Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան

Կալկաթայում ազգային վարժարան հիմնելու մտա­հղացումը պատկանում է Ջուղայեցի բա­րեգործ վաճառական Աստվածատուր Մուրադ­խան­յանին: Այս՝ ուսման հարգն իմացող մարդն իր մահից առաջ 8000 հնդկական ռուփի է կտակում հայ պատանիների համար ազգային դպրոց հիմնելու նպատակին: Նա իր կտակում նշում էր. «… Թողածս մապլաղ ութն հազար ռուփի սքէն մնայ իմ կտակակատարաց ձեռնումն և կառավարութենումն որ պարտականան դնեն Ինկլիզի կումպանու խազանումն մուդաթի (տոկոսի), և մուդաթն տարէց տարի իմ կտակակատարք գդանեն, և իմ ըսդատումն ջամայ առնեն մինչ` ի Աստուծոյ ողորմութիւնն ծագի մեր բոլորովին մոլորեալ և ողորմելի ազգի վերէն` որ մտածեն այսքան մին առաջի հարկաւոր և պիտանի բան հիմնադրեն, և հաստադեն…»:

Դժբախտաբար, կտակը կազմելուց երկու տարի հետո Մուրադխանյանը մահա­նում է, և շուրջ երկու տասնամյակ նրա իղ­ձը մոռացության է մատնվում, այսինքն՝ մինչ այն պահը,   երբ Ջու­ղայեցի մեկ այլ վաճառական` Մնացական Սմբատ Վարդանյանը, որոշում է վերստին հրա­պա­րա­կ հանել ազգային վարժարանի խնդիրը: 1816թ. նա տպագրում է «Հրավիրակ» անունով մի տետր, իսկ մեկ տարի անց հրապարակում կոչ, որում ազգակիցներին հորդորում է լինել առա­տաբուխ և նվիրատվություններ կատարել վարժարանը հիմնելու համար. «…որպէս եր­կունք տենչանաց իմոց երկնեն զիս անդադար, նոյնպէս և ես ոչ դադարեմ յարաժամ, դիմել առ պա­տուելի ազգդ իմ. կոչելով զամենեսեան յօգնութիւն յայսմ ազգօգուտ ծննդեան ուսումնարանի»:

Նվիրատվությունների արդյունքում Վարդանյանին հաջողվում է հավաքել 59.583.00 ռուփի, և ի վերջո 1821թ. ապրիլի 2-ին Հայոց մարդասիրական ճեմարանը կյանքի է կոչվում: Այն հիմնադրվում է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում։

Ճեմարանի հիմնադիրների հիշատակը հավերժացնելու նպատակով 1846թ. որոշում է կա­յաց­վում եր­կու մարմարե հուշասալիկներ զետեղել ճեմարանի որմի վրա` մի պատշաճավոր տեղում, որոնք այս­օր էլ շարունակում են վառ պահել հիշողությունը նվիրյալների մասին:

Հաստատության պաշտոնական անվանումն է «Հայոց մարդասիրական ճեմարան», սակայն Հնդկաստանում այն առավել հայտնի է «Հայկական քոլեջ» անվամբ: Սկզբում գտնվում էր Կալ­կա­թայի Չայնաբազար փողոցում՝ հայկական Սբ. Նազարեթ եկեղեցուց ոչ հեռու, սակայն հե­տա­գա­յում (1883 թ.) տեղափոխվել է Ֆրի Սքուլ սթրիթ կոչվող փողոց, որտեղ և գտնվում է ներկայում։

Հաստատությունը եռահարկ շինություն է, որը գնվել է 48. 000.00 ռուփիով: Այս շենքը հայտնի է նաև որպես անգլիացի նշանավոր վիպասան Ուիլիամ Մեկպիս Թաքրիի (1811-1863) ծննդա­վայր (այդ մասին արձանագրված է ճեմարանի գլխավոր մուտքի աջ պատին` մարմարյա սալի­կի վրա):

