«Լուսավորեալ խորաններ»

«Հայացք Երևանից» ամսագիր, հուլիս, 1999թ.
Սեյրանուհի Գեղամյան

Այս գիրքը, որ լույս է տեսել 1993-ին, օվկիանոսից այն կողմ՝ Լոս Անջելեսում, ցավոք սրտի, առայժմ չի արժանացել հայրենի գրականագետների եւ ընթերցողների ուշադրությանը: Գիրքը հուշագրություն է: Հեղինակը՝ Ստեփան Ալաջաջյանը: Հերոսները՝ մեր նոր գրականության անվանի դեմքերը՝ Պարույր Սեւակը, Հովհաննես Շիրազը, Աբիգ Ավագյանը, Գեւորգ Էմինը, Վիգեն Խեչումյանը, ժամանակի հայ եւ ռուս գրականության, հասարակական կյանքի ականավոր այլ դեմքեր եւ, անշուշտ, ինքը՝ հեղինակը:

stepan-alajajyan

Ժամանակը՝ 1955-57 թվականները, տարիներ, որ ուղեփակոցի գերանի նման կյանքը բաժանում են ստալինյան եւ հետստալինյան ըմբռնումի:
Դեպքերը տեղի են ունենում Մոսկվայում, որն ինչպես բնորոշում է գրքի հերոսներից մեկը՝ Յակով Խաչիկյանը (նշանավոր գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանի ամուսինը), այն ժամանակների մեր Տիզբոնն էր, որտեղից սկսվում եւ որտեղ ավարտվում էր ամեն ինչ: Այս ամենն արդեն փաստում է, որ մեր ձեռքին է չափազանց հետաքրքիր, կյանքի ու ժամանակի փիլիսոփայությամբ լեցուն մի գիրք, որը վերարտադրում է Ստալինի մահով սկսած «ձնհալի» մթնոլորտը, երբ դեռ մարդիկ չէին հասցրել թոթափել վախի, անորոշության, զգուշավորության, կասկածի մաշող զգացումները, երբ մարդկանց սրտում ու մտքում դեռ հողմապտույտ էր եւ դժվարությամբ էր վերականգնվում ավերված, եղծված հավատը:

Դժվար էր մանավանդ այնպիսիների համար, որոնց հոգում ստրկամտության ու համահարթեցված տեսությունների դեմ անընդհատ կռիվ էին տալիս ազատության, արժանապատվության, ազգային գաղափարախոսության պոռթկումները:

Այդպիսիների թվին էին պատկանում Ալաջաջյանի գրքի հերոսները, որոնք Մոսկվա էին մեկնել ուսանելու գրականության երկամյա բարձրագույն դասընթացներում, բայց ավելի շատ փորձում էին սովորել, հասկանալ կյանքի տեղատվություններն ու մակընթացությունները: Ու երբ Մոսկվայում հանդիպում էին միմյանց, նախ ուզում էին պարզել, թե ինչպիսին է դրությունը հայրենիքում, թե մեռե՞լ է արդյոք Ստալինը Հայաստանում, ինչպիսի՞ն է գրելու, խոսելու, հանդիպելու ազատությունն այնտեղ:

Եւ, այնուամենայնիվ, կյանքը փոխվում էր ու կամաց-կամաց այդ գորշ մթնոլորտում ձեւավորվում էր մեր գրողների ու մտավորականների անձնական ու ազգային դիմագիծը՝ ծնունդ տալով Դեմիրճյանի «Մեսրոպ Մաշտոցին», Սեւակի «Անլռելի զանգակատանը», Խեչումյանի «Գիրք լինելիությանը»…:

Ալաջաջյանի հուշագրության էջերից ուրվագծվում են կասկածի, երկյուղի, մահից դուրս հառնող, դեպի լույսը ձգտող, մեր դպրության նվիրյալների կերպարները, որոնք ուզում էին գրականությունը դարձնել, եւ դարձրեցին, ազգային ինքնագիտակցությունը հրահրող գործոն, որոնք գիշեր-ցերեկ տառապագին փորձում էին հասկանալ նոր օրերի իսկությունը՝ մտորելով ազատության, անկախության, պետականության գաղափարների շուրջ, այս արեւի տակ մեր ժողովրդի տեղի ու ապագայի մասին: Ու երբեմն անգամ հավատում էին, թե ահա պիտի վերականգնվի արդարությունը, մարդկանց ու ժողովուրդների ոտնահարված իրավունքները:

