Լույս է տեսել Սփյուռքում

Վերածնված Հայաստան, 1989թ., թիվ 11

Փարիզում լույս տեսավ «Սպեսիալ Արմենի» («Հայաստան՝ բացառիկ») հանդեսը, որն իր բովանդակությամբ աննախադեպ երևույթ է։ Առաջին անգամ միևնույն պրակում ներկայացված են այժմ հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր կենսական խնդիրները՝ երկրաշարժը, Արցախի վերամիավորումը, արևմտահայության դատը, հանրապետության բնապահպանումը և այլն։ Հարյուր իննսունվեց էջից կազմված հանդեսի հիսունից ավելի հրապարակումներն ուղեկցվում են գունավոր, սև-սպիտակ լուսանկարներով, քարտեզներով և այլ վավերաթղթերով, որոնցից երկու հարյուրը, իրոք, բացառիկ արժեք ունեն։ Զուր չեն ընթերցողները «Սպեսիալ Արմենին» կոչել «Հայ իրականության յուրօրինակ հանրագիտարան»։

Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում էր գտնվում հանդեսի հրատարակիչներից մեկը՝ Արմեն Խաչիկյանը, մեր թղթակիցը հանդիպեց նրան և խնդրեց պատասխաննել «Սպեսիալ Արմենիի» ստեղծմանը, նպատակներին առնչվող մի քանի հարցի.

—Նախ, եթե կարելի է, պատմեք Ձեր մասին։

— Ի՜նչ պատմեմ։ Կիլիկիացի ծնողների զավակ եմ, մանկուց սովորել եմ հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն։ Միաժամանակ: Արդեն քառասունն անց եմ, արդյունավետ եմ համարում իմ միայն այն տարիները, որոնք այս կամ այն չափով օգտակար են եղել ժողովրդիս։ Այդ առումով հպարտանալու քիչ բան ունեմ: 1982 թվականին հիմնել եմ «Ազգ» ձայնասփյուոը, որն ամեն օր քսանչորս ժամ անընդմեջ հաղորդումներ է սփռում փարիզահայության համար։

— Ինչպե՞ս ծնվեց նման համապարփակ հանդես հրատարակելու գաղափարը։

— Երկրաշարժից։ Առաջին հաղորդագրությունը, որ դեկտեմբերի ութին կարդացի «Մոնդում» առանձնապես տպավորիչ չէր: Բազմաթիվ լուրերի արանքում ի միջի այլոց նշված էր, որ Հայաստանում երկրաշարժ է եղել, և քիչ մարդ է զոհվել։ Սակայն ֆրանսիական լրագրերը օրըստօրե սկսեցին հեղեղվել մեկը մեկից սահմռկեցուցիչ հաղորդումներով, լուսանկարներով, որոնց նկատմամբ անտարբեր մնալ, այն էլ հայրենիքից հեռու, անհնար էր։ Ինքս ինձ ասացի. «Արմե՛ն, քեզ չկորցնես, ոչ թե հայի պես ողբա, այլ ֆրանսիացու պես գործիր»։

Հանգանակությունները, նվիրատվություններն ինձ չափազանց քիչ էին թվում, և քանի որ խմբագրությունում եմ աշխատում, որոշեցի հրատարակել մի հանդես, որը ֆրանսիացիներին ամբողջական պատկերացում տա և՛ երկրաշարժի, և՛ Հայաստանի ու Հայ դատի մասին ընդհանրապես։ Զանգահարեցի ընկերոջս՝ «Աստրիդ» հայկական հրատարակչության արտոնատեր, լրագրող Ժան-Կլոդ Քեպապճյանին, երկուսով նախաձեռնեցինք այդ աշխատանքը։ Իհարկե, սկզբում ո՛չ ինքը, ո՛չ էլ ես չէինք պատկերացնում դժվարությունների չնչին մասն անգամ, որ սպասում էր մեզ։

— «Սպեսիալ Արմենիի» ստեղծումը որքա՞ն տևեց։

— «Սպեսիալ Արմենիի» ստեղծմանը գործնականում ձեռնամուխ եղանք միայն այս տարվա սկզբին, այն հույսով, որ ապրիլի քսանչորսին՝ համազգային սգի օրը, կհասցնենք պատրաստի համարները տարածել ողջ Ֆրանսիայում։ Բավական է ասել, որ չորս ամիս անընդհատ գիշերները հազիվ մի քանի ժամ ենք քնել, իսկ իմ խմբագրապետը, գրասենյակս հայկական հավաքատեղի դարձնելու, պարբերաբար աշխատանքից բացակայելու համար ինձ ազատեց աշխատանքից։