Ճեմարանն իբրև կրթական կառույց` իր վերջնական տեսքն է ստանում 1930թ., երբ գնվում է դպրոցամերձ հողատարածքը և վերածվում ապահով ու ընդարձակ խաղահրապարակի: Նույն ժամանակ խաղահրապարակի հարավային կողմում Պետրոս Հ. Կրետյանի բարերարությամբ տղաների և աղջիկների համար կառուցվում է ճեմարանի լողավազանը:

Սկզբնական շրջանում Մարդասիրական ճեմարանն ուներ նաև օրիորդաց բաժին` իր ուսուցիչներով և դասասենյակներով, սակայն 1842թ. այն փակվում է: Որոշ ժամանակ անց Հովհաննես Ավդալյանն իր տանը հիմնում է մի մասնավոր օրիորդաց վարժարան` Գալուցյան դպրոցը, որը նույնպես երկար կյանք չի ունենում:

1846թ. փետրվարի 16-ին տ. Շուշան Մ. Դ. Թաղիադյանը բացում է մի նոր օրիորդաց դպրոց` Սուրբ Սանդուխտ, որը հետո ունենում է նաև տղաների բաժին: Դպրոցը գոյատևում է 6 տարի:

1922թ. Դավիթ Ավետիք Դավթյանը սեփական միջոցներով հիմնում է Դավթյան օրիորդաց տարրական վարժարանը, որը, պահպանելով իր ինքնուրույնությունը, 1949թ. միանում է Մարդասիրական ճեմարանին։ 1953թ. հաստատության ղեկավարությունը դիմում է Արևմտյան Բենգալիայի Երկրորդական կրթության խորհրդին` Հայոց Մարդասիրական ճեմարանը որպես երկսեռ դպրոց ճանաչելու խնդրանքով, և 5 տարի անց՝ 1958թ., Մարդասիրական ճեմարանն ստանում է միջնակարգ կրթության բարձրակարգ ուսումնական հաստատության կարգավիճակ (Higher Secondary Educational Institution):

Ի սկզբանե ճեմարանի վերահսկողությունն իրականացնում էր «Անդամք Հայկեան Մար­դա­սի­րական Ճեմարանին» կոչվող Խնամակալական մարմինը, որը կազմված էր հիմնադիր անդամներից: Անդամակցության գումարը 250 ռուփի էր, որը 1842թ. նվազեցվում է 200-ի:

Ճեմարանի ընդհանուր կառավարման իրավունքը պատկանում էր չորս հոգաբարձուներին, որոնք ընտրվում էին Անդամների ընդհանուր ժողովում և պարտավորվում էին «… անթերի և անխոտոր ի գործ դնել զամենայն կարգս և կանոնս հաստատեալս վասն դպրոցին, և յամենայնի ջանալ զօգուտս նորա յառաջացուցանել, առնելով ի կատարման պարտեաց պաշտոնի իւրեանց զայնպիսի կատարելագործութիւնս, որ հայիցին ի բարի նպատակս նոցին»:

Չորս հոգաբարձուներց մեկն ընտրվում էր երեց հոգաբարձու՝ մեկ տարի ժամկետով, և նրա ուսերի վրա էր ծանրացած ճեմարանի վերատեսչությունը, իսկ ժամկետի ավարտին նա իր ավագության դիրքը զիջում էր երկրորդ հոգաբարձուին:

Դպրոց կարող էին ընդունվել 8 տարին լրացած երեխաները և սովորում էին մինչև 18 տարին լրա­նալը: Սկզբնական շրջանում ուսումը վճարովի էր. բնակիչ աշակերտի ամսավճարը կազ­մում էր 30 ռուփի: Սննդի, բնակության և ընդունելության համար վճարվում էր 16 ռուփի, ևս 6 ռուփի` մաքրության և նորոգության համար: Բնակիչ աշակերտի տարիքը պետք է 6 տարե­կանից ցածր չլիներ: Այն երեխան, ում ծնողն ի վիճակի չէր վճարելու ուսման համար, դիմում էր Հոգաբարձուների խորհրդին, և ճեմարանն ինքն էր հոգում այդ ծախսերը: Այսօր ճեմարանը գործում է բացառապես գիշերօթիկ դպրոցի կարգավիճակով, և ուսումն անվճար է:

Ըստ կանոնակարգի՝ սահմանվում էին նաև ճեմարանի գլխավոր վարժապետի կամ ռեկտորի պարտավորությունները: Վերջինս նախ պետք է լիներ հայ, տիրապետեր հայոց լեզվին և լիներ Հայ Առաքելական եկեղեցու հա­վատացյալ: Նա ընտրվում էր ճեմարանի ընդհանրական ժողովի անդամներից, և ամսական աշխատավարձը սահմանվում էր ոչ պակաս, քան 300 ռուփի:

Անգլերեն լեզվի առաջին վարժապետը պետք է լիներ անգլիական եկեղեցու հետևորդ, տի­րա­պետեր անգլերենին և լատիներենին: Ընտրությունը կատարվում էր նախորդի սկզբունքով, և աշ­խատավարձը կազմում էր ավելի քան 100 ռուփի:

Հայ վարժապետուհու համար պարտադիր պայման էր համարվում հայերեն խոսելը` «առանց խառնելոյ զայլազգական բառս»: Ի դեպ, նրա աշխատավարձը, որ կազմում էր 30 ռուփի, զգալիորեն ցածր էր անգլերենի ուսուցչի աշխատավարձից (վերջինս ստանում էր ավելի քան 100 ռուփի):

Օրվա ժամանակացույցի կանոնակարգումը գրեթե պահպանվել է առ այսօր. «մանկունքն յամենայն առաւօտու զարթիցեն ի ժամու արձակման թնդանօթին…Յութն կէս ժամուն ուսման զանգակն հարցի, և մանկունքն ի դպրոցի անդ մինչև ցժամն երկրորդ մնասցեն»:

Կանոնադրությամբ սահմանված են նաև արձակուրդի, պարգևատրության և պատժի, սննդի, հագուստի, սպասավորների և այլնի վերաբերող կանոնները: Կանոնագրքի վերջում որպես հավելված զետեղված են մի շարք աղոթքներ:

Հայտնի է, որ 1924թ. հունվարի 1-ին ճեմարանին է փոխանցվում 1819-1823թթ. Կալկաթայում գործող հայկական տպարանը, սակայն 1843թ. կանոնադրության մեջ արդեն իսկ անդրադարձ է կատարվում ճեմարանի տպարանին. «ճեմարանի տպարանն միշտ պահեսցի ի վիճակի նորո­գու­­թեան և պատրաստության, մի տպեսցի առասպելք կամ կեղծեալ պատմութիւնք…»: Տպարանը իր գոյությունը շարունակում է մինչև ութսունական թվականների սկիզբը:

Մարդասիրական ճեմարանի անգնահատելի ձեռքբերումներից մեկն էլ Արարատյան գրադարանն է, որը հիմնադրվել է 1828թ. ապրիլի 7-ին: Վերոնշյալ կանոնադրության տվյալ­նե­րով գրադարանում եղել է «հազար ընտիր մատեանք ի լեզու Հայոց, Յունաց, Լատինացւոց, Գաղ­ղիացւոց, Հոլլանդացւոց, Պարսից, Սինէացւոց և այլոց արևելեան և արևմտեան ազգաց»:

Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում կլիմայական պայմանների և անտարբերության հետևանքով գրքերի զգալի մասը ոչնչացել կամ անհետացել է։ Այն, ինչ կա այսօր, գտնվում է ամենօրյա խնամքի տակ և արվում է հնարավորինս` եղածը պահպանելու համար:

Արարատյան գրադարանն ունի բավարար թվով ժամանակակից հայերեն և անգլերեն գրքեր և կանոնավոր կերպով ստանում է զանազան թերթեր ու պարբերականներ:

Մինչև 1870թ. ճեմարանն ունեցել է իր ինքնուրույն կրթական ծրագիրը, սակայն հետագայում ծրագրերը համապատասխանեցվել են Կալկաթայի համալսարանի քննությունների պահանջներին: 1883թ. հաստատությունը պաշտոնապես ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ, իսկ 1888թ. դասվել է Կալկաթայի համալսարանի քոլեջների շարքը:

1888-1891թթ. ճեմարանին կից գործել է հատուկ դասընթաց, որը կոչված էր դիմորդներ պատրաստելու Կալկաթայի համալսարանի արվեստի ճյուղի համար:

Այս ճեմարանում դասավանդել են հայ մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ և ման­կա­վարժներ (Մեսրոպ Թաղիադյան, Հ. Աղանուրյան, Հովհաննես Ավդալ, Միքայել վարդապետ Չամչյան և ուրիշներ):

1883-1904 թթ. Մարդասիրական ճեմարանում հայերենի ուսուցումը հանձնվում է հայտ­նի գրա­կանագետ Թադևոս Ստեփանին, որին մինչև 1919 թ. փոխարինում է նրա արժանավոր աշակերտ Վա­ղարշակ Գալուստյանը։

Ճեմարանն իր պատմության առաջին հարյուրամյակում ունեցել է աշակերտների թվա­քա­նա­կի կտրուկ տատանումներ: Եթե 1865 թ. այստեղ սովորել է ընդամենը 1 աշակերտ, ապա 1932թ. նրանց թիվը հասել է 138-ի: Հայտնի է, որ 1847-ին ճեմարանն ունեցել է 79 աշակերտ, 1870-ին՝ 30, 1874թ.` 74 աշակերտ, 1917-ին՝ 109, 1968-ին՝ 81: 2014 թ. սփյուռքահայոց այս հնագույն դպրոցում սովո­րում էր մոտ 90 աշակերտ։

Ճեմարանի սաներից են Մկրտիչ Էմինը, ով հետագայում մեծ համբավ է ձեռք բերել Մոսկ­վայի Լազարյան ճե­մարանում, Թադևոս Ավետումը, ով հայտնի է իր կատարած բարձ­րարժեք թարգ­մանություն­ներով և «Արամայիս» պատմական վեպով, Հարություն Հովնանը, ով հեղի­նա­կել է «Պատմություն Նոր Ջուղայի» երեքհատորանոց աշխատությունը և այլք։

Չնայած այս ոսումնական հաստատությունը կոչվում է ճեմարան, սակայն, ըստ էության, ոչ թե կրո­նա­կան կազմակերպություն է, այլ տասնամյա երկսեռ հիմնական գիշերօթիկ դպրոց, որտեղ սո­վորում են բացառապես հայազգի երեխաներ։

Ճեմարանի կառավարումն ավելի կանոնավոր հիմքերի վրա դնելու համար 1879թ. Բեն­գա­լիայի Բարձրագույն ատյանում Ընդհանուր իրավաբանի (Advocate General) կողմից ընդդեմ ճեմարանի՝ ժամանակի հոգաբարձուների և անդամների սկսվում է մի դատ, որը հան­գեցնում է ճե­մարանի նոր կանոնադրությանը: Դատարանի կողմից այն հաստատվում է 1883թ.:

Կանոնադրությունը մանրամասն ճշգրտում է ճեմարանի խնամակալական մարմնի և հոգաբարձուների իրավասությունները, սակայն որևէ փոփոխություն չի նախատեսվում՝ կապված դպրոցի ընթացիկ ներքին կարգուկանոնի հետ: Նոր կանոնադրությամբ ճեմարանի հոգաբարձուների թիվը չորսից իջեցվում է երեքի, իսկ խնամակալական մարմնի անդամների թիվը  նվազեցվում է 6-ով (հասցվում է 12-ի):

Այս շրջանից սկսած՝ զարկ է տրվում անգլերենի ուսուցմանը` ի վնաս հայերենի, միա­ժա­մա­նակ ճեմարանը սկսում է համագործակցել Կալկաթայի համալսարանի հետ, իսկ 1880-ական թվա­կանների վերջին կրթօջախի տնօրինությունը անցնում է անգլիացի տեսուչների ձեռքը: Այս վիճակը պահպանվում է մինչև 1952թ.:

Ըստ Ջ. Հանանյանի՝ « … Իրավիճակի մեղավորները հնդկահայերն են, քանի որ վերջիններս այն համոզմունքն ունեին, որ այդ կերպ ավելի զարկ կտրվի անգլերենի ուսուցմանը, որը իբրև նա­խամեծար անհրաժեշտություն, գերադասելի է հայերենից»:

Այսպիսով, անկումներով և վերելքներով լի է ճեմարանի պատմությունը: Մասնա­վորա­պես 20-րդ դարի երկրորդ կեսին դպրոցը հայտնվում է ծանր կենսապայման­նե­րում, անկում է ապ­րում կրթական մակարդակը:

Հնդկահայ համայնքը, ճեմարանի փրկության հույսը կապելով Հայ Առաքելական եկեղեցու հետ, 1998թ. դիմում է Կալկաթայի Բարձրագույն դատարան` ճեմարանի վարչական իրավ­ասու­թ­­յունն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելու համար:

1999թ. փետրվարի 15-ին Կալկաթայի Բարձրագույն դատարանը որոշեց Հայոց մարդասի­րա­կան ճեմարանը հանձնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տնօրինությանը: Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրապետի խնամակալության ներքո վերահսկվում են ուսումնական ծրագրերը, կադ­րա­յին նշանակումները և փոփոխությունները, դպրոցի վիճակն ու խնամքը։ 2005 թ. սկսած՝ ճե­մա­րանի կառավարչի պար­տա­կա­նությունները կատարում է հնդկա­հա­յոց հովիվը:

Սկսվում է ճեմարանի պատմության արդի փուլը: Նույն թվականին Կալկաթա է գալիս Հա­յաս­տանից ժամանած աշակերտների առաջին խումբը: Արդեն 2003թ. կրթօջախում ուսում էր ստանում 149 երեխա:

Հետագայում նկատվում է աշակերտների թվի նվազում (առկա կլիմայական պայմաններին հատկապես դժվար են հարմարվում Հայաստանից ժամանած աշակերտները):

Այժմ ճեմարանն ունի 75 աշակերտ, ևս 12-ը սովորում են բարձրագույն դպրոցում, իսկ 3- ը` քո­լեջում: Ամենքն էլ գտնվում են ճեմարանի հոգատարության ներքո:

Այսօր ՀՄՃ-ը բարվոք կենսապայմաններում է, ապահովված է համապատասխան մաս­նա­գետներով և գտնվում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի խնամքի և հոգատարության ներքո: Մոտ ապա­գայում ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտը հնարավորություն կստեղծի մե­ծաց­նել աշակերտների թիվը:

Հայերենից բացի՝ այստեղ անցնում են հնդկե­րեն, ինչպես նաև ռուսերեն՝ Հայաստանից ժամանած երեխաների համար, պարսկերեն՝ Պարսկաստանից ժամանած երեխաների համար, և արաբերեն՝ Իրաքից ժամանած երեխաների համար։ Աշակերտների մեծամասնությունը Հայաստանից է, երկրորդ տեղում Պարսկաստանն է, հետո Իրաքը։ 2014 թ. ներառվել են աշակերտներ նաև սիրիահայ գաղութից։ Հայագիտական բոլոր առարկաների համար մրցութային կարգով մասնագետներ են հրավիրվում Հայաստանից։ Սաների և ուսուցիչների սննդի, կեցության, ուսման վարձի, գրենական պիտույքների և աշխա­տա­վարձի, ճանապարհի և արձակուրդային ծախսերը հոգում է հնդկահայ ճեմարանը։  Տարեկան լինում է մեկ, իսկ ուսուցչական կազմի համալրման հետ կապված՝ 2 ընդունելություն։ Հիմնական ուսուցումը անգլերեն է։ Հատուկ ուշադրություն կա սպորտի նկատ­մամբ՝ շախմատ, բասկետբոլ, թենիս, ռեգբի։ Կա նաև արտոնյալ հնարավորություն առաջադեմ աշա­կերտների համար։ Հնդկական կրթական կարգի համաձայն՝ ուսման 75% առաջադիմություն ապահովող հայ պատանիները կարող են շարունակել կրթությունը Հնդկաստանի մասնագիտական ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաս­տա­տու­թյուն­ներում։ 2014 թ. դրությամբ շուրջ 10 աշակերտներ սովորում էին Հնդկաստանի ավագ դպրոցներում, իսկ 9-ը՝ բուհերում։ Նրանք շարունակում են իրենց կեցությունը ճեմարանի տարածքում։

