Երաժշտություն, որ խոսում է հոգու հետ

«Հայրենիքի ձայն», 29 մարտի, 1978թ.
Սեյրանուհի Գեղամյան

Նա կանգնում է բեմի վրա ինքնամոռաց, առանց չափելու եւ ստուգելու դահլիճը: Նվագում է աչքերը կիսափակ՝ ամբողջ հոգով ու նյարդերով: Դա մի ինքնամոռաց սպառում է, երբ վերանում են ստեղծագործողը, կատարողը, երբ երաժշտությունը ծնունդ է տալիս երազների կամ արթնացնում հիշատակներ ու կարոտներ:

Նվագում է Ժան Տեր-Մերկերյանը… Ծնվել, անվանակոչվել է Ժանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Սարսելում է ստացել նաեւ հանդիսատեսի առաջին ծափերը:

– Տասը տարեկան էի, երբ առաջին անգամ բեմ բարձրացա: Մարսելի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցի Վիվալդիի եւ Մենդելսոնի ջութակի կոնցերտները եւ մի քանի պիեսներ դաշնամուրի նվագակցությամբ: Շատ ծաղիկներ ու ծափեր ստացա: Դա իմ առաջին մեծ ուրախությունն էր:

Փոքրիկ Ժանը արտաքինով չէր տարբերվում ֆրանսիացի մանչուկներից: Սեւ աչքեր չուներ նա, ոչ էլ թուխ մազեր, բայց տարբեր էր նրա աշխարհը, տանը հայրը՝ նվիրյալ ջութակահար Երվանդ Տեր-Մերկերյանը, նրան մի գեղեցիկ, տխուր մեղեդի էր սովորեցնում նվազել, բոլորովին տարբեր երաժշտական դպրոցում սովորածներից: Ու մի հրաշալի հեքիաթ էր պատմում հեռու, քարաշատ հայրենիքի մասին, աշխարհակործան ջրհեղեղից այնտեղ՝ բիբլիական լեռան վրա ապաստանած Նոյան տապանի մասին, բացատրում, թե ինչու ինքը, բացի ֆրանսերենից, խոսում է նաեւ մեկ ուրիշ լեզվով: Ու Ժանը իր հասակակիցներից շուտ սկսեց ծանր ու թեթեւ անել շատ հասկացություններ:

1947-ին Տեր-Մերկերյանի ընտանիքը եկավ հայրենիք:

Ֆրանսիայից բերած ամենաթանկագին իրը Մերկերյանների համար ջութակն էր: Ժանը դասերը վերսկսեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցում: Նրա ուսուցիչն էր պրոֆեսոր Դոմբաեւը, որին աշակերտեց նաեւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, հետո մեկնեց Մոսկվա, ուր ասպիրանտուրայում աշակերտեց Դավիդ Օյստրախին:

jan-ter-merkeryan

– Դավիդ Օյստրախին աշակերտելը իսկապես մեծ բախտ էր: Հաճույքով եմ հիշում տաղանդավոր ջութակահարի ոչ միայն տեսական բացատրություններն ու խորհուրդները, այլեւ այն պահերը, երբ նա դասարանում, անմիջապես կողքիդ, վերցնում էր ջութակն ու նվագում: Դրանք, իրոք, երջանիկ պահեր էին:

Բայց Ժանը չմնաց իր աշխարհահռչակ ուսուցչի կախարդանքի շրջանակներում: Նրա կատարած շատ ստեղծագործություններում զգալի էին դառնում նոր, մերկերյանական նրբերանգները:

1961-ին արդեն մի շարք միջազգային մրցույթներում նվազած ջութակահարը մեկնեց Փարիզ՝ մասնակցելու ջութակահարների՝ Մարգարիտ Լոնգի եւ Ժան Տիբոյի անվան միջազգային մրցույթին, որտեղ շահեց առաջին մրցանակը: Ու հետզհետե Ժան Տեր-Մերկերյան անունը երաժշտական աշխարհում գրավեց իր հաստատուն տեղը, դարձավ հայկական կատարողական արվեստը բնութագրող հեղինակություններից մեկը: Բազմաթիվ հաջողությունների, պարգեւների հետ ջութակահարը ձեռք բերեց նաեւ մեկը, թերեւս ամենակարեւորը, այն չգրված մրցանակը, երբ հարյուրավոր աչքեր անհամբերությամբ, ագահ սպասումով ազդագրերում փնտրում են ցանկալի հայտը, նվագում է Ժան Տեր-Մերկերյանը:

Իսկ նա շուրջ երեք տասնամյակ է, ինչ նվագում է: Եղել է Խորհրդային Միության համարյա բոլոր մեծ ու փոքր քաղաքներում, Ամերիկայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Բելգիայում: Արգենտինայում կայացած համերգից հետո, երաժշտական հայտնի քննադատ Նապոլեոն Կաբրերան նրան համարեց վերջին տարիներին աշխարհահռչակ «Կոլոնում» նվագած ամենամեծ ջութակահարներից մեկը:

Ժան Տեր-Մերկերյանը Հայաստանի ժողովրդական արտիստ է, երկու զավակների հայր, նաեւ հոգեւոր հայր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջութակի դասարանի տասնյակ ուսանողների համար, 1977 թվականի Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր: Նա նվագում է ամենատարբեր բնույթի գործեր, ահա վերջին երկու տարում նրա կատարած ստեղծագործությունների անվանումները, որոնց բարձրարվեստ կատարումով էլ արժանացավ այդ բարձր մրցանակին. Լոկատելլի՝ սոնատ «Դամբարանի մոտ», Բեթհովեն՝ հինգերերդ «Գարնանային» սոնատ, Պրոկոֆեւ՝ առաջին սոնատ, Դեբյուսի՝ սոնատ, Շիմանովսկի՝ երեք միֆեր՝ «Արետուզայի շատրվանը», «Նարցիս» եւ «Պանն ու Դրիադեն», Շոստակովիչ` պրելյուդներ, ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մեսիան` թեմա վարիացիաներով, Մոցարտի, Բարտոկի կոնցերտները, Դվորժակի, Սարասատեի, Ռավելի, Գերշվինի, Խաչատրյանի, Միրզոյանի, Սարյանի մի շարք ստեղծագործություններ, որոնց բոլորի կատարումն էլ կրում է մերկերյանական ջութակի կնիքը:

Ժան Տեր-Մերկերյանը բացառիկ ջութակահար է: Ունկնդիրը սիրում է Ժանին, նրա կատարումը՝ իր ընդգծված անկեղծությամբ, անմիջականությամբ, ինքնանվիրումով, առանձնանում է շատերից ու դառնում եզակի: Նա կարողանում է յուրովի իմաստավորել աղեղի ու լարի միջոցով ծավալվող սերը, թախիծը, տառապանքը: Նրա ինտելեկտուալ կատարումը՝ զարմանալի զգացողությամբ ու անցումներով, գույնի պես տեսանելի հնչյունային երանգներով, զգացումի, ապրումի եւ տրամաբանության կատարյալ միասնությամբ մնում է ոչ միայն երաժշտություն, դառնում ոչ միայն զրույց, այլեւ խոստովանություն, լռության մեջ ծավալվող աղոթք, որը խոսում է ոչ այնքան ականջի, որքան հոգու հետ…

You may also like...