Զարեհ Որբունի. «Ես կհավատամ և կհպարտանամ հայ երիտասարդներով»

Գարուն, 1967թ., թիվ 7

Հայրենական գրական հասարակությունը գիտե այս անունը։ Զարեհ Որբունի 1946 թվականին Փարիզեն գալով, մասնակցեցավ Հայաստանի գրողներու 2-֊րդ համագումարին։ Տեղ մը Որբունի ըսած է, թե ինք չի սիրեր ինք֊նակենսագրական գրել, քանի գրողի մը կենսագրությունը իր գործերուն մեջ կգտնվի, իր երկերուն յուրաքանչյուր տողին մեջ։ «Հայաստան» հրատարակչությունը իրմե հատոր մը ունի մամուլի տակ, որ լույս կտեսնե 1967 թվականին։ Ինք չի սիրեր կենսագրություն պատմել, բայց մենք կսիրենք ծանոթանալ իր կյանքի ելևէջներուն։

1902 թվականին ծնած է Սև ծովի թրքական ափերուն — Օրտու։ Պատանի, հայրը զոհ կըլլա մեծ եղեռնին, իսկ ինք կապաստանի Սևաստոպոլ։ 1919 —1922 թթ. կհաճախե Պոլսո հայտնի Պերպերյան վարժարանը։ Քեմալական շարժումեն վերջ, զինք կտեսնենք Մարսիլիո մեջ, ուր կմնա մինչև 1924։ Անկե ի վեր Փարիզ կապրի, եթե չհաշվենք այն, որ քանի մը տարի որպես գերի կմնա Գերմանիա։ Արձակագիր է: Հրատարակած է վեց անուն գիրք, վեպ, հուշագրություն, պատմվածքներ: Հրատարակելի ունի ևս չորս գիրք։

Ահա Որբունին։ Բայց բան չհասկցանք, պիտի ըսեք։ Իրավունք ունիք, համբերեցեք։

– Որբունի՞։

– Ծո, խայտառակ, դարձյա՞լ եկար։

Փարիզի իր բնակարանին մեջ ենք։ Սեղանին վրա կուգան զինվորներու պես շարվիլ զանազան խմիչքներ։ Հայրենական կոնյակը իր պատվո տեղը չի զիջիր ոչ մեկ խմիչքի։

Որբունի նոր վերադարձած է Բեյրութեն։ Հայկական հոծ զանգվածներու իր վրա թողած տպավորության տակ է ինք։ Խանդավառ է՝ մանավանդ սփյուռքահայ գրողներու համագումարի մը կազմակերպման հարցով։ Ինք ըրավ կոչը, ինք մեկնեցավ Բեյրութ և արդար է, որ ինք խանդավառ ըլլա իր ըրածով։ Տխուր է, որ իրեն առիթ չէ ընծայված Հայաստանի գրողներու վերջին համագումարին մասնակցելու, որովհետև ըսելիքներ ուներ…

– Այդ ըսելիքներդ հիմա ալ կրնաս ըսել մամուլով։
– Այո, այո, այդ ալ ճիշտ է։

Ու մենք երկար կխոսինք Հայաստանի, մեր գրողներուն, ֆրանսական գրականության ու խել մը ուրիշ հարցերու շուրջ։ Զարմանալի կորով մը ունի Որբունի։ Հպարտ է որպես հայ գրող։ Ամեն անգամ, որ հայ մը իրեն հանդիպի, հարցնե նյութականեն ու գործեն՝ «Ծո լավ եմ, լավ,— Կըլլա պատասխանը։— Լրիվ կապրիմ կյանքը ու, ինչ որ ավելի կարևոր է, կշարունակեմ գրել, կգրեմ առանց լալու, պիտի գրեմ առանց լալու»։

– Գիտե՞ս, Թորոս, մարդիկ կան տակավին, որոնք հայ գրողին վրա վերեն կնային, չեմ հասկընար թե ինչո՛ւ։ Իրենց դրամի՞ն պետք ունինք, ոչ։ Իրենց գութի՞ն, երբե՛ք։ Կանք, կապրինք ու կգրենք։ Պետք է բարձր պահել սփյուռքահայ գրողին արժանապատվությունը, բարձր, քանի ամեն բանե վեր գիրք ալ կհրատարակենք և ձրի կղրկենք մեր բարեկամներուն։

– Բայց, Որբունի, գիտե՞ս որ բոլոր ըսածներդ պիտի գրեմ հայրենական նոր ամսագրի մը մեջ, որ «Գարուն» կկոչվի։

– Խայտառակ, սկիզբեն չըսե՞ս։ Ուրեմն գրե:

Մարդը խմոր մըն է, երբ կծնի։ Մեծնալով է, որ մարդ պիտի դառնա։ Խմորին մարդ դառնալուն մեջ խոշոր բաժին մը ունի գրողը։ Վայ այն գրողին, որ իր գործերով խմորին մարդ դառնալուն արգելք կըլլա։

Այսօր, քանի այս տեսակցությունը Հայաստանի երիտասարդ գրողներու նոր օրգանին համար պիտի ըլլա, կուզեմ խոսիլ նորարարության մասին։ Խեղճ բառ, շատ կչարչարվիս մեր օրերուն։

Նորարարություն։ Հասնողը նորարարության մասին կխոսի։ Բանաստեղծության մեջ դասական ընկալյալ ձևերե խուսափիլը նորարարություն է շատերու աչքին, պոռչտուքով պահանջ մը ներկայացնելը՝ նորարարություն։

