Երկու հրատարակություն աշխարհագրական հանդեսներում

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Եղեռն հուշարձանների դեմ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «Ժեո» (Երկիր) հայտնի աշխարհագրական ամսագրի 1986 թ. փետրվար ամսի համարում լույս է տեսել «Հիշատակարան բնաջնջված երկրի մասին» հոդվածը։ Նրա հեղինակը՝ ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Քլոտ Մութաֆյանը, շրջել է Թուրքիայի տարածքում, Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի մարզերում, և իր տպավորությունները հաղորդում է ընթերցողին։ Հեղինակը տալիս է նաև հայ ժողովրդի պատմության պատկերը՝ հին ժամանակներից մինչև այսօր, մանրամասն անդրադառնալով դարասկզբի ողբերգական իրադարձությանը՝ 1915 թ. արևմտահայության ցեղասպանությանը։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում վերը հիշված մարզերի ներկային վերաբերվող տեղեկությունները։

«Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Վանի Մանակերտ գյուղի հայկական եկեղեցու քարերով են թուրքերը սալարկել իրենց գյուղամիջյան ճանապարհները: «Սովետական Հայաստան», 1987թ., ապրիլ, թիվ 4

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին երեք միլիոնից ավելի հայ կար Թուրքիայում։ Այսօր Պոլսում՝ արևմտահայության մշակութային ավանդական կենտրոնում, մնացել են հազիվ 50 հազար, իսկ Արևմտյան Հայաստանում ինքնությամբ հայ գրեթե չկա։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով Թուրքիան վերջապես լիովին ազատվեց «ermeni millet»-ից (հայ ազգից)։ Թուրքական պանթյուրքիզմի երազանքների իրականացման առաջին զգալի քայլը արված էր։

Սակայն 1,5 միլիոն հայ ոչնչացնելուց հետո երիտթուրքերի ժառանգները այդ սև գործը ավարտված չեն համարում և նպատակ են դրել վերացնել հայերի բոլոր նյութական հետքերը երկրում։ Ընթացքում է մի նոր եղեռն հայ մշակութային կոթողների՝ ամրոցների, վանքերի, եկեղեցիների դեմ։ Մեկը մյուսի հետևից քանդվում են հազարամյակների ընթացքում կառուցված ճարտարապետական գոհարները։ Լավագույն դեպքում դրանք վերածված են մզկիթի, իսկ ավելի հաճախ՝ ախոռի կամ պահեստի։

Հեղինակը պատմում է աշխարհահռչակ շինությունների կորստի մասին և թվում դրանցից մի քանիսը։ Այսպես. Անիի հյուսիսում գտնվող 10-րդ դարի կաթողիկոսանիստ կենտրոն Արգինայի՝ 60-ական թվականներին դեռևս կանգուն եկեղեցին 1977-ին պարզապես մի քարակույտի էր վերածվել։

Ախուրյանի հովիտը պատմական փլատակների իսկական թանգարան է։ Այլևս չկան Խծկոնքի եկեղեցիները։ Մինչև 1978 թ. Կարս քաղաքի Առաքելոց եկեղեցում գտնվում էր օսմանյան թանգարանը, հետո թանգարանը փոխադրվեց։ Ի՞նչ ճակատագրի կարժանանա 10-րդ դարի ճարտարապետության այս գոհարը… Ներկայումս Վանից մնացել են սոսկ քարակույտեր։ Կարծես թե քաղաքը քանդված է հազարավոր բուլդոզերներով, հայտնում է հեղինակը։

Առանձնահատուկ բախտի է արժանացել Աղթամարի եկեղեցիների համալիրը: Անիի փլատակների հետ մեկտեղ դա միակ հնությունն է, որը հիշվում է զբոսաշրջիկների ուղեցույցներում՝ առանց, սակայն, որևէ հիշատակության այն կերտած ժողովրդի մասին։ Այժմ «Աղթամար» չէ այն, այլ՝ «Աք դամար», որ թուրքերեն նշանակում է «սպիտակ երակ»։

Դիարբեքիրում է գտնվում պատարագ մատուցելու իրավունք ունեցող երեք հայկական եկեղեցիներից մեկը։ Այդ եկեղեցու մասին հետևյալն է ասում հեղինակը. «Եկեղեցին՝ մի անդիմագիծ կառույց, գտնվում է անշուք թաղամասում, բակի խորքում և շրջապատված է տասը հայ ընտանիքների տներով, որոնք բոլորված են իրենց ինքնության և հավատքի խորհրդանիշի շուրջը։ Պարբերաբար Պոլսից ժամանում է մի քահանա՝ պատարագ մատուցելու համար»։

