Ժողովրդական հերոս Անդրանիկը Բալկանյան առաջին պատերազմում (1912-1913)

Հայ և բուլղար ժողովատների կապերը, մերձեցումն ու բարեկամությունը բազմադարյան պատմության ունեն։ 451թ. Ավարայրի ճակատամարտից հետո Արտավան և Գագիկ հայ իշխաններն իրենց զորքերով ստիպված հեռացան Հայաստանից և հաստատվեցին Բալկանյան թերակղզու արևմտյան մասում, որտեղ և առաջացավ հայ գաղթավայր։

Միջին դարերում Բուլղարիայի շատ շրջաններում արդեն մեծ թվով հայեր էին ապրում, որոնք ակտիվ մասնակցության ունեին երկրի սոցիալ-քաղաքական կյանքին։ Դեռևս 9-րդ դարում սլավոնական գրքերի ստեղծողներ, բուլղար մեծ լուսավորիչներ Կիրիլ ու Մեֆոդի եղբայրները պաշտպանելով իրենց լեզուն ու գիրը ճիզվիտների հարձակումներից, վկայակոչում էին նաև իրենց սեփական գիրն ու գրականությունն ունեցող հայերին։

Զորավար Անդրանիկ

Հայ և բուլղար ժողովուրդների համագործակցությանը մեծապես նպաստեցին ռուս առաջավոր դեմոկրատական և հեղափոխական միտքը, ռուսական զորքի` Անդրկովկասում և Բալկաններում մղած պատերազմները թուրքական բռնակալության դեմ։

Հայ ազատագրական շարժման գործիչները գտնում էին, որ թուրքական լծի տակ հեծող հայերի ազատագրությանը կարող է ներառնել բուլղարական ազգային-ազատագրական պայքարին բնորոշ գծեր։ Բուլղարիան 500 տարի գտնվելով օսմանյան բռնակալության լծի տակ, դժոխային պայմաններում կարողացել էր պահպանել ազգային բնավորությունը, լեզուն, հավատը, բարքերն ու սովորությունները, գիրը, գրականությունն ու բանահյուսությունը։ Ազատագրական պայքարում կոփվել էր ազգային ոգին, զարգացել, հարստացել էր նյութական ու հոգևոր մշակույթը։ Բուլղարիայամ և Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի վերջին լայն ժողովրդականություն էր վայելում սուլթանիզմի դեմ ուղղված հայդուկային շարժումը, որը ժողովրդական վրիժառուների անձնվեր պայքար էր ընդդեմ թուրք ցեղասպանների։ Ստեղծվում էր հայդուկային ժողովրդական պոեզիա։

Հայ հայդուկներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը և մյուսները սերտ կապեր ունեին բուլղար ու ռումին հայդուկների հետ։ Նրանք օգնում էին միմյանց՝ թուրքական լծի դեմ պայքարի ընթացքում։

Զորավար Անդրանիկ

Կարապետ Պարոնյան, Անդրանիկ և Ղուկաս Մինասյան

Թուրքական դարավոր լծի դեմ պայքարող հայերի սերտ համագործակցությունը ազատատենչ բուլղարների հետ նոր ուժով արտահայտվեց 1912 թ. աշնանը բռնկված Բալկանյան առաջին պատերազմում, որը հետևանք էր Բալկաններում սրված խոր հակասությունների։ Բուլղարիայի, Հունաստանի, Սերբիայի և Չեռնոգորիայի երիտասարդ բուրժուական պետությունները պայքարի էին դուրս եկել կիսաֆեոդալական թուրքական կայսրության դեմ՝ իրենց պատմական հողերի ազատագրության համար։ Բալկանյան առաջին պատերազմը (1912 հոկտեմբեր — 1913 մայիս) ամբողջությամբ վերցրած առաջադիմական բնույթ ուներ, չնայած այն բանին, որ Բալկանյան երկրների միապետություններն ու բուրժուազիան հետապնդում էին դինաստիական, զավթողական նպատակներ։

Թուրքական բռնապետությունից ազատագրված տարածքներում ոչնչացվեցին ֆեոդալական հարաբերությունները, վերացվեցին ժողովուրդների զարգացումը արգելակող խոչընդոտները, ազգային, կրոնական և տնտեսական այն դաժան ճնշումը, որ իրականացնում էր թուրքական ֆեոդալական կայսրությունը։ Բայց շատով (1913 թ.) զինված ընդհարում սկսվեց դաշնակիցների միջև, իսկ հետո Բալկանյան պետությունները ներքաշվեցին համաշխարհային պատերազմի մեջ։

