնվել։ Խեղճը մինչև մահը պատմում, պատմում ու լաց էր լինում։

— Երևի հենց տիկին Տիգրանուհին է այդպիսի հայ դարձրել Ժան-Մարիին, չէ՞։

— Ի՞նչ եք ասում,– ընդվզում են Գառզու ամուսինները,– մեր որդին բացառություն չէ։ Ֆրանսահայ երիտասարդությունը վաղուց վերադարձել է դեպի իր ազգությունը, արմատները։ Եթե միայն տեսնեք, թե ինչ շուքով, արժանապատվության զգացումով են նրանք խաղաղ ցույցի ելնում ապրիլի քսանչորսի օրը, ինչ ջանքեր են թափում հայ մշակույթը, ժողովրդի դատը ֆրանսիացիներին ներկայացնելու համար։ Նոր սերունդը ողջ կարողությունները, կյանքն անգամ պատրաստ է նվիրաբերելու արդարության և հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմանը։ Իհարկե, այդպիսի բացառիկ մի հայրենասիրություն չէր կարող միանգամից
ծնվել։ Մեր երիտասարդությանը ազգային արժանապատվության զգացում, ուժ, հավատ ներշնչեց մեր նոր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի գոյությունը, սփյուռքահայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը։

Թեյասեղանն ավարտված է։ Մենք վեր ենք կենում։ Հյուրանոցի պատուհանից, ինչպես մի մեծ շրջանակի միջից, երևում է գիշերային Երևանը՝ իր անթիվ–անհամար լույսերով, երգող շատրվանների գույնզգույն շիթերով։

— Գեղեցիկ է գիշերային Երևանը,— ասում է Նան Գառզուն։

— Երևանը օրվա բոլոր ժամերին է գեղեցիկ,— ավելացնում են Քոթե ամուսինները։

— Բոլորդ էլ, իհարկե, ճիշտ եք,– լուրջ-լուրջ ամփոփում է Գառզուն,— բայց եթե իմ աչքերով նայեք, կհամոզվեք, որ Երևանը ընդհանրապես աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է։

Մինչ նրանք շարունակում են քաղաքը դիտել, ես ծածուկ նայում եմ Գառզուի աչքերին։ Այնտեղ միաժամանակ թախիծ և ուրախություն կա։ Ինչպես իր բոլոր գործերում։

Ո՞վ գիտե, գուցե իրավացի է Հյուգոն։ Ամեն մարդ էլ հոգու խորքում թերևս ունի մի երկրորդ հայրենիք՝ կապված սեփական ճակատագրի, անգամ սիրած գրողի, երգչի, բնության անմոռանալի տեսարանի հետ։ Սակայն բոլորի համար էլ միշտ ամենաթանկը մնում է իսկական հայրենիքը, որովհետև այն հարազատ մոր նման մի հատիկ է, անփոխարինելի ու հենց ա՛յդ պատճառով՝ հավերժական։

You may also like...