Այնինչ, լեզվի գործածության, իմացականության գործածության, տիեզերքը ըմբռնելու և զայն վերարտադրելու տեսակետեն թեքնիք նորարարություն չեմ տեսներ Հայաստանեն ներս թե դուրս։ Եղածը քիչ մը ամեն տեղ, ու հատկապես մեր բնօրրանին մեջ, ոչ թե նորարարություն է, այլ գրականությունը պահպանողականութենեն դուրս բերելու ուրախալի ճիգ մը։

Երբ այս խոսքերը կըսեմ, առաջին առիթով Պարույր Սևակը նկատի ունիմ։ Ուրիշներ ալ կան արձակի թե բանաստեղծության մեջ, որոնց ճիգը կգնահատեմ։ Ով ինչ ըսե, թող ըսե։ Այս շարժումը պիտի ընդլայնի, պիտի քալե։ Կան մարդիկ, որ դժգոհ են եղածեն։ Բայց դժգոհները չեն մտածեր, որ կյանքը թեզի, անտիթեզի ու սինթեզի շղթա մըն է։

Հիմա նոր թեզ մը մեջտեղ կդրվի, որ իը անտիթեզը պիտի ունենա, սա դիալեկտիկա է։ Բորին դեմ պայքարիչը ոչ միայն անօգուտ է, այլ հայտարարն է թշվառական հոգեբանության մը։ Նորին համար հիները պարտ են ուրախանալ: Հինը նորին մեջ կշարունակվի։ Առանց նորի հինը մեռած է։ Չեմ հասկնար, հիները մեռնի՞լ կուզեն արդյոք իրենց կենդանության։

Քսանամյա երիտասարդի մը նման ոտքի կելլե Որբունի ու իր գրադարանի դարակեն, դուրս կբերե Ռոմեն Ռոլանի «Ժան Քրիստոֆի» վերջին հրատարակությունը։

«Ժան Քրփստոֆը» ամփոփված է մեկ հատորի մեջ։ Սքանչելի կողք, գեղեցիկ գիր, բարակ ու ամուր թուղթ:

– Եկուր քեզի հետ կարդանք սքանչելի մար¬դուն ու մեծ գրողին վերջին խոսքերը։ Կարդանք ու տես թե, երբ մարդ իսկապես մեծ է, ինչպես կմտածե։ Ահա Ռոլանի խոսքերը.

«Մնաք բարով ժան Քրիստոֆին: Ես գրեցի ողբերգությունը սերունդի մը, nr պիտի անհետանա: Ես չուգեցի ոչինչ ծածկել անոր մոլություններեն և առաքինություններեն, իր ճնշիչ տխրութենեն, իր քաոսական գոռոզութենեն, իր հերոսական ճիգերեն բան չծածկեցի: Իր գերմարդկային ճիգին ծանր բեռին ճնշումներեն՝ ամբողջ գումար մը աշխարհի, բարոյական մը, գեղագիտություն մը, հավատք մը, նոր շինվելիք մարդկություն մը, ահավասիկ ինչ որ եղանք մենք: Մարդիկ, այսօրվան մարդիկ, երիտասարդներ, ձեր կարգին մեր մարմինները ըրեք ճանապարն և քալեցեք անոր վրայեն դեպի առաջ: Եղեք ավելի մեծ, ավելի երջանիկ:

Ես ալ մնաս բարով կըսեմ իմ անցյալիս, զայն կնկատեմ իմ ետևս իբրև պարապ պահարան մը: Կյանքը հաջորդականությունն է մահերու և հարություններու: Մեռնինք ժան Քրիստոֆ վերածնելու համար»:

Դարձյալ ոտքի կելլե Որբունի ու.
— Ահա գրողը, սիրելիս, այս է գրողը։ Կայունությունը բնականորեն ճահճային կյանք մը կստեղծե եւ անխուսափելի է նորերուն ճիգը անկե դուրս գալու համար։
Սա տիեզերական օրենք է։ Հիները կամ մեծերը պետք է ուրախանան, որ կշարունակվին, այլապես մահն է, որ կուգա, իրենց իսկ մահը:

Նորերու երևալը, թթվածինի առատանալուն նշանն է։ Նորերը երկարող շղթային նոր օղակներն են, առանց իրենց կտրված է շղթան։ Վայ շղթան կտրել փորձողին։ Հայաստանի մեջ երիտասարդական այu շարժումը նոր ոգի տվավ նաև մեզի, սփյուռքահայ գրողներուս։ Մեր պոկված լեզուն վերստացանք։

Կհասկնա՞ս, ըսե տեսնիմ, կհասկնաս ըսել ուզածս։ Ես «Անլռելի զանգակատունը» երբ ձեռքս առնեմ, որևէ հայու մոտ նստելով կրնամ կարդալ զայն, որևէ հայ այս գիրքով կբոլորվի Հայաստանի շուրջ։

«Գարունը» սկսած են երիտասարդները։ Սկսիլը գործին կեսն է։ Սկսած են ու պիտի շարունակեն։ Սկսած են ու պիտի հաջողին։ Ես իրենց մեջ հեռվեն կըզգամ արվեստի կիրքը, կիրքը գեղեցիկին հանդեպ։ Ես կհավատամ հայ երիտասարդներուն։ Եմ գոյությունս իրենցմով հպարտություն մը կդառնա։ Ոչ միայն իմ ըրածովս, այլ իրենց ընելիքովը աշխարհ գալուս չեմ զղջար։

Թորոս Թորանյան

You may also like...