Բալկանյան պատերազմի ընթացքում Գ. Բլագոևը, Վ. Կոլարովը և Գ. Դիմիտրովը, որպես պրոլետարական ինտերնացիոնալիստներ և ջերմ հայրենսաերներ, ղեկավարում էին Բուլղարական սոցիալ-դեմոկրատների (տեսնյակների) պայքարը հանուն բոլոր ճնշված և փոքր ժողովուրդների ազատագրության։ Տեսնյակների թվում էին բուլղարահայեր Ս. Շահբազյանը, Տ. Իսմիյանը, Գ. Շիշմանյանը և ուրիշներ։

Վ. Ի. Լենինը ուշադրությամբ հետևելով Բալկաններում տեղի ունեցող իրադարձություններին, «Պրավդայում» և այլ թերթերում հրատարակված մի շարք հոդվածներում, որոնք հասնում էին նաև Բուլղարիա, բացահայտում էր, թե ինչ նշանակություն ունեն բալկանյան պատերազմները Բալկաններում օսմանյան ֆեոդալիզմի տիրապետության վերացման համար, ընդգծում էր, որ այդ պայքարը լայն ասպարեզ է ընձեռում ճնշված ժողովուրդների ազգային և դասակարգային ազատագրության, բանվորական շարժման և հեղափոխության զարգացման համար։ Լենինը զգուշացնում էր նաև, որ իմպերիալիստական պետությունների կոպիտ միջամտությունը Բալկանյան պատերազմը կարող է վերածել իմպերիալիստական պատերազմի։ «Բալկանյան պատերազմը,— գրել է Լենինը «Պրավդայում» 1913 թ. մարտի 29-ին,– Ասիայում և Արևելյան Եվրոպայամ միջնադարի փլուզումը նշանավորող համաշխարհային իրադարձությունների շղթայի օղակներից մեկն է։ Բալկանյան միացյալ ազգային պետությունների ստեղծում, տեղական ֆեոդալների ճնշման վերացում, բալկանյան ամեն մի ազգության գյուղացիների վերջնական ազատագրում կալվածատիրական լծից՝ այս էր բալկանյան ժողովուրդների առջև ծառացած պատմական խնդիրը»։

Զորավար Անդրանիկ

Ժողովրդական հերոս Անդրանիկը զինվորների և թիկնապահ Ղուկաս Մինասյանի (աջից՝ երկրորդը) հետ Բալկանյան առաջին պատերազմի օրերին

Բալկանյան պատերազմը, ինչպես թուրքական բռնապետության դեմ ուղղված բոլոր պատերազմները, հայ ժողովրդի մեջ առաջացրին ազատագրության նոր հույսեր, ընդհանուր թշնամու դեմ պայքարը ներգրավեց նրանց։ Բուլղարական բանակի շարքերը զորակոչվեցին բուլղարահպատակ շատ հայեր, որոնց թվում նաև հայ տեսնյակներ։ Հաղթահարելով բոլոր խոչընդոտները, շատ երկրների հայրենասեր հայեր էին գալիս Բուլղարիա։ Թուրքական զավթիչների դեմ մղված պայքարի լեգենդար հերոս Անդրանիկը, որը օսմանյան բռնապետության դեմ բազմաթիվ հերոսական մարտեր էր մղել, լայն կապեր ուներ մակեդոնական ազատագրական շարժման գործիչների հետ։ 1907—1912 թվականներին Վառնայից քիչ հեռու՝ Կալկաթա գյուղում, Անդրանիկն իր բնակարանը դարձրել էր զենք և փամփուշտ պատրաստելու արհեստանոց։ Անդրանիկը անմիջական մասնակցություն էր ունենում բուլղար ժողովրդի ազատագրական պայքարին, ղեկավարում մակեդոնական ազատագրական խմբերի զինավարժական պարապմունքները։ 1907թ. Սոֆիայում Անդրանիկը մասնակցում է տեռորիստների գնդակից զոհված մակեդոնական ազատագրական շարժման ղեկավար Բորիս Սարաֆովի թաղմանը։ «Բորիսի մահը այնքան վիշտ պատճառեց, որքան Աղբյուր Սերոբի և Գևորգ Չաուշի մահը»,— ասել է Անդրանիկը։

