Լույս և երջանկություն պարգևող երաժշտություն

«Հայրենիքի ձայն», 9 դեկտեմբերի, 1987թ.
Սեյրանուհի Գեղամյան

mansuryan3Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն իր բարդ ժամանակի եւ իր ժողովրդի երաժշտական հարուստ ավանդույթների ինքնատիպ միաձուլումն է:

Նրա հնչյունային մտածողությունը արտահայտվում է երաժշտական ամենատարբեր ոճերի եւ ժանրերի միջոցով: Կոնցերտներ ջութակի եւ լարային նվագախմբերի համար, դաշնամուրային ստեղծագործություններ, բագատելներ դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար, վոկալ շարքեր, կինոերաժշտություն. ահա ոչ ամբողջական թվարկումը այն ժանրերի, որոնցում ստեղծագործում է Տիգրան Մանսուրյանը:

Եւ ահա Երեւանի կամերային երաժշտության տանը Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն էր: Համերգն սկսվելուց դեռ շատ առաջ դահլիճն արդեն լեփ-լեցուն էր երաժշտասերներով, իսկ մերձակա այգում, ներս մտնելու հույսը դեռեւս չկորցրած՝ շարունակում էին կանգնած մնալ շատերը: Ինչի՞ մասին է խոսում այս. ըստ էության այն թանկ ու դժվար ձեռք բերվող երեւույթի, որը կոչվում է համաժողովրդական սեր եւ գնահատանք:

Իր ապրելու կերպով, իր տքնելու եւ ինքնամոռաց նվիրվելու կարողությամբ, իր ստեղծագործական բոլոր դրսեւորումներով Տիգրան Մանսուրյանը ձեռք է բերել այդ դժվար ու թանկ զգացումները:

«Հինգ բագատել դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար», «Կվարտետ N 1», «Երեք պիես թանձր տոներով»՝ դաշնամուրի համար, վոկալ շարքեր՝ «Մայրամուտի երգեր» եւ «Երկիր Նաիրի», դաշնամուրային պիես՝ գրված Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի առթիվ, «Կոնցերտ ջութակի եւ լարային նվագախմբի համար»: Ահա երեկոյի ծրագիրը: Այն բացառապես կազմված էր կոմպոզիտորի վերջին տարիների ստեղծագործություններից, որոնց ունկնդրումն անառարկելիորեն հավաստեց, որ ստեղծագործական փնտրտուքները կոմպոզիտորին բերել են մի նոր որակի՝ ապրումի, տրամաբանության եւ արտահայտչամիջոցների կատարյալ ամբողջականության:

Անշուշտ, դժվար է բառային ճշգրիտ ձեւակերպումների ենթարկել այն բոլոր հույզերն ու ապրումները, որոնք մարդկային հոգուց տարանջատվելով՝ վեր են ածվում երաժշտության, դժվար է ամբողջությամբ բացատրել, թե հատկապես ինչի մասին են Մանսուրյանի ստեղծագործությունները: Դրանք ամենից առաջ ազնվագույն երաժշտություն են՝ սիրտ հուզող, միտք շարժող, հիշողություններ ու կարոտներ արթնացնող, հոգին մաքրող երաժշտություն, որում առկա են ե՛ւ մարդկության կուտակած անանց զգացումներն իրենց նախնական մաքրությամբ, ե՛ւ մեր անհանգիստ, հակասական դարի հարուցած տագնապները: Սակայն պետք է ասել, որ այդ տագնապները երբեք չեն հանգեցնում տխուր կամ վհատ ավարտի, այլ մարդուն համակում են խորունկ հավատով ու լավատեսությամբ, նրան պարգեւում են հույսի ջերմությունը: Եւ դահլիճի բացարձակ լռության մեջ մարող երաժշտությունը ոչ թե ավարտում է ասելիքը, այլ կարծես հասցնում է սպասման այն բացառիկ գեղեցիկ ու քնքուշ պահերին, երբ այգաբացի զուլալ թացության մեջ բացվում է ծաղիկը, երբ ինչ-որ հրաշալի հեքիաթի ակնկալությամբ արթնանում է մանկիկը, երբ խոնավ ու խաղաղ դաշտերի վրա ծագում է արեւի առաջին շողը:

Այս զգացումներով համակվում ես մասնավորապես Մանսուրյանի բագատելները, դաշնամուրային պիեսները, ջութակի եւ լարային նվագախմբի համար գրված կոնցերտը, քառյակը, կամերային այլ ստեղծագործությունները ունկնդրելիս: Քառյակը, որը նվիրված է կյանքից անժամանակ, իր ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում հեռացած տաղանդավոր դիրիժոր Դավիթ Խանջյանին, պարզապես ցնցում է գույնի պես տեսանելի հնչյունային երանգներով: Այստեղ առկա են ե՛ւ տաղանդավոր մարդու անցած ճանապարհը, ե՛ւ նրան սպասող տագնապալի ճակատագիրը, ե՛ւ ցավ ու ափսոսանք, ե՛ւ տխուր ու սիրելի հիշողություններ, ե՛ւ մարդ անհատի փառաբանումն ու օրհներգությունը: Մանսուրյանի ստեղծագործությունների ինքնատիպ զգայականությունը առկա է հատկապես նրա վոկալ շարքերում: Ինքնարտահայտման այս ձեւը հատուկ ուշադրության է արժանի: Մեր բանաստեղծական ժառանգության խոր իմացությամբ, այն մինչեւ վերջ զգալու կարողությամբ եւ երաժշտական բացահայտման տաղանդով Մանսուրյանը մեզ տալիս է մեր պոեզիայի իսկական գոհարները սիրելու եւ դրանք ճիշտ երգելու օրինակ: Իրենց զարմանալի կառուցիկ ու գեղեցիկ ամբողջության, նրբահյուս, մանրաքանդակ կերտվածքի մեջ դրանք ընկալվում են ոչ միայն որպես սքանչելի երգեր, այլեւ կարծես դառնում են երկրպագության ծես նույն այդ պոեզիային, վերածվում են լռության մեջ ծավալվող աղոթքի: Եւ այստեղ անհնար է հիացումով ու շնորհակալանքով չհիշել այդ ստեղծագործությունների անզուգական կատարող Արաքս Մանսուրյանին, որն այնպե՜ս հրաշալի մարմնավորում է ստեղծագործական մտահղացման եւ այն մատուցելու կատարյալ ներդաշնակությունը:

Ընդհանրապես, Տիգրան Մանսուրյանի հեղինակային այս երեկոն մեր կատարողական արվեստի հնարավորությունների ցուցադրությունն էր նաեւ: Այդ արվեստի ներկայացուցիչների՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի («Երեք պիես թանձր տոներով»), Կոմիտասի անվան քառյակի (Քառյակ N 1), Երեւանի կամերային նվագախմբի եւ ջութակահար Արտաշես Մկրտչյանի (Կոնցերտ ջութակի եւ լարային նվագախմբի համար), դաշնակահար Ի. Յավրյանի, ջութակահար Վ. Մոկացյանի, թավջութակահար Ջ. Գեւորգյանի («Հինգ բագատել» դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար), միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Անահիտ Ներսիսյանի (Սոնատ դաշնամուրի համար) բարձրարվեստ կատարումների շնորհիվ էր, որ Մանսուրյանի երաժշտությունը կարողացավ մինչեւ վերջ թափանցել հոգիները, ընկալվեց ամբողջական՝ որպես երաժշտության տոն: Տիգրան Մանսուրյանի արվեստը 20-րդ դարի երաժշտության լավագույն դրսեւորումներից է, որի արյունն ու էությունը զուտ ազգային՝ կոմիտասյան են: Այն իր բարդ ու բազմազան ձեւերում ներառել է մեր երաժշտական մշակույթի գրեթե բոլոր շերտերը եւ դրանք ենթարկել հնչյունային մտածողության ի՛ր կանոններին: Այդ երաժշտությունն իր լավատեսական ու խորունկ հավատի թրթիռներով, իր ջերմությամբ ու քնքշանքով կարծես ավելացնում է լույսը աշխարհում ու երջանկացնում մարդկանց: Իսկ կյանքում, հավանաբար, չկա ապրելու համար ավելի իմաստավորված նպատակ, քան հարցականներով ու տագնապներով լեցուն այս դժվար դարում մարդկանց երջանկացնելը…

You may also like...