Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ

«Սովետական Հայաստան», 1985, թիվ 4
Յու. Պետրոսյան

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ մասին գոյության ունի ընդարձակ գրականություն։ Այնուհանդերձ, մինչև հիմա 19-րդ դարեվերջի և 20-րդ դարեսկզբի երիտթուրքական շարժման ոչ բոլոր կողմերը և իշխանության գլուխ անցնելուց հետո երիտթուրքերի որդեգրած քաղաքական ուղու ոչ բոլոր տեսանկյուններն են լուսաբանված բավարար անաչառությամբ և հավաստիությամբ։ Մասնավորապես խորը վերլուծության աղերս ունի երիտթուրքերի քաղաքականությունը ազգային հարցերում։ Այս նյութի պատմագրության մեջ գոյություն ունեցող բացը բազմաթիվ առումներով է լրացնում Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (Գիրք առաջին, Երևան, «Հայաստան» հրատ., 1982 թ.) աշխատությունը։

Ջոն Կիրակոսյանը ստանձնել է բավականին բարդ մի խնդիր, ցույց տալ, թե ինչպես է երիտթուրքերի վարած քաղաքականությունը զարգացել ու իրականացել կայսրության այլակրոն, այլացեղ ժողովուրդների սրտում «ընդհանուր հայրենիքի», »ընդհանուր հայրենասիրության» զգացմունքներ ներարկելու և նրանցից «հայրենակից-օսմանների» միասնական ընտանիք ստեղծելու ցանկությունից մինչև այդ ժողովուրդների ազգային զգացմունքներն ու ազգային ձգտումները բացահայտ ու բռնի ուժով ճնշելը։ Իր ստանձնած խնդիրը հեղինակը վճռում է անցած ու ներկա դարերի սահմանագծում Օսմանյան կայսրության մեջ հայերի վիճակը վերլուծելով, բացահայտելով իրական զսպանակները այն ողբերգական անցուդարձի, որոնց մի կարճ ժամանակահատվածում երկու անգամ՝ 1894 — 1896 և 1915 — 1916 թվականներին եղերական վախճանի հասցրին Արևմտյան Հայաստանի ազգաբնակչության բացարձակ մեծամասնությանը։

Հատկանշական է, որ հայերի զանգվածային առաջին ջարդը իրականացվել է Թուրքիայի պատմության մեջ «սահմանադրական» առաջին միապետի՝ Աբդուլ Համիդ Բ-ի կողմից։ Եվ նվազ հատկանշական չէ նաև այն իրողությունը, որ Աբդուլ Համիդի դեմ պայքարի իրենց դրոշի վրա «հայրենակից օսմանների» հավասարության և եղբայրության կոչը կրող երիտթուրքերն իրենց ազգային քաղաքականության մեջ հասան մինչև հայ ժողովրդի կազմակերպված ցեղասպանության գործողություններին։

Այս փաստերը միայն պատմության պարադոքսներ չե՛ն։ Ֆեոդալական կղերական ծայրահեղ հետադիմությունը, որը մարմնավորում էր արյունարբու սուլթանը և թուրքական ազգային բուրժուազիան, որը ներկայացնում էին երիտթուրքերը, միաբանում էին՝ ինչ գնով էլ լինի կայսրությունը և անցյալում նվաճված ժողովուրդների նկատմամբ պահպանելու թուրքական սուլթանի իշխանությունը։

Թվում է, թե Ջոն Կիրակոսյանի գիրքը հնարավորություն է տալիս լավագույնս գնահատել երկու դարերի սահմանագծում Օսմանյան կայսրության կառավարող շրջանների ազգային քաղաքականության յուրահատկությունները։ Սույն աշխատության հրապարակախոսական լարվածությունը աղբյուրագիտության ընտիր ու նպաստավոր հիմքով և վստահության արժանի աղբյուրներից քաղված փաստերի գիտական վերլուծության համադրությունը չեն կարող չգրավել ինչպես պատմաբանների, նույնպես և ընթերցող լայն հասարակայնության ուշադրությունը։

Հետազոտության աղբյուրագիտական ու պատմագրական հիմքը չափազանց մեծ ընդգրկում ունի և բազմազան է։ Հեղինակը առատորեն է օգտագործում հայերեն և թուրքերեն դիվանների ու մամուլի նյութերը։ Խնդրին վերաբերող գրականությունը զննված է քննադատորեն։ Հետազոտության առարկայի նկատմամբ տարբեր տեսակետները համադրվել ու ենթարկվել են բծախնդիր գնահատումի։ Ընդ որում, հեղինակի ելակետը ազգային-ազատագրական շարժման միտումների ու հեռանկարների, այդ շարժումների մեջ սոցիալական ու ազգային գործոնների հարաբերության, յուրաքանչյուր ազգի ինքնորոշման, իր պետականության զարգացման անվերապահ իրավունքի մարքս-լենինյան հիմունքներն են։