Օդեսայի ժանդարմական վարչության 1910 թ. ապրիլի 7-ի հաղորդման մեջ ասվում էր, որ «Անդրանիկը Վառնա է վերադարձել Ֆրանսիա, Բելգիա և Անգլիա կատարած ուղևորությունից… Մանչեստրում Անդրանիկը գնել է մեծ քանակությամբ զենք, որի մի մասը մատակարարները պետք է անմիջականորեն փոխադրեն որոշված վայրեր, իսկ մի մասն էլ՝ Վառնա։ Վառնայում Անդրանիկը իր սեփական տան երկու սենյակը հատկացրել է հատուկ լաբորատորիա սարքավորելուն և իր բնակարանում փամփուշտներ լցնելու համար պատվիրել է չորս հաստոց։ Հետախուզությունը ներկայումս տեղեկացել է, որ Անդրանիկը մինչև Փարիզ մեկնելը, Վառնայից իր բացակայության ժամանակամիջոցում եղել է Թարքահայաստանամ, Պարսկաստանում (Թեհրանում հանդիպում է ունեցել Եփրեմի* հետ) և Անդրկովկասում»։

Բուլղարական թերթերը հիացմունքով էին խոսում Անդրանիկի, որպես թուրքական զավթիչների դեմ մղված պայքարի լեգենդար հերոսի մասին, նշում էին նրա ծառայությունները նաև Բալղարիայի ազատագրության գործում։ «Մակեդոնիա-օդրինյան» հանդեսը 1906 թ. հոկտեմբերի համարում Անդրանիկի մասին գրում էր, որ նա ամբողջ տասը տարի Արևմտյան Հայաստանում իր խմբի գլուխն անցած պաշտպանում էր հայ ժողովրդին և իր հայրենիքի թշնամիների ու հարստահարիչների ահ ու սարսափն էր։ Հանդեսը նշում էր, որ Անդրանիկից պետք է օրինակ վերցնեն նաև մյուս երկրների ազատագրական պայքարի մասնակիցները։

Անդրանիկը մեծ ջանքեր գործադրեց հայ և բալկանյան երկրների ժողովուրդների՝ Թուրքիայի դեմ մղված ազատագրական ուժերը համախմբելու ուղղությամբ։ Այդ նպատակով նա շրջագայեց բալկանյան երկրներում, եղավ Եգիպտոսում, սերտ կապեր հաստատեց մակեդոնական և այլ երկրների բազմաթիվ գործիչների հետ։ Անդրանիկը երբեք չհավատաց երիտթուրքերի՝ օսմանյան Թուրքիայի լծի տակ տառապող հայ և այլ ժողովուրդներին ինքնավարություն տալու մասին կեղծ խոստումներին։ Նա կանգնած էր աշխատավոր մարդկանց դաշինքի կողմը՝ ընդդեմ ազգային ու դասակարգային հարստահարիչների։ Բալկանյան պատերազմի շրջանին է վերաբերում Անդրանիկի տպագրված խոսքը. «Թուրք խաղաղ բնակչության դեմ ոչ մի ոխ չունեմ, ես կռվում եմ միայն բեկերի ու կառավարության դեմ… Ես նացիոնալիստ չեմ, ես ճանաչում եմ միայն մի ազգ, դա բոլոր ճնշվածների ազգությունն է»։ Անդրանիկն ասել է նաև. «Ամեն մի արդարամիտ ու մարդասեր մարդ պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի վիճելի հարցերը լուծվեն ոչ թե անմեղների արյունահեղության միջոցով, այլ խաղաղասիրական սկզբունքների հիման վրա»։ «Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք,— ավանդում է Անդրանիկը,– մի քիչ մտածեք ձեր ազգի մասին։ Այնուհետև մտածեցեք ձեր հարևանի մասին, հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի և բարի մտածեցեք»։

Նկատի ունենալով Բալղարիայի նկատմամբ հայերի համակրանքը, երկու ժողովուրդների շահերի ընդհանրությունը թուրքերի դեմ մղվող պայքարում, բուլղարական բանակի հրամանատարությունը ընդառաջում է հայերի առաջարկությանը՝ կազմավորելու կամավորական ջոկատ՝ Բալկանյան պատերազմին մասնակցելու համար։ Այդ ջոկատը ձևավորվում է Սոֆիայում, Անդրանիկի անմիջական ղեկավարությամբ։

