Զարդանկարներ և արվեստի գործեր

Պատմության ընթացքում Մայր Տաճարը զարդարվել է արվեստի հիասքանչ գործերով, որոնք պատկանում են տաղանդավոր հայ նկարիչների վրձիններին։ Առանձին խումբ են կազմում Ավագ Խորանի բեմին պատկերված նկարները։ Կենտրոնում գտնվում է Աստվածամայրը, իսկ նրա աջ և ձախ կողմերում պատկերված են 12 առաքյալները։ Այս  պատկերազարդումները կատարվել են 1726-1729 թթ. Հակոբ Հովնաթանյանի կողմից՝ Կարապետ Բ Ուլնեցի (1726-1729թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվերով։ Նկարների աջ և ձախ կողմում պատկերված են Ստեփանոս Նախավկան ու Փիլիպոս սարկավագը։ Վերջին երկու նկարները ստեղծվել են Հովնաթանյանների հաջորդ սերնդի՝ Մկրտում Հովնաթանյանի կողմից։
Մայր Տաճարի ներքին հարդարանքն ամբողջանում է սրբապատկերներով և արվեստի գործերով, որոնք նվիրված են Տիրոջը, առաքյալներին և եկեղեցու ու ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացած պատմական դեմքերին։ Մայր Տաճարում, Տիրոջը պատկերող նկարների շարքում իր ողջ խորհրդավորությամբ ու վարպետությամբ առանձնանում է Խաչելության կտավը։ Խաչված Տիրոջ երկու կողմերում կանգնած են Աստվածամայրն ու Հովհաննես Ավետարանիչը։ Նկարի երկրային մասնիկը Տիրոջ արյունն է, որը խորհրդանշում է աշխարհի փրկությունը Քրիստոսի արյան միջոցով։

2001 թ. Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ ամերիկահայ բարերարներ Ռիչարդ և Լուիզ Մանուկյանների հովանավորությամբ Մայր Տաճարի նկարազարդումները՝ որմնանկարներն ու կտավները, թարմացվել են: Ներքին հարդարանքի վերականգնողական աշխատանքների ժամանակ որմի ծեփքի տակ հայտնաբերվել են խաչքարեր։

 

You may also like...