Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, գտնվում է Լիբանանում` Անթիլիասի ծովափում, և իր պատմությամբ փոխկապակցված է հայ ազգային և եկեղեցական կյանքի հետ: Կաթողիկոսանիստը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն է, կառուցվել է 1941թ.):

Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր վայրեր է տեղափոխվել և՛ քաղաքական իշխանությունը, և՛ Հայ եկեղեցու կենտրոնը: 1293թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը հաստատվել է Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսում:

1441թ. մայիսի 25-ին Էջմիածնի Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ 7 դար շարունակել է մնալ Սիսում:

Կիլիկիայի հայաթափության հետևանքով 1921թ. դեկտեմբերից Սիսը դադարել է Կիլիկիո Կաթողիկոսության Աթոռանիստը լինելուց: Սիրիայում և Լիբանանում դեգերելուց հետո 1930թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հաստատվել է Անթիլիասում (Լիբանան):

Աստվածաբանական և քրիստոնեական կրթության կազմակերպումից բացի, Եկեղեցու առաքելությունն իրականացվել է եկեղեցաշինության, դպրոցների, համայնքային կենտրոնների, հասարակական հաստատությունների և ծերանոցների հիմնադրման ճանապարհով, դարձել է ազգային, հոգևոր, մշակութային, կրթական և հասարակական կյանքի կենտրոնը:

1962թ. Կիլիկիո Կաթողիկոսությունը ներգրավվել է Էկումենիկ շարժման մեջ` դառնալով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ, դիտորդներ ուղարկել Վատիկանի II Ժողով: 1991թ. Կամբեռայի համաժողովում Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ Արամ արքեպիսկոպոս Քեշիշյանն ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետ (վերընտրվել է 1998 թ.): Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր է խաղացել 1974թ. Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի հիմնադրման գործընթացում:

Նորին Սրբություն Կաթողիկոս Արամ Ա-ի ընտրությամբ (1995 թ-ից Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո) սկսվել է եկեղեցու պատմության նվիրական ծառայության նոր շրջան:
Կիլիկիո Կաթողիկոսությունը ղեկավարվում է 1860թ. մշակված կանոնադրությամբ, Ազգային Սահմանադրության սկզբունքներով: Յուրաքանչյուր թեմ ունի իր կանոնադրությունը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը գլուխն է Ազգային Ընդհանուր Ժողովի, որն ընտրում են Ազգային կենտրոնական, կրոնական և քաղաքական ժողովները: Ներկայում գործում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի, Բերիո, Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան նահանգների, Կանադայի, Կիպրոսի, Թեհրանի, Իրանա – Հնդկաստանի, Ատրպատականի, Հունաստանի, Քուվեյթի և Արաբական (Պարսից) ծոցի երկրների թեմերը և Վենեսուելայի հոգևոր հովվությունը:

You may also like...