Մակեդոնիա-օդրինյան կամավորների գլխավոր հրամանատար գեներալ Գենովի՝ 1912 թ. հոկտեմբերի 3-ի հրամանով Անդրանիկի շուրջ համախմբված 19—45 տարեկան 230 հայ կամավորներից ձևավորվում է հայկական վաշտ՝ հայոց ազգային դրոշով, հայ սպաներով ու վոյեվոդներով։ Վաշտը պաշտոնապես կոչվեց 12-րդ Լոզենգրադյան դրուժինայի 2-րդ վաշտ։ Նրա «վոյեվոդ» Անդրանիկը, իր իսկ զինվորների վկայությամբ, «վաշտի հոգին, նրա փառքն ու պարծանքը, նրա բարձրագույն իշխանավորն էր»։

Բազմաթիվ հայեր ընդգրկվեցին բուլղարական բանակի՝ կամավորական սկզբունքով կազմավորված 3-րդ բրիգադում, որի հրամանատարն էր փոխգնդապետ Ալեքսանդր Պրոտոգերովը։ Բրիգադի սանիտարական մասի բժիշկ Արմեն Սյունին 1914 թ. Բաքվում հրատարակեց «Հայկական վաշտը Անդրանիկի առաջնորդությամբ 1912—1913 թթ. Բալկանյան պատերազմում» գիրքը, որը կարևոր աղբյուր է հայ և բուլղար ժողովուրդների ռազմական համագործակցության և բարեկամության մասին։

1912 թ. հոկտեմբերի 23-ին հայկական վաշտի՝ Սոֆիայից ռազմաճակատ մեկնելու արարողության մասին Սյունին գրել է. «Կանայք և աղջիկները թարմ ծաղկեփնջեր մատուցեցին թե՛ Անդրանիկին՝ վաղեմի հերոսին, թե՛ մյուսներին՝ ապագա հերոսներին։ Ամբողջ գաղութահայությունը ոգևորությամբ ու հուզմունքով էր եկել հրաժեշտ տալու և վերջին անգամ իր աչքով տեսնելու հայկական վաշտը և լսելու հրամանները։ Ամենքն էլ իրենց հետ որևէ բան էին բերել տղաներին բաժանելու համար՝ քաղցրեղեն, ծխախոտ, ծաղիկներ և այլն… Ուրախ, զվարթ քայլում էին տղերքը՝ երգելով հայկական երգեր, իսկ ժողովրդի խառը բազմությունը հետևում էր նրանց դեռ երկար ժամանակ»։

1912 թ. նոյեմբերի սկզբներին հայկական կամավորական վաշտը Անդրանիկի հրամանատարությամբ արդեն մարտերի մեջ էր։ Բուլղարական բանակի սպա Կոնևը հայ կամավորականների սխրագործությունների մասին գրել է. «Օ՜, առյուծներ են, կատարյալ առյուծներ… Ինչպիսի՜ քաջ տղերք կան, մարդ ուղղակի զարմանում է: Շատ քաջ է մանավանդ Սարերու Ասլանը (Անդրանիկը), միաժամանակ թե՛ երգում է և թե՛ կրակում»։

Բալկանյան առաջին պատերազմի ամիսներին, մինչև նրա հաղթական ավարտը, հայկական վաշտը մասնակցում է բազմաթիվ ճակատամարտերի և արժանանում բուլղարական հրամանատարության բարձր գնահատականին։

Նոյեմբերի 15-ին Մերհամլըի կռվում Անդրանիկն իր վաշտով գերի է վերցնում թուրք Մեհմեդ Յավեր փաշային, որի զորախմբում կային 10 հազար զինվոր, 242 սպա, 3 գնդապետ, 1 փաշա։ Երբ պարտված Յավեր փաշան թուրը հաղթողին հանձնելիս տեսնում է իր դեմ կանգնած Անդրանիկին, այլայլված ասում է. «Եթե նախապես իմանայի, թե իմ դեմ դուք եք կռվում,

* Եփրեմ Դավթյանը (1868—1912) 80–90-ական թվականներին մասնակցել է Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում և այլ վայրերում գործող հայդուկային խմբերի մարտերին՝ թուրքական զավթիչների դեմ։ 1890 թ. Սարգիս Կուկունյանի խմբի արշավանքին մասնակցելու համար ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է և աքսորվել Սիբիր, ապա Սախալին, որտեղից փախել է Իրան, դարձել 1905—1911 թթ. իրանական հեղափոխության ականավոր գործիչներից, ժողովրդական հերոս Սաթթար խանի զինակիցը, Իրանի ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատարը։ Զոհվել է Համադանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Թաղված է Թեհրանում՝ իր անունը կրող դպրոցի բակում։

