«Երջանիկ եմ, որ հայագիտությանը կծառայեմ»

«Հայրենիքի ձայն», 2 հոկտեմբերի, 1985թ.
Սեյրանուհի Գեղամյան

Աշխարհի ավելի քան 70 համալսարաններում ու քոլեջներում ստեղծվել եւ գործում են հայագիտական ամբիոններ ու դասընթացներ: Հայագիտական բավականին ծանրակշիռ ամբիոն է գործում նաեւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA): Այն ղեկավարում է նշանավոր հայագետ, պրոֆեսոր Ավետիս Գ. Սանճյանը, որ օրեր առաջ Երեւանում մասնակցում էր հայ արվեստին նվիրված միջազգային 4-րդ գիտաժողովին: Նրա հետ ունեցած հանդիպումից էլ ծնվեց հարցազրույցը անվանի հայագետի հետ:

– Հայտնի է, որ Ձեր գործունեությունը, հարգելի պրոֆեսոր, մեծապես նպաստել է հայագիտության սկզբնավորմանն ու զարգացմանը ԱՍՆ-ում եւ, եթե կարելի է այսպես ասել, այդ հարցում Դուք պատմական դեր ունեք:

– Այո, թերեւս, քանի որ հայագիտական առաջին պաշտոնը ԱՄՆ-ի մեջ ես եմ ստանձնած: Արեւելագիտության ասպարեզին մեջ դոկտորական պաշտպանելե ետք, 1957 թվականին պաշտոնի հրավիրվեցա Հարվարդ համալսարան: Արեւելագիտության բաժանմունքի տնօրենը իմանալով, որ հայ եմ, առաջարկեց զբաղվել հայագիտությամբ: Եւ ես սիրով լծվեցա այդ գործին: Իմ առաջին խնդիրն էր գիրք պատրաստել Սիրիո հայկական գաղթօջախների պատմության վերաբերյալ, սակայն մեկ տարի անց հարկ եղավ, որ գրաբարի դասախոսություններ կարդամ համալսարանին մեջ: Այսպես լծվեցա թե՛ գիտահետազոտական ու թե՛ մանկավարժական աշխատանքի: Սկսեցա հայագիտական դասընթացներու՝ գրաբարի, լեզվի եւ մշակույթի պատմության վերաբերող դասախոսություններու շարք մը կարդալ: Այդ շրջանին էլ ավարտեցի առաջին գիրքս: 1965 թվականին հրավիրվեցա Կալիֆորնիայի համալսարան՝ հիմնադրելու հայագիտական ամբիոն: Այստեղ էլ ստացա պրոֆեսորի կոչումը, իսկ հետո, երբ պաշտոնապես հաստատվեցավ համալսարանի Գրիգոր Նարեկացիի անվան հայագիտական ամբիոնը, անոր տնօրեն նշանակվեցա:

– Ինչպիսի՞ն է ամբիոնի ուսումնական ծրագիրը, ի՞նչ առարկաներ են ուսուցանվում:

– Առաջին հերթին հայոց լեզու՝ գրաբար եւ աշխարհաբար, հայ գրականության պատմություն եւ հայ ժողովրդի պատմություն: Մեր ուսանողները կպատրաստվեն մագիստրոսական եւ դոկտորական կոչումներու: Ներկայիս ունինք 12 ուսանող, որոնք այդ կոչումներու թեկնածուներ են: Բացի այդ, մի քանի հարյուր ուսանողներ կհետեւեն մեր դասընթացներուն՝ առանց մասնագետ դառնալու նպատակադրումի:

Մեր գործունեությանը մեծապես կնպաստե համալսարանի գրադարանը, որն ունի հայագիտական ամենեն ստվարածավալ հավաքածուն ԱՄՆ-ի մեջ՝ ավելի քան 18 հազար կտոր գիրք: Այն հատկապես հարստացավ, երբ 1968թ. մեր համալսարանը գնեց դոկտոր Կարո Մինասյանի (Իսպահանեն) անձնական շատ ճոխ գրադարանը: Անոր հավաքածուին մեջ կային ոչ միայն հայերեն, պարսկերեն եւ եվրոպական լեզուներով տպագիր գրքեր, այլեւ մոտ 2000 ձեռագիր հազվագյուտ գրքեր, որոնց մեջ ավելի քան հարյուրը հայերեն են: Այս ձեռագիրներու մեջ կգտնվի բացառիկ արժեք ներկայացնող ավետարան մը՝ գրված 1300 թվականին Գլաձորի համալսարանին մեջ, Եսայի Նչեցիին համար: Մոտ ժամանակներս պրոֆեսոր Թոմաս Մեթյուզը եւ ես կավարտենք մեծածավալ ուսումնասիրություն մը այս ձեռագրի մասին:

– Հայագիտական ուրիշ ի՞նչ աշխատություններ եք հրատարակել:

– Իմ ուսումնասիրություններիս արդյունք են շարք մը աշխատություններ, որոնք հրապարակված են ինչպես հայերեն, այնպես եւ անգլերեն: Հրատարակած եմ «Պատմական Սիրիայի հայկական գաղութները օսմանյան տիրապետության շրջանին» աշխատությունը, «Ձեռագրաց հիշատակարանները (1301-1480թթ.)»: Վերջինս ժողովածու մըն է հիշատակարաններեն քաղված պատմական տեղեկությունների, որոնք ներկայացված են որպես պատմական սկզբնաղբյուրներ: Ժողովածուի ընդարձակ ներածականի եւ ծանոթագրություններու մեջ կբացահայտվեն հիշատակարանների առանձնահատկությունները:

Երրորդ գիրքը հայերեն ձեռագրաց ցուցակն է, ընդարձակ աշխատություն, որ կբովանդակե ԱՍՆ-ի գրադարաններու ու թանգարաններու մեջ գտնվող 180 հայկական ձեռագրերու եւ պատառիկներու գիտական նկարագրությունը: Այս եւս ունի ընդարձակ ներածություն, որտեղ կբնութագրվեն այդ ձեռագրերու բովանդակությունն ու արժեքը: Գիրքը պատրաստված է անգլերեն, սակայն հիշատակարաններն ամբողջությամբ դրված են հայերեն բնագիրներով: Հաջորդ գիրքը, որ պատրաստած եմ ծանոթ ավստրիացի թրքաբան Անդրեաս Թիցոի հետ, կկոչվի «Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի հայատառ թրքերեն սիրավեպը»: Այն հիմնված է երկու ձեռագրերու վրա, որոնցմե մեկը կպահվե Նյու Յորքի գրադարանին մեջ, մյուսը՝ Երեւանի Մատենադարանին: Ես գրած եմ առաջաբանի մեկ մասը՝ Երեմիայի կենսագրական տեղեկություններով եւ նույն սիրավեպին հայերեն-թրքերեն եւ հունարեն տարբերակներու վերլուծական համեմատություններով:

Գրած եմ «Երուսաղեմի հայ գանձերը» գիրքին ընդարձակ ներածությունը: Ունեմ նաեւ դասական հայերենի քերականությանը նվիրված դասագիրք, ավելի քան չորս տասնյակ հայագիտական նյութեր՝ լույս տեսած Ամերիկայի եւ հայագիտական այլ պարբերականներու մեջ:

– Հարգելի պրոֆեսոր, Ձեր ջանքերի շնորհիվ 1983-ին լույս տեսավ շատ արժեքավոր մի գիրք՝ Վահան Թեքեյանի ստվարածավալ նամականին, որն արժանացավ Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին: Ինչպե՞ս առաջացավ այդ նամականին կազմելու գաղափարը:

– 1979-ի աշնանը, երբ Վահան Թեքեյանի ստեղծագործությանը նվիրվելիք մենագրություն մը պատրաստելու համար կուսումնասիրեի քերթողին անձնական ֆոնդը Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին մեջ, գաղափար հղացա անոր նամականին հրատարակել մեկ գրքով: Բանաստեղծի մտերիմ բարեկամ Միքայել Կյուրճյանի ֆոնդին մեջ եւս 70 նամակներու հայտնաբերումը ավելի հաստատեց իմ մտադրությունը: Այդ գաղափարը կզուգորդվեր նաեւ Ամերիկայի Թեքեյան մշակութային միության Կեդրոնական վարչության՝ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին առթիվ շարք մը հրատարակություններ լույս ընծայելու ծրագրին: Ընդառաջելով այդ կազմակերպության վարչության բաղձանքին, հաճույքով հանձնառու եղա կազմելու նամականին:

Ժողովածուն կընդգրկե Թեքեյանի 315 նամակները եւ կներկայացնե բանաստեղծի գրական ժառանգության սեռերեն մին, որ անտարակույս նոր լույս կսփռե բանաստեղծի կենսագրության ցարդ անծանոթ էջերու վրա: Այն ավելի լրիվ պատկերացում կուտա Թեքեյանի անձին ու նկարագրին մասին, կպարզե անոր հանապազօրյա կյանքը՝ իր բազմապիսի վերիվայրումներով, միաժամանակ հստակ գաղափար մը կազմել կուտա անոր ապրած ժամանակաշրջանի արեւմտահայ եւ սփյուռքահայ իրականության անցուդարձի, բանաստեղծի քերթողական եւ լրագրական գործունեության հանգամանքներու մասին: Թեքեյանի նամակների ընթերցումը այն մտքին կհանգեցնե, թե որչափ զգլխիչ է ուսումնասիրել բանաստեղծի գրական արգասիքը եւ հանրային գործունեությունը, նույնքան սրտահույզ է զբաղիլ իր կյանքով: Հիրավի, որքան ավելի մոտեն ծանոթանանք իր կյանքին, այնքան ավելի կսիրենք եւ կգնահատենք զինքը՝ իր կրած խաչին համար եւ այնքան ավելի խոր կերպով կհասկնանք իր ցավագինորեն անձնական, մարդկային ու համամարդկային բանաստեղծության ուժականությունը:

– Իսկ ի՞նչ նոր աշխատություններ եք պատրաստում:

– Արդեն սկսած եմ պատրաստել մեր համալսարանի հայերեն ձեռագրերու ընդարձակ ցուցակը: Նյութեր եմ հավաքած եւ կպատրաստեմ ծավալուն մենագրություն Գրիգոր Մագիստրոսի մասին: Սակայն իմ առաջին աշխատանքի կենտրոնական առանցքներեն մինը պետք է ըլլա հայագիտական մի նոր հանդեսի՝ «Journal of the Society for Armenian Studies» հրատարակումը, հանդես, որի առաջին թիվը լույս տեսավ 1984թ. նոյեմբերին, պարոն Ալեք Մանուկյանի մշակութային հիմնադրամի նյութական աջակցությամբ: Այն 220 էջանոց հատոր մըն է, որ կը պարունակե մեկ տասնյակե ավելի հայագիտական նյութեր եւ մոտ երկու տասնյակ գրախոսականներ: Հատորին մեջ շահեկան հոդվածներ կան Հայաստանի հնագիտության, պատմագիտության, գրականագիտության եւ հայագիտական այլ բնագավառներու վերաբերյալ: Ի դեպ, հատորի ստեղծմանը մասնակցած է ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը:

Այս ամենեն զատ հաճախակի մասնակցություն ունիմ հայկական գաղութին հասարակական, կրթական եւ մշակութային կյանքին:

– Ինչպես ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ում եւս գնալով մեծանում է հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ: Ինչո՞վ է պայմանավորված այդ հետաքրքրությունը եւ ինչպիսի՞ն է հայագիտության արդի վիճակը ԱՄՆ-ում:

– Հայոց լեզուն պատկանելով հնդեվրոպական լեզվաընտանիքին, մեծ հետաքրքրություն կներկայացնե ոչ միայն հայ, այլեւ արտասահմանի, մանավանդ, օտար հնդեվրոպաբաններու համար: Այն տեսակ մը բանալի կհանդիսանա վերականգնելու հազարամյակներ առաջ իր գոյությունը դադրած հնդեվրոպական ընդհանուր նախալեզվի կառուցվածքը, որոշելու անոր պատմական զարգացման օրինաչափությունները: Ասոր շնորհիվ է, որ հետզհետե կաճի հետաքրքրությունը հայերենի նկատմամբ: Մենք Ամերիկայի մեջ նախաքայլերը ըրինք այս ասպարեզին մեջ, բայց տարիներու ընթացքին հայագիտությունը ծավալվեցավ եւ այսօր ԱՄՆ-ի չորս համալսարաններուն մեջ՝ Կալիֆորնիա, Հարվարդ, Միչիգան, Կոլումբիա, կգործեն հայագիտական ամբիոններ: Ասկե զատ ավելի քան քսան քոլեջներուն կից կան հայագիտական դասընթացներ: Նման հետաքրքրության ազդակներեն մեկն ալ այն է, որ վերջին տարիներս հանգամանքներու թելադրմամբ շատ թիվով հայեր Արեւելքեն եկած են ԱԱՆ: Եւ հետո կարծես գաղութին անգլիախոս երիտասարդությունը եւս գնալով ավելի շատ կխանդավառվի հայերենով, որն ալ առիթ կըլլա ավելցնելու հայերենի ծրագիրները, հայագիտական բազմազան թեմաներու մասին գրքերու լույս ընծայումը:

Կարեւոր է շեշտել նաեւ այն, որ մեր գիտական ուսումնասիրություններու արդյունքը կհրապարակենք անգլերեն լեզվով՝ մեր սահմանափակ միջոցներով ջանալով նպաստել հայ ժողովուրդի մշակութային եւ գիտական ճանաչմանը ողջ անգլիախոս աշխարհին մեջ:

Սակայն կասկած չկա, որ այս հետաքրքրության ծավալման մեջ մեծ դեր կխաղա Հայաստանին մեջ գործող հայագիտական հիմնարկներու գործունեությունը, որ կը գտնվի շատ բարձր մակարդակի վրա: Եթե Հայաստանի մեջ չկատարվեր այդ մեծ աշխատանքը, տարակուսելի է, որ արտասահմանին մեջ հայագիտական աշխատանքները այս ծավալով եւ լրջությամբ ընթանային: Պետք է շեշտել, որ Երեւանը անառարկելի կենտրոն է հայագիտական բոլոր բնագավառներու մեջ եւ այդ կենտրոնը մեծ չափով կօժանդակե արտասահմանին մեջ հետզհետե զարգացող հայագիտության ծաղկմանը: Ահա թե ինչու ե՛ւ հայ, ե՛ւ օտարազգի գիտնականներ կարիք կզգան պարբերաբար այցելելու Երեւանի հայագիտական կենտրոնները, օգտվելու ձեռագրական, արխիվային, ճարտարապետական եւ բազմապիսի այլ նյութերեն:

– Անձամբ Դուք կապեր ունե՞ք Հայաստանի հայագիտական հիմնարկների հետ:

– Անշուշտ, ես շատ անգամ եղած եմ Հայաստանի տարբեր հիմնարկություններուն մեջ՝ պետք եղած նյութերն ուսումնասիրելու համար: Լայն կապեր ունիմ Հայաստանի գիտությունների ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, զանազան թանգարաններու հետ: Հայաստան հրավիրված եմ մասնակցելու հայ արվեստի միջազգային երկու գիտաժողովներուն, Դավիթ Անհաղթի 1500-ամյակին նվիրված տոնակատարություններուն, հայերենագիտության գիտաժողովին, Գլաձորի համալսարանի 700-ամյա հոբելյանին:

– Հայ արվեստին նվիրված միջազգային 4-րդ գիտաժողովում Դուք ի՞նչ զեկուցմամբ հանդես եկաք:

– Իմ զեկուցման նյութն էր «Գլաձորի գրչատան ժառանգությունը»: Ես կազմած եմ 68 հայերեն ձեռագիրներու ցուցակը, որոնք գրված կամ մանրանկարված են Գլաձորի մեջ: Ցուցակը կազմելու նպատակն էր ճշտել Գլաձորի գիտնականներու եւ ուսանողներու իմացական եւ գիտական հետաքրքրություններու շրջանակը: Ընդհանրապես ես երջանիկ կզգամ, որ պարագաներու բերումով իմ ամբողջ կյանքը նվիրվեցավ հայագիտությանը, եւ արտասահմանի մեր սահմանափակ միջոցներով կաշխատիմ օգուտ բերել այն մեծ գործին, որ է՝ հայագիտություն եւ հայապահպանություն:

You may also like...