Կիլիկիայի տարածքում դրությունը նույնն է։ Զեյթունը այժմ կոչվում է «Սուլեյմանլի»՝ հայերին զոհ գնացած սպայի անունով։ Իսկ Հաճընը՝ վերանվանվեց «Սալիմբեյլի»՝ ի պատիվ 1920 թվականի հոկտեմբերի 15– ր ջարդը կազմակերպողի։

Հեղինակը եղել է Սիրիային սահմանակից Վաքիֆի (Վաքեֆ) միակ հայաբնակ գյուղում։ Երիտասարդները լքում են այն, և մոտ է ժամանակը, երբ լրիվ կդատարկվի։

Այս է Թուրքիայում ապրող հայերի, հայկական ճարտարապետական հուշարձանների տխուր պատկերը։

Կեղծել պատմությունը

Սուլթաններից սկսած իրար հաջորդող բոլոր թուրք կառավարությունների վարած հակահայկական քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր։ Թուրքական քաղաքական պրոպագանդան կեղծում է այն ամենը, ինչ կապված է հայկական հարցի հետ։ Այդ նպատակին են ծառայում Անկարայի հայկական հարցը «հետազոտող» կենտրոնը, ԱՄՆ-ում՝ այսպես կոչված, «թուրք-ամերիկյան ընկերության ինստիտուտը» և այլն։ Այս քաղաքականությունը արտացոլվում է թուրքական մամուլում և հատկապես օտարալեզու թերթերում։ Դրանցից ամենահայտնին Անկարայում լույս տեսնող անգլերեն «New spot» թերթն է, որի էջերը հիմնականում զբաղեցված են թուրքական պրոպագանդայի կեղծիքներով։ Թուրք պատմաբանները ոչ միայն կեղծում են պատմությունը, այլև նպատակ են դրել ընթերցողի մեջ ստեղծել հայ ժողովրդի մտացածին կերպարը և սևացնելով նրա անունը, մարել մյուս ժողովարդների կողմից կարեկցանքի զգացումները։ Օրինաչափորեն հակահայկական աղմկարարությունը ուղեկցում են հակասովետական, հակառուսական հերյուրանքներ։

Վերջերս արտասահմանյան մամուլը հաճախ է անդրադառնում հայկական հարցին, ցեղասպանության պատմությանը, հայ ժողովրդի երեկվա և այսօրվա քաղաքական կյանքին։ Այս թեմայի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարիտ ելույթ, հոդված կամ գիրք առիթ է դառնում, որպեսզի կիրառվի թուրքական պրոպագանդայի ամբողջ զինանոցը։

Կազմակերպում են հիստերիկ հակացույցեր, տպագրում են հակահոդվածներ, ուղարկում են նոտաներ, մինչև անգամ դիմում են պետական շանտաժի։ Այսպես, 1984 թվականից ԱՄՆ-ի կոնգրեսում քննարկվում է հայերի ցեղասպանության ճանաչման հարցը։ Ահա թե ինչ է գրում այդ մասին Ալեն Լելյուքը իր «Սփյուռքի թոռնիկները չեն մոռացել» ակնարկում, որը կցված է Ք. Մութաֆյանի հոդվածին։ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում և դարասկզբի հայկական ջարդերը որպես ցեղասպանություն որակելու օրինագիծը ամերիկյան կոնգրեսում մեծ հուզում պատճառեց Թուրքիային։ Թուրքիայի քաղաքական կուսակցությունները, արհմիությունները հիշեցրեցին ԱՄՆ-ին, թե ՆԱՏՕ-ի պատվար Թուրքիան, այսպես ասած, կարևոր «խաղաթուղթ» է ՍՍՀՄ-ի դեմ ուղղված ռազմաքաղաքական պայքարում»։

Թուրքիայի պրեզիդենտ Ք. Էվրենը բողոքի նամակ ուղղեց Ռոնալդ Ռեյգանին, որտեղ զգուշացրեց ամերիկյան պրեզիդենտին ամերիկա-թուրքական հարաբերությունների մեջ այն բոլոր հնարավոր բարդացումների համար, որոնք կծագեին հիշված բանաձևն ընդունելու դեպքում։ Ի վերջո, ԱՄՆ-ի կոնգրեսը Սպիտակ տան և Պետական դեպարտամենտի ճնշման տակ հրաժարվեց 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն։

