Խաչի հաղթանակը

«Խաչին հաղթանակը» գրքի առաջաբանը, Երևան, 1992թ.
Սեյրանուհի Գեղամյան

«Խաչին յաղթանակը» վերնագիրը կրող գրքում ամփոփված սփյուռքահայ ազնվագույն մտավորականներից մեկի՝ Վարդան ավագ քահանա Տյուլկերյանի գրությունները որպես ժանր բավականաչափ անսովոր են հայրենի ընթերցողների համար: Ընդհանուր բնորոշմամբ դրանք կարելի է անվանել կրոնաբարոյական էսսեներ, մի ժանր, որով նա շուրջ հիսուն տարի է, ինչ հանդես է գալիս սփյուռքահայ մամուլում, տպագրվում է առանձին գրքերով: Սա ինքնանպատակ գրական զբաղմունք չէ Սփյուռքում ապրող ու գործող հայ հոգեւորականի համար, այլ ամենօրյա, ամենժամյա պայքար՝ օր-օրի նյութականացող աշխարհում մարդկային հոգու փրկության, մարդու մեջ Մարդը, Հայը պահելու մեծ մտահոգությամբ:

vardan-tylkeryan

Իրավ, այս իմաստով Վարդան ավագ քահանա Տյուլկերյանի գրականությունը յուրահատուկ երեւույթ է: Լինելով շուրջ տասնմեկ հատոր գրականության հեղինակ, գրելով ամենաբազմազան թեմաների մասին, նրա հիմնական նպատակակետը, մտային ու հոգեւոր աշխարհի սեւեռակետը մնում է նույնը, հեռու պահել մարդուն այլասերումից, նյութապաշտությունից, դրամապաշտությունից, ազգային ուծացումից, օգնել նրան տարբերելու մնայունը անցողիկից, ճշմարիտը՝ կեղծից, զգալու աննյութական արժեքների կարեւորությունը, աստվածային, հոգեւոր կյանքի հարստությունը:

Նրա մտահոգություններն ու տագնապները լիովին ընկալելու համար հարկ է որոշ չափով ծանոթ լինել նրա ապրած կյանքին:

Ծնվել է Կ. Պոլսում: Մանկությունը անց է կացրել Դարդանելում, պատանեկությունը՝ Իզմիրում եւ Աթենքում, երիտասարդությունը՝ Ալեքսանդրիայում, ավելի հասուն տարիքում ապրել է Սուդանում, ապա վերջնականապես հաստատվել է Լոս Անջելեսում:

Ուսանել է Ալեքսանդրիո Պողոսյան նախակրթարանում, ապա Կահիրեի Պերպերյան երկրորդական վարժարանում եւ համալսարանական քառամյա շրջանը բոլորել է Աթենքում, գրականության եւ հոգեբանության ճյուղերի մեջ՝ հունարեն լեզվով:

Ուսուցչական պաշտոններ է վարել Պողոսյան, Հայկազյան, Մխիթարյան վարժարաններում: Դժվար չէ կռահել, թե այս պարզ թվարկումի տակ ինչպիսի դժվարություններ ու զրկանքներ են ամփոփված: Հոգեւորականի իր համեստ կյանքի շողարձակ երեւույթներից է համարում աշակերտումը անզուգական ուսուցիչներին՝ Նիկոլ Աղբալյանին, Լեւոն Շանթին եւ Շահան Պերպերյանին, ինչպես նաեւ անձնական մտերմությունը Վահան Թեքեյանի եւ Արշակ Չոպանյանի հետ, որոնց մասին գրած նրա հիշողությունները հուշագրության ժանրի լավագույն էջերից են մեր գրականության մեջ:

Ընդհանրապես իր նուրբ զգացողության եւ ճաշակի, զգայուն հոգու, համապարփակ գիտելիքների շնորհիվ Վարդան քահանա Տյուլկերյանը անխոս կարող էր հեղինակել գրականագիտական ծավալուն ուսումնասիրություններ, սակայն նրան ավելի զբաղեցնում եւ խորապես հուզում է նյութի տիրապետության մեջ ապրող եւ հոգեւոր կյանքից հեռացած ժամանակակից մարդը: Եւ բարոյագիտական, գաղափարախոսական իր պայքարը նա տանում է զարմանալի հետեւողականությամբ ու նվիրումով, այդ պայքարին տալով ամեն ինչ՝ իր ֆիզիկական եւ հոգեւոր բոլոր հնարավորությունները, իր խաչի եւ խոսքի զորությունը:

«Պաշտամունք չունեցող մարդը կենդանական աշխարհին մեջ երկոտանի ճիվաղ մըն է: Եւ այն մարդը, որ Աստուծո լույսեն կհեռանա, ի վերջո կդառնա կուռքեր եւ աստվածներ արտադրող մեքենա մը»,- իր զրույցներից մեկում գրում է նա:

Եւ մեզ համար, որ շատ ենք հեռացել սրբության գաղափարից եւ Աստծո լույսից, որ այս դժվար ու դաժան աշխարհում բավականաչափ կոշտացել ենք հոգով ու սրտով, կարծում եմ, այս գրքում տեղ գտած զրույցները կարող են լինել արթնության ու զգաստության կոչնակներ, ինքնաքննումի ազդակներ, զրույցներ, որոնք ես ուզում եմ պարզապես անվանել սպեղանի հոգու համար:

Վստահ եմ. այս գրքով ձեզ հետ կմտերմանա մեծ գիտելիքների տեր, քրիստոնեական անսահման բարությամբ, բացառիկ ազնիվ ու շիտակ մարդը, հոգեւորականը, խորունկ մտավորականը՝ Լոս Անջելեսի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Վարդան ավագ քահանա Տյուլկերյանը:

You may also like...