Գիրքն ունի տրամաբանական կուռ կառուցվածք։ Վեց գլուխներում քննության են առնվում երիտթուրքական շարժման ծննդի և զարգացման սոցիալ-քաղաքական զանազան տեսանկյունները, բնորոշվում է իշխանության գլուխ անցնելուց հետո երիտթուրքերի վարչակարգը, բացահայտվում են Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության նկատմամբ նրանց վարած քաղաքականության բուն պատճառները։ Ջոն Կիրակոսյանը արդարամտորեն առաջադրում և հիմնավորում է այն դրույթը, թե թուրքական երիտասարդ բուրժուազիան տնտեսական զարգացման մեջ հետ մնալով Օսմանյան կայսրության այլազգի բուրժուազիայից, օգտագործելով սուլթանական ինքնիշխանությունը և կայսրության ֆեոդալական-բյուրոկրատական ծառայակարգը ձգտում էր ի չիք դարձնել երկրի տնտեսության մեջ գոյություն ունեցող այլազգի բուրժուազիայի բացահայտ առավելությունը։

Հեղինակն ընթերցողին բերում է մի եզրահանգման, թե Աբդուլ Համիդի և երիտթուրքերի քաղաքականությունը այլակրոն ժողովուրդների նկատմամբ շատ հարցերում թելադրվում էր այս գործոնով։

Ջոն Կիրակոսյանի գրքում փաստական առատ նյութերի հիման վրա բնորոշվում է Աբդուլ Համիդ Բ-ի հետադիմական վարչակարգը, ընդգծվում է, որ սուլթանի հակահայկական քաղաքականությունը, նրա կողմից 1894 — 1896 թթ. կազմակերպված հայերի կոտորածները եղել են այլակրոն ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների, սուլթանի հպատակների մեջ ուզածդ ազատամտության դրսևորման դեմ պայքարի բաղկացուցիչ մասը։ Առանձին մի գլխում քննելով 19-րդ դարավերջում Օսմանյան կայսրության մեջ հայկական հարցի լուծման մարզում եվրոպական դիվանագիտության ունեցած դերի խնդիրը, հեղինակը նշում է, թե եվրոպական տերությունները հայկական հարցը դարձրել էին միջազգային առուծախի առարկա։ Գրքում նշանակալի տեղ է զբաղեցնում հարյուրամյակների սահմանագծում երիտթուրքական շարժման բնորոշումը, Աբդուլ Համիդ Բ-ի բռնակալության դեմ երիտթուրքերի մղած պայքարը։

Ջոն Կիրակոսյանի աշխատության մեջ առաջին գիծ են գալիս փոխադարձորեն կապակցված երկու կարևոր խնդիրներ՝ երիտթուրքերի՝ «իթթիհադականների» սոցիալ-քաղաքական ստույգ դեմքի բացահայտումը և նրանց հակահայկական չքողարկված քաղաքականության պատճառների վերլուծությունը։ Թուրքիայի պատմության ուսումնասիրության մարզում սովետական պատմագրության նվաճումների հիման վրա հեղինակը ցույց է տալիս, թե նույնիսկ այն շրջանում, երբ երիտթուրքերը ընդհանուր առմամբ առաջադիմական պայքար էին մղում Աբդուլ Համիդ Բ-ի վարչակարգի դեմ, նրանց գաղափարաբանությունը և քարոզչությունը ուղղված էին այլակրոն ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի դեմ։
Հեղինակն ամենայն ուշադրությամբ է հետևում երիտթուրքերի մեծապետական քաղաքականության աստիճանական ընթացքին։ Սույն գրքի նյութերին կարելի է ավելացնել ևս մի՚՝ օրինակ։ Երբ 1894 — 1896 թթ։ հայկական կոտորածների փաստը հայտնի դարձավ համաշխարհային հասարակայնությանը, և ծայր առան բողոքի ալիքներ, երիտթուրքական առաջնորդները համառորեն ձգտում էին կատարված հանցագործությունները վերագրել գահակալող ինքնակալի անձնական արատներին, նվազեցնել ջարդերի ողբերգականությունը և նույնիսկ փորձում էին ապացուցել, թե աբդուլհամիդյան «զուլումից» նույն չափով տառապում են կայսրության բոլոր ժողովուրդները։ Սկսելով կայսրության այլակրոն ժողովուրդների ազգային զգացմունքների ու ազգային ձգտումների նկատմամբ օսմանյան ամբողջ ֆեոդալական-բյուրոկրատական վերնախավի գործադրած ճնշման քաղաքականության համար պատասխանատվությունը մեղմացնելուց, ժամանակի ընթացքում երիտթուրքերն իրենց ազգային քաղաքականության մարզում հասան մեծապետական շովինիզմի ծայրագույն աստիճանի։

