Թորոս Թորամանյան

«Հայրենիքի ձայն», 23 հունվարի, 1985թ.
Սեյրանուհի Գեղամյան

Ճարտարապետ Թորոս Թորամանյանը 1907 թվականին Պետերբուրգի Կայսերական գիտությունների կաճառին ուղղած դիմումում գրում էր. «1903 թվականի հուլիս ամսո մեջ, դիպվածով մը եկա Էջմիածին եւ անոր շրջակա հիշատակարանները աչքի անցնելե հետո, մտա հայոց հին մայրաքաղաք Անին հետաքրքրված գիտնական ճանապարհորդներու անոր մասին տված շահեկան տեղեկություններեն: Անակնկալ նորություն էր ինձի համար տեսնել այնքան գեղարվեստական թանկագին գոհարներով լեցուն անկյուն մը, որ իբրեւ օվազիս՝ արեւելքի հնադարյան խավարին մեջ ծլած ու ծաղկած էր, հակառակ զինքը շրջապատող քանդելու, ավերելու միայն ընդունակ բազմաթիվ ցեղերու շահատակությանց: … Իբրեւ արվեստի նվիրված խոնարհ մշակ, զոհաբերելով սեփական գործերս եւ գուցե շատ բան, որոշեցի մնալ ժամանակ մը եւ իմ լումաս ալ ձգել արեւելյան գեղարվեստի այն գանձարանին մեջ, ուր արդեն թափված էին ինձմե առաջ շատ մը արժանավոր մասնագետներու քաղցրիկ պտուղքը…»:

toros-toramanyan

Ոչ, դա դիպված չէր. որքան էլ առերեւույթ թվում էր պատահականություն, դա կատարվեց անհրաժեշտության այն նույն օրինաչափությամբ, որ ընկած է բնության, կյանքի, մարդկության գոյության ու առաջընթացի հիմքում, այն նույն օրենքով, որի անհրաժեշտությամբ ծնվեցին, ասենք, Նյուտոնն ու էյնշտեյնը, Կոլոմբուսն ու Մարկո Պոլոն, Շամպոլյոնն ու Շլիմանը, Մաշտոցն ու Աբովյանը:

Դա իսկապես անհրաժեշտություն էր, եւ Փոքր Հայքի Շապին Գարահիսար քաղաքում ծնված, Կոնստանդնուպոլսում ճարտարապետական կրթություն ստացած, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը, Եգիպտոսը, Հռոմը, Փարիզը շրջած եւ ուսումնասիրած հայ ճարտարապետի ճանապարհը պետք է անպայման գար դեպի Երեւան ու Էջմիածին, Զվարթնոց ու Անի…

Պետք է գար, քանի որ անարդարություն կար, սխալ կար եւ պետք էր ուղղել այդ սխալը, որպեսզի համաշխարհային արվեստի պատմության մեջ լրացվեր նոր ու կարեւոր մի գլուխ՝ «Հայկական ճարտարապետություն» խորագրով: Քանի որ ոչ ոք դեռ լրջորեն չէր ուսումնասիրել այն մեծ արվեստը, որն «ապրած էր ավելի քան տասն եւ հինգ դար, ունենալով իր անկումները, վերածնությունները եւ վայելչափոխություններն անընդհատ»:

Ոչ ոք դեռ լրջորեն չէր ուսումնասիրել այդ մեծ արվեստի ծագումն ու զարգացումը, ազդեցության շառավիղները, ոչ ոք չէր մտածել տապալված Զվարթնոցի, փառահեղ Անիի, Մրենի, Թալինի, Բագարանի, Տեկորի եւ ճարտարապետական այլ կոթողների գլուխգործոցային կարեւորության մասին:

