Երբ միահյուսված են ավանդներն ու ժամանակը

Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.
«Հայրենիքի Ձայն», 1985թ.

1985 թվականին ճարտարապետական մի շարք կառույցների թվում Հայկական ԽՍՀ պետական մրցանակի է արժանացել նաեւ կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջան» ստեղծագործական տունը: Այդ ինքնատիպ ու հետաքրքիր կառույցին ծանոթանալու ցանկությամբ հարկ է ամռան կամ ավելի լավ է աշնան մի գեղեցիկ օր դուրս գալ Երեւանից եւ ուղեւորվել Հայաստանի հրաշալի անկյուններից մեկը՝ Դիլիջան:

Ուրեմն այսպես, աշնան տաք ու արեւոտ օր է… Դիլիջան տանող ճանապարհը սարյանական կտավների հավաքածու, շերտ-շերտ սարեր, դեղի՜ն-դեղի՜ն հողակտորներ եւ կապո՜ւյտ հեռուներ…

Դիլիջանը անակնկալների վայր է: Անակնկալ է, երբ չոր, նույնիսկ քիչ անհրապույր բարձունքից հանկարծ միանգամից, բոլորովին անսպասելի երեւում են դիլիջանյան հայտնի ոլորապտույտ ճանապարհները՝ իրար վրա հենված, ասես գեղանկարչի վրձնով անթերի գծված ճանապարհակտորները: Ավտոմեքենան կարծես վայրէջք է կատարում վերեւից՝ երկնքից, ահա նախ երեւում է անտառը՝ շքեղ, գունագեղ, որի վրա բնությունը նկարիչների նախանձը շարժելու համար դրել է հազարավոր անանուն ու անմեկնելի գույներ եւ երանգներ: Ահա դիմացի սարալանջին հայտնվում է կանաչի մեջ սուզված մի տնակ, ծանոթները գիտեն՝ դա Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տան առանձնատներից է: Հաջորդ շրջադարձին սնկիկների նման միանգամից հայտնվում են շատ այդպիսիք… Ու էլի ոլորապտույտներ, շրջադարձեր, եւ երբ հոգնում ես հաշվելուց ու թվում է, թե վերջ չկա այդ ոլորապտույտներին՝ հանկարծ երեւում է քաղաքը՝ հնամենի, գեղեցիկ ավանդույթներով վերակառուցվող Դիլիջանը՝ նրբահյուս փայտե պատշգամբներ ու ժանյակաձեւ քիվեր ունեցող առանձնատներով:

Ահա վերջանում է քաղաքը, մի քիչ էլ՝ ու դիմացի սարալանջին երեւում է մեզ հետաքրքրող կառույցը: Հեռվից այն գեղեցիկ ու խորհրդավոր ամրոցի է նման, որ մերթ թաքնվում, մերթ երեւում է ծառերի թանձր վարագույրի ճեղքերից: Բայց երբ վերջապես կանգ ես առնում երկաթաճաղ մուտքի մոտ, զարմանքով հանդիպում ես ոչ թե միջնադարյան ինչ-որ ամրոցի, այլ 20-րդ դարի ամենաժամանակակից մի շինության՝ թեթեւ, լայն ապակեպատ մակերեսներով: Անմիջապես հասկանալի է՝ այստեղ միահյուսվել են ժամանակները, մի կողմից այսօրն է՝ իր բոլոր նվաճումներով ու մտահղացումների բազմազանությամբ, շինանյութի տեսակներով, հարթություններով, մյուս կողմից անցյալն է՝ մեր հրաշալի նրբագիծ կամարները, մեր կամերային, մտերմիկ չափերը, փոքրիկ պատշգամբները եւ մեր քարը՝ հայաստանյան պարզ, անմշակ, հարազատ քարը, որով այնպես հարուստ է մեր երկիրը: Եւ ինչը ամենազարմանալին ու ամենահրաշալին է՝ այս երկուսը իրար միահյուսված են անմիջականությամբ, աննկատելիորեն, իրար լրացնելով, շարունակելով եւ միմյանց գեղեցկությունն ընդգծելով:

Բարդ, անչափ դժվար է եղել այստեղ ճարտարապետի խնդիրը՝ կառույցը կազմակերպել խիստ թեք տարածքում, առանց խաթարելու միջավայրը, առանց հակադրվելու բնությանը, օգտվելով նրա ընձեռած հնարավորություններից՝ ներդաշնակությունից ու գեղեցկությունից: Եւ ի պատիվ նախագծող հեղինակների (գլխավոր ճարտարապետ՝ Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյան, ճարտարապետներ Սպարտակ Խաչիկյան, Լիա Սաֆարյան)՝ պետք է ասել, որ դա նրանց առավելագույնս է հաջողվել: Համագործակցելով բնության հետ՝ նրանք ամբողջության են հասել տարբեր ծավալների ու կտրվածքների բազմաշերտ տեղադրությունների՝ բարձր կամ ցածր, առաջ եկած կամ փոքր-ինչ ետ ընկած որմնախորշերի ու պատշգամբների համադրությունների միջոցով:

Անշուշտ, քաղաքաշինության այս խելահեղ դարում ոչ մեկին չես զարմացնի «գեղեցիկ», «ինքնատիպ» կամ էլի նման բնորոշումներով: Կարեւորն ու գնահատելին այսօր մի ուրիշ բան է՝ այն, որ կառույցը սոսկ ապրելու կամ հանգրվանելու վայր չլինի՝ թեկուզ եւ շատ հարմարավետ ու հաճելի, այն պիտի շոյի ոչ միայն աչքը, այլեւ զգացումներ ու թրթիռներ առաջացնի հոգում, շարժի միտքը, մտածել տա ժամանակների ու ավանդույթների, ազգայինի ու համամարդկայինի մասին: Այդպիսին պիտի լինի մանավանդ հայոց հողում ծնունդ առնող ճարտարապետական կառույցը, որովհետեւ հայ ճարտարապետը իրավունք չունի անտեսելու մշակույթի այս ասպարեզում իր ժողովրդի հսկայական ավանդն ու հարուստ ժառանգությունը: Դիլիջանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը հենց այդպիսի կառույց է: Այստեղ առաջին հայացքից աչքի զարնող բարձր ճաշակի, նուրբ մտքի, գեղեցկության ու հարմարավետության հետ առաջնային է դառնում նաեւ կարեւոր մի զգացողություն՝ հարազատության զգացողությունը, հարազատության նախ եւ առաջ միջավայրին, որտեղ այն կյանքի է կոչվել, հարազատություն ավանդույթներին, հիշողությանը: Եւ դա՝ սկսած հայկական ավանդական տներին հատուկ ձեւերից, մինչեւ շինանյութերն ու ներքին միջավայրի ամենափոքր տարրերը: Կառույցի հեղինակները համարձակորեն օգտվել են Դիլիջանին շատ բնորոշ շինանյութից՝ փայտից, նրա բազմազան կապակցություններով ու ոճավորումներով, ներքին բոլոր հնարավորություններով, եւ ինչպես արդեն ասվեց՝ պարզ, անմշակ քարից, որ հավաքվել է Գոշավանք ու Հաղարծին տանող ճանապարհների մերձակայքից:

Առանձին ուշադրության ու հիացումի է արժանի կառույցի ներքին կազմակերպումը: Գլխավոր մասնաշենքը, ուր տեղավորված են առանձնասենյակները, ճաշասրահը, կինոդահլիճը, խաղասենյակները, գրադարանը, սրճարանը, ասուլիսի դահլիճը, մառանը, լողավազանը եւ ավտոմեքենաների կանգառը, արված են ճարտարապետական ձեւերի ստեղծագործական համադրումներով, արտահայտչականությամբ, միասնական ոճով: Ամեն ինչ մտահղացված է այն առաջնային ելակետից, որ այստեղ հանգստանալու եւ ստեղծագործելու է գալիս մարդը, անհատը, պետք է առաջին իսկ հայացքից նա սիրի այս տունը, իրեն զգա հարազատ, մտերիմ միջավայրում: Եւ շատ զարմանալի ինչ-որ բան է կատարվում, այո՛, առաջին իսկ պահից դու ունենում ես այս բոլոր զգացումները, կարծես այն հենց քեզ համար է ստեղծված, դու օտար չես այստեղ, ոչ մի խճողում, ոչ մի ավելորդ բարդություն, ամեն ինչ հստակ է, հավաք, ջերմ, գեղեցիկ: Հարազատության ու ջերմության այս մթնոլորտի ստեղծմանը ակտիվորեն նպաստում են նաեւ ճարտարապետական փոքր ձեւերի՝ քանդակների, զարդարիկ պատվանդանների, ծաղկապատված միջավայրերի, հարմարավետ կահույքի ճիշտ օգտագործումը, գունային լուծումները: Գույնը, անշուշտ, ճարտարապետական կարեւոր բաղադրիչներից է, որ զգայական լիցք, շունչ է հաղորդում կառույցին: Այստեղ գույնն օգտագործված է նուրբ ճաշակով, չափի զգացողությամբ: Դա նախ եւ առաջ կաղնու բնական գեղեցկությամբ մուգ շագանակագույնն է, որին հրաշալիորեն ներդաշնակված են երեսպատման մյուս բաղկացուցիչները՝ գրանիտն ու մարմարը: Նախասրահում կանգնած մարդը կարող է մի հայացքով ընդգրկել կառույցի ներսակողմի մեծ մասը, նույնիսկ երկու հարկերը միանգամից: Եւ չես կարող զսպել հիացումդ ո՛չ կուռ, հպարտ կառուցիկությամբ կոփածո ջահերի, մոմակալների, սափորների պատվանդանների (նախագծերի հեղինակ՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյան), ո՛չ Նելլի Պետրոսյանի հրաշագեղ գոբելենի, ո՛չ Բինա Մեծատուրյանի մակրամեի, ո՛չ Հմայակ Բդեյանի խեցեգործական աշխատանքների հանդեպ:

Առանձնակի հիացումի են արժանի համալիրի բազմաթիվ տարածություններն իսկապես զարդարող փայտե հարթաքանդակները, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է մեր ազգային մշակույթի ամենանվիրական էջերից քաղված որոշակի մի թեմայի: Դրանցից մեկը եւ ամենածավալունը մեսրոպյան այբուբենն է, որից իմաստության, արժանապատվության եւ հավերժության զգացողություն է ճառագում: Ու որքան էլ զարմանալի եւ միեւնույն ժամանակ հաճելի է՝ դրանց հեղինակը ոչ այլոք է, քան կառույցի գլխավոր ճարտարապետը՝ Հրաչյա Պողոսյանը, որը կարողացել է փայտի այդ փոքր աշխատանքներում եւս հասնել թեմատիկ ու գեղարվեստական մեծ ընդհանրացումների, զգայական լիցքի ու վարպետության:

Ճարտարապետության կարեւոր խնդիրներից է բնական լույսի հարաբերությունը կառույցին: Այստեղ այս խնդիրը նույնպես լուծված է լավագույն ձեւով: Բոլոր առանձնասենյակները ուղղված են դեպի արեւը, լույսը, դեպի գեղեցիկ բնապատկերը, նաեւ կյանքը, որ ընթանում է լեռների գավաթի մեջ երեսսցող Դիլիջան հրաշալի քաղաքում: Ընդհանրապես, կառույցի հեղինակները կարողացել են շատ որոշակիորեն դրսեւորել իրենց վերաբերմունքը դեպի մարդը, հանգամանք, որ այսօրվա ճարտարապետության կարեւոր խնդիրներից է: Այս սկզբունքներն ու նպատակները ընկած են նաեւ առանձնատների կառուցման հիմքում:

Մեծերից մեկն ասել է՝ գեղեցկությունը ամբողջության բոլոր տարրերի խիստ համամասնական ներդաշնակությունն է, այնպիսին, որ հնարավոր չլինի որեւէ բան ո՛չ ավելացնել, ո՛չ պակասեցնել: Այսպիսին է Հայաստանի կինեմատոգրաֆիստների «Դիլիջան» ստեղծագործական տունը:

Դե, ինչ, ավարտենք մեր փոքրիկ շրջայցը, քանի որ անհնար է ամեն ինչ ընդգրկել, ամեն ինչի մասին պատմել: Ամեն ինչ տեսնելու եւ զգալու համար պարզապես հարկավոր է աշնան կամ տարվա ցանկացած եղանակի լուսավոր ու արեւոտ մի օր դուրս գալ Երեւանից եւ ուղեւորվել Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկը՝ ավանդույթներով ու անակնկալներով հարուստ ԴԻԼԻՋԱՆ քաղաքը…

You may also like...