Խոսքի, գրչի և անձնական օրինակի ուժը

«Հայրենիքի ձայն», 11 հունիսի, 1986թ.
Սեյրանուհի Գեղամյան

Հարցազրույց լիբանանահայ գրող եւ հասարակական գործիչ Գառնիկ Ադդարյանի հետ*

091-Garnik-Addaryan-image

- Մի քանի օր է, ինչ սեղանիս Ձեր գրքերն են` բանաստեղծական ու արձակ ժողովածուները, սփյուռքում լույս տեսնող այն լրագրերը, որոնցում Ձեր հրապարակախոսական հոդվածներն են: Ես ընթերցում, վերընթերցում եմ բանաստեղծությունները, ապա անցնում եմ արձակին, հետո նորից թերթում եմ լրագրերը ու փորձում եմ գտնել այն հարցի պատասխանը, որ հավանաբար Ձեզ հաճախ են տալիս, ո՞րն է գերակշռողը Ձեր ինքնության մեջ՝ բանաստե՞ղծը, արձակագի՞րը, թե՞ հրապարակախոսը:

- Այդ երեքը ինձի հaմար միաձուլված են, անբաժանելի: Երբ ժողովուրդը, հատկապես վերջին տասնմեկ տարիներու ընթացքին հայությունը Լիբանանի մեջ ահավոր տագնապ մը կապրի, եւ հազար ու մի հարցականներ կառաջանան, ու անհրաժեշտությունը կզգացվի բոլոր այդ հարցերուն կապակցությամբ պատասխաններ փնտրելու, ես չեմ կրնար ինքզինքիս թույլ տալ միայն ու միայն գրականությամբ զբաղիլ, ինչը պիտի ըլլար իմ անձնական նախասիրությունս: Երբ տեղ մը հրդեհ կա, հարց է` որն է առաջնահերթը` հրդեհը մարելու համար ճիգ մը ի գործ դնե՞լը, թե՞ բանաստեղծություն մը գրելը հրդեհին մասին: Իմ համոզումովս հայ գրականությունը բան մը չի կորսնցներ իմ չգրելովս, անձնապես ես բան մը կկորսնցնեմ, բայց կխորհիմ, թե անպայման բան մը կպակսի մեր հասարակական գործին մեջ, եթե ես ամբողջ ճիգերովս չնպաստեմ լիբանանահայության ազգային ինքնության պահպանման գործին: Ահա այս հանգամանքը, եւ հատկապես վերջին տասնմեկ տարիներում կյանքը պարտագրեցին, որ առաջնայինը դառնա հրապարակախոսն ու հասարակական գործիչը:

——————————————

* Այս հարցազրույցից ընդամենը մի քամի ամիս անց՝ 1986 թ.-ի նոյեմբերի 30-ին Գ. Ադդարյանը անժամասակ հեռացավ կյանքից։

Այնպիսի մի գրող, ինչպիսին էր Գարսիա Լորկան, որուն գրական ժառանգությունը արդեն մնայուն արժեք է, եթե մասնակցած չըլլար ֆաշիզմի դեմ պայքարին Սպանիո մեջ եւ չգնդակահարվեր, ինչպիսի՜ հանճարեղ գործեր կրնար գրած ըլլալ, նույնը՝ Յուլիուս Ֆուչիկը, նույնը՝ Հայրենական պատերազմում զոհված երիտասարդ բանաստեղծ Թաթուլ Հուրյանը եւ բազում, բազում ուրիշներ, որոնք կրնային անտարակույս նոր գործերով հարստացնել միջազգային կամ հայ գրականությունը, բայց գիտակցաբար նվիրաբերեցին իրենց կյանքը եւ ինկան պատնեշին վրա: Կմաղթեմ, որ օր մը ստեղծվին այն պայմանները, որ ավելի ժամանակ կարենամ տրամադրել գրական աշխատանքիս՝ իմ անձնական գոհունակությանս համար, ոչ թե գրականությունը հարստացնելու հավակնությամբ:

– «Պատերազմը ա՛յս է նաեւ – ճշմարիտը կթվի անճշմարտանմա՛ն, ու վավերականը՝ մտացածին: Իսկ լիբանանյան պատերազմը՝ բա՛ն մը ավելի…»: Սրանք Ձեր խոսքերն են, որ գրել եք 1978 թվականին, երբ ավարտել էիք լիբանանյան պատերազմի արհավիրքի մասին պատմող «Սեւ եւ կարմիր» գիրքը: Շուրջ տասնմեկ տարի է անցել այն օրից, երբ մայրիների երկիրը տակնուվրա եղավ առաջին ռումբի պայթյունից: Ի՞նչ է փոխվել այդ օրից ի վեր այնտեղ, ի՞նչ նոր խորհրդածություններ է ծնել պատերազմը Ձեր հոգում:

– Այո, տասնմեկ տարիե ի վեր Բեյրութի եւ ընդհանրապես ամբողջ Լիբանանի մեջ պատահածները բառին բուն իմաստով աննկարագրելի եւ աներեւակայելի են: Եղերական պատկերներ կան, որոնք պարզապես դժոխային են: Լիբանանահայերը, ինչպես եւ բոլոր լիբանանցիները ամեն օր, ամեն ժամ կապրին այդ արյունալի մղձավանջը: Վերջին շրջանին այդ բոլորին վրա ավելցավ նաեւ տնտեսական ճգնաժամը: Ես իրապես կապրիմ այդ ամբողջ տագնապը եւ ամենե առաջ մտածումիս մեջ ամեն րոպե կտանիմ պատկերները հարյուրավոր ընկերներուն ու բարեկամներուն (հայ ըլլան անոնք, թե արաբ), որոնք նահատակվեցան այս ընթացքին: Բան մը չփոխվեցավ տակավին, արցունք չմնաց այլեւս, բայց մնաց օրերու մոխիրներու տակ անթեղված ցավ մը, կսկիծ մը, որ անընդհատ կսպառե զիս: Այս փետրվարին Լիբանանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի երկու անդամներ՝ ԽալիլՆաուսը եւ Սուհել Թավիլեն, սպանվեցան Բեյրութի փողոցներուն մեջ: Երկուքն ալ շատ մտերիմ ընկերներս էին եւ անոնց կորուստը անչափ ցնցեց զիս: Սուհել Թավիլեն խմբագրապետն էր «Ալ Թարիք» («Ուղի») ամսագրին: Կսիրեի զինք հարազատ եղբոր պես եւ պարզ է, թե ինչ կզգա մեկը, երբ իր հարազատ եղբայրը կսպանվի այդպես անլուր բարբարոսությամբ: Միաժամանակ ցավին, կսկիծին, տառապանքին հետ ես կապրիմ նաեւ հպարտության պահեր, երբ ինձի ծանոթ կամ անծանոթ անձնուրաց տղաք գիտակցաբար կերթան մահվան՝ Հարավային Լիբանանի գրավյալ հողերու ազատագրման ի խնդիր: Ես անոնց գերագույն անձնազոհության խորհուրդը ավելի եւս կընկալեմ, որովհետեւ իբրեւ հայ կգիտակցիմ, որ իմ հայրերուս հողին ալ մեծ մասը դեռեւս գերեւարյալ է…

– Այս պահին, երբ զրուցում ենք պատերազմի մասին, ես հիշում եմ «Սեւ եւ կարմիր» գրքում իբրեւ վերջաբան զետեղած Ձեր Երկխոսությունը, ուր ինքներդ Ձեզ հարց եք տալիս, թե ինչո՞ւ գրեցիք այդ գիրքը, ու քանի որ ես նույնպես պիտի տայի Ձեզ այդ հարցը, ուրեմն կարելի է Ձեր պատասխանը հաղորդել ընթերցողին.

«Որովհետեւ չէի կրնար չգրել, որովհետեւ եթե չգրեի՝ պիտի խենթանայի պարզապես, որովհետեւ պիտի բարձրանայի տանիք ու պոռայի ամբողջ ձայնով, պիտի իջնեի փողոց ու փաթթվեի առաջին անցորդին, որովհետեւ առանձին չեմ, կը հասկնա՞ս, առանձին չեմ, բոլո՜ր զոհերը, բոլո՜ր նահատակները, բոլո՜ր հերոսները կապրին ինձմե ներս, ես մեռա անոնց հետ եւ անոնք կապրին ինձմե ներս, ամեն արձակված փամփուշտ ծակեց սիրտս, մարմինս հազա՜ր անգամ քաշկրտվեցավ փողոցներում մեջ, լացի մայրերո՛ւն հետ ու որբերո՛ւն հետ թափառեցա ոտաբոպիկ, ընթերցողեն առաջ՝ ես գրեցի ինձի՛ համար, թուղթը, սպիտակ թուղթը բալասան էր կարծես…»:

– Եթե շարունակենք, ուրեմն ես պիտի տամ նաեւ Ձեր տված հաջորդ հարցը. «Հիմա, երբ գրեցիք, ի՞նչ փոխվեցավ»:

– Բան չփոխվեցավ, սիրելի՜ս, բան չփոխվեցավ: Նո՜ւյն ցավն է, նո՜ւյն կսկիծը, նո՜ւյն կտտանքը: … Այս գիրքը եւ հազար գիրք ոչինչ կրնան փոխել…:

– Բայց Ձեր պատասխանը մի տեսակ տխրեցնում է ինձ: Մի՞թե իսկապես գրականությունը անկարող է մարդկային մութ բնազդների դեմ, անկարող է թեկուզ մի քիչ պակասեցնել աշխարհի երեսին գոյություն ունեցող չարությունը:

– Իմ համոզումովս բառը երբեմն ավելի ուժեղ է, քան փամփուշտը: Լիբանանյան մեր այս տագնապ-պատերազմին ընթացքին ես բազմիցս հաստատած եմ, թե ինչպես գիրն ու խոսքը գոտեպնդած են հայրենասեր մարտիկները եւ ինչպես զորաշարժի են ենթարկած բազմությունները: Եւ բնական է, որ ես ալ իմ ամբողջ կարողություններովս եւ առաջին հերթին՝ գրիչովս ձայն բարձրացնեմ պատերազմ կոչված հրեշին դեմ: Ու հետո՝ երբ պատերազմի դեմ կգրեմ, իմ միակ գոհունակությունս այն է, որ այստեղ, Արարատի փեշերում ունիմ մայր հայրենիք մը, որ կապրի ապահովության ու խաղաղության մեջ, իսկ էականը հայրենի երկրի, մայր հայրենիքի ապահովությունն է ամեն բանե առաջ:

Ես կխորհիմ, որ եթե գրականությունը, արվեստը չեն կրնար անմիջական ազդեցություն գործել չարին վրա՝ զայն բարիացնելու իմաստով, ապա գոնե կրնան գոտեպնդել, զրահել չարին դեմ պայքարողները: Բայց կխորհիմ նաեւ, թե գրականությունը, խոսքը, գիրը շատ բան կկորսնցնեն, եթե չըլլա անձնական օրինակին ուժը: Մեր պարագային բազմաթիվ ու բազմապիսի վտանգներու դեմ կարեւորագույն դեր ունին հայ մամուլը, հայ խմբագիրը՝ խոսքո՛վ, գրչո՛վ եւ անձնական օրինակո՛վ կորով ու դիմադրականություն ներշնչելու համար լիբանանահայության՝ ամուր պահելու լիբանանահայ կառույցը:

– Դուք մոտեցաք մեր զրույցի հաջորդ հարցին, ինչպիսի՞ն է լիբանանահայության վիճակը պատերազմական այդ թոհուբոհի մեջ:

– Ի հեճուկս բոլոր ասելի ու անասելի բաներուն եւ ի հեճուկս անոր, որ հեռուն եղերամայրեր կան, որոնք կփութան լիբանանահայության վախճանը գուժելու, մենք հիմնականին մեջ ամուր կպահենք մեր դիրքերը բոլոր ճակատներում վրա, եւ լիբանանահայությունը կշարունակե մնալ եւ կհավատամ՝ պիտի մնա ողնաշարը սփյուռքին:

Որպեսզի այս ըսածս աժան քարոզչություն չթվի, տամ քանի մը թվանշաններ, կրթական այս տարեշրջանին Լիբանանի մեջ կգործեն ավելի քան 50 հայկական դպրոցներ՝ մոտ տասնչորս հազար աշակերտներով: Ռումբեր, փամփուշտներ, ականված մեքենաներու պայթումներ, առեւանգումներ եւ դեռ շատ ուրիշ բաներ, բայց հայ դպրոցը կգործի, աշակերտները կշարունակեն իրենց ուսումը՝ նույնիսկ զոհեր տալով: Այստեղ չեմ կրնար չհիշել վերջին տխուր պատկերը, տասնչորսամյա Թալին Շամամյանը՝ անմեղունակ, քնքուշ աղջիկ մը, դպրոցին ճամփում վրա եղերականորեն զոհ գնաց ռումբի մը պայթյունի: Սակայն փակենք այս տխուր փակագիծը եւ անգամ մը եւս հաստատենք, թե կրթական գործը կշարունակվի եւ պիտի շարունակվի ամեն գնով: Այլ թվանշաններ. այսօր Բեյրութի մեջ լույս կտեսնեն երեք օրաթերթ, երկու շաբաթաթերթ, տասներեք ամսաթերթ ու պարբերագիրքեր, երկու հայագիտական հանդես: 1975-1984 թվականներուն, այսինքն պատերազմի առաջին տասնամյակին, լույս տեսած են 685 անուն հայերեն գրքեր, որոնցմե 82-ը՝ 1984-ին: Այժմ երեք հայկական ռադիոկայաններ հայ խոսքն ու երգը կձայնասփռեն ամբողջ օրվան ընթացքին անընդմեջ: Ու տակավին պարբերական հանդարտության օրերուն տեղի կունենան թատերական ու գրական-գեղարվեստական ձեռնարկումներ: Այս բոլորը կխորհիմ, թե բավարար չափով կվկայեն լիբանանահայության կենսունակության ու դիմադրականության մասին: Եւ ճիշտ այս պատճառավ է մեր ակնկալությունը, թե մայր հայրենիքը եւ անմիջականորեն Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն իրենց ուշադրությունը առաջին հերթին կենտրոնացնեն լիբանանահայ անփոխարինելի կենտրոնին վրա եւ չզլանան ոչ մեկ ճիգ՝ ամուր պահելու համար զայն, առանց, անշուշտ, անտեսելու սփյուռքահայ մյուս կենտրոնները, որոնց հայապահպանմանն ի խնդիր գործ դրված ջանքերը ողջունելի են անտարակույս:

– Անշուշտ, այն, ինչ Դուք այսօր անում եք, սխալ կլինի սահմանափակել միայն լիբանանահայ գաղութի շրջանակներում: Ձեր խոսքը, գործը, մտահոգությունները վերաբերում են սփյուռք կոչվող ամբողջ հավաքականությանը, նրա ապագայի հետ կապված հազար ու մի հարցականներին:

– Երբ կա այս հողը եւ կա այդ հողի վրա ապահով կյանք ապրող երեք միլիոնը, ես չեմ կրնար չհավատալ մեր ժողովուրդի գոյատեւմանը: Այո, այս իրողությունը մեծ ուրախություն է եւ որպես հավատք մենք պետք է ամրացնենք զայն: Ամեն անգամ, երբ կուգամ Հայաստան ու կտեսնեմ այն մեծ իրագործումները, որ կատարված են երեք, չորս, հինգ տարիներու ընթացքին, ավելի եւս կամրանա հավատքս, որ միայն ու միայն այս հողի, այս երկրի հետ սերտ կապվելով է, որ կրնա գոյատեւել սփյուռքը: Եւ այդ մեծ հավատքը ես եւ իմ բախտակիցները կոչված ենք ներարկելու յուրաքանչյուր սփյուռքահայու, ուր որ ալ գտնվի ան:

– Երբ մտածում եմ Ձեր եւ Ձեզ նմանների մասին, ակամա հիշում եմ Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Ես հայ եմ. եւ դուք պետք է գիտնաք, թե ի՜նչ դժվար ու միաժամանակ ի՜նչ հրաշալի բան է դա», եւ մտածում եմ նաեւ, որ այն մեծ մտահոգության, այն անսահման տխրության կնիքը, որ կա Ձեր դեմքին, եթե նույնիսկ Դուք ժպտում եք, հենց այդ դժվարի ու միաժամանակ հրաշալիի խառնուրդն է…

– Անշուշտ, մեծ մտահոգություններ դեռեւս շատ ունինք: Դրանք նախ եւ առաջ անոնք են, որ ըսի նախորդ պատասխաններուս մեջ: Ես ալ եղեռնի մնացորդաց եմ եւ հորս, մորս, մեր բոլոր հայրերու ու մայրերու փշրված ուրախությունները, մեծ տրտմությունը արդեն իսկ փոխանցված է մեր սերունդին: Սարսափելի բան է հիշողությունը եւ այն ամբողջովին կարտացոլվի նայվածքին մեջ: Այդ ամենուն վրա կավելնա նաեւ մեր ապրած վերջին տասնամյակը: Բայց կարեւորը ժպիտն է, որովհետեւ ամեն ժպիտի մեջ լույս կա եւ ապագայի վստահություն: Ուրեմն մեկնելես առաջ իմ բոլոր հայրենակիցներուն կմաղթեմ լուսավոր ու պայծառ ժպիտ:

You may also like...