Լեհաստան

Լեհաստանում հայ համայնքի պատմությունն սկիզբ է առնում 11-րդ դարից, երբ հայերը Պոդոլյեում (Կամենեցի մոտակայքում) հիմնադրել են Վելիկիե Օրմյանե և Մալիե Օրմյանե գյուղերը, բնակություն են հաստատել Վոլինյան Վլոդիմեժում, Լուցկում, Կամենեց-Պոդոլսկում, Գալիչում, Խոլմում և Լվովում: Արքունի քաղաքներում ապրող լեհահայերը հիմնականում պատկանել են քաղաքային դասին: 15-16-րդ դարերում նրանց փոքր մասը, իսկ 18-րդ դարի կեսից` կաթոլիկացած մեծահարուստներն անցել են լեհ ազնվականության դասին ու հաստատվել իրենց կալվածքներում:

Լեհահայ քաղաքային դասի 30-40%-ը պատկանել է արհեստավորական խավին, մնացյալ մասն զբաղվել է առևտրով, գործել մշակույթի և գիտության ոլորտներում: Դեռևս 1699 թ. լեհահայությանը պարտադրվել է կաթոլիկության ընդունումը՝ արագացնելով նրանց ձուլման ընթացքը: Սակայն հայ համայնքների ուծացման գլխավոր պատճառը Լեհաստանի մասնատումն էր և անկախության կորուստը:

Պետականությունը վերականգնելուց հետո (1918թ.) հիմնադրվել են լեհահայ և լեհ-հայկական ընկերություններ, հրատարակվել ամսագրեր, Լվովի Մայր տաճարին կից բացվել է լեհահայոց պատմության թանգարան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լեհահայության ուծացման միտումներն ավելի են ուժեղացել: Այդուհանդերձ, 1950-ական թվականներին Լեհաստանում ստեղծվել են լեհահայ կաթոլիկ հավատացյալների հյուսիսային, իսկ 1980-ական թվականներին` հարավային թեմերը, որոնք և դարձել են լեհահայությանը համախմբող կենտրոններ: 1991 թ. Լեհաստանում տեղի են ունեցել լեհահայության համալեհաստանյան համագումարներ (1-ը` 1991թ. Կրակովում, 2-րդը` 1992թ. Գլիվիցիում, ապա` 1994թ., 1998թ. և 2005 թ.):

2008 թ. տվյալներով` Լեհաստանում բնակվում են հայկական ծագումն ընդունող 8-12 հազար լեհահայեր, որոնց մի քանի սերունդներ բնակվում են Լեհաստանում: 2005 թ. ապրիլի 15-ին Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր և հուշաքարեր են կանգնեցվել Բելոստոկ, Կրակով, Էլբլոնգ, Լյուբլին, Ժեշուվ, Գդանսկ քաղաքներում, 2006 թ.` Լեհաստանում ՀՀ դեսպանության բակում:

Այժմ Լեհաստանի հայ համայնքի թիվը կազմում է շուրջ 25-30 հազար հայ: Լեհաստանի հայաշատ քաղաքներից անհրաժեշտ է նշել Վարշավան, Կրակովը, Էլբլոնգը, Լոդզը, Պոզնանը, Գդանսկը, Վրոցլավը,Գլիվիցենը, Զաբժենը, Շեցինը, Զելյոնա Գուռանը: Լեհաստանում կա Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող 2 խաչքար:

Լուսանկարներում
1. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքար Կրակովում (կանգնեցվել է 2004թ.): 2. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ-լեհական բարեկամությանը նվիրված Խաչքար Գդանսկ նահանգի Էլբլոնգ քաղաքում`Սուրբ Երժի Կաթողիկե եկեղեցու բակում (տեղադրվել է 2005թ.): 3. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և հայ-լեհական բարեկամությանը նվիրված Խաչքար Գդանսկ քաղաքի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու բակում (տեղադրվել է 2009թ.): 4. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքար Վարշավայում (տեղադրվել է 2008թ.): 5. Հայկական Խաչքար Գլիվիցի Սուրբ Երրորդություն Կաթոլիկ եկեղեցու բակում (տեղադրվել է 2011թ.): 6. Հայկական մեկօրյա դպրոց Վարշավայում (գործում է 2002թ.-ից):

You may also like...