Երգը՝ որպես ճակատագիր

«Հայրենիքի ձայն», 26 հոկտեմբերի, 1988թ.
Սեյրանուհի Գեղամյան

«… Երգիր իմաստալից, զգացմամբ ու երկյուղածությամբ, որպես թե երգը հենց այդ պահին քո մտքից ու սրտից է բխում». Ներսես Շնորհալի

Ընդամենը մի քանի տարի առաջ Արաքս Մանսուրյանի մասին կարելի էր ասել. «Լավ երգչուհի է, գեղեցիկ, հաճելի արտաքինով»… Այն ժամանակ նա ավելի հաճախ հանդես էր գալիս եղբոր՝ Տիգրան Մանսուրյանի երգերի կատարումով, ու թվում էր, թե երգչուհու կարողությունների նրա սահմանը հենց կամերային ստեղծագործությունների նուրբ, գրագետ ու գեղեցիկ կատարումն է:

Այսօր գրել Արաքս Մանսուրյանի մասին, նշանակում է խոսել դասական եւ ժամանակակից բազմաթիվ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունների, հայկական միջնադարյան տաղերի նրա ինքնատիպ կատարումների մասին, նշանակում է վերլուծել հայ եւ արեւմտաեվրոպական մի շարք օպերաների բարդ, պատասխանատու դերակատարումները, որոնցով նա հանդես է գալիս Երեւանի Ալեքսանդր Ապենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմահարթակում (Աիդա, Ելիզավետ թագուհի, Նեդա, Լեոնորա, Շուշան, Անուշ եւ այլն):

Արաքս Մանսուրյանը մեծ բեմ ելավ երգի, այդ բեմի հանդեպ ունեցած պաշտամունքի հասնող իդեալականացումից քիչ զգույշ-վախվորած, եւ հենց այդ պաշտամունքի հասնող իդեալականացումն էլ նրան մղեց ամենօրյա տքնաջան աշխատանքի, սեփական երգելաոճի, նյութի ամբողջական յուրացման, կերպարի ճշգրիտ մեկնաբանման համառ փնտրտուքի: Եւ կարճ ժամանակում երգչուհին կարողացավ ընդլայնել ոչ միայն իր կատարողական արվեստի պարագիծը, այլեւ օրեցօր ազնվացնել, հղկել այդ արվեստը, իր ձայնային երանգապնակի մեջ ներառել ամենաքնքուշ թրթիռներն ու ամենադրամատիկ հույզերը:

Եւ ոչ միայն այսքանը. Արաքսի բեմական հաջողությունը նաեւ իր կերտած հերոսուհիներին ճշմարիտ, ճակատագրորեն, արյան բոլոր բջիջներով, հոգու բոլոր նյարդերով ապրելու, այդ ճակատագիրը անձնապես կրելու կարողության մեջ է…

araks-masuryan

Եւ դարձյալ ոչ միայն այսքանը. այդ հաջողությունը նաեւ նրա խոր զգացմունքայնության ու մարդկային ջերմ, տաք բնավորության, իր կերտած կերպարի հետ այդ զգացմունքայնության ունեցած չմիջնորդավորված փոխհարաբերության մեջ է, ձայնային հրաշալի տվյալների ու բեմական գեղեցիկ արտաքինի ներդաշնակության մեջ:

Այս ամենի շնորհիվ նրա յուրաքանչյուր ելույթը դառնում է ուշագրավ, ուրախացնում, հիացնում կատարելության ձգտող աճով: Վերջին շրջանում նրա կերտած երկու հերոսուհիների կերպարները հատկապես բացահայտեցին երգչուհու հասունացած վարպետությունն ու տաղանդը, դրամատիկ, խռովահույզ իրավիճակներում ապրելու, այրվելու եւ կերպարի հետ նույնանալու նրա մեծ ձիրքը: Դա Լեոնորայի կերպարն է Վերդիի «Տրավիատա» օպերայում, որի մի ծավալուն հատված ներկայացվում է «Վերդիանա» կոմպոզիցիայի մեջ, հայ ունկնդրի համար այնքան հարազատ Անուշը՝ Արմեն Տիգրանյանի համանուն օպերայում: Այս դերերգերում ի հայտ եկան երգչուհու ձայնային ու բեմական տաղանդի բոլոր զգացական ու հոգեբանական նրբերանգները, գեղարվեստական կերպավորման ինքնատիպությունն ու անհատականությունը:

 

Սակայն Արաքս Մանսուրյանի երգացանկում առանձին ուշադրության է արժանի հայկական ժողովրդական երգերի, հայ ժամանակակից կոմպոզիտորների, մասնավորապես Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների կատարումը: Եւ այստեղ դարձյալ ու դարձյալ փաստվում է այն ճշմարտությունը, թե հնչյունը, մեղեդին ոչ միայն այն է, ինչը ստեղծագործողը թողնում է նոտայաթերթի վրա, այլեւ այն, ինչը կուտակված է կատարողի հոգում, նրա ներաշխարհում, բնավորության ծալքերում: Իսկ Արաքս Մանսուրյանը հարուստ ներաշխարհով, ջերմ հոգով, բառի հմայքն ու համը, պոեզիայի ներքին խորհուրդը զգացող երգչուհի է, կարողություններ, որոնց շնորհիվ բառն ու մեղեդին նրա մոտ ծնվում, արարվում են անպատմելի գեղեցիկ ու միաձույլ, եւ առանձնակի հուզականություն են ստանում սերը, թախիծը, տառապանքը: Արաքս Մանսուրյանի կատարմամբ հատկապես ընդգծվում է հայկական վոկալ արվեստի ազնիվ, հստակ, հոգին մաքրող էությունը, այդ կատարմամբ ընդգծվում է նաեւ պոեզիայի, երաժշտության եւ երգեցողության կատարյալ ներդաշնակությունը: Արաքս Մանսուրյանի կապը հայկական տոհմիկ երգի հետ ճշմարիտ է եւ անմիջական: Այդ երգը արյան բջիջներից, հոգու ազնվությունից, էության քնքշանքից, ներքին հարստությունից ծնունդ առնող երգ է, որն ունկնդրին առաջնորդում է դեպի երգի տաճար՝ աղոթքի եւ խոստովանության…

You may also like...