«Զրույցներ լռության մեջ»

«Հայրենիքի ձայն», 1 հունվարի, 1990թ.
Սեյրանուհի Գեղամյան

Ամերիկահայ միջազգային քոլեջի տնօրեն դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանի հեղինակած այս գիրքը, որը լույս է տեսել 1989-ի մարտ ամսին, իր բերած ավանդով կարելի է համարել տարվա լավագույն հրատարակություններից մեկը:

karpis-ter-yegiayan

Ճամփորդական տպավորություններ են… Գրականության մեջ ընդունված սովորական ժանր… Սակայն անսովորն ու բացառիկը նրա էջերում տեղ գտած այն ողբերգական, ծանր զգացողություններն են, որոնք բզկտում են սեփական երկիրն ու հայրական տունը որպես օտարական, որպես պարզ մի զբոսաշրջիկ այցելած հեղինակի հոգին:
1987-ի ամռանը Կարպիս Տեր-Եղիայանը վերջապես կարողացավ իրականացնել տարիների իր երազը՝ մեկնել Արեւմտյան Հայաստան ու Կիլիկիա, գնաց իր արյան կանչի հետեւից, իր նախնիների երկիրը: Ճամփա ելնելով Պոլսից՝ նա անցավ Ադանան, Այնթապը, Պերեճիկը, Մարաշը, Խարբերդը, Մուշը, Վանը, Էրզրումը, Ղարսը, Անին, մագլցեց սրբազան Արարատի գագաթը՝ այդ դժվար, տառապյալ ու սիրելի ճանապարհը անցնելով մեն-մենակ, երբեմն դիմելով թուրք պատահական վարորդների եւ ուղեկիցների օգնությանը, թաքցնելով իր ինքնությունը, լռեցնելով սրտում պոռթկացող կարոտ ու բողոք, կուլ տալով արցունքները, հաճախ սեղմելով բռունցք ու ատամ…
Դա ուխտագնացություն էր պատմության մեջ, սրբազան ժամադրություն արմատների ու անցյալի հետ, դառն ու դժվար մի փորձություն, երբ մարդը ապրում է ոչ միայն պահի ու ժամանակի մեջ, այլ վերապրում է իր պապերի ու տատերի կյանքը, նրանց տառապանքները, ողբերգություններն ու մահը:

Մեկիկ-մեկիկ լռելյայն այցելելով Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի երբեմնի հայահոծ քաղաքներն ու գյուղերը՝ հեղինակի (որը թոռն է Խարբերդի եկեղեցու ավագ քահանայի) բզկտվող, երկատվող հոգին անընդհատ տարուբերվում էր անցյալի ու ներկայի, տիրոջ եւ օտարականի, կորստի ու երազի, բողոքի ու պայքարի միջեւ:

«Էությունս կլիանար, եւ միեւնույն ժամանակ պարապություն մը կզգար հոգիս, եւ այդ պարապության մեջ անպատասխան հարցերու շարան մը դարբնի մուրճի աղմուկով կիջներ ունկերուս: Այդ ճամփորդությունը ինձի համար առիթ էր արմատներս նոր կենսահյութով հարստացնելու: Հոգեմաշ օրեր ապրեցա, երբ Խարբերդի մեջ հորս տունը գտա: Օտարներ ինձի ներս թողուցին իմ տունը՝ առանց գիտնալու, թե ով եմ: Լացս կուգար, բայց ով ըլլալս չմատնելու համար կուլ կուտայի արցունքներս: Մեր տան «տերերուն» ներկայացեր էի որպես հին տուներու սիրահար լուսանկարիչ մը»,– այսպես է նկարագրել իր զգացումները հարցազրույցներից մեկում դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանը:

Այո, նա խոսեց, բողոքեց, աղոթեց, խոստովանեց լռության մեջ, իր ներսում, իսկ վերադարձից հետո այդ ամենը հանձնեց թղթին՝ խորագրելով այն «Զրույցներ լռության մեջ»: Բայց լռությունը միանգամից պայթեց, երբ ի լուր աշխարհի այդ «Զրույցները» անգլերեն լեզվով լույս տեսան Ամերիկահայ միջազգային քոլեջի հրատարակչության կողմից:

Ամերիկյան բազմաթիվ թերթերում ու ամսագրերում այդ գրքի մասին տպագրվեցին ընդարձակ գրախոսականներ՝ շարժելով թուրք դեսպանների եւ հյուպատոսների զայրույթը:

Գիրքն ուղարկվեց ամերիկյան կոնգրեսի բոլոր անդամներին ու ծերակուտականներին: Վավերագրական հարուստ նյութը, լուսանկարներն ու քարտեզները, պատմական, էթնիկական, աշխարհագրական, մշակութաբանական բոլոր փաստարկները, հեղինակային անմիջական եւ հուզիչ խոսքը շատ-շատերին առաջին անգամ խորհել տվեցին, թե իրականում ի՞նչ է նշանակում Հայկական հարցը, եւ թե ինչո՛ւ Հայ դատը մնում է միջազգային կարեւորության հարց, որի չըմբռնելն ու չլուծելը ամոթ եւ անարգանք է մարդկության համար:

Որպես անմիջական ականատես, հեղինակն ի հայտ է բերում այսօր էլ շարունակվող թուրքական պաշտոնական քարոզչության ողջ սուտն ու կեղծիքը, պատմական փաստերն աղավաղելու, նենգափոխելու, ուրանալու նրանց համառ ջանքերը: Գրքի ամենահուզիչ, նաեւ զայրույթ հարուցող դրվագներից մեկն այն է, երբ զարմանալի զուգադիպությամբ հեղինակը ներկա է լինում սրբապիղծ այնպիսի մի արարողության, երբ Այնթափի Ս. Աստվածածին եկեղեցին թուրքերը մզկիթի էին վերածում՝ միայն իրենց հատուկ գայլային ձեւերով ու մեթոդներով: Սակայն ինչպես վկայում է հեղինակը, ամեն ինչ չէ, որ կարելի է մեռցնել ու վերափոխել բռնությամբ եւ վայրենությամբ: Այդ տառապյալ հողի վրա դեռ կան, ապրում են հայության կյանքի քարեղեն ապացույցներ, դեռ կան մարդիկ, որոնք հայությունը պահում են ծպտված հագուստների տակ, հոգիների ներսում, ուր անկարող է թափանցել բարբարոսի ձեռքը: Այս ամենի նկարագրությունը գիրքը դարձնում է ոչ միայն առավել հուզիչ, այլեւ հույսի փոքրիկ սերմեր է ցանում կորստի ու տառապանքի այդ մեծ ողբերգության մեջ:

«Այս ուխտագնացության արձանագրությունը ոչ միայն նկարագրականն է հայ ոգիին եւ մեր պապենական հողին գեղեցկության, այլ նպաստ մը, որ պիտի ծառայե զորացնելու մեր կապերը մեր հայրենիքի հետ: Հատորը մասնավորաբար օգտակար պիտի ըլլա նոր սերունդին համար՝ հասկնալու եւ արժեվորելու մեր հորենական ժառանգությունը եւ մեր լինելիությունը…»,– այսպես է գրել գրքում զետեղված հանձնարարականում Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը:

Այս սուրբ գործը՝ նոր սերնդին ազգային արմատներին ու հայրական ժառանգությանը կապելը, դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանի կյանքի գլխավոր նպատակն է, որ նա իրականացնում է ամեն պահ, ամեն ժամ, Ամերիկահայ միջազգային քոլեջում տարվող իր ամենօրյա տքնաջան աշխատանքով, կրթական ու մշակութային, ազգային եւ հասարակական անհավատալի լայնածավալ աշխատանքով, իր արածի պատասխանատվության ու կարեւորության գիտակցումով: Նա այն մարդկանցից է, որոնց գոյությունը ամրապնդում է հավատը, թե աշխարհի ամենադժվար անկյուններում էլ հարատեւելու է հայը, գնալու է իր պապերի ու հայրերի երազների եւ հիշողության հետեւից ու մի օր անպայման վերադառնալու է Երկիր՝ ոչ որպես օտարական կամ սովորական ճամփորդ, այլ որպես երկրի, հողի ու տան տեր:

Հ.Գ. Այսօր դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանը հիմնադիր տնօրենն է Լոս Անջելեսում գործող «Մաշտոց» քոլեջի:

You may also like...