Կարիկ Պասմաճյանի առեղծվածը

«Ազգ», 19 դեկտեմբերի, 1997թ.
Սեյրանուհի Գեղամյան

1988 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) նշանավոր Էրմիտաժում կազմակերպված փարիզաբնակ Կարիկ Պասմաճյանի ռուսական արվեստի անձնական հավաքածուի ցուցադրությունը բառացիորեն ցնցել էր բազմահազար այցելուներին: Այդ օրերին ռուսաստանյան կենտրոնական մամուլը ողողված էր Պասմաճյանի հետ հարցրազրույցներով ու հոդվածներով, որոնցում նրա հավաքածուի հանդեպ անսահման հիացումին զուգահեռ, անթաքույց չէր նաեւ զարմանքը, թե ինչպե՞ս Փարիզում ապրող երիտասարդ մի հայ կարողացել է հավաքել ռուսական արվեստի այնպիսի գլուխգործոցներ, որոնցից շատերը, հակառակ դրանք ունենալու անսահման ցանկությանը, տարիներ շարունակ անհաս էին մնում ռուսական նշանավոր թանգարաններին ու հավաքորդներին:

karik-pasmajyan

Հիշում եմ, Լենինգրադյան ցուցահանդեսի բացման առիթով, Էրմիտաժի այն ժամանակվա տնօրեն Բորիս Պիատրովսկին նման հավաքածուի ցուցադրումը անգամ Էրմիտաժի համար երեւույթ համարեց: Այո, այդ օրերին Կարիկ Պասմաճյանը գրեթե լեգենդ էր ռուսական արվեստասեր շրջանակներում: Հիացումը, մեծարանքը, պատրաստականությունը, հաճոյախոսությունները ուղեկցում էին նրան, որտեղ էլ որ հայտնվում էր…
Իսկ ընդամենը մեկ տարի անց, նույն մոսկովյան կենտրոնական թերթերն ու հեռուստատեսությունը տարածեցին սառը եւ կարճ մի հաղորդագրություն. «Հուլիսի 29-ին Մոսկվայում, չպարզված հանգամանքներում, անհայտացել է ֆրանսիացի միլիոնատեր Կարիկ Պասմաճյանը»:
Հայաստանում Կարիկի բազմաթիվ ծանոթներն ու ընկերները անակնկալ լուրի խուճապի ու տագնապի մեջ անգամ անհեթեթության չափ անհարկի համարեցին նրա անվանը կպցրած «միլիոնատեր» բառը, որովհետեւ նրան կարելի էր տալ բազմաթիվ բնորոշումներ, ասենք բանաստեղծ (նա շուրջ յոթ-ութ բանաստեղծական ժողովածուի հեղինակ է), թարգմանիչ (նույնքան էլ թարգմանական գրքերի), արվեստաբան, արվեստի փորձագետ, վերջապես հավաքորդ, բայց ոչ երբեք միլիոնատեր, թեպետ նրա հավաքածուի յուրաքանչյուր գործ ինքնին միլիոններ արժեր:
Պարզապես, բանաստեղծորեն խենթ ու անսովոր, վառ ու ինքնատիպ նրա կերպարին ոչ մի կերպ չէր հարմարեցվում դրամական չափանիշը…

Մինչդեռ այն գուցե եւ ի սկզբանե հնարվել էր հասարակական կարծիքը բուն պատճառներից դեպի դրամական պարզ կողոպուտը շեղելու համար:
Ինչեւէ…
Հետո, ամիսներ շարունակ բազմաթիվ թերթեր տպագրում էին վարկածներ, վերջին ականատեսների վկայություններ, զանազան ենթադրություններ ու մեկնաբանություններ…
Հետո, հետո ամեն ինչ լռեց, այդ առեղծվածային, անհասկանալի, անընդունելի դեպքն էլ ձուլվեց առօրյա անցուդարձին, ռուսաստանյան եւ հայաստանյան բարդ, դժվար տարիների խառնաշփոթ համայնապատկերին ու… կամաց-կամաց մոռացվեց՝ կորստի ցավը, անկարողության ճնշող ծանրությունը, երբեմն նաեւ հույսի թրթիռները թողնելով միայն նրա հարազատներին ու մտերիմներին:
Տարիների հետ այդ ամենին գումարվեց նաեւ այն զգացումը, թե կարճ է մարդկային հիշողությունը, եւ կենցաղային դժվարությունների մեջ հաճախ կոխկրտվում, մոռացվում են կենսագրությունները, գործը, նվիրումները:
Այս ամենը բացատրելու համար հարկ է, թերեւս, ամենահամառոտ ձեւով անդրադառնալ, թե ով էր, այնուամենայնիվ, Կարիկ Պասմաճյանը:

Ծնվել է Երուսաղեմում՝ 1947-ին: Ստեղծագործել սկսել է շատ վաղ տարիքից, իր իսկ բնորոշմամբ՝ «անգլիական մաղով» ոտանավորներ էր հավաքում: Բայց ինչպես հաճախ է պատահում հոգու եւ մտքի խորքեր ունեցող մարդկանց մոտ՝ նա էլ անհարմարավետության զգացում ուներ օտար երկրի, միջավայրի ու լեզվի հետ: Եւ 1968-ին Հայաստան եկավ՝ որոնելու իր եսը, արմատներն ու պատկանելությունը: Ուսանեց Երեւանի համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում ու այդ չորս-հինգ տարիների ընթացքում մեկընդմիշտ, անդառնալիորեն կապվեց Հայաստանին: Այդ տարիներին էր, որ հրատարակեց բանաստեղծությունների հայերեն առաջին ժողովածուն եւ անմիջապես գրավեց մեր պոեզիայի մեծերի ուշադրությունը: Պարույր Սեւակը, Վահագն Դավթյանը, Գուրգեն Մահարին, Լեւոն Ներսիսյանը, թեեւ տարիքների զգալի տարբերությանը, դարձան Կարիկի ընկերն ու մտերիմը, որովհետեւ իր իմացությունների խորությամբ, մտածողության ինքնատիպությամբ, բնավորության անսովորությամբ, նա կարողանում էր գրավել մարդկանց, կարողանում էր հետաքրքիր լինել ամենատարբեր միջավայրերի համար:
«Բանաստեղծության խնդիրներում չմահավանության չափ խստապահանջ լինելով, ես չեմ կարող, այդուհանդերձ, չավետել ի լուր ամենեցուն, որ հանձին Կարիկ Պասմաճյանի, համայն հայությունը ստանում է մի նոր, մի իրավ բանաստեղծ: Նա միայն արեւմտահայ կամ արեւելահայ չէ, այլ հայ՝ առանց ստորաբաժանման: Կարիկ Պասմաճյանը շահեկանորեն զանազանվում է իր սերնդակիցներից, նա թարմ է՝ առանց թարմարարության, նոր է՝ առանց նորամոլության, թրթռուն՝ առանց ջղաձգության եւ խոհուն՝ առանց խոհարարության», – գրել է Պարույր Սեւակը Պասմաճյանի առաջին ժողովածուի առիթով: Նման գնահատականներ բազմիցս տվել են նաեւ Վահագն Դավթյանը, Վիլյամ Սարոյանը, բազմաթիվ այլ ականավոր գրողներ ու գրականագետներ: Համալսարանական ուսումից հետո, բնակության մեկնելով Փարիզ, Պասմաճյանը ոչ հեշտ որոնումներից, փորձարկումներից ու խճողումներից հետո, վերջապես կարողացավ հաստատել իրեն որպես անձ եւ անհատականություն: Բայց ինչ էլ որ փորձեց անել այդ տարիների ընթացքում, ինչ էլ ձեռնարկեց, ուզեց, որ դա առնչվի Հայաստանին: Վստահաբար, պատճառներից մեկն էլ հենց դա էր, որ սկսեց հավաքել հայկական արվեստի նմուշներ, մասնավորապես գեղանկարչական աշխատանքներ, այդպիսով ստեղծելով իր փոքրիկ Հայաստանը, որն, իր իսկ խոստովանությամբ, դարձել էր իր «հողանյութը, ապրելու իմաստը»: Հետագայում, դրանց զուգահեռ, նա սկսեց հավաքել նաեւ ռուսական արվեստի ստեղծագործություններ եւ ոչ երկար մի ժամանակահատվածում կարողացավ ստեղծել ռուսական դասական ու ժամանակակից արվեստի լավագույն հավաքածուներից մեկը Արեւմուտքում: Փարիզի կենտրոնում գտնվող Ռասպայ փողոցի նրա պատկերասրահը յուրօրինակ կենտրոն էր դարձել հայ եւ ռուս նկարիչների համար: Այդ տարիներին Պասմաճյանի ուշադրությունն ու բարեհաճությունը շատերն էին փնտրում, որովհետեւ արվեստագետների առջեւ անհիմն, արհեստականորեն բարձրացված խորհրդային պատնեշները զրկում էին նրանց բնական կապ պահելու աշխարհի հետ, իսկ Պասմաճյանը մի բացառիկ հնարավորություն էր՝ հաղթահարելու այդ պատնեշները, ցուցադրվելու արվեստների մայրաքաղաքում, շփվելու ժամանակի մեծ արվեստի ու մարդկանց հետ: Իր պատկերասրահում, որ «Գորկի» էր անվանել (հավանաբար Արշիլ Գորկու պատվին), նա կազմակերպեց հայ եւ ռուս ժամանակակից տասնյակ գեղանկարիչների ցուցահանդեսներ, հայտնաբերեց բազմաթիվ նոր անուններ, դեպի մեծ արվեստ հարթեց շատերի ճանապարհը:
Բայց այս ամենով հանդերձ, ինչ-որ կարեւոր մի բան պակասում էր նրա կյանքում: Եւ գեղեցիկ ու քմահաճ Փարիզում, որն այդքան հեշտ ու բնական մոռացնել էր տալիս շատ ու շատ հիշատակներ, նա գրում է.