1905 թվականին «Մուրճ» ամսագրում տպագրած «Զվարթնոցի եկեղեցին» հոդվածում Թորամանյանը գրում է. «Իրարու հաջորդող զանազան զգացումներու՝ հուզումի, տխրության մեջ երկար տարուբերվելե հետո, սիրով փարվեցա մեր պապերեն մեզի ժառանգություն մնացած այդ տխուր եւ սրբազան հիշատակներուն: Ուխտեցի մնալ այնտեղ, աշխատիլ, տքնիլ, մեկ կողմե աշխատությանս արդյունքը հայ ժողովրդին ներկայացնելու անխառն ուրախությունը վայելել, մյուս կողմից մեր ցեղի հանճարին չնաշխարհիկ բեկորները փլատակներու եւ գերեզմանային տխուր հողակույտերու տակեն ազատելով՝ ցույց տալ նաեւ ամբողջ գիտական աշխարհին»:

Դժվա՜ր, շատ դժվար էր միայնակ գնալ այդպիսի սխրանքի, դժվար, ինչպես ամեն մի իսկական սխրանք… Բայց Թորամանյանը գնաց, անտեսելով արվեստի մեծ նվիրյալներից ճակատագրորեն անբաժան զրկանքն ու կարոտությունը, չարախոսություններն ու խոչընդոտումները, դավերն ու ամբաստանությունները: Եւ գնաց ոչ թե դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանը, արվեստին, ժողովրդին ծառայելու պատրաստականությամբ, եւ որպեսզի տարիների իր երկար տքնությամբ սովորեցնի, թե ինչպես պետք է հասկանալ ու արժևորել մեր երկիրը, մեր պատմությունը, մշակույթը, լեզուն, ճարտարապետական կոթողները, սովորեցնի, թե ի՛նչը պետք է սիրել եւ ինչու պետք է սիրել, որպեսզի իր դժվար կյանքով օրինակ տա, թե ինչպես սեփական ժողովրդի առջեւ ունեցած պարտքի ու նվիրումի զգացման դեմ նսեմանում է մնացած ամեն ինչ:

…Իմ սերունդը նրան չի տեսել եւ չի կարող տեսնել նրա կառույցները, որովհետեւ հայրենի հողի կործանված գեղեցկությունները նրանից ուրիշ բան պահանջեցին: Բայց մենք պարտավոր ենք իմանալ նրա կատարած մեծ գործը, նրա զրկանքներն ու տառապանքը, մենք պարտավոր ենք նույնիսկ իմանալ, թե ինչպիսին էր նա արտաքնապես, ինչ գույնի էին նրա աչքերը, ինչպիսի ձայնով էր խոսում, ինչ էր գրում խոնարհ ողբերգականությամբ լի իր հրաշալի նամակներում, ինչ էր զգում, երբ երկար, շատ երկար նստում էր Անիի ավերակների մոտ ու խորասուզվում տխուր մտքերի մեջ:

Պարտավոր ենք…

Այսպես է գրում Թորամանյանի մասին իր հուշերում Ավետիք Իսահակյանը. «Թորոս Թորամանյանի հետ ծանոթացա բանասեր Կարապետ Բասմաճյանի միջոցով Ալեքսանդրապոլում, 1903 թվականի աշնանը: Նրանք նույն այդ թվականին էին եկել արտասահմանից, եւ ամառը միասին անց էին կացրել Անի քաղաքում հետազոտությունների համար: …Քաշված, անշուք ու լուռ մարդու տպավորություն թողեց ճարտարապետն ինձ վրա:

…Թ. Թորամանյանը ձմեռները գրեթե միշտ ապրում էր Ալեքսանդրապոլում: Այնտեղ դասավորում էր իր հավաքած նյութերը, գրում էր իր ուսումնասիրությունները՝ նրանցից ծագած արդյունքների եզրակացությունների մասին: …Հաճախ տեսնում էի նրան ժողովրդական սրճարաններում համբավավոր վարպետների հետ զրույցի մեջ՝ շինարարական արվեստի վերաբերյալ: Մեր վարպետները խորին հարգանքով տեղ էին տալիս նրան՝ վերի գլուխը սրճարաններում եւ իրենց հարկի տակ եւ ճարտարապետ էին կոչում նրան: …Կային մարդիկ, որ չգիտեին նրա իսկական անունը: Իր կոչումի անունով էին ճանաչում նրան: Իսկ Անիի եւ ուրիշ ավերակների մոտ եւ հեռու գյուղերում կարծում էին, թե «ճարտարապետ» հատուկ անուն է: Եղել են դեպքեր, որ գյուղերում նորածինների անունը ճարտարապետ են դրել:

…Մեր բնաշխարհի ավեր կամ կիսավեր շենքերը շոշափել էր նա, չափել, գծել, համեմատել, համադրել: Եւ գտել, զտել, բյուրեղացրել էր հայկականը, ինքնահատուկը, ազգայինը, հայ անհատականը: …Իսկ Անի՞ն… Անին նրա համար ապրող, շնչող իրականություն էր: Անիի անցյալը նրա աչքում կենդանի ներկա էր, նա տեսնում էր անցած իրերը, դեպքերը, պատկերները: Լսում էր անցյալի ձայնը, զգում էր անցյալը: Անիում նրա համար մեռած կամ կիսամեռ կամ փլատակ բան չկար: Բոլորը՝ պարիսպներով, տաճարներով, բուրգերով, աշտարակներով, բոլորը նրա առաջ լրիվ կանգուն էին՝ անթերի եւ կատարյալ, որովհետեւ բոլորը նա վերակառուցել էր արվեստագետի իր հրաշագործ եւ ճշգրիտ երեւակայության մեջ: Կարծես նա աչքով տեսել էր այս հոյակապ շենքերը կառուցող վարպետներին, խոսել էր նրանց հետ, աշակերտել էր, միասին աշխատել, եւ այսպիսով որսացել էր նրանց վարպետության գաղտնիքը…»:

Մեծ բանաստեղծի բնորոշումներում դժվար չէ համոզվել, եւ նա՛, ով թեկուզ փորձ անի ծանոթանալ Թորամանյանի թողած ժառանգությանը, ով թեկուզ սոսկ թերթի նրա ուսումնասիրությունները հայ ճարտարապետության մասին՝ «Զվարթնոցի եկեղեցին», «Էջմիածնի տաճարը», «Անի քաղա՞ք, թե՞ ամրոց», «Հայ ճարտարապետության շրջանները», «Գավիթ եւ ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» եւ այլ աշխատություններ, նրա անթիվ, անհամար չափագրությունները, գծագրերը, վերակազմությունները, նա կհասկանա, թե ինչ անսահման գիտելիքներ ուներ նա տարբեր ազգերի կառուցողական արվեստի մասին, ինչ հմտությամբ էր համեմատում ու համադրում զանազան ոճերն իրար հետ եւ ինչպես հստակորեն էր տարբերում ազդեցություններն ու փոխազդեցությունները:

Բազմաթիվ վայրերում ուսումնասիրելով մեր ճարտարապետական հուշարձանները, նա սպառիչ կերպով խորամուխ է եղել մեր նախնիների շինարարական արվեստի մեջ եւ ընդհուպ մոտեցել հայ արվեստի արմատներին: Նա կարողացել է պեղել, հետազոտել եւ բացահայտել նրա մթամած խորհուրդները: Իր բարդ ու անհարթ կյանքի ուղում պատահել է անգամ, որ նա կորցրել է այդ հսկայական աշխատանքի կարեւորագույն բազմաթիվ էջեր, ինչպիսիք են՝ «Հայ ճարտարապետական բառարանը», ուր նա ուսումնասիրել եւ լուսաբանել, համեմատել եւ ստուգաբանել էր հայոց լեզվում գործածված ճարտարապետական բոլոր բառերը, հայ գերեզմանական ճարտարապետության ուսումնասիրությունը՝ նախաքրիստոնեական հին շրջաններից մինչեւ քրիստոնեության 16-րդ դարը, 6-15-րդ դարերի բյուզանդական եւ հայկական ճարտարապետության համեմատական ուսումնասիրությունը, հեթանոսական հին դարերից մինչեւ մեր օրերի տաճարների հատակագծային ձեւերի ուսումնասիրությունը եւ այլ աշխատություններ: 1911 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Տեկորի տաճարը» աշխատության առաջաբանում Թորամանյանը գրում է. «Մեր արվեստագետներեն ոմանք իրենց անգործությունը կարդարացնեն առարկելով, որ պատմական հայ գեղարվեստ չկա, եղածներն էլ որպես թե բյուզանդականի, արաբականի կամ պարսկականի հարազատ ճյուղերն են, այս համոզումը ունեցել են առանց անձամբ իրականությունը տեսնելու, հիմնված լոկ միակողմանի միտումնավոր գրականության վրա… Ճշմարիտ է, որ հայ գեղարվեստը ենթարկվել է դրացի զարգացած ազգերու ազդեցության, սակայն պարզ բաղդատություն մը բավական է ապացուցանելու, որ անհամեմատ ավելի շատ են ստեղծագործությունները, քան փոխառությունները: Փոխառություններն ալ հազիվ թե գործածված են նույնությամբ, առանց զանոնք հայացնելու: Եւ ինչքան իրենք ազդվեր են օտարներեն, նույնչափ ալ ազդեր են իրենցմե շատ ավելի մեծ ազգերու վրա»:

Այս համոզմունքով եւ հենց այս հաստատելով Թորամանյանն աշխատեց, տքնեց իր ողջ կյանքում եւ փոխեց ոչ միայն մեր վերաբերմունքը մեր ունեցածի նկատմամբ, այլեւ ստիպեց, որպեսզի Եւրոպայի ամենահեղինակավոր գիտնականները հայացքները հառելով դեպի Հայաստան վերանայեն իրենց շատ սկզբունքներ, իսկ նրանցից մեկը գլուխ խոնարհելով ասի. «Պատիվ ձեր մեծ ազգին»:

Նկատի ունենալով Թորամանյանի մեծ ծառայությունը, 1914 թվականին Հովհաննես Թումանյանը գրում է. «Եւրոպական գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»: Հարգելի գիտնականը թնդանոթներ է անվանում հայկական ճարտարապետության էն նմուշները, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանություններով լույս պետք է տեսնեն Եւրոպայում… …Այո, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, եւ թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբեւիցե հնարել է մարդը, իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը»:

Իսկ 1924 թվականին գերմանացի ճարտարապետ եւ խորհրդատու շինարար Բոդեն Թորամանյանին ուղղած նամակում գրում է. «Ձեր ջանքերին եւ Ձեր մասնագիտությանը՝ որպես ճարտարապետի, այնպես էլ գեղարվեստի պատմագրի, շնորհապարտ են աշխարհի ճարտարապետները, եւ մանավանդ մենք գերմանացի ճարտարապետներս: Ձեր շնորհիվ է, որ Յոզեֆ Ստրժիգովսկին կարողացավ մեզ համար բարձրացնել Հայաստանի ճարտարապետության հսկա գեղարվեստի բարձրության վարագույրը…»:

Թորամանյանն ապրեց 70 տարի: Եւ մինչեւ կյանքի վերջը, նույնիսկ հիվանդ, անկողնուն գամված վիճակում, նրա մեծ նվիրումից ու եռանդից չպակասեց եւ ոչ մի հյուլե: Այդ մեծ նվիրումով, հստակ գիտակցված նպատակով եւ հավատով էլ նա բացեց ոչ թե արահետ, այլ լայն ճանապարհ, որով քայլում են հայկական ճարտարապետությամբ եւ նրա պատմությամբ զբաղվող հետագա սերունդները: Այսքանից հետո վստահաբար կարելի է ասել, որ Թորամանյանը ոչ թե «դիպվածով մը», ոչ թե պատահաբար, այլ անհրաժեշտաբար եկավ Հայաստան, եկավ կատարելու այն մեծ սխրանքը, որը միայն իրեն էր վիճակված եւ միայն ինքը կարող էր կատարել, սխրանք, որի առջեւ պետք է գլուխ խոնարհել…

You may also like...