Բացառություն չդարձավ նաև Ք. Մութաֆյանի նշված հողվածը։ «Ժեո» ամսագրի խմբագիրը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանից ստացավ բողոքի նամակ, հոդվածը լույս տեսնելու հենց հաջորդ օրը։ Այդ նամակում դեսպանը խմբագրությանը և հեղինակին մեղադրում է պատմական փաստերը կեղծելու մեջ, վկայակոչելով Քամյուրան Գյուրունի «Հայկական թղթապանակ» գիրքը, որը թուրքական լրատվական կազմակերպության յուրօրինակ «գլուխգործոցն» է։ Հատկապես մոլեգին հարձակումների արժանացավ թուրք դեսպանի կողմից Ալեն Լելյուքի ակնարկը, որտեղ հեղինակը հպանցիկորեն անդրադառնում է սփյուռքի պատմությանը։ Լելյուքի «հանցանքներից» գուցե ամենախոշորը՝ սփյառքահայերի երրորդ սերնդի մեջ վառ հայրենասիրական զգացմունքների գոյության վկայությունն էր։

Մոլորությո՞ւն, թե՞ կանխամտածվածություն

Պատմությունը այսքանով չի ավարտվում։ Ք. Մութաֆյանի հոդվածը պատկերազարդող Վ. Քունցի լուսանկարները մեկ ամիս անց հայտնվեցին նաև ԳՖՀ-ում լույս տեսնող «Գեո» (Երկիր) ամսագրի 1986 թ. մարտի ամսատետրակում։ Այս անգամ՝ Վոլֆգանգ Շռապսի «Անհայտացած ժողովրդի որոնումը» անգլերեն հոդվածում։

Արևմտյան Հայաստանում ճանապարհորդելիս, Շռապսը փորձել է գտնել հայ ժողովրդի ներկայության որևէ հետք։ Ահա այդ հետքերը՝ Անին, Աղթամարը… Հեղինակը հիանում է հայ քանդակագործների և ճարտարապետների ստեղծագործություններով։ «Ի՞նչ եղան հայերը»,— ամենուրեք հարցնում է հեղինակը։ Այս հարցը միայն տարակուսանք էր պատճառում մարդկանց, և միայն մեկը պատասխանեց. «Նրանք… գնացին Սիրիա»։ «Կարծես մրրիկն է նրանց քշել այստեղից։ Եվ այսօր շատ քիչ թուրքեր կհիշեն, որ ժամանակին իրենց կողքին ապրել է մի աշխատասեր ու հմուտ ժողովուրդ»։

Սակայն հայ ժողովրդի ստեղծագործական տաղանդի հանդեպ համակրանքի, հիացմունքի, նրա տարաբախտ ճակատագրի նկատմամբ կարեկցության քողի տակ հեղինակը շարունակում է թուրքական կեղծարար պատմաբանների գիծը, աղավաղելով պատմական ճշմարտությունները։

Հոդվածը, որ լի է անգլերեն ժարգոնային բառերով, աչքի է ընկնում նաև բացահայտ հակասություններով։ Շռապսը դիտում է Անիի փլատակները։ Այստեղից երկու կիլոմետր հեռավորության վրա է Սովետական Միության սահմանը։ Չգիտես ինչո՛ւ նրա սիրտը «տխրությամբ» է լցվում «կարմիրների» և «սպիտակների» սահմանը տեսնելիս։

Այս «տխրությունը» հասկանալի է դառնում, երբ հեղինակը Թուրքիայի անմարդաբնակ արևելյան վիլայեթները համեմատում է ծաղկող Սովետական Հայաստանի տարածքի վրա երևացող ճանապարհների, ծաղկող գյուղերի ու մշակված դաշտերի հետ, որոնք «կարծես ցուցահանդեսի նմուշներ լինեն»։ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն անունը հեղինակը հեգնաբար վերցնում է չակերտների մեջ։ Սակայն մի քանի տող հետո նա ընդունում է, որ դա միակ տարածքն է, որտեղ պահպանվում է հայերի ինքնությունը, լեզուն, զարգանում է մշակույթը, գիտությունը։

Որպես հայ ժողովրդի խառնվածքի «ահաբեկչական բնույթի» ապացույց հեղինակը բերում է… Ուրարտական թագավորության պատմության բեմից անհայտանալը։ Ապա Շռապսը թռիչք է գործում 19-րդ դար և հայ ազատագրական պայքարը վերածում է թուրքերի դեմ ծավալված ահաբեկչության։ Հայ «պարտիզանները» Տրապիզոնում չէին խնայում նույնիսկ հույներին։ Հեղինակը նույն լծակին է կապում նույնիսկ Վանի հերոսական ինքնապաշտպանությունը։

