Երևան-Ուոթըրթաուն, Բոստոն (ԱՄՆ)

«Հայություն», 1993թ. ապրիլ, թիվ 5 (23)

Իմ սիրելի՛ ազնվական եղբայր Հակոբ Կարապենց

Հիմա հայոց աշխարհում ոչ մի բանի վրա չպիտի զարմանալ, միայն երկու օր առաջ ձեռքս ընկավ «Նորք» հանդեսի 92-ի թիվ 1-2-ը: Կարդացի քո «Վերադարձ ու վագր»–ը և մտքովս անցավ քեզ նամակ գրել։ Որքան կարողացա հասկանալ՝ քո «խորհրդապաշտական» դրվածքը մարդու մենակության տրտմալի երգն է, հայ մարդու մենակությունը, որ հայտնվել է օտար ափերում։ Ես աշխարհի տարբեր ծագերում հանդիպել եմ այդպիսի մարդկանց և ինձ հասկանալի է այդ մեղեդին։ Իսկ վագրը չկա, վագրը Վաչեի պատրանքն է։ Բայց եթե չկա (որ լավ երևում է մոր և մանչուկի այնքան գրված երկխոսությունից, մատուցողի զարմանքից), հապա ինչպե՞ս հասկանալ Հարվարդի պուրակում պատահածը՝ չէ՞ որ իսկապես շտապ օգնության մեքենա է գալիս, տանում դիակը, և մարդիկ տեսնում են կատարվածը։ Դա՞ էլ երևակայության արդյունք է։ Այստեղ պայմանականությանը կարծես խախտվում է։

Շատ լավ է նկարագրված ձեր Ուոթըրթաունը, Հարվարդի պուրակի ժխորը՝ ճիշտ իմ տեսածի նման, այն օրվա տեսածի, երբ դու ինձ իմաստուն խորհուրդ տրվեցիր՝ մեն-մենակ գնալ պուրակ, ապա Քենեդիի փողոցով հասնել Չարլզ գետը։ Ամբողջ ցերեկը ես մենակ ու անշտապ քարշ եկա պուրակում, շրջակա փողոցներում, և դա եղավ իմ ամերիկյան վառ տպավորություններից մեկը։ Ասեմ նաև «Նյու Յորք, Նյու Յորք» պատմվածքում պատկերածդ Նյու Յորքը շատ «նման» է իմ տեսած Նյու Յորքին։

Ինչևէ, այս գրվածքդ իմ հավանած քո այն գրվածքների կողքին է, որոնց վերնագրերն են՝ «Անտառում», «Աքսորը», «Աշնանային արձակուրդ», «Որդի, անունը՝ Մայքլ», «Հինգ
հոգի Կորոնադոյամ»։

Ի՞նչ նոր բաներ ես գրում քո խաղաղ, անդորրավետ փողոցի հոգեպարար առանձնատան գրելու տրամադրող աշխատասենյակում։ Լույս տեսնեն՝ ուղարկիր։ Այստեղ հայտնի պատճառներով գիրք գրեթե չի հրատարակվում, դրան հակառակ՝ հրապարակախոսության հեղեղ, ինչքա՛ն ուզես, չես էլ հասցնում կարդալ…

Ի դեպ, «Կանաչ աքսոր» վեպդ, «Սև ու սպիտակ» խոհագրություններդ, «Անդրոմեդա գնացող կա» պատմվածքներիդ գիրքը ե՞րբ են մեջտեղ գալու։ Թե՞ լույս են տեսել, ու ես տեղյակ չեմ։

Անցած զարհուրելի ձմեռվա (ցուրտ և մութ՝ ի՞նչ կա ավելի վատ) երկար գիշերները, երբ գրելն անհնարին էր, անկողնում ծվարած, մոմի լույսով այն գրքերն էի կարդում, որ պատանի կամ ուսանող եղածս ժամանակ էի կարդացել՝ Սվիֆթի «Գուլիվերը», Նալբանդյանի «Երկրագործությունը», Դանտեի «Կատակերգությանը», Աբովյանի «Վերք Հայաստանին»… Եվ ես Աբովյանի վեպը, մյուսները ևս, նորից հայտնաբերեցի, մարդ, երևի, կարևոր գրքերը մեկ էլ օր ծերության պիտի կարդա։ Զարմանալի գիրք է, եղբա՛յր, ի՞նչ տարերային թափ, պատանեկան անկեղծության, արևելյան-սենտիմենտալ զգացմունքների ինչպիսի՜ հեղեղ, հանճարեղ նկարագրություններ (Երևանի բերդը, քեդխուդաների քեֆը, Անին)։ Հապա լեզո՜ւն, թեկուզև գիտակցված խառնածին, կոշտ ու կոպիտ բարբառ, բայց ինչպիսի՜ գույներ, նախաստեղծ գեղեցկությո՜ւն։

