Երկրորդ Աթենք պանծալի…

Գլաձորի հասալսարասի 700- ամյակի առթիվ

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի Ձայն», 1984թ.

Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն եւ հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդներից է: Իր բազմադարյան գոյության ընթացքում նա ստեղծել է առաջավոր գիտության, գրականության ու արվեստի հիասքանչ կոթողներ, որոնք գնահատելի ներդրում են մշակույթի համաշխարհային գանձարանում: Այդ ամենի մեջ իրենց հսկայական ավանդն ունեն մեր միջնադարյան բարձր տիպի դպրոցները, որոնցից մեկը Գլաձորի մեծահռչակ համալսարանն է: Այն հիմնադրվել է ավելի քան 700 տարի առաջ: Այս փաստն ինքնին վկայում է մեր հոգեւոր կյանքի վերընթաց ուղին եւ լույս սփռում ազգային բարձրագույն կրթության դարավոր ավանդներին:

gladzor

Մեր պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը տեղի է ունեցել 5-րդ դարի արշալույսին՝ 405 թվականին, երբ մեծ լուսավորիչ ու գիտնական Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական գրերը: Գրերի ստեղծումը, առավել եւս հայկական դպրության սկզբնավորումը, ժողովրդի մեջ ազգային ոգու պահպանման, նրա հայրենասիրության խանդավառման հզոր խթան էր, որ բախտորոշ նշանակություն ունեցավ հետագա ամբողջ կյանքում: Դրանից հետո պատմական համեմատաբար կարճ ժամանակամիջոցում հայ մշակույթը համակողմանի զարգացում ապրեց: Երկրում շուտով հիմնադրվեցին մայրենի լեզվով դպրոցներ, ուր պատրաստվում էին հոգեւոր եւ աշխարհիկ գործիչներ, ուսուցիչներ ու թարգմանիչներ: Այդ դպրոցների լավագույն սաները դարձան ազգային գիր ու գրականության անդրանիկ սերմնացանները:

Մեր դպրության սկզբնավորումից հետո ստեղծվեց հարուստ պատմագրություն, զարգացավ գիտական գրականությունը, ծավալվեց թարգմանական արվեստը, մայրենի լեզվով ընթերցողին մատուցվեցին Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի եւ անտիկ աշխարհի մյուս խոշոր մտածողների գործերը: Դեռեւս հին դարերում ծավալված հոգեւոր այդ բուռն կյանքը, գիտության ու մշակույթի հետագա ծաղկումը, բարձր մտավորականության առկայությունը պահանջ ու նախադրյալներ ստեղծեցին երկրում ունենալու նաեւ բարձր տիպի ազգային դպրոցներ:

Եւ ահա, միջին դարերում արտասահմանում կրթություն ստացած եւ անտիկ աշխարհի գիտություններին ու լեզուներին քաջատեղյակ հայ գիտնականները Անիում, Սանահինում, Հաղպատում, Գլաձորում, Տաթեւում եւ այլուր հիմնեցին բարձր տիպի դպրոցներ, որոնցից մի քանիսը կոչվեցին համալսարաններ:

Ժամանակի պատմիչների վկայությամբ՝ մեզանում բարձր տիպի դպրոցներ գոյություն են ունեցել դեռեւս Անիի թագավորության շրջանում՝ 9-11-րդ դարերում, եւ ինչպես իրավացիորեն նշում են մեր գիտնականները, բոլոր հիմքերը կան Անիի դպրոցը հայկական առաջին համալսարանը համարելու: Սակայն միջնադարյան այդ համալսարանների շարքում գիտության ու մշակույթի զարգացման գործում ունեցած իր մեծ վաստակով առանձնանում է Գլաձորի համալսարանը, որի 700-ամյա պատկառազդու հոբելյանը արժանացել է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հատուկ ուշադրությանն ու գնահատանքին:

