Ինչպիսի՞ն կլինես դու, մանկական քաղաք

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի ձայն», 1982թ.

Երբ զրուցում ես Հայաստանի մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի հետ, հաճախ ես լսում «Իմ երազանքն է…, իմ երազանքն է…» արտահայտությունը: Այդ բազմաթիվ երազանքներից, որպես սկիզբ, ես ուզում եմ առանձնացնել մեկը.

igityan1

- Իմ երազանքն է ստեղծել մանկական քաղաք, որտեղ ամեն ինչի տերն ու ստեղծողները երեխաները լինեն: Երեխաները կառուցեն, երեխաները ծառ ու ծաղիկ տնկեն, տրամվայներ վարեն, ձեւավորեն, մտածեն, ստեղծագործեն, ղեկավարեն…

Ու դեռ երկար նա թվարկում էր, թե երեխաները ապագա այդ քաղաքում էլ ինչեր կանեն, ու նրա թվարկումների հետ աճում էր ոգեւորությունը, ու այդ ոգեւորության մեջ ավելի էին նկատելի դառնում հավատն ու սերը երեխաների նկատմամբ:

Ու երբ խոսում էր այդ ամենի մասին, թվում էր, թե աշխարհում այսօր ավելի կարեւոր ու հրատապ հարց չկա, քան երեխաների գեղագիտական դաստիարակությունը: Հետո, երբ ավելի խորացա հարցի էության մեջ, երբ վերհիշեցի մեծ արվեստագետների, գրողների ու մանկավարժների խոսքերը, համոզվեցի, որ դա իրոք այդպես է: Իսկ այդ մեծերը բոլորն էլ մոտավորապես այն միտքն են հայտնում, որ նա, ով երկնքի կապույտի մեջ խորքեր է տեսնում, ով հրճվում է թռչունների ճռվողյունով ու թփերի սվսվոցով, ով առվի կարկաչի ու քամու սուլոցի մեջ երաժշտություն է լսում, ով նժույգի վարգի մեջ սլացք է տեսնում, ում սիրտը խլրտում է գեղեցկությունից ու աչքերը արցունքոտվում են տրորված ծաղկի կամ սառած ճնճղուկի համար, նա չի կարող կործանել, չի կարող սպանել, վիշտ պատճառել: Իսկ մի՞թե սա չէ ամբողջ աշխարհի հարցերի հարցը, խնդիրների խնդիրը: Ուրեմն երազենք մանկական այդ քաղաքի մասին ու հավատանք, որ մոտ ապագայում այն կյանք կառնի:

Ես հիշում եմ, թե ինչպես մի քանի տարի առաջ, ճիշտ այսպիսի մի զրույցի ժամանակ, Հենրիկ Իգիթյանը, որ այն ժամանակ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի եւ մանկական պատկերասրահի տնօրենն էր, ասաց.

– Իմ երազանքն է Երեւանի մանկական պատկերասրահի հիմքի վրա ստեղծել մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոն, որտեղ երեխաները թե՛ կստեղծագործեն արվեստի տարբեր ժանրերով եւ թե՛ կստանան ընդհանուր գեղագիտական դաստիարակություն: Եւ ահա, կարճ ժամանակ անց այդ երազանքը իրականություն դարձավ: Ես գիտեմ, որ այս «կարճ ժամանակ» արտահայտության վրա տնօրենը մեղմ կժպտա ու մտքում կպատասխանի, իսկ գիտե՞ք, թե որքան լարում ու աշխատանք, ջանք ու նյարդեր պահանջվեցին այղ «կարճ ժամանակում»: Իսկ ես կասեմ, որ գիտեմ, բայց, այնուամենայնիվ, մեզ՝ դրսից նայողներիս համար այդ հսկայական աշխատանքը իրագործվեց իսկապես որ կարճ ժամանակում: Եւ այսօր ինչ էլ գրվի ու ասվի գեղագիտական դաստիարակության կենտրոնի մասին, ամենախոսունը կմնան թվերն ու փաստերը, այն, որ գեղագիտական դաստիարակության կենտրոնն ունի արվեստի տարբեր տեսակները ներկայացնող դեկորատիվ-կիրառական եւ գեղանկարչական, մանկական թատրոնի, մանկական ֆիլհարմոնիայի, պարարվեստի, լուսանկարչության ու կինոարվեստի մասնաճյուղեր: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում այս մասնաճյուղերում դասեր են ստանում 5-16 տարեկան ավելի քան հազար երեխա: Դեկորատիվ-կիրառական եւ գեղանկարչության մասնաճյուղն իր մեջ ընդգրկում է այս արվեստների 11 տեսակներ՝ գեղանկարչություն, գծանկարչություն, քանդակագործություն, կարպետագործություն, գոբելենագործություն, մետաղների ու քարի գեղարվեստական մշակում, փայտի փորագրում, դիզայն…

Մանկական ֆիլհարմոնիան կազմված է տղաների երգչախմբից, սիմֆոջազից, հարվածային գործիքների անսամբլից, հնագույն երաժշտության կամերային անսամբլից, հայկական հին գործիքների եւ ազգագրական խմբերից:

Եւ այսպես բոլոր մասնաճյուղերն ունեն իրենց ենթաճյուղերը, որ հնարավորություն է ընձեռում երեխայի հակումների ավելի կոնկրետ դրսեւորմանը:

Ուսուցողական աշխատանքներն այստեղ տարվում են փորձարարական եղանակներով՝ հիմնվելով ժամանակակից մանկավարժության, հոգեբանության, մանկական ստեղծագործության սոցիոլոգիայի եւ այլ գիտությունների ձեռք բերած հետազոտությունների արդյունքների վրա: Տեսական գիտելիքների յուրացումը ուղեկցվում է համաշխարհային արվեստի ընդհանուր պատմության, ինչպես նաեւ հայ արվեստի պատմության ու ազգագրության մասին տրվող հանրամատչելի զրույցներով:

Այսպիսով, մանկական գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը դարձել է ոչ միայն երեխաներին ստեղծագործելու հնարավորություն ընձեռող անփոխարինելի օջախ, այլեւ մի տեսակ մեթոդական կենտրոն, որը զգալիորեն բացահայտում եւ ուղղորդում է մեր հանրապետության արվեստի զարգացման հետագա ընթացքը՝ մեր ազգային արվեստների ավանդույթների հիմքի վրա:

- Այո, մեր ազգային արվեստների, այդ թվում այն արվեստների, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանակի ընթացքում մոռացվել են,- ասում է Հենրիկ Իգիթյանը:– Ի դեպ, մենք նպատակ ունենք մեր ջանքերը ներդնել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում ստեղծված բանարվեստի անթիվ գանձերի հավաքման ու հրատարակության գործին: Դրանցից շատերը, ինչ խոսք, տարբեր ժամանակներում, հայրենանվեր տարբեր բանահավաքների ու գիտնականների կողմից գրի են առնվել ու հրատարակվել: Սակայն դեռեւս շատ կան ժողովրդական բանահյուսության այնպիսի մարգարիտներ, որոնք մնացել են սոսկ որպես հիշողություն, եւ եթե այսօր գրի չառնվեն, անդարձ կկորչեն: Գեղագիտական դաստիարակության կենտրոնը կոչով դիմել է մեր հանրապետության դպրոցականներին՝ իրենց բնակավայրերի ժողովրդական բանահյուսական բոլոր ժանրերի նմուշները գրի առնելու եւ մեզ ուղարկելու խնդրանքով: Անշուշտ, այդպիսի նմուշներ պահպանվել են նաեւ սփյուռքում, եւ մենք ուրախ կփնենք, որ այս հայրենանվեր գործին մասնակցեն նաեւ սփյուռքահայ երեխաները: Ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ մեր կենտրոնի նպատակը հրաշամանուկներ հայտնաբերելը չէ: Մենք մտածում ենք ամենասովորական երեխաների մասին, թե ինչպես նրանց մեջ գտնել եւ ակտիվացնել այն կարեւորի, առաջնայինի սաղմերը, որոնցով նրանց օժտել է բնությունը: Մեր խնդիրն է դպրոցական վաղ տարիքից երեխային վարժեցնել գեղեցիկի զգացողությանը: Մի խոսքով, իսկապես զարգացած, բազմակողմանիորեն կրթված, արվեստը սիրող ու հասկացող քաղաքացիներ դաստիարակել: Մեզ համար ամենագլխավորը փոքրիկ մարդն է, նրա աշխարհը, նրա հրաշալի աշխարհը, որն ի դեպ, պակաս հետաքրքիր չէ, քան ցանկացած մեծահասակինը:

Գեղագիտական կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանը հենց այդ փոքրիկ մարդու զարմանալի ու հրաշալի աշխարհն է, որտեղ մանկական գունեղ երեւակայությունը, հրճվալի միամտությունն ու անմիջականությունը, անկեղծությունն ու ջերմությունը ամենախստապահանջ այցելուին անգամ կարողանում են երկար ժամանակ պահել թանգարանի սրահներում: «Բնությունը հրաշք է կատարել,- գրում է Մարտիրոս Սարյանը,- «ոչնչից» ստեղծել է Մարդ, եւ նա սկսել է ճանաչել իր «եսը», բնությունը, հայրենիքը, տեսնել արեւը, զգալ կյանքը»: Այս հիացմունք-զարմանք խոսքերը ես անընդհատ հիշում էի, երբ այս կամ այն ստեղծագործությամբ հրապուրված՝ մոտենում ու կարդում էի հեղինակի տարիքը, հատկապես՝ տարիքը. 5 տարեկան, 6 տարեկան, 7 տարեկան…

Իսկ Հենրիկ Իգիթյանը, որը միշտ կարծես առաջին անգամվա հիացումով է դիտում երեխաների աշխատանքները, ասում է.

- Ես երազում եմ ստեղծել մանկական գեղարվեստի ակադեմիա՝ գիշերօթիկ դպրոցով, որտեղ հնարավորություն կունենան ապրելու ու սովորելու մեր հանրապետության հեռավոր շրջանների ու գյուղերի շնորհալի երեխաները, իսկ այդպիսիք շատ կան, միայն պետք է նրանց գտնել, հայտնաբերել, ինքնարտահայտման հնարավորություն տալ: Իմ երազանքն է…

Եւ նորից, ակամա նա իր մտքերը սկսում է այդ բառերով: Ու քանի որ այդ ասելիս շատ է զգալի դառնում երեխաների նկատմամբ ունեցած նրա սերը, այդ երազանքները հնչում են որպես կյանքի նպատակ, որպես ապրելու իմաստ, իսկ այս դեպքում չես կարող չհավատալ դրանց իրականացմանը:

Ուրեմն, հավատանք քո ստեղծմանը, մանկական քաղաք…

 

You may also like...