Երազանքի իրականացումը

«Հայրենիքի ձայն», 10 հունիսի, 1981թ.
Սեյրանուհի Գեղամյան

Նրա խիստ ընդգծված հայկական դիմագծերում, աչքերի արտահայտությունում, ողջ հայացքում կա այն հարազատ, տաք թրթիռը, որ անսխալ հուշում է՝ հայ է: Այո, հայ է: Իր արմատներով, իր արտաքինով, իր ներաշխարհով ու ապրումներով… Եւ խորունկ հայ է. Կոստան Զարյանի դուստրը: Իտալիայի այսօրվա քանդակագործության տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ ՆՎԱՐԴ ԶԱՐՅԱՆԸ

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ նրան շատերն են ճանաչում: Դեռ 1964-ին Երեւանի Նկարչի տանը կազմակերպվել էր քանդակագործուհու աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսից հետո հայրենասեր արվեստագետը 25 աշխատանք նվիրեց Երեւանի պետական պատկերասրահին: 1967-ին նույն սրահում ցուցադրվել են տիկին Զարյանի գեղանկարչական աշխատանքները: Եւ նա, ով դիտել է այդ ստեղծագործությունները, չի կարող չհիշել դրանք, որովհետեւ դրանցում կան խիստ ինքնուրույն լեզու, շեշտված անհատականություն, խորը մարդկային մի թրթիռ, որոնք քարին իսկապես շունչ են տալիս եւ այն էլ հուզող, մտածել տվող, վերապրել ստիպող շունչ:

Եւ ահա տաղանդավոր քանդակագործուհին դարձյալ Երեւանում է: Եռանդով, ոգեւորությամբ նա պատմում է հայաստանյան այցելությունների մասին, ցույց տալիս աշխարհի նշանավոր թանգարաններում տեղ գտած իր աշխատանքների լուսանկարները:

Հռոմի «Լա Կասապանկա» սրահում գտնվող նրա քանդակներն իրենց կատարման վարպետությամբ, ուժի, գաղափարի եւ զգացումի միասնությամբ հավանաբար լավագույններն են նրա ստեղծագործության մեջ: Թեմաները տարբեր են, բազմազան, սակայն երբեք չեն նեղանում, չեն փոքրանում իրենց արծարծած խնդրով: Դրանք ընդհանրացված, խոր ապրումներ են, մեծ տառապանք՝ աշխարհի, բնության, մարդու համար:

Ահա «Ցանկապատի ետեւում» աշխատանքը, վանդակապատից այն կողմ կանգնած են բանտարկյալ կանայք: Մեկն առանձնացված է մյուս երեքից: Նրա կրծքին թույլ, անօգնական փարված է ծծկեր երեխան: Գետնին էլի փոքրիկներ կան, որոնք իրենց թաթիկները պարզել են դեպի դուրս, դեպի աշխարհը, ազատությունը… Կանանց ձեռքերը նույնպես ձգված են դեպի վանդակաձողերը, կարծես ուզում են ետ հրել, մի կողմ շպրտել դրանք: Նրանց ամուր, պիրկ մարմիններն ու հայացքները ուժ եւ ցասում են արտահայտում:

Եւ այդ ցասումը հզոր է, առինքնող:

Հուզիչ, շատ տխուր մի բան կա «Պատշգամբում» քանդակախմբի մեջ: Ծնողները աշխատանքի են գնացել երեխաներին միայնակ փակելով տանը: Փոքրիկները դուրս են եկել պատշգամբները թեկուզ իրարից հեռու խաղալու, զրուցելու միմյանց հետ: Ճնշող, սթափեցնող շեշտ կա այդ փակված, կարծես բանտված փոքրիկների, այդ առանձին-առանձին, միանման տուփ-պատշգամբների, սառը բետոնի մեջ, թեեւ այդ ընդհանուր սառնության ու տխրության մեջ կա ջերմության մի բարակ շիթ, որ հավանաբար փոքրիկների կլորավուն թաթիկներից ու տոտիկներից է գալիս:

«Լա Կասապանկա» թանգարանում գտնվող Զարյանի աշխատանքներից չափազանց հետաքրքիր է նաեւ «Ծառի մահը» քանդակը, որ կարծես ճիչ է, ցասում ամեն ինչ ոտնատակ տվող մետաղի քաղաքակրթության դեմ, ճիչ է անհետացող, ոչնչացվող բնության համար: Երկաթե վանդակաշերտ պատվանդանի վրա, ձեռքերն ագուցած մի չորացած ծառի շուրջ կանգնել են չորս երեխա եւ ուզում են պաշտպանել ծառը, որ արդեն առնվել է երկաթի «ճիրանների» մեջ: Ընդհանրապես երկաթը, բետոնը, փայտը հաճախ են կապակցվում Զարյանի քանդակներում դրանք դնելով իրենց հատուկ միջավայրում, ավելի կենդանի, խոսուն դարձնելով քանդակը, շեշտելով նրա գաղափարական, հուզական լիցքը…