Հայրենասիրական հրաբուխի մասին այլևս չեմ խոսում, զուր չէ, որ Իսահակյանն ասում էր՝ գրքեր կան, որ հայրենիք են ստեղծում, դրանց մեջ հիշելով Խորենացու պատմությունը և «Վերքը»։ Չգիտեմ, կա՞ արդյոք այդպիսի թափով, տեմպերամենտով գրված վեպ (պոեզիա կա՝ Դանտեն, Նարեկացին, Ուիտմենը), բայց վեպ՝ չգիտեմ։ Գուցե ես հիմա տառապում եմ ազգային սահմանափակությամբ, որից հեռու եմ վանվում, ինչպես սատանայից, բայց ահա խնդրե՜մ, չսիրածս ուղտը չոքեց առաջիս։

Ժամանակ ունենաս, նորից կարդա, չե՛ս զղջա։

Մի գիրք էլ պիտի խնդրեմ, որ կարդաս, եթե միայն չես կարդացել՝ Ծառուկյանի «Մեծերը և… մյուսները»։ Հետմահու հրատարակություն է։ Իրեն հատուկ պարզ, անսեթևեթ ոճով (իմ սիրած հատկանիշը գրական արվեստում), իրենից անբաժան հումորով գրողն այնպես է պատմում Աղբալյանի, Շանթի, Դրոյի, Վրացյանի, Կոստան Զարյանի, Շավարշ Միսաքյանի, Չոպանյանի, Օշականի մասին, որ մարդիկ կենդանի կանգնում են առաջիդ։

Ես շատ եմ հավանում Մուշեղ Իշխանի «Իմ ուսուցիչներս» գիրքը ևս (Բեյրութ, 84թ.)։ Այստեղ ևս կենդանագործված են Օշականը, Աղբալյանը, Շանթը, Վրացյանը, Կոստան Զարյանը, այս շարքում նաև՝ Նիկողայոս Ադոնցը և Վահան Թեքեյանը։ Զարմանալի է, թե երկու գրողի ներկայացրած դիմանկարները որքա՜ն բռնում են իրար: Դա երկուսի էլ ճշմարտացի լինելու ապացույցն է։

Անդրանիկ Ծառակյան և Մուշեղ Իշխան՝ երբեմնի դասընկերներ և կուսակցական ընկերներ, երկուսի հետ էլ ունեցել եմ անձնական շփումներ, երկուսով էլ հմայվել եմ (դա իմ փեշակն է, ինձ մարդ տուր, հմայվեմ), բայց Ծառուկյանն իր անկանոն, օրենքի չենթարկվող խառնվածքով ավելի մոտ էր իմ սրտին։ Ափսո՜ս, որ գնացին, Վահրամ Մավյանն ու Արմեն Դարյանն էլ գնացին՝ մեր գրականության անդաստանն անխղճորեն աղքատացնելով։ Չեմ ասում սփյուռքահայ՝ հայ գրականության անդաստանը։

Եկել է ժամանակը, որ ժամանակակից հայ գրականության պատմությունը գրվի առանց այդ արհեստական բաժանումի։ Մենք հրաժեշտ ենք տալիս արևելահայ և արևմտահայ բաժանումներին՝ գրականության և թատրոնի պատմությունները շարադրվում են առանց անջրպետման, պետք է հրաժեշտ տանք խորհրդահայ և սփյուռքահայ հասկացություններին ևս. մի՛ ժողովուրդ, մի՛ գրականություն։

Իմ (մեր) վիճակի մասին ոչինչ չեմ գրում, գիտեք էլի: Ձանձրալի է նույնիսկ։ Ասեմ միայն՝ ծերացա այս ձմեռ։

Կարոտով, մոտալուտ հանդիպումի տարտամ հույսով՝
քո՝ Լևոն Հախվերդյան

12. ապրիլ, 93թ., Երևան

You may also like...