Ինդոնեզիա

Ինդոնեզիայի հայ համայնքի մասին առաջին տեղեկությունները ներկայացնում է ռուս գիտնական Ի.Բակունինը: 1831 թ. Բատավիայում հայերը կառուցել են Սբ. Հռիփսիմե մատուռը (Հակոբ Հարությունյանի բարերարությամբ), 1852 թ.` Սբ. Հովհաննես եկեղեցին: 1927 թվականից Սուրաբայում գործել է Սբ. Գևորգ եկեղեցին` համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնը:

1855 թ. Բատավիայում բացվել է «Մանուկ և Հարություն» երկսեռ գիշերօթիկ բաժնով դպրոցը, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, անգլերեն, հոլանդերեն, գերմաներեն, ֆրանսերեն: 1872 թ. դպրոցը փակվել է և վերաբացվել 1923 թ.: Համայնքի հայտնի գործիչներ են գործարար Աղա Հովսեփ Հովհաննես Ամիրխանյանը, Հովհաննես և Հարություն Պետրոսյանները (փոխնահանգապետներ), Էմիլ Ծատուրյանը (փոխնահանգապետ), թարգմանիչ Ա. Աղանուրը, երկրի կրոնի և կրթության պետական քարտուղար Մինհարդ Հովհաննիսյանը:

1976 թ. տվյալներով՝ Ինդոնեզիայում բնակվել է 300 հայ: 1980-ական թվականների սկզբից համայնքը նոսրացել է, ինդոնեզահայերի մեծ մասը տեղափոխվել է ԱՄՆ, Ավստրալիա, Հոլանդիա և այլ երկրներ: Այժմ Ինդոնեզիայում բնակվում են հատուկենտ հայեր:

You may also like...