Իհարկե, այդ օրերին իմ տեղը կորցնելու մասին չէի էլ մտածում։ Որքան ապրիլր մոտենում էր, այնքան լարվում, ջղագրգիռ էինք դառնում։ Պրակն արդեն կազմված-պատրաստ էր, բայց վերջին պահին պարզվեց, որ մի տպարան արտադրությունը չի կարող մեր ցանկացած օրն ավարտել՝ չմոռանանք, հանդեսի տպաքանակը հարյուր հազար է։ Ստիպված տարբեր մամուլներ ուղարկեցինք տարբեր տպարաններ, որոնք միմյանցից հեռու էին։

Ապրիլի քսաներկուսին ազդօրինակն ստացվեց, Փարիզի փողոցներում, գրավաճառատներում գովազդներ հայտնվեցին։ Սգահանդեսի օրն սկսվեց զանգվածային վաճառքը։

— Եթե կարելի է, համառոտ պատմեք հանդեսի հեղինակների մասին։

— Ընթերցողը կնկատի` երկրաշարժը, արցախահայության պահանջը, դարասկզբի հայոց պատմությունը ներկայացված են գիտական լուրջ մակարդակով: Մեր հեղինակների թվում են Մարսելի քաղաքագլուխ, նշանավոր նյարդավիրաբույժ Ռոբեր Վիգուրուն, Մանչեստրի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բրենդան Ռիանը, ֆրանսիացի, հրեա փրկարարներ, ճապոնացի երկրաշարժագետներ, հայ, թուրք պատմաբաններ, ամերիկյան, եվրոպական առաջնակարգ գործակալությունների լուսանկարիչներ, որոնք, չնչին բացառությամբ, աղետի օրերին եղել են Հայաստանում։ Պետք է անպայման նշել, որ բոլոր հեղինակներն էւ իրենց հոդվածները գրել են մեր պատվերով, հատուկ մեր հանդեսի համար ու հրաժարվել են հոնորարից։

— Նյութերի հայթայթման, ընտրության, խմբագրման աշխատանքներն ովքե՞ր են կատարել։

— Հանդեսի խմբագրական կազմը, եթե կարելի է այդպես կոչել, բաղկացած էր երկու հոգուց՝ Ժան-Կլոդ Քեպապճյանից և ինձանից։ Իսկ ընդհանուր առմամբ, «Սպեսիալ Արմենիի» ստեղծմանն այս կամ այն չափով մասնակցել է ութսուն լրագրող՝ գլխավորապես ֆրանսիական խմբագրատներում ու հրատարակչություններում աշխատող հայեր, հասկանալի է, կամովին, անվճար: Բացի դրանի ց, մեզ մեծ օգնություն են ցույց տվել «Նուվել օբսերվատոր», «Լա վի» պարբերականները, վեց տպարան։ Ու չնայած ամեն օժանդակություն ձրի էր, հանդեսի հրատարակման համար ծախսվեց երկու միլիոն ֆրանկ։ Անշուշտ, եթե «Սպեսիալ Արմենիի» ողջ տպաքանակը վաճառվի Եվրոպայում, ու ինչպես մենք ենք երազում՝ Հայաստանում, ոչ միայն վնասը կհատուցվի, այլև զգալի եկամուտ կգոյանա, որն ամբողջովին մտադիր ենք հատկացնել Լենինականում հիմնովին ավերված ֆրանսիական թեքումով դպրոցի նոր շենքի կառուցմանը։ Պարբերականի էջերում նույնիսկ երկրաշարժակայուն մի նախագիծ ենք ներկայացրել, որի հեղինակը ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանն է։

— Մինչև այժմ հանդեսն ի՞նչ արձագանք է գտել Ֆրանսիայում։

— «Սպեսիալ Արմենիի» մասին հատուկ հաղորդումներ են տվել ֆրանսիական ձայնասփյուռի, հեռուստատեսության գրեթե բոլոր ալիքները, մի քանի հեղինակավոր լրագրեր հանդես են եկել գրախոսականներով։ Բացի այդ, Բելգիան, Կանադան, ֆրանսախոս այլ երկրներ ցանկություն են հայտնել գնել տպաքանակի որոշ մասը։

Արձագանքներն այնքան խանդավառող էին, որ որոշեցինք մի հրապարակումով չբավարարվել և ստեղծեցինք «Համագործակցող սփյուռք» ընկերակցությունը։ Արդեն ասպարեզի վրա է մեր նոր աշխատանքը՝ Արցախի վերամիավորման պայքարի մասին պատմող վավերագրական շարժանկարը, որը կրում է «Հեղափոխության և ողբերգության հինգ հարյուր օրեր» խորագիրը։

— Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունի ձեր ընկերակցությունը։

— Ծրագրերը շատ-շատ են, բայց առաջիկա անելիքի մասին դժվար է խոսել, պատճառը հայ ժողովրդի ճակատագիրն է, որն ամեն օր, ամեն ժամ մեզ անակնկալ է մատուցում։ Բոլոր դեպքերում մեր գերագույն նպատակն անփոփոխ է՝ ծառայել Հայաստանին, հայ ժողովրդի երազների իրականացմանը։

You may also like...