«Վանի հայերը ապստամբություն բարձրացրին, որը տապալեց Պարսկաստանի վրա Թուրքիայի գրոհը և ամեն բան, ինչ թուրքական էր՝ մորթվեց…»,— զրպարտում է Շռապսը։ Հայերի «վայրագությունն» է միայն թուրք կառավարությանը ստիպել, որպեսզի տեղահանվի հայ բնակչությունը։ Երիտթուրքերի կառավարությունը, սակայն, նշում է հեղինակը, հոգում էր տեղահանվածների սննդի և անվտանգության համար և եթե ինչ-ինչ թալաններ և սպանություններ տեղի ունեցան, ապա մեղավոր էին տեղական իշխանությունները։ Նման զրպարտությունների համոզիչ պատասխանն է հանդիսանում Թուրքիայում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հայտնի աշխատությունը, որտեղ 1915 թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ականատեսը գրում է. «Տեղահանությունների իսկական նպատակը կողոպուտն ու ավերն էր, դա ջարդի մի նոր ձև էր։ Երբ թուրքական իշխանությունները տվեցին տեղահանման հրամանները, նրանք պարզապես կարդացին ամբողջ մի ժողովրդի մահավճիռ։ Նրանք դա շատ լավ հասկանամ էին և ինձ հետ ունեցած խոսակցությունների մեջ հատուկ ջանք չէին թափում իրողությունը ծածկելու»։ Ինքը՝ Շռապսն էլ է հակասում իր գրածին, նույն հոդվածում նշելով հետևյալ փաստը՝ «1915 թվականին հայերի դեմ սրբազան պատերազմ էր հայտարարված, կառավարությունը թույլ էր տվել ամեն ինչ…»։

Հեղինակը ափսոսանքով հիշում է հայերի և թուրքերի դարեր շարունակվող համերաշխ բարիդրացիական հարաբերությունները։ Այստեղ կրկնվում է հին, արատավոր թեզը, թե այդ հարաբերությունը փչացնողը նախ՝ Ռուսաստանն էր, որը «ղեկավարվելով իր էգոիստական ձգտումներով, կազմակերպում էր հայկական սեպարատիստական խմբեր, զինում նրանց», ապա «Եվրոպան, նամանավանդ անգլիական և ամերիկյան միսիոներությունը, որոնք ավելացնում էին հակաօսմանյան սեպարատիստական միտումները»։ Բացի այդ, մեջ է բերվում ժամանակակից թուրք պրոֆեսոր Աթաևի այն սուտ թեզը, թե հայ-թուրքական ընդհարումները ունեցել են դասակարգային բնույթ։ Այս դեպքում արդեն կեղծվում է դասակարգային պայքարի ողջ էությանը։ Իր հոդվածի վերջին գլխում հեղինակը զրպարտում է Կոստանդնուպոլսի հայությանը։ Պոլսահայերը նախընտրում են ձուլվել թուրքերի հետ, չեն փայփայում «հայի երազը», պնդում է նա։ Պոլսահայ երեխաները «հայկական դպրոցներում դասավանդվող դժվարին և չսիրված հայերենը ընկալում են որպես օտար լեզու»։ Իսկ այն փաստը, թե Թուրքիայի հայկական դպրոցներում արգելված է հայ ժողովրդի պատմության և դրա հետ առնչություն ունեցող առարկաների դասավանդումը, հայերեն լեզվի ժամաքանակը խիստ սահմանափակ է, և բոլոր մյուս առարկաները պարտադիր դասավանդվում են թուրքերեն, հեղինակը գերադասում է լռությամբ անցնել։

«Ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի»

Սակայն դժվար է մոլորության մեջ գցել հասարակությանը։ Գերմանական «Գեո»-ն «Անհայտացած ժողովրդի որոնումը» հոդվածի լույս տեսնելուց հետո ընթերցողներից բազմաթիվ նամակներ ստացավ, որոնց հեղինակները բողոքում էին հրապարակված կեղծիքների դեմ։ Նամակների մի մասը տպագրվեց ամսագրի հուլիս ամսվա համարում, նույն համարում տեղ գտավ «Ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի» հոդվածը, որի հեղինակը՝ Թելման Ցյուլիխը, մերկացնելով Շռապսի կեղծիքները, տալիս է ճշմարիտ, գիտական տեղեկություններ մեր ժողովրդի անցյալի ու ներկայի մասին։

Իր հոդվածը Ցյուլիխը ավարտում է հետևյալ խոսքերով. «Հայաստանում տեղի ունեցած ոճրագործությունների մասին կենդանի հիշողությունը դիկտատորներին կապացուցի, որ ցեղասպանությունը գթասրտորեն մոռացության չի մատնվում»։

You may also like...