Թեոդոսիա

Թեոդոսիան Ղրիմի թերակղզու հարավ-արևելքում է: Այն հունական պոլիս էր և հիմնադրվել է Ք.ա. 6-րդ դարում: 4-րդ դարում քաղաքը նվաճում են հոները, իսկ 6-րդ դարում` զավթում խազարները: 13-րդ դարում ջենովացիները Թեոդոսիայում հիմնում են Կաֆա առևտրական ավանը: 1475-ից մինչև 18-րդ դարի վերջը` 1783 թվականը, քաղաքը թուրքական, իսկ դրանից հետո` ռուսական տիրապետության տակ էր:

Թեոդոսիան հայկական խոշոր գաղթավայրերից էր, որի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 13-րդ դարի երկրորդ կեսին: Որոշ ժամանակ անց հայերն արդեն քաղաքի բնակչության 2/3-րդ էին: 18-րդ դարում քաղաքում բնակվում էր 1200 հայ ընտանիք, գործում էր շուրջ երեք տասնյակ հայկական եկեղեցի:

Թեոդոսիայի առևտրական կյանքում նշանակալի դեր ուներ հայկական առևտրական կապիտալը` տասից ավելի դրամատներով: Զարգացած էր արհեստագործությունը: Թեոդոսիայի քաղաքացիական, պաշտպանական և հոգևոր կառույցների գերակշռող մասը, այդ թվում «Հայոց բերդ» կոչված պարիսպը, ստեղծել էին հայերը: Թեոդոսիայի հայկական գաղութը օգտվում էր որոշակի ինքնավարությունից, գործում էր ազգային օրենքներով ու սովորույթներով, ուներ իր զինված ուժերը:

Կաֆա (Թեոդոսիա)

Կաֆա (Թեոդոսիա): Հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին (XI-XIVդդ)

1475-ին, երբ թուրք-թաթարական զորքերը շրջապատեցին Թեոդոսիան, քաղաքի բնակիչները, հիմնականում հայերը, հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն: Հնգօրյա պաշարումից հետո թշնամու զորքերը գրավեցին Թեոդոսիան, մեծ թվով հայերի սրի քաշեցին և գերեվարեցին, մի մասին տարան Կ.Պոլիս:

Չնայած ծանր հարվածներին` Թեոդոսիայի հայկական գաղութը 16-18-րդ դարերում շարունակում էր կարևոր դեր խաղալ Ղրիմի տնտեսական կյանքում:

Թեոդոսիան միջնադարի հայ գրչության, մանրանկարչության և ճարտարապետական արվեստի ճանաչված օջախներից էր: Պահպանվել են այստեղ ընդօրինակված 100-ից ավելի հայկական ձեռագրեր, հայ միջնադարյան ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցիներ, Հայոց բերդի և ջրմուղի մնացորդները և այլ հուշարձաններ:

Թեոդոսիայում են ստեղծագործել նշանավոր տաղասաց-բանաստեղծներ Սիմեոն, Խաչատուր (Խասպեկ երեց), Վարդան Կաֆայեցիները: 1608-ին այստեղ կազմվել է հայկական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն: Թեոդոսիայում են ծնվել և ստեղծագործել Հովհաննես և Գաբրիել Այվազովսկիները: 19-րդ դարում հայերն ունեին ծխական դպրոց, հրատարակում էին «Մասյաց աղավնի», «Դաստիարակ» պարբերականները: Կրթության ոլորտում կարևոր դերակատարություն է ունեցել 1858-1871թթ. գործած Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը:

Քաղաքի հին մասում պահպանվել են միջանդարյան կառուցապատումը, Ջենովական ամրոցի պատերի ու աշտարակների մնացորդները:

ՀՍՀ, հատոր 4

You may also like...