Եվա Մեծորյան

«Հայություն», 1993թ. ապրիլ, թիվ 5 (23)

Տիկին Եվա Մեծորյանը ԱՄՆ-ում գործող Հայ կանանց միջազգային միության հիմնադիրն է և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը։ Նկարահանել է երկու վավերագրական ֆիլմ Հայաստանի անցյալ և ներկա ցավոտ խնդիրների վերաբերյալ։ Չորս տարի առաջ հիմնադրելով այս միությունը, նա նպատակ ուներ բոլոր հնարավոր միջոցներով օգնել Հայաստանին։

— Տիկին Մեծորյան, սա ձեր առաջին այցը չէ Հայաստան։ Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ նպատակով եք եկել։

— Պատրաստվում եմ նկարահանել երրորդ վավերագրական ֆիլմը և եկել եմ նյութեր հավաքելու։ Այն գլխավորապես պետք է ներկայացնի Հայաստանի անցած ձմեռը՝ իր դժվարություններով։

— Ինչպիսի՞ն է ամերիկյան կառավարության վերաբերմունքը Հայ կանանց միջազգային միության նկատմամբ:

— Շատ ջերմ։ Մենք երբեմն-երբեմն հանդիպումներ ենք ունենում և ուզում ենք կապ հաստատել ամերիկյան կառավարության հետ։ Այս տարի փետրվարի 28-ին Վաշինգտոնում, Սպիտակ տան առջև, ցույց կազմակերպեցինք։ Մասնակցում էր 7-8 նահանգներից եկած մոտ 1000 մարդ՝ գլխավորապես հայեր։ Նախատեսել ենք հունիսին Բոստոնում կազմակերպել երթ, որը կկոչվի «Երթ Հայաստանի համար»։

Չէի ասի, թե նման միջոցառումների արդյունքները մեծ են, բայց հույս ունենք, որ կկարողանանք հասարակական կարծիք ստեղծել ամերիկացիների մոտ, որոշակի երաշխիք ստանալ քաղաքական ասպարեզում Հայաստանի հեղինակության համար։

— Եվ վերջին հարցը՝ ի՞նչ տպավորություններով եք հեռանում Հայաստանից։

— Հնարավոր չէ միանշանակ ասել, լավ կամ վատ։ Շատ տեղեր եմ այցելել, շատ մարդկանց եմ հանդիպել։ Եղա Սևանի ճեմարանում։ Տպավորությունս լավ է։ Խելացի աչքեր տեսա Հայաստանի ապագայի համար։ Շատ էի քայլում փողոցներով և տառապած դեմքեր տեսա։ Բայց միաժամանակ հույս և լավ օրերի սպասում զգացի։

Հարցազրույցը վարեց Կարինե Հարությունյանը

You may also like...