Երուսաղեմի հայկական վանքերն ու եկեղեցիները

Երուսաղեմում կամ քաղաքի շրջակայքում գտնվող բոլոր եկեղեցիներն ու ուխտատեղիները կառուցվել են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Կույսի և Սուրբ Խաչի: Հետագայում եկեղեցիներ ու վանքեր են հիմնվել սրբերի անուններով: Երուսաղեմի հայկական սրբավայրերի վերաբերյալ տեղեկություններ կան բազմաթիվ աղբյուրներում: Հայ պատմագրության մեջ առաջին հիշատակություններին հանդիպում ենք Անաստաս Վարդապետի և Մովսես Կաղանկատվացու մոտ, որոնք հետագայում աղբյուրագիտական հիմք են ծառայում մյուս հեղինակների համար:

Երուսաղեմի հայկական վանքերն ու եկեղեցիները

Երուսաղեմի հայկական վանքերն ու եկեղեցիները

VII դարում Անաստաս անունով մի վանական` Համազասպ Կամսարական Պահլավունու խնդրանքով, որպես ականատես, ցուցակագրել է Երուսաղեմի հայոց սեփականությունը հանդիսացող սրբատեղիները` մանրամասն ներկայացնելով հայոց վանքերի պատմության նկարագրությունը «Վասն վանօրէից, որ ի Սուրբ քաղաքն Երուսաղէմ» («Վանորեից ցուցակ») աշխատության մեջ: Ըստ այդ աշխատության` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ունեցել է 72 վանք ու եկեղեցի: Ամեն մի հայ նախարարական տուն կառուցել է եկեղեցի Ավետյաց Երկրում: Համաձայն պատմագրության` Անաստասը որոշ ժամանակ Բյուզանդիայի Հերակլ կայսրի զորքերի ընդհանուր հրամանատարն է եղել (կրել է Վահան անունը, Մամիկոնյան տոհմից): Նա քաշվել է Սինա լեռը և ընդունել վանականի սքեմ՝ ստանալով Անաստաս անունը:

Ավելի ուշ Մովսես Կաղանկատվացին (VII դար) իր «Աղվանից աշխարհի պատմություն» աշխատության մեջ Երուսաղեմում Աղվանքին պատկանող վանքերի մասին գրում էր. «Դրանցից մեկը Պանդավանքն է, որ Ձիթենյաց լեռան արևելյան կողմում է, և որի նախաշինողն է եղել Աղվանքի Պանոն անունով մի ճգնավոր, իսկ այժմ կառավարում է Աղվանքի Պետրոս քահանան: Մրիի սուրբ Քառասուն վանքը, որ միևնույն կողմում է, այժմ արաբներին է պատկանում: Պարտավի սուրբ Աստվածածինը, որը Դավթի աշտարակի մոտ է…կեսին արաբներն են տիրում: Կաղանկատուքի վանքը, որ միևնույն կողմում են, այժմ տիրապետում է Թեոդորոսը՝ մի քրիստոնյա աբրահամական դպիր արաբ: Աղվանքի մի այլ վանք, որ Առավենքի վանքի տակ է գտնվում, շուկայի մեջն է և այժմ տիրում են արաբները»:

You may also like...