Կատարյալ սեր

«Հայրենիքի ձայն», 13 նոյեմբերի 1985թ.
Սեյրանուհի Գեղամյան

Misaq_Metsarenc

Ի՞նչ անուն ունի արդյոք այն զգացումը, որ ծնվում է մեծագույն ակնածանքի եւ անչափելի տխրության խառնուրդից:

Ահա այդ անանուն զգացումն էր սեղմվել կոկորդիս, երբ դիտում էի սեղանին դրված փոքրիկ, նվիրական իրը:

Միսաք Մեծարենցի մատանին…

Մեծարենցի, որի ջահել, գեղեցիկ նկարը դպրոցական դասագրքերից մեզ նայել է որպես կյանքի ու սիրո սրտահույզ երգչի. «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին, հաշիշով օծուն ու բալասանով»… Մենք այն ժամանակ նայել ենք այդ պայծառ, իսկապես ասպետորեն գեղեցիկ դիմապատկերին, կարդացել նրա տակ դրված տարեթվերը՝ 1886-1908, ու չենք էլ անդրադարձել, թե ինչ ողբերգորեն քիչ ու զարմանալիորեն մեծ իմաստ է ամփոփում երկու տարեթվերի միջեւ ընկած այդ փոքրիկ գծիկը: Ընդամենը 22 տարի…

Այո, այն ժամանակ, երբ 22 չկաս, չես կարող ըմբռնել դրա իմաստը, դա հասկանալի է դարձել հետո, երբ անցել ենք 22-ը, առավել եւս դրանից տարիներ անց, երբ փորձել ենք վերծանել չարենցյան քառյակի մեծ իմաստնությունը «այդ հիվանդ, հանճարեղ պատանու» մասին: Եւ ավելի հետո, երբ զարմացել ու խոնարհվել ենք նրա անանձնական, ուրիշի, մարդկության երջանկության աղերսանքի ու աղոթքի տողերի առջեւ, որոնք մենք այնպես սիրում ենք ու պահանջ ենք զգում մեջբերել՝ բնորոշելու համար իրենից դուրս, իրենից վեր փնտրվող երջանկության մեծ խորհուրդը.

Տո՞ւր ինձի, Տե՞ր, ուրախությունն անանձնական
Զանգակներու պես զայն կախեմ ամեն դըրան՝
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պսակեմ:

Եւ հիմա՛, երբ նրա տողը, մեն մի տողը՝ որպես մխիթարանք ակամա ծնվում է մտքումդ, երբ դժվար է լինում կյանքում, երբ հոգիդ ցավում է,

Շողա, շողա, բարի արեւ, հիվանդ եմ…

…Ինչքան զգացումներ ու ալեկոծումներ կարող է առաջացնել մեծ բանաստեղծի հետ առնչվող փոքրիկ իրը, ինչքան հարցեր, որոնց պատասխանները, ափսոս, հիմա ոչ ոք արդեն չի կարող տալ: Բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհներ է անցել մեծարենցյան այս մասունքը, մինչեւ որ այսքան տարիներ անց եկել է հանգրվանելու Երեւանի Չարենցի անվան արվեստի ու գրականության թանգարանում: Այս հարցերին մասամբ պատասխանում է դրան ուղեկցող գրությունը. «Սույն մատանին կպատկանի Միսաք Մեծարենցի, զօրս իր մայրը Իսկուհի Մեծատուրյան նվիրված է իրեն: Քարի վրա բանաստեղծը փորագրել տված է հետեւյալը.

Կատարեալ սէր
Մերժէ զերկիւղ:

Կցավիմ, որ քարը ճեղքված ձեռքս անցավ: Խնամիս՝ պարոն Վահան Ղազարյան պիտի հանձնե ձեզի, զետեղեցեք ուր որ հարմար է:

Շնորհակալություն:

Միսաք Մեծարենցի եղբոր դուստրը՝ Արշալույս Մեծատուրյան – Մանկիկյան: Ֆիլադելֆիա, ԱՄՆ»

- Ինձի համար անչափ հուզիչ էր կատարել այս հանձնարարությունը,- լրացնում է ամերիկահայ հասարակական գործիչ Վահան Ղազարյանը: – Միսաք Մեծարենցը ինձի համար ավելի քան նվիրական անուն է: Դեռեւս մանուկ հասակեն այդ անունը տեսակ մը ճակատագրական ձեւով կապված է եղել ինձի: Ես ալ, ինչպես մեծ բանաստեղծը, կրթությունս ստացած եմ նախ Սեբաստիայի Արամյան վարժարանը եւ ապա Մարզվանի Անատոլյա կոլեջը, եւ փոքր տարիքես սկսած Մեծարենց անունը միշտ եղած է շուրթերուս վրա եւ հոգվույս մեջ:

Անշուշտ հետաքրքիր է այս մասունքի պատմության հետ կապված ամեն մի դրվագ, բայց առավել հուզիչ է նրա վրա արված մակագրությունը.

Կատարեալ սէր
Մերժէ զերկիւղ:

Ակներեւ է, որ բանաստեղծը իսկապես ապրել է բանաստեղծորեն, նույնիսկ ամենաառօրեական թվացող իրը նա դարձրել է գեղեցկի, սիրո, կատարելության խորհրդանիշ: Ես շատ փնտրեցի այս իմաստուն տողերը նրա պոեզիայում, հուսալով գտնել որեւէ բանաստեղծության մեջ: Չգտա, բայց հասկացա, որ Մեծարենցի պոեզիան ընդհանրապես կատարյալ սեր է, այն ծնվել է մարդու, բնության, կյանքի հանդեպ ունեցած կատարյալ սիրուց՝ մերժելու համար վախը, երկյուղը, մահը…

You may also like...