Գլաձորի համալսարանը անզուգական կրթօջախներից էր: Նրանից առաջ եւ հետո միջնադարյան Հայաստանում գործած բարձրագույն դպրոցներից ոչ մեկն իր կրթական մակարդակով, հասարակական կյանքում ունեցած բացառիկ դերով, սերունդներին թողած գիտական ժառանգությամբ ու բարձրարվեստ մշակույթով չի կարող համեմատվել Գլաձորի հետ: Պատահական չէ, որ այս համալսարանը հիշատակվել ու մեծարվել է որպես «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Մեծ դպրատուն», «Գերահռչակ համալսարան», «Մայր իմաստից» եւ այլ պատվանուններով: Եւ, եթե նույնիսկ չափազանցված լինեն այդ գնահատումները, միեւնույն է, դրանք Գլաձորի համալսարանի վայելած մեծ հեղինակության անհերքելի ապացույցներ են:

Հսկայական է գլաձորցիների ծառայությունը հին հայկական մատենագիրների թողած ձեռագրերի հավաքման, ընդօրինակման, բազմացման եւ կորստից փրկելու գործում: Համալսարանի դասախոսներն ու ուսանողները տքնաջան աշխատանք են կատարել այդ ուղղությամբ: Եւ այժմ զգալի թիվ են կազմում այն մատենագիրների աշխատությունները, որոնք մեզ են հասել գլաձորցիների ընդօրինակություններով:

Հայտնի է, որ աշխարհում առաջին համալսարանները Եվրոպայում սկսել են գործել 12-րդ դարում: Ընդամենը մեկ դար անց հիմնվել է Գլաձորի համալսարանը: Բարձրագույն այդ դպրոցը հիմնվել է, ինչպես մեր պատմիչներն են հիշատակում, «դառն ու տրտմելի ժամանակներում», թաթար-մոնղոլների տիրապետության տարիներին: Արդյո՞ք դա թրի դեմ՝ գրիչ, խավարի դեմ՝ լույս՝ մեր ժողովրդի ապրելու կերպի դրսեւորումներից մեկը չէ, նրա ազգային արժանապատվության, ինքնահաստատման ու գոյատեւման ձեւերից մեկը:

Գլաձորի համալսարանի հիմնադրումն ու գործունեությունը համընկնում է մոնղոլական տիրապետության ծանր շրջանին:

1236-1245 թվականներին գրավելով Հայաստանը՝ մոնղոլները մեկ դարից ավելի պարտադրեցին իրենց ծանր լուծը, ստրկացնելով երկիրն ու ժողովրդին: Եւ այս պայմաններում Սյունյաց Սմբատ Օրբելյան իշխանին հաջողվում է բանակցությունների մեջ մտնել մոնղոլական կենտրոնական իշխանությունների հետ, Սյունիքը դուրս բերել մոնղոլական իշխանավորների իրավասությունից եւ դարձնել մեծ խանական տանը ենթակա առանձին երկրամաս: Դա հնարավորություն տվեց Սյունիքում ստեղծել կիսանկախ իշխանություն եւ համեմատաբար տանելի պայմաններ՝ տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման համար:

Ահա ինչու, Օրբելյան եւ Պռոշյան իշխանական տները, որոնք կրթական գործի նախաձեռնողներն ու հովանավորողներն էին, որպես համալսարանի հիմնադրման վայր, հասկանալի պատճառներով, նախընտրեցին Սյունյաց լեռնաշխարհի Վայոց ձոր գավառը, ուր եւ 1280-ական թվականների սկզբին բացեցին Գլաձորի համալսարանը:

Համալսարանի գիտական համբավն ըստ ամենայնի տարածվեց 1284 թվականից, երբ նրա առաջին տնօրեն Ներսես Մշեցու մահից հետո ուսուցչապետությունն ստանձնեց մեծահռչակ գիտնական Եսայի Նչեցին եւ անմնացորդ նվիրումով կես դար շարունակեց իր անմահ ուսուցչի գործունեությունը: Այդ շրջանում ուսումնագիտական պարտականություններից բացի, համալսարանը ստանձնել էր նաեւ երկիրը միավորելու, ազգային ազատագրական պայքարը ղեկավարելու վեհ առաքելությունը, դառնալով նրա կազմակերպիչն ու հիմնական կենտրոնը:

Հարկ է նշել, որ մոնղոլների կողմից ասպատակված Հայաստանի սոցիալ-քաղաքական ծանր պայմաններում համալսարան հիմնադրելն ու պահելը ազգային սխրանք էր, ամեն դրվատանքից վեր մեծագործություն, որովհետեւ մենաստանի ցուրտ խցերում փակված, աշխարհիկ վայելքներից հեռու գիտության այդ անմահ սպասավորները մի կտոր հացով տոկացել են ու հոգեւոր անսպառ սնունդ տվել հարազատ ժողովրդին:

Եւ պատահական չէ, որ Գլաձորի համալսարանի ուսումնական ծրագրերում ամենամեծ տեղը հատկացվել է մայրենի լեզվին եւ քերականությանը՝ որպես մյուս բոլոր գիտելիքների յուրացման հիմնական պայման:

Հասկանալի է, որ Գլաձորը, ինչպես եւ միջնադարի եվրոպական մյուս բոլոր համալսարանները, հարմարավետության առումով չեն կարող բավարարել մեր այժմյան պահանջները: Ձեռագրերում եղած սուղ տեղեկություններն էլ վկայում են, որ համալսարանն ունեցել է ավելի քան համեստ պայմաններ:

Գլաձորն ունեցել է երեք մասնաճյուղ (այժմյան տերմինաբանությամբ՝ ֆակուլտետ)՝ տեսական առարկաների, երաժշտության եւ նկարչության, որոնցում դասավանդել են ժամանակի ճանաչված երկու տասնյակ գիտնականներ, եւ ամեն տարի Հայաստանի տարբեր գավառներից ու գաղթօջախներից սովորելու են եկել 50-60 ուսանողներ: Ուսման տեւողությունը եղել է պայմանական՝ 7-8 տարի, որովհետեւ ոչ թե բոլորը միասին դասընթացից դասընթաց են անցել, այլ գնահատվել անհատական առաջադիմությամբ, եւ առավել աչքի ընկածները համալսարանն ավարտել են ժամկետից մեկ տարի շուտ: Ըստ երեւույթին, հենց նրանց էլ շնորհվել է վարդապետության, այսինքն՝ գիտությունների դոկտորի պատվավոր աստիճան: Շրջանավարտները բոլոր ուսումնականների եւ ուսուցչապետի ներկայությամբ հանդես են եկել ավարտաճառերով, պաշտպանել իրենց թեզը կամ դիպլոմը, եւ, իհարկե, երախտագիտության ու հրաժեշտի սրտառուչ խոսքեր հղել դասախոսներին: Ըստ որոշակի տվյալների, գոյության շուրջ վաթսուն տարիների ընթացքում, չհաշված մյուս շրջանավարտներին, համալսարանն ավարտել են 360-ից ավելի դոկտորներ: Ուրեմն, միջին հաշվով տարեկան պատրաստվել են 6 դոկտորներ: Դա, իհարկե, բարձր ցուցանիշ է ոչ միայն 13-րդ դարի, այլեւ ներկայիս համար:

Ի տարբերություն միջնադարյան Հայաստանում գործած մյուս դպրոցների, Գլաձորի համալսարանն ունեցել է ավելի աշխարհիկ բնույթ: Թերեւս սրանով պիտի բացատրել այն, որ աստվածաբանական առարկաներից բացի, Գլաձորում մեծ տեղ է հատկացվել փիլիսոփայությանը, բնական գիտություններին ու ժողովրդի կյանքի համար գործնական-կիրառական նշանակություն ունեցող այլ առարկաների: Գլաձորի եւ եվրոպական համալսարանների ուսումնական ծրագրերի միջեւ, անշուշտ, եղել են նմանություններ: Սակայն պետք է ընդգծել, որ ի տարբերություն եվրոպական համալսարանների, որտեղ մինչեւ 15-րդ դարը դասավանդել են լատիներենով, Գլաձորում դասավանդումը տարվել է մայրենի լեզվով:

Գլաձորի համալսարանը գոյատեւեց ընդամենը 60 տարի: 1338 թվականին վախճանվեց նրա ուսուցչապետ Եսայի Նչեցին, որից հետո համալսարանի տնօրեն դարձավ Հովհան Որոտնեցին: Մեծավաստակ ուսուցչապետի մահը, ցավոք, նաեւ Գլաձորի փառքի վախճանը եղավ, որովհետեւ քաղաքական ծանր իրադրության պատճառով համալսարանը փակվեց, իսկ Որոտնեցին իր սաների հետ տեղափոխվեց Տաթեւ, ուր եւ հիմնեց նոր համալսարան, որը ազգային ուսումնագիտական ավանդները շարունակելու առումով՝ Գլաձորի երկվորյակը դարձավ:

Ինչպես նշեցինք վերը, միջնադարյան Հայաստանում գործել են բարձր տիպի մի շարք դպրոցներ, սակայն դրանք բոլորն էլ որոշ ժամանակից հետո ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, քանի որ մեկը մյուսի ետեւից Հայաստանի վրայով անցնում էին բյուզանդական, պարսկական ու օսմանական նվաճողները: Նրանք ավերակների ու մոխրակույտերի էին վերածում երկիրը, ոչնչացնում մշակույթի անգնահատելի արժեքները: Դարեր շարունակ ավերվող երկրից դեպի օտար ափեր մեկնող եւ գոյատեւելու համար պայքարող հայ զանգվածները ստիպված էին գիտությունն ու մշակույթը զարգացնել առավելապես Հայաստանի սահմաններից դուրս՝ Ռուսաստանում, Ղրիմում, Վրաստանում, Լեհաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում եւ այլուր:

Միջնադարյան Հայաստանում Գլաձորն իրենով նշանավորեց բարձրագույն կրթության համաեվրոպական մակարդակ: Իր գոյության վեց տասնամյակներում պատրաստեց ու աճեցրեց ազգային բարձր մտավորականության մի քանի սերունդ, ստեղծեց գիտական ու մշակութային հարուստ ժառանգություն, որից դժբախտաբար մասունքներ են հասել մեզ: Այդ ժառանգության մանրազնին ուսումնասիրությամբ, ինչպես անցյալում, այնպես էլ խորհրդային շրջանում, զբաղվել են անվանի շատ գիտնականներ:

Մեզ համար չափազանց թանկ են գլաձորցիներից հասած ոչ միայն երկու տասնյակ արժեքավոր ձեռագրերը, հին հայկական մատենագիրների աշխատությունները, Տիրատուրի եւ Հովհաննես Երզնկացու ուսուցողական նպատակով կազմած հանելուկները, այլեւ կյանքի վերաբերյալ գլաձորցիների շատ ուսանելի հայացքները: Այսպես, նրանք պահանջել են իշխանավորներից ժողովրդին ղեկավարել ոչ թե բռնությամբ, այլ իմաստությամբ: Նրանք պաշտպանել են բարին ու գեղեցիկը, ձգտել մարդու ֆիզիկական եւ հոգեւոր զարգացման ներդաշնակության, դաստիարակել ջերմ ու անձնվեր հայրենասերներ:

Հասարակական ու բարոյական այդ վեհ սկզբունքները չեն կորցրել իրենց նշանակությունը նաեւ այժմ: Ահա թե ինչու, յոթդարյա հեռավորությունից մեզ այսօր հիացնում են գլաձորցիների գիտական ու մանկավարժական բեղմնավոր գործունեությունը, նրանց հասարակական ակտիվ դիրքորոշումը եւ ազգային նկարագիրը պահպանելու միահամուռ ջանքերն ու կամքը:

You may also like...