Ներկայում Մարդասիրական ճեմարանը գործում է Հնդկաստանի կրթական ծրագրերին համա­պա­տաս­խան, կրթությունը անգլերեն լեզվով է, սակայն դպրոցում դասավանդվում են նաև Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայ եկեղեցու պատմություն, Հայոց պատմություն և Երգ-երաժշտություն ա­ռար­կաները:

ՈՒսումնական տարին սկսվում է ապրիլին։ ՈՒսումնական ծրագրերը համապատաս­խա­նեց­վում են հայաստանյան ծրագրերին և այնպես են կազմված, որ Եվրոպական և ասիական ցան­կացած բուհ հասանելի լինեն ուսման մեջ առաջադիմություն դրսևորած հայ պատա­նի­ներին։ Նախորդ տարիների շատ շրջանավարտներ իրենց ցանկությամբ ուսումը շարունակում են արտերկրում։ Նրանց նյութական բոլոր ծախսերը նույնպես հոգում է ճեմարանը։

ՈՒսումնական հաստատության՝ գիշերօթիկ լինելու հանգամանքը հնարավորություն է ստեղծում արտադասարանային կրթական լրացուցիչ ծառայություններ կազմակերպելու հա­մար, իսկ բարեկարգված կայքէջի միջոցով ծնողները կարող են առցանց հետևել իրենց զա­վակ­ների դասերին, ժամանցին, կեցության պայմաններին: Ճեմարանն ունի ընդարձակ հողա­տա­րա­ծություններ, բուժարան, տղաների և աղջիկների համար նախատեսված առանձին կա­ցա­րան­ներ: Վարժարանում գործում է երգչախումբ: Վերջին տարիներին վերա­նորոգվել են Ս. Նա­զա­րեթի եկեղեցին, երեխաների երկու ննջարանները: Բա­րե­լավվում են սովորող­նե­րի կեն­ցաղային պայմանները, բարոյահոգեբանական մթնո­լորտը: Հնդկաստանում ՀՀ դես­պա­նու­թյունը սերտորեն համագործակցում է Ս. Նազարեթի եկեղեցական կոմիտեի անդամ­ների, Մարդասիրական վարժարանի տնօրինության հետ:

Դեռևս 1982թ. Սիդնեյում հրատարակվող «Ձայն» պարբերականը Հայոց մարդասիրական ճեմարանը ճանաչել է իբրև աշխարհի գործող հայկական հնագույն կրթօջախ:

Կալկաթայում (Հնդկաստան) 2011 թ. ապրիլի 2-ին նշվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 190-ամյակը: Ճեմարանի կրթական տնօրենի բացման ելույթից հետու Մարդասիրականի պարախումբը ներկայացրել է մի գեղեցիկ հնդկական պար, որին հաջորդել է կրթօջախի երգչախմբի ելույթը: Ապա 2010-2011 ուսումնական տարվա շրջանավարտներին հանձնվել է ճեմարանի անունը կրող ժամացույցներ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվել են գովասանագրերով և ստացել խրախուսական նվերներ: Հանդիսության ընթացքում ներկայացվել է Կալկաթայում լույս տեսած «Հնդկա­հայք» երկլեզու (հայերեն-անգլերեն)  երկրորդ տարեգիրքը: Ձեռնարկին ներկա են եղել ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, պաշտոնեությունը, Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, համայնքի ներկայացուցիչներ և հյուրեր:

Կրթօջախը Կալկաթայի երկրորդ ամենահին դպրոցն է:

Ստորև ներկայացվում են Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կապի տվյալները`

Կառավարիչ՝  Հոգեշնորհ` Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյան Կառավարիչ և Հոգևոր հովիվ

Հասցեն՝ 56B, Mirza Ghalib Street, Kolkata – 700 016, WB, INDIA

Հեռախոս՝ (91-33) 4010-9051 /2229 – 9051

Էլփոստ՝ contact@armeniancollege.in

Ֆաքս՝ (91 – 33) 2227 – 5869

Վեբ կայք՝ www.armeniancollege.in

Հայոց Մարդասիրական Ճեմարանը հայկական թեքումով անգլիական միջնակարգ դպրոց է։

Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարելի է այցելել www.armeniancollege.edu.in կայքէջը:

You may also like...