Իր ազգային և տոհմական ժառանգությանը տեր

«Հայրենիքի ձայն», 8 մարտի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Տիկին Ռիթա Պալյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի փոխատենապետուհին է: Գործնական, ավյունով լեցուն, հոգնություն չճանաչող, նպատակասլաց ու համակրելի: Միաժամանակ՝ չափազանց հետաքրքիր զրուցակից է: Հայերենի հարուստ բառապաշարը ուղղակի զարմանք է պատճառում: Իր ապրումների, հոգեկան աշխարհի, ընտանիքի, շրջապատի, իր պատկանելության անխառն զգացումի, հայ լինելու հպարտության մասին պատմում է շատ զգացմունքային, օգտագործելով ամենաճշգրիտ բառերն ու արտահայտությունները՝ առանց ճիգ ու ջանքի:

Ռիթա Պալյան

Ռիթա Պալյան

- Ուսուցիչներուս ու մայրիկիս կպարտիմ,- իր անձը բացառելով՝ բացատրում է նա,- ծնած եմ Բեյրութ, ուսանած եմ նախ՝ Դարուհի Հակոբյան վարժարանի, ապա Մելքոնյան կրթական հաստատության մեջ. այնպես որ՝ այլ կերպ ըլլալ չէր կրնար:
Առաջին հայացքից կարելի է ընդունել որպես ընդամենը գեղեցիկ, հարմարավետ կյանքով ապրող ամերիկահայ տիկնոջ… Բայց միայն առաջին հայացքից, որովհետեւ վաշինգտոնյան բազմադեմ ու շքեղ շրջապատումի մեջ նրա ներսում, նրա հոգում անընդհատ բզկտվում, անընդհատ ելք է որոնում հայը, հայը, հայը:
«Այո, իմ կյանքս ճիգ է՝ կառչելու իմ հայկականությանը: Եւ արյուն-քրտինքով լեցուն ճիգ, անկարելին կարելի դարձնելու համառ պայքարով»:
Ու պատմում է, որ այդ համառ պայքարի մեջ ինքը պարտադրված է մեկ քաղաքագետ լինել, մեկ պարզ քարտուղարուհի, մեկ ձեռներեց խոհարար, մեկ հմուտ վարորդ, մեկ ճարտար բանախոս, մի խոսքով, այն ամենը, ինչ որ պահանջում են իր ազգային պատկանելության հետ առնչվող պահը, միջավայրը, հնարավորությունը, կարեւորությունը: Լինելով ամերիկյան ժամանակակից կյանքի գլխապտույտ ընթացքի մեջ, նա միեւնույն ժամանակ խստագույն պահպանն է իր եւ իր ընտանիքի ազգային նկարագրի:

«Այո,- հաստատում է ոգեւորված, – ես շատ հպարտ հայ մըն եմ, եւ նաեւ շատ ալ խիստ: Չեմ վարանե քննադատել մեր թերությունները, անվայելուչ կեցվածքը: Եւ բնավ համաձայն չեմ այն մարդկանց հետ, որոնք կփորձեն քողարկել, կեղծել կացությունը: Նույնը կներշնչեմ զավակներուս, առհասարակ երիտասարդությանը: Այո՛, պետք է արթուն պահել հպարտության զգացումը երիտասարդության մեջ, եւ ատիկա որպես անոնց լիարժեքության մեկ մասնիկ: Ես հսկայական պատասխանատվություն կզգամ իբրեւ հայ, իբրեւ մայր, իբրեւ քաղաքացին այն երկրին, որու մեջ կապրիմ: Եւ մարդը ճիշտ է այս ամբողջության, այս ներդաշնակության մեջ, որովհետեւ կարենալ հաջողելու համար իբրեւ հայ՝ նախ պետք է հաջողիս իբրեւ մարդ անհատ՝ սկզբունքային, քո գոյությանը, քո էության հանգամանքին հավատարիմ:
Պալյանների վաշինգտոնյան բնակարանը կարծես հայկական դեսպանատուն լինի այդ մեծ ու բարդ քաղաքում: Բոլոր նրանք, ովքեր Հայաստանից Վաշինգտոն են մեկնում հայ արվեստի, հայկականության տարածման առաքելությամբ, անպայման հանգրվանում են այդ տանը ու անմիջապես նրանց շուրջը ստեղծվում է այնպիսի միջավայր, որտեղ կարելի է ինչ-որ օգտակար հարցեր լուծել, ինչ-որ կարեւոր ծանոթություններ ստեղծել, ազգանպաստ ծրագրեր կազմել:
Նման երեկույթները, հրավերներն ու հանդիպումները անթիվ են այդ տանը: Բայց ահա մեկի մասին տիկին Պալյանը պատմում է մեծ հուզումով:
Երկրաշարժից հետո էր… Հայաստանից Վաշինգտոն էր վերադարձել ամերիկացիների փրկարար ջոկատը, մարդիկ, որոնց գթասրտությունը մղել էր իրենց այնքան նվիրական Ծննդյան տոներն ու Նոր տարին դիմավորելու ոչ թե իրենց տաքուկ, հարմարավետ բնակարաններում՝ հարազատների ու մտերիմների շրջապատում, այլ Սպիտակի ու Լենինականի ահեղ, դաժան ձմռան մեջ, սարսափի թագավորությունում:
Եւ որպես երախտագիտություն, որպես սփոփանք՝ տիկին Ռիթան որոշում է այդ անձնազոհ մարդկանց իր տուն հրավիրել հունվարի 5- ին՝ հայերիս Սուրբ Ծննդյան օրը՝ հատկապես նրա՛նց հետ կիսելու օրվա հանդիսավորությունը:
«Չէ՞ որ այդ մարդիկ չկրցան հոս դիմավորել Ծննդյան տոները: Ես ուզեցի ատանկ փոխհատուցել անոնց, ձեւով մը ծառայել իրենց, լսել Հայաստանի կացության մասին: Այն, ինչ կպատմեին անոնք՝ ահավոր էր, աննկարագրելի, աներեւակայելի: Բայց հավատացեք, այդ ամբողջ ցավի ու ողբերգության մեջ ես նորեն ինքզինքս հպարտ ու անպարտ զգացի, որովհետեւ անոնք շատ տպավորված էին վերադարձած Հայաստանեն: Կպատմեին, թե մարդիկ՝ անգամ այդ անպատմելի գեհենին մեջ չէին մոռնար իրենց մարդկային արժանապատվության մասին: Իրենց վրա հատկապես ցնցող տպավորություն ձգած էին անոնք, որոնց կրցած էին փրկել փլատակներու տակեն: «Այդ մարդիկ, – կըսեին,- առաջին հերթին ոչ թե ապրելու, մահվան ճիրաններեն ազատվելու ուրախությունը կապրեին, այլ զուսպ ու տխուր իրենց երախտագիտությունը կհայտնեին մեզի, եւ ի՜նչ արժանապատվությամբ, ինչպե՜ս մարդկայնորեն…»:
Ռիթա Պալյանը իսկապես որ հպարտ հայ է: Դա երեւում է նրա ողջ կեցվածքից, նրա հաստատակամ, նպատակասլաց գործունեությունից: Նա այն մարդկանցից է, որ կարողանում է հնազանդեցնել անգամ ճակատագրին: Հենց այդպես էլ գտնում է, թե ծնունդն է միայն, որ կատարվում է մարդու կամքից անկախ, մնացած ամեն ինչ՝ ինչպես ապրել, ինչպես շարունակվել, դեպի ուր շարունակվել՝ վճռում է ինքը՝ մարդը: Այս իմաստով Ռիթա Պալյանը նախանձելի անձնական օրինակ է ցույց տալիս՝ իր ապրելու եւ գործելու ձեւով, իր ամենօրյա համառ պայքարով, ճիգ ու ջանքով: Նա փորձում է գտնել այն փոքրիկ, նվազագույն «տաշեղն» անգամ, որից կարելի է կառչել պահպանելու համար հայկականությունն ու ժառանգականությունը, տոհմային ավանդույթները, ազգային ոգին ու լեզուն:
- Ասիկա իմ երկրորդ այցս է Հայաստան, – պատմում է նա,- առաջինը 16 ամիս առաջ էր՝ սփյուռքահայ կանանց հավաքին: Այդ օրերուն էր, որ իսկապես զգացի, թե ուրկե՞ կուգա այն անսպառ ավյունը, որ կմղե մեզի սփյուռքի մեջ հայ մնալու եւ հայ շարունակվելու, այո, այստեղեն՝ մայր Հայաստանեն, հայրենի հողեն: Եւ ատ ճշմարտությունը հիմա ավելի շեշտված կզգամ: Այս օրերուն թեպետ շատ տխուր է, Սպիտակը կործանված, Լենինականը, Կիրովականը վիրավոր, մարդիկ վշտահար, ընելիք այնքա՜ն գործ կա, բայց դարձյալ չեմ հագենա Հայաստանեն, դարձյալ չեմ կրնար հանգիստ ձգել-հեռանալ: Գիտեմ, հետ այսու ա՛լ ավելի դժվար պետք է ըլլա անհոգ, հարմարավետ ապրիլը: Տառապանքն ու կարոտը կրկնապատկվեցան, բայց պատասխանատվության, ապրելու ու գոյատեւելու կամքը տասնապատկվեցավ: Ահա այսպիսի փոթորկուն զգացումներով է, որ կմեկնիմ…
Մի քանի օրից դու իսկապես հեռու՜, շատ հեռու կլինես Հայաստանից, կլինես օվկիանոսից այն կողմ: Կտխրես, կկարոտես, կպատմես, կտառապես, կվիճես, նաեւ անպայման կժպտաս՝ քո հմայիչ ժպիտով, ու ի՛նչ էլ որ անելու լինես՝ համոզված եմ, որ այդ ամենը կլինի տասնապատիկ ավելի հայկական, տասնապատիկ տոհմական ու ժառանգական…

You may also like...