մինչև վերջ կկռվեի ու երբեք անձնատուր չէի լինի»։

1913 թ. հունվարի սկզբներին հայկական վաշտը բուլղարական զորքերի կազմում մտնում է Մարմարա ծովի եվրոպական ափ՝ Ռոդոսթո քաղաքը։ Առջևից ձի հեծած գնում էր փոխգըն– դապետ Պրոտոգերովը իր շտաբով, նրա հետ էր Անդրանիկը՝ արաբական նժույգի վրա։ Նրանց ընդառաջ էին ելել հազարավոր մարդիկ։ Պրոտոգերովը զինվորական շքանշաններ է հանձնում Անդրանիկին և նրա ռազմիկներին։ «Մի ժողովուրդ,— ասում է նա,— որ գնահատում ու հարգում է իր հերոսներին, երբեք չի մեռնի։ Այդպիսի ժողովրդի ապագան պայծառ է, և նրա փրկությանը՝ մոտ։ Կեցցե՜ Անդրանիկը»։

Ռոդոսթոյի հայկական ակումբում տրված ճաշկերույթում արտասանած ճառում դոկտոր Իվան Դիմիտրովն ասում է. «Եթե փողոցում հանդիպեք հայի, իսկույն կճանաչեք նրան, նրա աչքերի մեջ հանգել է ուրախության փայլը, նրա դեմքը կրում է տխրության կնիք։ Նա իրեն իր հայրենիքի դժբախտությունից չի բաժանում, նույնիսկ, երբ երգում է ու խոսում»։

Արտասանելով «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը, Դիմիտրովը առաջարկում է հայ ազգի բախտավորության և ապագայի կենացը։

Պատասխան խոսքում Անդրանիկն առաջարկում է հարգել պատերազմում զոհվածների հիշատակը, որոնց մեջ քիչ չէին նաև հայ ռազմիկները։

Բնակչության հետ կամավորների այս և նման այլ հանդիպումները վերածվում էին բուլղար և հայ ժողովուրդների ջերմ բարեկամության ցույցերի, վկայում էին նրանց անխախտ համագործակցությանը։

1913 թ. մայիսի 23-ին, Թուրքիայի հետ բալկանյան պետությունների հաշտության պայմանագիրն ստորագրելուց հետո, հայկական վաշտն արձակվում է։ Այս կապակցությամբ գեներալ–մայոր Գենովի ստորագրած հրամանում ասված էր. «Ընդհանրապես հայկական վաշտը միշտ եղել է ուժեղ իր տոկունությամբ, կարգապահությամբ ու դիմացկունությամբ և չափազանց քաջ էր կռիվների մեջ։ Այդ վաշտի բոլոր մասնակիցները կարող են հպարտանալ իրենց քաջ գործերով, իսկ Արևմտյան Հայաստանը պետք է հավատացած լինի, որ շնորհիվ այդպիսի որդիների, որոնք ընդունակ են մեռնելու մի օտար գործի համար, մոտիկ ապագայում կարող է ունենալ երջանիկ ու հարատև ապահովություն»։

Ռազմաճակատից Սոֆիա վերադառնալուց հետո էլ հայկական վաշտի զինվորներն արժանանում են բուլղար ժողովրդի հարգանքին ու երախտագիտությանը։ Բուլղար ռազմիկները բարձր գնահատելով Անդրանիկի ծառայությունները, գրում էին. «Սիրելի Անդրանիկ, վստահ եղեք, որ երբ առիթը ներկայանա ձեր հայրենիքն ալ փրկելու թուրքական ճիրաններեն, մենք ալ փոխադարձաբար ձեր կողքին պիտի գտնվինք»։

Անդրադառնալով Անդրանիկի և նրա զինվորների մասնակցությանը Բալկանյան պատերազմին, Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը գրել է. «Բուլղարական և հայկական թերթերում հատուկ փաստաթուղթ է հրապարակվել հայկական ջոկատի մարտական գործողությունների մասին՝ ստորագրված բուլղարական աշխարհազորայինների հրամանատար գեներալ-մայոր Գենովի և շտաբի պետ գեներալ–մայոր Դերվինգովի կողմից։ Այդ փաստաթուղթը այժմ էլ պահպանում է իր նշանակությունը՝ որպես հայ և բուլղար ժողովուրդների համատեղ թափած արյամբ ամրացված մարտական եղբայրության վկայության»։