Նվարդ Զարյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ ունի կնոջ, մայրության թեման («Մայրություն», «Արեւին նայող կինը», «Ձկնորսի կինը», «Հեռուն նայող կինը», «Նստած կինը» եւ այլն): Դրանք արտահայտում են խորը մարդկայնություն, վեհություն, ազնվություն եւ կարծես կարեւորում, ընդգծում են կնոջ տեղը կյանքում, ստիպում ճանաչել նրա ուժը: Եւ այդ ուժն ինքը՝ Նվարդ Զարյանը դրսեւորում է թե՛ արվեստում եւ թե՛ կյանքում՝ միշտ պայքարելով հանուն մարդկային արժանապատվության, հանուն բարության եւ արվեստի:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաջասիրտ, երիտասարդ քանդակագործուհին իր ամուսնու՝ իտալացի հայտնի նկարիչ Մարիո Չիմարայի հետ խիզախությամբ կռվել է ֆաշիզմի դեմ: Եւ իտալական մամուլը շատ անգամ է գրել Նվարդ Զարյանի հերոսական, ուժեղ կամքի, այդ կամքի շարունակությունը կազմող նրա արվեստի մասին: Այդ հոդվածներից մեկը նա ժպիտով հիշում է. «Իմ առաջին մեծ ցուցահանդեսից հետո իտալացի մի արվեստագետ, որ տակավին ծանոթ չէր ինձ անձնապես, չկասկածելով անգամ, որ այդ աշխատանքների հեղինակը կարող է կին լինել, իր հոդվածում իմ մասին խոսում էր արական սեռով: Իհարկե, նա մեղավոր չէր. իտալացու համար դժվար էր տարբերակել շա՜տ օտար մի այդպիսի անվան պատկանելությունը»:

Սակայն այսօր արդեն այդ անունը ոչ ոք չի շփոթի: Նվարդ Զարյանը, որի համար իսկապես դյուրին էր արվեստում առաջ գնալ ամուսնու ազգանվամբ, որն արդեն հայտնի նկարիչ էր եւ Իտալիայի շատ հայտնի դերասան Չիմարայի որդին, շարունակեց քանդակագործության այդ դժվարին արվեստի բնագավառում իր սեփական աշխարհը հաստատել հայի ազգանվամբ ու հայի սրտով, վստահ, որ իր արվեստով ի վիճակի է հաստատելու իրեն թեկուզ արվեստի մեծ ավանդներ ունեցող երկրում: Եւ այս բոլորի լավագույն հաստատումը տիկին Զարյանի վերջին այցն է հայրենիք, որ ունի նաեւ կարեւոր, գործնական նպատակ:

- Թեեւ իմ աշխատանքներից շատերը գտնվում են Իտալիայի եւ աշխարհի այլ քաղաքների նշանավոր թանգարաններում ու կարեւոր վայրերում, բայց ես մեծ երազանք ունեի քանդակ դնել Երեւանում, եղբորս՝ Արմեն Զարյանի նախագծով կառուցվող որեւէ ճարտարապետական համալիրում: Այսօր իմ երազանքը ավելի քան իրականացած եմ համարում: Ինձ հնարավորություն է տրված քանդակ կանգնեցնել Երեւանի գլխավոր պողոտայի վրա, որ կառուցվում է եղբորս նախագծով: Ինձ համար այդ աշխատանքը չափազանց հուզիչ եւ պատասխանատու է: Քանդակը, որի մանրակերտն արդեն պատրաստ է եւ հավանության արժանացած, կոչվում է «Մայրություն»: Սայրություն՝ լայն, ընդհանրական առումով… Կարծում եմ, որ հասկանալի է այդպիսի թեմայի ընտրությունը: Այն քանդակվելու է մուգ կարմիր տուֆից եւ ունենալու է 3,5 մետր բարձրություն: Այս քանդակի մեջ ես ձգտել եմ դնել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իմ սերը, այն խոհերն ու լավագույն երազանքները, որ կարող է ունենալ հեռվում ստեղծագործող հայ արվեստագետը:

Շատ ժամանակ չի անցնի, եւ Երեւանի կենտրոնում կկանգնի իտալահայ քանդակագործուհու այդ աշխատանքը որպես մայրության, հավատի եւ հավերժության խորհրդանիշ…

You may also like...