«…Ու Բագրատ Ուլուբաբյանն էլ այդ միամիտ հավատով «բարեխղճորեն ու ազնիվ բծախնդրությամբ պատմագրել էր Ղարաբաղի պատմությունը եւ եկել էր Մոսկվա՝ այդ թղթապանակը հեղինակավոր հայերի միջոցով Խրուշչովին հանձնելու՝ այն հույսով, թե Խրուշչովը, որպես Ստալինի անհատի պաշտամունքի ուժեղ հակառակորդ, արդարության ռահվիրա, Ղարաբաղի հարցը կարող է գրչի մեկ հարվածով լուծել…»:

Բարեբախտաբար, Ալաջաջյանի հուշագրությունը չի վերածվել զուտ փաստագրական եւ ժամանակագրական չոր պատումի: Այն լի է հումորով, անկեղծ, անսքող խոսքուզրույցներով, իր պատկերած հերոսների յուրահատուկ խոսելաոճի հնչերանգներով: Եւ տարիների հեռվից մեզ հասու են դառնում նրանց ձայնը, ծիծաղը, տառապանքը, տխրությունը, ներողամտությունը, սերը, այն ամենը, որ հետո դառնում է գրողական ապրում, բանաստեղծական տող:

Հիշում եմ, տարիներ առաջ ի՜նչ հափշտակությամբ եմ կարդացել ռուս գրող Վալենտին Կատաեւի «Իմ ալմաստե պսակ» հուշագրությունը՝ հետհեղափոխական շրջանի ռուս նշանավոր գրողների ու բանաստեղծների մասին: Անկեղծ ասած, ես նույնիսկ նախանձում էի ռուսներին, որ կարողանում են այդպես արժեվորել ու անմահացնել իրենց մեծ զավակների կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Չէ՞ որ վերջապես բանաստեղծի, գրողի կյանքն ինչ-որ տեղ դառնում է անանձնական, եւ բնական է այն հետաքրքրությունը, երբ մարդիկ ուզում են իմանալ, թե ե՞րբ, ի՞նչ պարագայում, ու՞մ հանդեպ ունեցած սրտի թրթիռներով են ծնվել սիրելի բանաստեղծների այս կամ այն տողերը, որ հետո շարունակ չեն դադարում հուզել մարդկությանը:

Այս իմաստով Ստեփան Ալաջաջյանի «Լուսավորեալ խորանները» շատ անծանոթ էջեր են բացում մանավանդ Պարույր Սեւակի կյանքից, որոնք ինչպես ինքը՝ հեղինակն է ասում «սուրբ վկայություններ են եւ կրում են Մոսկվա քաղաքի ստորագրությունը»:

Այս ամենից զատ, պակաս կարեւոր չէ, որ այս գրքով մենք նորից հանդիպում ենք նաեւ «Եղեգները չխոնհարվեցին», «Անապատում», «Անառագաստ նավակներ», «Չսպիացած վերքեր» եւ այլ մեծարժեք ստեղծագործությունների հեղինակին՝ միշտ եւ ամենուր ճշմարտության եւ արդարության ձայնը, հավատքի լույսը որոնող Ստեփան Ալաջաջյանին, որի խոսքին մենք իսկապես կարոտել ենք: Եւ մեծ գրողի ու մտավորականի զուտ ֆիզիկական բացակայությունը Հայաստանից մեզ չպիտի մոռացնել տա, որ 1999-ի հունվարի 3-ին լրացավ նրա ծննդյան 75-ամյակը, որի առթիվ սրտանց շնորհավորելով՝ հայցում ենք նրա ներողամտությունը՝ մեր լռության ու չասված խոսքերի համար:

You may also like...