Ոչ մեկ բան չի կրնար ծածկել դեմքդ,
Քաղա՛ք,
Ո՛չ այս տարածությունը,
Ո՛չ մազ-մորուքը արվեստագետներուդ,
Ո՛չ ալ տերեւները ոսկի աշունիդ…

Արհեստական զգացումների ու հարաբերությունների մթնոլորտում մի լուռ, անհաշտ ողբերգություն էր բարձրանում նրա հոգու խորքում, որովհետեւ՝

«Երկնաքերերը ճակատս կրծքիս են միացնում,
Ականջներս լցվում են քաղաքակրթության երկաթով…»

Գնալով ավելի ու ավելի անդիմադրելի էր դառնում հայրենի երկրի կարոտն ու պահանջը եւ նա գրում է. «Հեռվից առնվազն ինձ ապրելու ուժ ուղարկիր, շարունակելու կամք…»:

Այդ առեղծվածային, ողբերգական դիպվածից ընդամենը մի քանի ամիս առաջ, հարցազրույցներից մեկում («Հայրենիքի ձայն», թիվ 32, 1988թ.), պատասխանելով թղթակցի հարցին՝ խոստովանում է. «Տարիներ առաջ, երբ դեռ շատ ջահել էի, այսպիսի տողեր էի գրել.

«Աստանդական որդիդ եմ ես,
Գուցե քո մասին ավելին պիտի ասեմ
Քան հինգերորդ դարի պատմիչներդ»:

Հիմա, ավելի հասուն տարիքում, հասկանում եմ, որ չափազանցություն էր ասածս, բայց պիտի աշխատեմ ուժերս ներածին չափով, որովհետեւ գնալով ավելի եմ կարոտում Հայաստանին: Կարոտում եմ ուսանողությանս տարիները, Զեյթուն թաղամասի հանրակացարանի 79-րդ սենյակը, ուր գրվեցին բանաստեղծություններիցս շատերը, երեւանյան ոչ այնքան հարմարավետ ու բարետես սրճարանները: Կարոտում եմ, որովհետեւ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, բոլոր ծայրերում լինելուց հետո, մեկընդմիշտ համոզվեցի, որ ամենակարեւորը հայրենիք բերող ճանապարհն է»:

Եւ անում էր ուժերը ներածին չափով: Երբեք դատարկաձեռն չէր գալիս Հայաստան: Ամեն անգամ Հայաստանի թանգարաններին ու պատկերասրահներին էր նվիրում հայ նշանավոր նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններ. Գառզու, Ժանսեմ, Հակոբ Գյուրջյան, Հայաստանում ոչ շատ հայտնի ծովանկարիչներ Արսեն Շաբանյան, Լեւոն Թութունջյան եւ ուրիշներ: Սակայն նրա նվիրատվություններից ամենանշանավորը, որը, գուցե եւ սխրանք կարելի է անվանել, Մարտիրոս Սարյանի «Գեղամա լեռներ» սքանչելի կտավի տունդարձն էր, կտավ, որ վաղուց ի վեր կորած էր համարվում 1928-ին Փարիզում կազմակերպված Սարյանի ցուցահանդեսից հետո, վերադարձի ճանապարհին նավի վրա բռնկված հրդեհի պատճառով:

Հիշում եմ, թե ինչպես կտավի հանձնման արարողության ժամանակ, նա բազմաթիվ մարդկանց շնորհակալանքին ու հիացումին պատասխանեց պարզ մի նախադասությամբ. «Մարդուն, որն իր տան համար ինչ-որ բան է բերել, պետք չէ շնորհակալություն հայտնել»:
Եւ այսքանով հանդերձ, մեղավորության զգացում ուներ հայրենիքից իր ֆիզիկական բացակայության համար: Այդ իրողությունը երբեմն ցավի պես, ողբերգության պես տրոփում էր նրա բանաստեղծություններում. «Ես սիրում եմ քեզ առանց ակնկալության, միակողմանի, ձախող սիրով…»:

Ակնհայտ ճշմարտություն է, որ մեծ տաղանդի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ նա կարողանում է կանխազգալ իր ապագան: Ու հիմա, տարիների հեռվից, այնքան էլ զարմանալի չի թվում, թե ինչու ընդամենը 20-22 տարեկան հասակում նա իր համար բանաստեղծություն-տապանագիր էր գրել «Աստ հանգչի Կարիկ Պասմաճյան» խորագրով.

«Ճշմարտությունը դեռ շատ է հեռու,
Ինձնից առավել.
Ապրողներ, կորցրել կամ մոռացել եք
Մեռելների ճանապարհը:

Ձեզնից կանուխ բաժանվելուս պատճառը
Միայն սա էր.
Ուզում էի ձեզ ուշ տեսնել մի քիչ,
Իսկ այստեղ եղածների հետ
Դեռ ծանոթություն չեմ հաստատել»:

Այսինքն, գիտեր, որ «ճշմարտությունը դեռ շատ հեռու է լինելու»…
1988-ի ճակատագրական տարին, երբ Հայաստանը ալեկոծվում էր ղարաբաղյան շարժման հզոր ալիքից եւ հայ ժողովուրդն այնքա՜ն զգայուն էր դարձել իրեն տրվող անարդար որակումներից, Կարիկ Պասմաճյանն իր յուրօրինակ մասնակցությունն ունեցավ այդ շարժմանը. առիթ դառնալով հազարավոր մարդկանց զարմանքին ու հիացումին, ստիպելով շատերին գլուխ խոնարհել հայազգի ներկայացուցչի առջեւ: Մի տեսակ մարտահրավեր նետելով՝ նա իր հարցազրույցներում հայտարարում էր, թե պատրաստվում է պատկերասրահ հիմնել Արցախում:
Գուցե, այս ամենը նույնպե՞ս չներվեց նրան…
Թե՛ մոսկովյան, եւ թե՛ լենինգրադյան ցուցահանդեսների բացման արարողությանը, նա ներկաների ուշադրությունը հրավիրում էր ցուցադրանքի կենտրոնում տեղադրված փոքրիկ մի հուշամեդալի վրա, որ ձուլվել էր 1915-ին «Ռուսները հայերին, փորձության ժամին» մակագրությամբ:
Այն դժվար օրերին նա այնպե՜ս էր ուզում հավատալ երկու ժողո- վուրդների բարեկամությանը:
Երեւի այդ հավատով էր, որ 1989-ի հուլիսի 29-ի առավոտյան, դուրս գալով «Ռոսիա» հյուրանոցից՝ առանց որեւէ մեկին զգուշացնելու, առանց երկմտանքի նստել էր իր հետեւից եկած մեզ անհայտ ավտոմեքենան…, որից այն կողմ լռություն է:
Եւ այս հոդվածը փորձ է ոչ միայն ինչ-որ չափով խախտելու այդ լռությունը, ոչ միայն հիշելու, որ դեկտեմբերի 20-ին Կարիկ Պասմաճյանը դառնում է 50 տարեկան, այլեւ փաստելու, թե ինչ էլ որ պատահած լինի, այնուամենայնիվ, նա կարողացել է իրենից հետո թողնել այնպիսի արժեքներ, որոնք մշտական են դարձնում իր ներկայությունը այս աշխարհի վրա…

Կարիկ Պասմաճյան

Այս լուսանկարն արված է Փարիզում՝ Պասմաճյանի պատկերասրահում 1988թ. դեկտեմբերի 11-ին: Ֆրանսիայի Հանրապետությունում Խորհրդային Միության դեսպանը (աջից) եւ փոխդեսպանը, իրենց տիկնանց հետ այցելել էին Կարիկ Պասմաճյանին՝ դավակցելու նրան Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առթիվ: Սա եւս մի խոսուն փաստ է, թե ինչպիսի հեղինակություն էր վայելում նա Խորհրդային Միության պաշտոնական շրջանակներում:

You may also like...