«Կատարենք սերունդներու կտակը»

«Հայրենիքի ձայն», 16 դեկտեմբերի, 1987թ.
Սեյրանուհի Գեղամյան

Հարցազրույց ամերիկահայ հայտնի պատմաբան, Լոս-Անջելեսի համալսարանի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հետ:

– Պարոն Հովհաննիսյան, հայտնի է, որ Դուք հետեւողականորեն զբաղվում եք ամերիկահայ գաղութի պատմության, նրա զարգացման առանձնահատկությունների, արդի դիմագիծը բնորոշող գործոնների ուսումնասիրությամբ: Հետաքրքիր է. ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումների արդյունքները:

– Իմ դիտարկումները կվերաբերեն ամերիկահայ գաղութին, սակայն, անշուշտ, անոնք կրնան նույնը ըլլալ նաեւ Արեւմուտքի որեւէ երկրի համար, որոնց մեջ այսօր կապրին սփյուռքահայերու երրորդ եւ չորրորդ սերունդները:

Հայտնի է, որ հայերը Ամերիկա հաստատված են ավելի քան հարյուր տարի առաջ, իհարկե, ոչ զանգվածաբար: Սակայն Ամերիկայի հայությունը բազմացավ 1915-20 թվականներե ետք՝ մեծ եղեռնի հետեւանքով: Արեւմտահայաստանի տարբեր գավառներեն գաղթած հայերը Ամերիկայի մեջ, բնականաբար, կփնտրեին իրենց հայրենակիցները եւ կհաստատվեին նույն նահանգներն ու քաղաքները՝ փորձելու համար միասին պահպանելու իրենց անցյալը, հիշողությունները, հայրենասիրությունը:

Ամերիկահայ այս առաջին սերունդը, որուն դեռ անծանոթ էին թե՛ այդ նոր միջավայրը, թե՛ լեզուն, դեռեւս շատ էր կապված իր ծննդավայրին, եւ առաջին շրջանին մեծ էր անոնց թիվը, ովքեր նպաստ կղրկեին հայ որբերուն խնամելու համար: Սակայն հետզհետե, որբերու անհետանալու հետ խզվեց այդ կապը, եւ անոնք սկսան իրենց հայրենասիրությունը դրսեւորելու նոր ճանապարհներ որոնել՝ հիմնել եկեղեցիներ, դպրոցներ, հայրենակցական եւ մշակութային միություններ, որոնց ամուր կապված էին մինչեւ 40-50-ական թվականները:

Ամերիկահայ երկրորդ եւ երրորդ սերունդները բոլորովին այլ պատկեր առաջ կբերեն, ասոնք իրենց ուսումը մեծ մասամբ ստացած են անգլերեն եւ կձգտեն մտնել տարբեր ասպարեզներու մեջ: Ավելի բարեկեցիկ կյանք ստեղծելու համար շատեր սկսեցան հայկական թաղամասերեն տարածվիլ ավելի բարգավաճ թաղամասերն ու արվարձանները, այսպիսով որոշ չափով կտրվելով իրենց հայրենակիցներեն, իրենց եկեղեցիներեն, միություններեն, հայկականությունեն:

Սակայն առավել վտանգավոր է այն շարժումը, երբ գործի բերումով հայ նոր սերունդը կտարածվի դեպի այնպիսի նահանգներ, որոնց մեջ առհասարակ հայկական կյանք գոյություն չէ ունեցած, ինչպիսիք են, օրինակ՝ Լուիզիանա, Օկլահոմա, Տեքսաս, Վաշինգտոն-սթեյթ, Ջորջիա եւ այլն: 30-40 տարի առաջ այս նահանգները մեզի համար նշանակություն չունեին, որովհետեւ հայություն չկար: Այսօր արդեն հայ երիտասարդները կտարածվին նաեւ այս վայրերը, եւ 100, 200, 300 ընտանիքներ կրնան հանդիպել տարբեր նահանգներու մեջ: Ճիշտ է, ասոնց որոշ մասը կփորձե զանազան միություններ ստեղծել, տեսնվիլ տարին քանի մը անգամ, թերեւս եկեղեցիներ հիմնել, բայց փաստված է, որ այն փոքրամասնությունները, որոնք հոծ թիվ չունին որեւէ վայրին մեջ՝ ենթակա են ավելի արագ ձուլման եւ կորստի:

– Վերջին տարիներս նկատելիորեն փոխվել է ամերիկահայ գաղութը ոչ միայն աշխարհագրականորեն, այլեւ քանակապես. ինչպե՞ս են անդրադարձել այս փոփոխությունները գաղութի ընդհանուր դիմագծի վրա:

– Այսօր հիմնովին փոխված է ամերիկահայ գաղութի ժողովրդագրական եւ ազգագրական կացությունը: Եւ փոխված է նաեւ այս վերջին երեսուն տարիներու ընթացքին Միջին Արեւելքեն կատարվող գաղթի հետեւանքով: Ինչպես գիտեք, Միջին Արեւելքի երկիրներու գաղութները նոսրացած են քաղաքական, տնտեսական եւ ընկերային պատճառներով: Այս գաղութներու տկարանալը ուրիշ երես մըն ալ ունի, անշուշտ. գաղթողները հարստացուցած են ամերիկահայ գաղութը եւ նոր կյանք տված անոր: Այսօր մենք ունինք հարյուր հազարի չափ նորեկներ, որոնք հայախոս են, հայերեն ուսում են ստացած, ունին հայրենասիրական ուժեղ զգացումներ եւ կտարածեն այս ամենն իրենց նոր շրջապատին մեջ: Շնորհիվ այս նոր հոսանքին՝ ստեղծված են տասնյակ մշակութային նոր միություններ, տասնյակ եւ ավելի ամենօրյա հայկական վարժարաններ, անգամ հայկական գիր կարելի է տեսնել խանութներու ճակատներուն, ինչը որ նորություն է: Այսինքն, անոնք փորձած են տեղափոխել իրենց միջինարեւելյան միջավայրը Ամերիկա:

– Ուրեմն, կարելի է ասել, որ հայկականության առումով այսօր ավելի բարգավաճ վիճակում է ամերիկահայ գաղութը:

– Ճիշտ է, որ այս նոր հոսանքը նոր կյանք տված է ամերիկահայ գաղութին, սակայն որոշ առումով բացասական ազդեցություն ալ ունեցավ: Ասիկա նուրբ հարց է եւ բացատրության որոշ կարիք ունի, որուն, անշուշտ, շատեր կրնան համաձայն չըլլալ: Ամերիկահայ երկրորդ եւ երրորդ սերունդները, որոնց լեզուն մասամբ դարձած էր անգլերենը, սակայն հոգով ու զգացումներով հայ էին, դեռ կշարունակեին կապված մնալ իրենց հայկական կազմակերպություններին եւ վարչական աշխատանք տանել հոն: Սակայն, երբ Միջին Արեւելքեն եկավ այս նոր՝ ինքնավստահ, հախուռն, հայախոս, ինքն իրեն տեղացիին պարտադրող սերունդը՝ տեղացին տեսակ մը անհանգիստ, անվստահ զգաց ինքզինքը եւ քաշվեցավ այս վարչական աշխատանքներեն, իր եկեղեցիներեն ու կազմակերպություններն:

– Այսինքն, ինչպես ասում են, դարձավ կորած սերո՞ւնդ հայության համար:

– Ճիշտ այս հարցն է, որ պետք է ըլլա մեր մտահոգություններու առաջին գիծին վրա: Մենք պետք է ընենք ամեն հնարավոր, որպեսզի այդ սերունդը կապված պահենք հայությանը: Անոնք կրնա՛ն, պատրա՛ստ են ծառայել մեր ժողովրդին, եթե զգան, որ իրենց կարիքն ունինք, եթե մենք խելացի, միասնաբար եւ կազմակերպված մոտենանք այդ հարցին: Օրինակ մը տամ: Այսօր Ամերիկա հաստատված է թուրք զարգացած դասակարգ մը՝ հարուստ, ֆինանսավորված եւ ուժեղ պայքարի ելած է մեր դեմ, զանազան ձեւերով փորձելով ճնշել մեր աշխատանքները՝ իրենց թիկունքին ունենալով աջակցությունը Սպիտակ տան: Եւ պետք է ըսեմ, որ այդ պայքարի մեջ լավագույն եւ ազդեցիկ անձերը հենց այդ ամերիկածին անգլախոս սերունդն է: Վերջին ժամանակներս վաթսունինը ամերիկացի գիտնականներ՝ ԱՄՆ-ի զանազան համալսարաններու պրոֆեսորներ, տարբեր ձեւերով հայտարարություններ ըրած են՝ ցույց տալու համար, թե հայերը ապստամբ, անպարկեշտ ժողովուրդ եղած են: Եւ ահա, հայ ուսանողները գացին այդ համալսարանները՝ ստուգելու համար, թե իրականության մեջ ովքե՞ր են այդ պրոֆեսորները: Եւ պարզեցին, որ ասոնք մեծ գումար ստացած են թուրքական կազմակերպություններե՝ այս կոչերով հանդես գալու համար: Եւ պարզեցին նաեւ, թե այս վաթսունիննեն վաթսունը ոչ մեկ կապ չունի նորագույն պատմության հետ:

Ամերիկահայ նորագույն սերունդը այսօր փնտրտուքի մեջ է. կփնտրե իր արմատները, իր պատկանելությունը, բայց, ցավոք, մե՛նք իբրեւ ղեկավար, իբրեւ գործիչ չենք բավարարն անոնց փնտրտուքները: Եւ եթե շատ ուժեղ եւ խելացի պայքար չկազմակերպվի, մենք կրնանք կորսնցունել այդ սերունդները, մանավանդ որ հատկապես Ամերիկայի մեջ շատցած են խառն ամուսնությունները: Ուրեմն պետք է փորձենք հետաքրքիր եւ մատչելի միջոցներով անոնց կապել իրենց արմատներուն ու պատկանելությանը:

– Այդ գործում, իհարկե, անգնահատելի են Ձեր ջանքերը, վերջերս վերահրատարակված «Հայկական ցեղասպանությունը հեռանկարի մեջ» գիրքը, որի խմբագիրն ու կազմողն եք Դուք, հենց այդպիսի միջոցներից է:

– Այո, թերեւս, քանի որ գիրքը անգլերեն է եւ կրնա ազատորեն ընթերցվել անգլախոս հայերու եւ օտարներու կողմե: «Հայկական ցեղասպանությունը հեռանկարի մեջ» հատորը համադրում մըն է ցեղասպանությանը նվիրված հոդվածներու եւ ուսումնասիրություններու, որոնց հեղինակները թե՛ հայեր են եւ թե՛ օտարներ: Ասիկա հավաքական աննախընթաց փորձ մըն է՝ ճշտելու համար հայկական ցեղասպանության տարբեր տեսանկյունները՝ ըլլան անոնք պատմական, քաղաքական, բարոյական, թե հոգեբանական: Հատորը կպարունակե տասնմեկ տարբեր գլուխներ, որոնք կրնան ուղեցուցային դեր կատարել՝ գիտականորեն մոտենալու համար օսմանյան պետության կողմե կանխամտածված, ծրագրված ցեղասպանությանը: Հատորին մաս կկազմե նաեւ իմ հոդվածս, ուր մանրամասնորեն կբացատրվի Ապտուլ Համիտի եւ երիտասարդ թուրքերու գործունեության հիմնական նպատակը, եւ երեւան կհանվի վերջնական այն նպատակը, որուն կձգտին «Թուրքիան փոքրամասնություններե փրկելու» բնաբանին հետեւող եւ զայն ջատագովող նոր կուսակցության ղեկավարները: Այս հրատարակությունը կարեւոր է նաեւ հասկնալու եւ ըմբռնելու համար, թե հայեր ինչո՛ւ իրավունք ունին եւ պե՛տք է բուռն կերպով շարունակեն իրենց իրավունքները պաշտպանել՝ առանց տեղի տալու ճնշումներու, հերքումներու եւ խեղաթյուրումներու:

Հատորին կարեւորությունն այսօր ավելի կզգացվի, երբ թուրքերն իրենց վարձկան ակադեմիականներու բանակով կհարձակվին ամեն ճշմարտության վրա: Անցյալին մենք կբավարարվեինք ըսելով, թե թուրք ներկա կառավարությունը հանցավոր չէ հայկական ցեղասպանության համար, սակայն այսօր տեսնելով անոնց ճղճիմ աշխատանքը, կուգանք հայտարարելու, թե, այո, այդ կառավարությունը նույնքան հանցավոր է մինչեւ այն ատեն, քանի կփորձե խափանել իրականությունը եւ խեղաթյուրել պատմությունը:

– Հարգելի պրոֆեսոր, հայտնի է, որ Դուք Ձեր գործունեության մեջ չեք սահմանափակվում միայն գրավոր աղբյուրներով, այլ հավաքում ու շրջանառության մեջ եք դնում նաեւ եղեռնից վերապրածների բանավոր հուշեր, եւ անգամ Ձեր ամբիոնում հիմնել եք «Բանավոր պատմության» հատուկ դասընթացներ:

– Բանավոր պատմությունը մեծ արժեք կներկայացնե պատմագիտության համար եւ միայն այսօր շատեր կգիտակցեն, թե որքանով կարեւոր են այս աշխարհեն մեկընդմիշտ հեռացող անհատներու հուշերը, որոնք շատ հաճախ կուգան ամբողջացնելու եւ նոր լույս սփռելու պատմական վավերաթուղթերու եւ արխիվներու վրա:

Բանավոր պատմությունն անչափ կարեւոր եւ այժմեական է հատկապես մեզի՝ հայերուս համար: Նախորդ տասը տարիներու ընթացքին իմ նախաձեռնած բանավոր պատմության դասընթացքին մասնակցող ուսանողներու օգնությամբ արձանագրած ենք ցեղասպանությունեն փրկված եւ Միջին Արեւելք կամ սփյուռքի այլ վայրերը բնակված հայերու հուշերը: Ցարդ կատարած հարցազրույցներու արդյունքով հաջողած ենք հավաքել մոտ 500 վերապրողներու հուշերը: Հարցաքննված վերապրողները Հայաստանի գրեթե բոլոր շրջանները կներկայացնեն: Հակառակ այն իրողության, որ արձանագրված նյութերը տակավին երիզներու վրա կգտնվին, ապագային զանոնք գրի առնելով՝ լայնածավալ փաստաթուղթերու հավաքածու մը պիտի ըլլան՝ պատմության, ընկերաբանության եւ այլ մարզերու մասնագետներու համար:

Բանավոր պատմությունն այլ պատմական աղբյուրներու նման աղբյուր մըն է, սակայն նկատի ունենալով անոր խոսակցական բնույթը, պետք է շատ զգույշ ըլլալ անոր գործածության մեջ եւ զայն իբրեւ ամբողջացուցիչ նյութ օգտագործել պատմական ուսումնասիրության համար: Տրված տեղեկությունները պետք է ստուգվին արխիվներու միջոցով, սակայն կրնա հակառակը եւս շիտակ ըլլալ, այն իմաստով, որ հայերը բնաջնջած օսմանյան կառավարության արխիվները կամ ժլատ են եւ կամ ամբողջ իրականությունը չեն ներկայացներ, հետեւաբար այդ շրջանեն վերապրողներու հուշերը, որքան ալ որ պակասավոր ըլլան, անոնք կարեւոր հում նյութ կներկայացնեն այդ շրջանի դեպքերու մասին:

Պատմության տվյալներե անկախ, մեր կատարած գրառումնեը ազգագրական, ժողովրդագրական, ընկերային եւ մարդաբանական տեղեկություններու հետաքրքիր հավաքածու մըն են ինքնին:

Պետք է գիտակցինք, որ անկարելի է անցյալը հարյուր տոկոսով վերարտադրելը, սակայն պատմաբանի պարտականությունն է օգտագործել իր տրամադրության տակ գտնվող ամեն միջոց եւ աղբյուր, որ անցյալին պատահած դեպքերու վրա լույս կսփռե, եւ իբրեւ ատաղձ կրնա գործածվիլ իրականությունը հարազատ կերպով վերարտադրելու համար: Բանավոր պատմությունը այդ ատաղձներեն մեկն է: Այն միջոց է, որով վերապրող սերունդներու բեկորներն իրենց կտակը կփոխանցեն մեզի:

– Պարոն Հովհաննիսյան, վերջերս ամերիկահայ մամուլը հաճախ է գրում ամերիկյան ուսումնական ծրագրերում հայկական ցեղասպանությունը ներկայացնող բանաձեփ մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն:

