«Թե տիեզերքի սիրտն էլ դադարի, դարձյալ մահ չի գա իմ հայրենիքին»

«Հայրենիքի ձայն», 29 հունիսի, 1988թ.
Սեյրանուհի Գեղամյան

Երբ 1922 թվականի դեկտեմբերին Բուենոս-Այրեսի նորածինների գրանցման հիմնարկություններից մեկում հաճնցի Եփրեմը եւ ադանացի Լուիզան գրանցում էին իրենց արու զավակին, երիտասարդ աշխատակցուհին այդպես էլ ոչ մի կերպ չկարողացավ ընկալել օտար ազգանվան ճիշտ հնչողությունը եւ փոքրիկի ծննդյան վկայականում Քեշիշյան տոհմիկ ազգանունը մեկեն փոխեց Քեսքիսյանի… Այդպես սկսեց իր կյանքն այս աշխարհում Մարտին Քեսքիսյանը (Քեշիշյան):

Մեծացավ հայկական երգերի ու լեգենդների մթնոլորտում՝ հայոց պատմության ընտանեկան հրաշալի դպրոց անցնելով: Հետագա ճանապարհը որոշարկվեց մեկ օրում, երբ 13-ամյա պատանուն ծննդյան օրը լուսանկարչական սարք նվիրեցին:

Լուսանկարչություն, ահա զբաղումի այն տեսակը, որով Մարտին Քեշիշյանը կարողացավ հաստատել իրեն: Երկար տարիներ տքնաջան աշխատելով՝ տիրապետեց լուսանկարչական արվեստի այն գաղտնիքներին, որոնք նրան հնարավորություն տվեցին դասվելու Արգենտինայի ամենափնտրված լուսանկարիչների շարքը, դառնալու բազմաթիվ լուսանկարչական ցուցահանդեսների մրցանակակիր ոչ միայն այն երկրում, ուր ապրում է, այլեւ Շվեդիայում, Ֆրանսիայում, Պարսկաստանում եւ այլուր, շահելու շուրջ 150 մրցանակներ:

1968-ին, որպես Արգենտինայի ծովային նախարարության լուսանկարչական ակումբի ղեկավար, Քեշիշյանն ընդգրկվեց Հարավային բեւեռ ուղեւորվող արշավախմբի կազմում: Ու հիմա էլ, երբ հիշում է այդ դժվարին, բայց երազային ու հետաքրքիր ճամփորդությունը, աչքերը փայլում են երիտասարդական կրակով, եւ նա վերապրում է այն հրաշալի օրը, երբ անհասանելի հեռու թվացող «աշխարհի ծայրի» համատարած ձնածածկույթին, հուզումից ու ցրտից քիչ դողացով ձեռքով հայերեն փորագրեց՝ «Մարտին Քեշիշյան»… Հետագայում դարձյալ մասնակից եղավ դեպի Հարավային բեւեռ կազմակերպված արշավախմբերի՝ 1972-ին, 78-ին, 82-ին եւ ամեն անգամ վերադարձից հետո բացեց լուսանկարչական մեծ ցուցահանդեսներ, որոնք դիտվում էին բացառիկ հետաքրքրությամբ:

Սակայն իր կյանքի ամենանշանակալի փաստը Մարտին Քեշիշյանը չի համարում ոչ գեղեցիկ վայրերով շրջագայելը, ոչ բազմաթիվ մրցանակների արժանանալը, ո՜չ էլ անգամ Հարավային բեւեռում լինելը: Որովհետեւ, ուր էլ որ եղավ, ինչ էլ որ տեսավ հոգին հանգիստ չէր առնում, սիրտը ճմլվում էր մարդկային այն թանկ ու սրբազան զգացումից, որ կոչվում է կարոտ առ հայրենիք…

– Գիտեք, առհասարակ ինքզինքս ամուր մարդ կկարծեի, բայց երբ 1972-ին տիկնոջս՝ Արմենիայի հետ առաջին անգամ Հայաստան եկանք, անդադար կուլայինք, գեղեցիկ նորակառույց մը կտեսնեինք՝ կուլայինք, հրաշագեղ պզտիկ մը կգրվեինք կուլայինք: Այս անբացատրելի հուզումը դժվար է բառերով արտահայտի: Եւ ուխտ ըրինք որչափ որ առողջություննիս ու դրամնիս ներե՝ պիտի գանք, պիտի աշխատինք ամեն ինչով ծառայիլ մեր ազգին եւ հայրենիքին:

Ծառայել ազգին եւ հայրենիքին Մարտին Քեշիշյանի համար նշանակում է նախ եւ առաջ լուսանկարչական սարքի հիշողությանը հանձնել հայրենի բոլոր նշանակալի հուշարձաններն ու կոթողները, եկեղեցիներն ու նորակառույցները, նշանավոր մարդկանց ու երիտասարդությանը, գրեթե բոլոր համազգային կարեւոր իրադարձությունները, այդ լուսանկարները հնարավոր բոլոր ձեւերով ցուցադրել արգենտինահայերին ու պատմել, պատմել հայրենիքի մասին: «Հայաստանը երեկ, այսօր եւ հավերժ», «Հայաստանն ու իր ժողովուրդը», «Մյուռոնօրհնություն», «Տասնվեց դար քրիստոնեության պատմությունից», «Իմ հայրենի հողը» եւ այլ խորագրերով լուսանկարչական ցուցահանդեսներն ու լուսապատկերների ցուցադրումը հեռվում ապրող արգենտինահայերի համար դարձել են շրջադարձային, դարձել են հայրենիքին հաղորդակցվելու ու կապվելու կարեւոր ազդակներ, զգալի դարձրել հայրենի հողի ձգողական ուժը:

– Իմ ամենամեծ երջանկությունը հայ ըլլալս է: Եւ եթե իմ ըրածովս գեթ մազաչափ կրնամ օգտակար ըլլալ ազգիս ու հայրենիքիս՝ ապրելս իզուր չեմ նկատե: Կուզեմ ըսել մեր երիտասարդությանը թե՛ հայրենի, թե՛ սփյուռքի. պետք է ամեն կերպ, հնարավոր բոլոր միջոցներով պահպանել մեր միասնությունը, հայրենի երկիրն ու մշակույթը, դողալ անոր գոյության վրա,- ասում է Մարտին Քեշիշյանը: Հետո լռում է, կենտրոնանում եւ ասես ողջ զգացումներն ու ապրումները խտացնելով շիրազյան տողերում՝ ցածրաձայն, բայց զուսպ խրոխտությամբ արտասանում է.

Թե գետերն առնեն հետադարձ հոսանք,
Թե արեգակը երկնքից ընկնի,
Թե բախվեն ծովերն ու դառնան ցամաք,
Թե մոխրանալով աստղերը թափվեն,
Թե անապատը զարհուրած խոսի,
Թե Խոր-Վիրապի երախը սուզվեն
Հավերժ գահերը խրոխտ Մասիսի,
Թե ողջ մահաբեր գիսավորները
Զարկվեն հինավուրց այս հողագնդին,
Թե տիեզերքի սիրտն էլ դադարի,-
Դարձյալ մահ չի գա իմ հայրենիքին…

You may also like...