Եվ թող հնչի երաժշտությունը

«Հայրենիքի ձայն», 1984թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Գրեթե չի պատահում, երբ հոգեզմայլ երաժշտություն լսելուց հետո մտածենք նվագարանի, այն պատրաստող վարպետի մասին, այն մասին, թե ինչպե՞ս է ծնվում հնչյունը: Ավելի հաճախ մենք օրհնում ենք երաժշտագրին, կատարող արվեստագետին, նվագավարին: Բայց կան մարդիկ, ովքեր օրեր, գիշերներ են լուսացնում, կենտրոնացած ու վերացած հակվում են փայտի զանազան կտրվածքների ու լարերի վրա, որպեսզի ընդարձակ դահլիճներում, փոքրիկ, կիսամութ սենյակներում, մարդկանց հոգիներում հնչի երաժշտությունը: Այդպիսիներից է նաեւ ջութակագործ վարպետ Հրաչ Չալգուշյանը:

Հրաչ Չալգուշյան

Հրաչ Չալգուշյան

Սովորական, համեստ այս մարդու կենսագրության մեջ ամենազարմանալին թերեւս այն է, որ նա՝ հազիվ 4-5 տարեկան, հմայվեց ջութակով, այդ՝ ոչ այնքան հեշտությամբ հնազանդվող գործիքով: «Երբ որեւէ մեկին տեսնում էի ջութակ նվազելիս, քարանում էի ու զարմանքով լսում նրանից հորդող քնքուշ երաժշտությունը: Մեջս անզուսպ ցանկություն էր առաջանում շոշափել այդ փոքրիկ գործիքը, հասկանալ, թե որտեղի՞ց, ինչպե՞ս է ծնվում երաժշտությունը, ինչպե՞ս է պարզ լարի ու աղեղի հպումից այդպիսի հրաշք կատարվում»: Առաջին ջութակը, որը նա նվեր ստացավ մորաքրոջից, դարձավ այն «խաղալիք-ավտոմեքենան», որ երեխաները հետաքրքրությունից մղված քանդում են ու փորձում ինքնուրույն հավաքել: Հետո, երբ պատահաբար տեսավ Հակոբ Երիցյանի պատրաստած ջութակը, հանկարծ հասկացավ, թե դեպի ուր է տանում իր մեջ այնպես անզուսպ խլրտացող մղումը: Սկսեց ձեռք բերել փայտի համապատասխան կտորներ, հատիչներ ու տաշտշել փայտը, ջութակի ձեւ տալ՝ առանց անհրաժեշտ գրականություն կարդալու, առանց Գվարների եւ Ստրադիվարիուս ուսումնասիրելու, զուտ երեւակայութամբ: Հետո ընդունվեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը, սկսեց ճշգրիտ գիտություններ ուսումնասիրել, բայց ջութակ պատրաստելը մնաց պատանեկան սիրո պես՝ որպես թաքուն, «մեղավոր» զբաղմունք:

1975 թվականին նա վերջապես հաղթահարեց անվստահությունը եւ իր մեջ ուժ գտավ ամբողջովին նվիրվելու ջութակ պատրաստելու արվեստին: Միայն երկու տարի անց կարողացավ ամբողջացնել առաջին ջութակը, որն, իհարկե, այնքան էլ հաջող չստացվեց: Հետո հաջորդեցին երկրորդը, երրորդը… Գործիքն ավելի հստակացավ, հնչյունը մաքրվեց, եւ աղեղի ու լարի հպումից հնարավոր եղավ իսկական երաժշտություն կորզել:

Եւ երբ տարիներ անց արդեն Մոսկվա ուսանելու մեկնած Հրաչն իր պատրաստած գործիքները ցույց տվեց ուսուցչին՝ սովետական արդի նշանավոր ջութակագործ, ՍՍՀՄ մշակույթի նախարարությանը կից ջութակագործ վարպետների խորհրդի նախագահության նախագահ Ալեքսանդր Կռիլովին, վերջինս զարմանքով նշեց, որ դրանք, չնայած իրենց նկատելի թերություններին, պատրաստված են ջութակի ֆրանսիական դպրոցի սկզբունքներով: Ու միայն այստեղ՝ Կռիլովի ղեկավարությամբ, Հրաչ Չալգուշյանը սկսեց իսկապես ուսումնասիրել ջութակի պատրաստման դասական սկզբունքները, նշանավոր վարպետների աշխատանքները, հնչողության հնարավորությունները, որոնք ունի այդ նրբագույն, բացառիկ համառություն ու տաղանդ պահանջող աշխատանքը:

«Ի դեմս Հրաչիկ Չալգուշյանի,- այսօր հիշում է Ալեքսանդր Կռիլովը,- ես հանդիպեցի շատ պատվարժան աշակերտի, ով աներեւակայելի կարճ ժամանակում յուրացրեց այս բարդ արվեստի գաղտնիքները: Կարծես թե նա ծնվել էր հենց այդպես՝ ջութակագործ վարպետ, միայն թե նրան որեւէ մեկը չէր սովորեցրել, ուղղություն չէր տվել: Չորս տարում նա զարմանալի առաջընթաց ունեցավ եւ մտավ սովետական առաջնակարգ վարպետների շարքը, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ մեզանում: Նա որոնող, փորձարկող մարդ է, կարողանում է արագ ու նպատակասլաց աշխատել: Հիմա արդեն նրա մասին կարելի է խոսել որպես իսկական արվեստագետի ու վարպետի»:

1982-ին առաջին անգամ Չալգուշյանը վստահություն զգաց իր երկու աշխատանքները ներկայացնելու համամիութենական մրցույթի: Ջութակի 63 վարպետներ էին մասնակցում այդ մրցույթին, եւ քչերի թվում, երկրորդ փուլում դիպլոմի արժանացան նաեւ նրա ներկայացրած գործիքները: Երկրորդ մրցույթը, որին մասնակցեց Չալգուշյանը, ավելի ներկայացուցչական էր, հետեւաբար եւ ավելի պատասխանատու: 1983-ի աշնանը Բուլղարիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ ջութակագործ վարպետների «Սոֆիա-83» միջազգային մրցույթը, որին մասնակցում էին աշխարհի 11 երկրների վարպետներ: Արդյունքն ավելի քան խոսուն է: Հայ վարպետի աշխատանքները անցան երրորդ փուլ եւ արժանացան խստապահանջ հանձնախմբի բարձր գնահատականին ու դիպլոմին: Այսօր նրա պատրաստած գործիքներով նվագում են Մոսկվայում, Սվերդլովսկում, Աշխաբադում, Նովոսիբիրսկում եւ այլուր: Բազմաթիվ նամակներում շնորհակալանքի ու մեծարանքի ջերմ խոսքեր են ուղղված հայ վարպետին: Բոլորովին վերջերս Մոսկվայում կայացած ջութակագործ վարպետների համամիութենական խորհրդակցությունում Հրաչ Չալգուշյանն արժանացավ նոր գնահատանքի, նա, առաջինը հայ վարպետներից, ընտրվեց ՍՍՀՄ մշակույթի նախարարությանը կից ջութակագործ վարպետների խորհրդի նախագահության անդամ:

Անշուշտ, իր գործին նվիրված իսկական վարպետի համար կարեւորը գնահատականներն ու դիպլոմները չեն: Նրան դրանք միայն ավելի են պարտավորեցնում, կրկնապատկում աշխատելու եռանդը, ինքնանվիրումը: Իսկ կարեւո՞րը… Կարեւորն այն է, որ վաղը մեկը, մի լավ ջութակահար ձեռքը կառնի նրա պատրաստած գործիքը ու մարդկանց հոգու տոն կպարգեւի:

Հրաչ Չալգուշյանի պատրաստած գործիքները կրում են իրենց վարպետի մեծ սերը, նրա անհատական ձեռագիրը, հնչողության եւ արտաքին գեղեցկության ներդաշնակության բարձր զգացողությունը: Բայց այս ամենը սահման չէ, չի կարող սահման լինել, քանի որ արվեստում սահմաններ, վերջնագծեր չկան:

Ու, երբ ընդարձակ դահլիճներում, փոքրիկ, կիսամութ սենյակներում կհնչի հոգեթով երաժշտությունը, երաժշտագրի, կատարող արվեստագետի, նվագավարի հետ օրհնենք նաեւ նրանց, ովքեր գիշերներ են լուսացնում մարդկանց պարգեւելու այդ հրաշալի տոնը, որ կոչվում է երաժշտություն…

You may also like...