– Բանաձեւը պահանջ կդնե Կալիֆորնիո ուսումնական խորհրդին վրա, որպեսզի պատրաստվի ուսումնական ծրագիր մը՝ 7 -12-րդ դասարաններու համար՝ պետական դպրոցներու կողմե գործածվելու: Օրագիրը մաս պիտի կազմե արդեն իսկ գոյություն ունեցող պատմության եւ ընկերային գիտությանց դասընթացքին՝ հատուկ ուղղությամբ շեշտելով ցեղասպանության եւ մարդկային իրավանց բռնաբարման պարագաները: Անոր նպատակն է Երեւան բերել պատմական ճշմարտությունը, որպեսզի աշակերտությունը տեղյակ ըլլա այն ողբերգություններում որոնց ականատեսներն ու զոհերը եղան հայերը:

Կալիֆորնիո ուսումնական խորհուրդը նախապես որոշած էր մարդկային իրավունքներու բաժնին մեջ ընդամենը երկու էջ տրամադրել հայկական ցեղասպանությանը եւ ինձի առաջարկեց պատրաստել այն: Գիտակցելով նյութին կարեւորությունը, ես, անշուշտ, չէի կրնար սահմանափակվիլ երկու էջերով: Եւ լրջորեն աշխատելե ետք մշակեցի քսանհինգ էջնոց ծրագիր մը եւ երկար բանակցություններե ետք կրցա հաստատել տալ միայն տասներկուսը: Ինչպես պետք էր ակնկալել, ծրագիրը մեծ դիմադրության հանդիպեց մեր հակառակորդներու կողմե: Թուրքերը սկսան բողոքել, թե նման ծրագիրը կպղտորե երեխաներու միտքը եւ նման այլ հայտարարություններ: Ու բավական երկար ժամանակ բանաձեւը ընթացք չունեցավ: Սակայն ուրախությամբ կուզեմ հայտնել, որ իմ այստեղ գտնվածս օրերուն ես հեռագիր մը ստացա, որով ինձի կշնորհավորեին, թե Կալիֆորնիո ուսումնական խորհուրդը միաձայն ընդունած է մեր ծրագիրը: Ասիկա իսկապես հաղթանակ է, սակայն պետք չէ շատ ոգեւորվիլ, քանի որ գիտեմ, թե դեռեւս որքան խոչընդոտներ կրնան հանդիպել մեզի այս ճանապարհին:

– Պարոն Հովհաննիսյան, ես ուզում եմ օգտվել առիթից եւ նույնպես շնորհավորել Ձեզ՝ այդ դժվար ձեռք բերված հաղթանակի համար, նաեւ այս տարվա ընթացքում Ձեր կյանքում տեղի ունեցած երկու այլ նշանակալի իրադարձություների՝ 6-րդ աստիճանի դասախոսի կոչում ստանալու, ինչը որ ամերիկյան ակադեմիականների բարձրագույն տիտղոսն է, եւ Լոս Անջելեսի համալսարանի նոր հիմնված Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ նշանակվելու առթիվ:

– Շնորհակալ եմ: Մանավանդ վերջինս՝ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի հիմնադրումը իսկապես որ մեծ իրադարձություն է: Թեեւ Լոս Անջելեսի համալսարանը հանձինս ինձի մնայուն դասախոս մը ուներ այս նյութի դասավանդման համար, սակայն ատիկա ոչ մեկ կերպով կերաշխավորեր, թե ինձմե ետք այդ դասընթացները պիտի շարունակվին: Արդի Հայոց պատմության ամբիոնի հաստատումով հայոց պատմության դասավանդումը երաշխավորվեցավ վերջնականապես:

Այսուհետեւ ոչ մեկ տնտեսական կամ այլ դժվարություն կրնա վտանգել անոր գոյությունը: Այդ մեզի շատ մեծ ուժ կուտա եւ նոր կարելիություններ՝ ավելի բարձր գիտական մակարդակով, ավելի մեծ հնարավորություններով ծառայել այն նվիրական գործերուն, որոնց մասին մենք խոսեցանք մեր զրույցի ընթացքին:

You may also like...