«Գեորգի Դիմիտրով. կենսագրական ակնարկ» գրքում, որը տպագրության է պատրաստել Բուլղարիայի կոմկուսի Կենտկոմին առընթեր ԲԿԿ-ի պատմության ինստիտուտը, Բալկանյան առաջին պատերազմի մասին ասված է. «Զինվորները խանդավառությամբ հավաքվում էին մարտական դրոշների ներքո և մարտնչում ոգևորությամբ, քանի որ պատերազմը առաջադիմական բնույթ էր կրում։ Բուլղարական բանակը տարավ փառավոր հաղթանակներ Լոզենգրադի, Լյուլե-Բուրգասի, Բունար–Հիսարի, Օդրինի (Ադրիանապոլի) և Բուլաիրի մոտ։ Դաշնակիցներն ազատագրեցին Բալկանյան թերակղզու զգալի տարածքներ, որոնք մինչ այդ գտնվում էին թուրքերի իշխանության տակ։ Կտրտվեցին ազգային ճնշման կապանքները։

Սակայն շատով դաշնակիցների միջև հողային վեճեր բորբոքվեցին ու հարաբերությունները սրվեցին։ Բախման սպառնալիքը դառնում էր անխուսափելի։ Բուլղար ժողովրդի համար այդ դժվար պահին տեսնյակ –սոցիալիստների կուսակցությանը ոչ միայն մնաց ինտերնացիոնալիստական դիրքերում, այլև էլ ավելի համարձակ առաջ քաշեց խաղաղության և Բալկանյան ֆեդերացիայի լոզունգները»։

Բալկանյան առաջին, իր բնույթով առաջադիմական պատերազմում Անդրանիկն է՛լ ավելի կոփվեց որպես ազգային-ազատագրական շարժման ռազմիկ ու հրամանատար, ամրացան նրա կապերը բուլղար և այլ ժողովուրդների զավակների հետ, որոնք հետագայում օգտագործվեցին թուրքական զավթիչների դեմ Անդրանիկի մղած նոր կռիվներում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայ ժողովուրդը առավել դաժան արհավիրքներ ապրեց, Անդրանիկն իր ժողովրդի հետ էր։ Նա մասնակցում էր Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին՝ ղեկավարելով առաջին հայկական կամավորական խումբը, որը ռուսական բանակի կազմում մարտական բազմաթիվ սխրանքներ կատարեց՝ արժանանալով հրամանատարության բարձր գնահատականին։ Այդ տարիներին առանձնահատուկ ուժով է դրսևորվում Անդրանիկի ռազմական տաղանդը, խիզախությունը, կրակոտ հայրենասիրությունը, խոր մարդասիրությանը։ Դիլմանի, Զևանի, Բիթլիսի և այլ ճակատամարտերում նա իր անունը պսակում է անթառամ փառքով։ 1917—1918 թթ. ձմռանը Անդրանիկն արևմտահայերից կազմված հայկական հատուկ դիվիզիայի և Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության հրամանատարն էր։ 1918 թ. հունիսի սկզբներին, երբ դաշնակցական կառավարությունը ընդունում է Օսմանյան կայսրության «հովանավորությանը», Անդրանիկն իր կամավորական հայկական առանձին հարվածող ջոկատով հրաժարվում է վայր դնել զենքերը և շարունակում է պայքարը թուրքական զորքերի դեմ՝ Նախիջևանի և Զանգեզուրի գավառներում։ Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերին Անդրանիկը կողմնորոշվամ է դեպի Սովետական Ռուսաստանը, հեռագրում է Բաքվի հերոսական կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանին՝ հայտնելով իր պատրաստակամությունը՝ օգնության գնալու Բաքվի հերոսներին։ Պատասխանելով Անդրանիկի հեռագրին, Շահումյանը նրան անվանում է «իսկական ժողովրդական հերոս»։

Դատապարտելով դաշնակցականների տիրապետությունը Հայաստանում, 1919թ. Անդրանիկը անցնում է Ֆրանսիա, Անգլիա և ապա բնակության հաստատում ԱՄՆ-ում, որտեղ և վախճանվում է 1927թ.՝ հոգով ու սրտով միշտ լինելով իր ժողովրդի, Սովետական Հայաստանի հետ։

Ժողովրդական հերոս Անդրանիկը զինվորների և թիկնապահ Ղուկաս Մինասյանի (աջից՝ երկրորդը) հետ Բալկանյան առաջին պատերազմի օրերին

Ձախից՝ աջ — Կարապետ Պարոնյան, Անդրանիկ և Ղուկաս Մինասյան

Գևորգ Ղարիբջանյան

You may also like...