Երիտթուրքերի գաղափարական այլասերման այս ընթացքը չափազանց հավաստի է ներկայացված Զոն Կիրակոսյանի գրքում։ Հեղինակը նշում է, որ իշխանության գլուխ անցած «իթթիհադականները» իրենց առաջ նպատակ էին դրել ի՛նչ գնով էլ լինի վերջ տալ հայերի ազգային-ազատագրական շարժմանը։

Ջոն Կիրակոսյանի գրքի արդիականությունը և գիտական արժեքը որոշվում է նաև որոշ թուրք պատմաբանների կողմից թուրքական սուլթանների իշխանության ներքո այլակրոն ժողովուրդների իրական վիճակի մասին պատմական ճշմարտությունը աղավաղելու շարունակական փորձերով։ Ամբողջ մենագրության մեջ Ջոն Կիրակոսյանը քննադատաբար է զննում ժամանակակից թուրք հեղինակների աշխատությունները, միաժամանակ բացահայտելով երիտթուրքերի պատմության և Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին եղած փաստերի աղավաղումներն ու կեղծարարությունը։ Չի Կարելի չհամաձայնել այն եզրակացությանը, թե այդ հարցերում պատմության կեղծարարությունը ժամանակակից Թուրքիայում կատարվում է պետական մակարդակով։ Համենայն դեպս, պատմության թուրքական ընկերության հրատարակած աշխատություններում անհնարին է անաչառությամբ լուսաբանող որևէ բան գտնել։

Մասնավորապես, թուրք հայտնի պատմաբան, մինչև վերջերս պատմության թուրքական ընկերության նախագահ Է. Զ. Քարալը «Օսմանյան պատմություն» բազմահատոր աշխատության էջերում, հակառակ պատմական փաստերի, պնդում է, թե 19-րդ դարավերջում և 20-րդ դարասկզբում ոչ-մուսուլմանները ունեին նույն իրավունքները, կայսրությունում նրանց մատչելի էին բոլոր պաշտոնները, իսկ նրանց բարեկեցությունը հնարավորություն էր տալիս ապրել մուսուլմաններից շատ ավելի լավ։ Ցեղասպանության գործողությունների և արյունարբու սուլթանի սահմռկեցուցիչ կերպարի արդարացման խոսքեր են Է. Զ. Քարալի այն նկատառումները, թե «Աբդուլ Համիդ Բ-ն կարող էր իրավացիորեն զայրանալ հայերի վրա, որոնց քաղաքական նպատակներով սադրում էին ռուսներն ու անգլիացիները, և որոնք չդիմացան գայթակղության, ձգտելով Արևելյան Անատոլիան դարձնել Բալկանների պես մի բան»։

Նույն ոգով են արտահայտվում նաև թուրք մի շարք այլ պատմաբաններ։ Նրանցից մեկը` Ս. Ռ. Սոնիելը, 1978 թվականին պատմության թուրքական ընկերության բանբերում հատուկ մի ուսումնասիրություն է հրատարակել «Հայերի տեղահանությունը։ Փաստաթղթերը» խորագրով։

Փաստաթղթերի այդ ծայրահեղորեն միտումնավոր և խառնափնթոր հավաքածուի մեջ իզուր կլիներ 1915 — 1916 թթ. սոսկալի անցուդարձի մասին պատմական ճշմարտության նշույլ իսկ որոնել, անցուդարձ, որ տարավ շուրջ երեք միլիոն հայերի կյանքը։ Ս. Ռ. Սոնիելը ձգտում է համառորեն ապացուցել, թե տեղի է ունեցել ոչ թե հայերի զանգվածային կոտորած, այլ սոսկ ռազմական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հայերի «խաղաղ» տեղահանություն դեպի ուրիշ բնակավայրեր։ Ընդ որում, նա անտեսում է տվյալ ժամանակաշրջանում հայերի ցեղասպանության և տեղահանության մասին եղած վիթխարի գրականությունը, որ հրատարակվել է անցած տասնամյակների ընթացքում։

Այսպես, բազմիցս հրատարակվել են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին փաստաթղթերը։ Իսկ ժամանակակիցների` ականատեսների ու պատմաբանների վկայությունները ներկայացված են բազմաթիվ գրքերով ու հոդվածներով, որոնց հեղինակները բացահայտել ու ակներև են դարձրել հայ ազգաբնակչության զանգվածային ջարդերի ուղիով Օսմանյան կայսրությունում «հայկական հարցի» լուծման՝ երիտթուրքերի ծրագրերի հանցավոր էությունը։ Այս կարևոր նյութը շարունակում է մնալ ոչ միայն հայրենական, այլև արտասահմանյան պատմաբանների տեսադաշտում։

Ջոն Կիրակոսյանի հետազոտությունը նշանակալից մի քայլ է հայ ժողովրդի պատմական ճակատագրի ուսումնասիրության ճանապարհին։ Այս գրքի էջերում ներկայացված պատմության դասերը պայքարի են կոչում ուզածդ որակի ազգայնամոլ-շովինիզմի դեմ։

You may also like...