«Ես փրփրադեզ ալյաց մետը դեռ իմ հույսը չեմ կտրի»

«Հայրենիքի ձայն», 29 նոյեմբերի, 1989թ.
Սեյրանուհի Գեղամյան

Երբ օրեր առաջ զրուցում էի Երեւանում գտնվող ֆրանսահայ նշանավոր նկարիչ Խաչատուր (Ռիշար) Ժերանյանի հետ, նա մի հետաքրքրական դեպք պատմեց. 1979 թվականին Մոսկվայում բացվել էր իր աշխատանքների ցուցահանդեսը: Այցելուների մեջ էր նաեւ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը: Նա երկար կանգ էր առնում յուրաքանչյուր աշխատանքի առջեւ, մանրամասն ուսումնասիրում այն, գովեստներ հայտնում: Երբ հերթը հասնում է «Ճանապարհ» կտավին, մարշալը մի քանի անգամ փոխում է դիտակետը՝ զարմանալով այն փաստից, որ նկարում պատկերված ճանապարհը նույնպես կարծես ամեն անգամ շարժվում, փոխում է իր ուղղությունը՝ դառնալով դեպի դիտողը: Բաղրամյանը հիացմունքով դիմում է նկարչին, հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է նրան հաջողվել հասնել նման էֆեկտի: Ժերանյանը խորհրդավոր ժպտում է եւ պատասխանում. «Դա իմ գաղտնիքն է, որն անգամ մարշալին չեմ կրնար հայտնել»:
Մարշալը սեղմում է Ժերանյանի ձեռքը եւ ասում. «Դուք լավ զինվոր կլինեք»:

Խաչատուր Ժերանյան

Խաչատուր Ժերանյան

Այս բառերը, որ վերհիշվում են ավելի քան տասը տարի անց, ինձ խորհել են տալիս, թե հիրավի, թեեւ արվեստն ու զինվորականությունը բավականին հեռու են միմյանցից, սակայն իսկական արվեստագետը ինչ-որ տեղ նույնպես զինվորական է, որը պետք է ամեն գնով պաշտպանի ոչ միայն սեփական անունն ու գործը, այլ նաեւ իր ժողովրդի մշակութային ու մտավոր ժառանգությունը:
Այս իմաստով իսկապես լավ զինվոր է Ռիշար Ժերանյանը, զինվոր, որին վիճակվել է շատ պատասխանատու մի միջավայրում՝ ֆրանսիական մեծ մշակույթի միջավայրում, նաեւ այն երկրներում, որոնցում ցուցադրվում են իր աշխատանքները (իսկ դա գրեթե ամբողջ աշխարհն է) պաշտպանել իր ազգանվան, հետեւաբար եւ իր ժողովրդի արժանապատվությունն ու հոգեկան կարողությունները:

Ավելի քան 32 տարի է անցել այն օրից, երբ Մոսկվայում կայացած երիտասարդության համաշխարհային փառատոնին հրավիրված ֆրանսահայ մի խումբ երիտասարդներ, որոնց մեջ էր եւ Ժերանյանը, ինքնակամ գնացքի տոմսեր ձեռք բերելով՝ առաջին անգամ Հայաստան եկան: Այն տարիներին, երբ դեռ տարտամ էին սփյուռք-հայրենիք կապերը ու այնքան էլ դյուրին չէր հայրենի երկիր այցելելը, դա բացառիկ երեւույթ էր: Ու այդ պահից սկսած Հայաստանը անվերապահորեն դարձավ Խաչատուր Ժերանյանի հոգու ու արվեստի երկիրը: Նա սկսեց երկու-երեք տարին մեկ Հայաստան այցելել արդեն ո՛չ որպես պարզ զբոսաշրջիկ, այլ վրձիններով ու ներկերով ծանրաբեռ, շրջելով Հայաստանի գրեթե բոլոր շրջանները՝ Զանգեզուր, Լոռի, Լենինական, Սեւան, Դիլիջան, դիտել եւ ուսումնասիրել մեր վեհաշուք եկեղեցիները՝ թափանցելով դրանց քարե համանվագի մեջ, պեղելով ներքին կուռ, ամուր ու հստակ գծերը: Հայկական բնապատկերները, եկեղեցիները եւ, իհարկե, Արարատը դարձան Ժերանյանի գեղանկարչության ու գծանկարչության ամենահիմնական թեմաները, ցուցադրվեցին Փարիզում, Վաշինգտոնում, Թեհրանում, Բեյրութում, Մոսկվայում եւ այլուր, մտան նշանավոր հավաքորդների հավաքածուների մեջ:
Ժերանյանը, որ սեփական անձի ու արվեստի վրա զգացել էր հայրենի հողի զորացնող ազդեցությունը, սկսեց Հայաստան բերել նաեւ սփյուռքահայ այլ արվեստագետների՝ նրանց կապելով հարազատ ժողովրդի հոգեւոր երակներին, առօրյային, ուրախություններին ու հոգսերին:
Բայց հեշտ չէ լինել այնպիսի ժողովրդի զավակ, որին ի վերուստ բաժին է հասել դժվար, երբեմն դաժան ճակատագիր:
Ահավոր երկրաշարժից հետո բավականին երկար ժամանակ «լռեց» Ժերանյանի վրձինը: Փլուզված, վիրավոր երկրի ցավը խորապես խոցեց արվեստագետին: Հոգու աչքերով նա երկար ապրում էր կատարվածը, որը հետո քիչ-քիչ հանձնեց գույների լեզվին… Կտավի վրա դանդաղորեն փլուզվող, սիրով ու երազով կառուցված կապտա-վարդագույն քաղաքն է՝ Լենինականը: Կանգ է առել ժամն ու ժամանակը՝ սոսկումով լսելու փլուզման ահավոր դղրդյունը: «Լենինականի երկրաշարժը» վիմագրական աշխատանքը վաճառքի համար տրամադրվեց Ֆրանսիա-Խորհրդային Միություն ընկերությանը՝ գումարը փոխանցելով Լենինականում կառուցվելիք մանկական հիվանդանոցի ֆոնդին: Իր լավագույն աշխատանքներից եւս երկուսը Ժերանյանը տրամադրեց ի նպաստ Հայաստանի՝ Շառլ Ազնավուրի կազմակերպած աճուրդին:
Հայրենի արվեստասերները, նկարիչների միությունը, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն միշտ էլ բարձր են գնահատել Ժերանյան արվեստագետի եւ հայրենասերի գործունեությունը:

Հայաստանում կազմակերպված նրա ցուցահանդեսները, որ մշտապես լեցուն են եղել ջերմ երկրպագուներով, անընդհատ ընդլայնվող կապերը, նկարչի հայրենասիրական գործունեությունը 1988-ին խորհրդանշվեցին Մարտիրոս Սարյանի անվան մրցանակի շնորհումով:
Տխուր էր նկարիչը, ավերված Լենինականն ու Սպիտակը իրականում տեսնելուց հետո դժվար էր ուրախանալ անգամ այդ գեղեցիկ փաստով: Բայց եւ ավելի հաստատակամ էր. «Պիտի ուրիշ տեսակ նկարեմ այս ամենը, պիտի ավելին ընեմ, քան մինչեւ այսօր ըրած եմ»,- ասաց նա մեր վերջին զրույցի ժամանակ: Հետո կենտրոնացավ ինչ-որ կարեւոր բան վերհիշելու ջանքով եւ ավելացրեց. «Կհիշե՞ք երգը, որ կըսե,

Երբ ալեկոծ ծովի վերա
Իմ մակույկը խորտակվի,
Ես Փրփրադեզ ալյաց մեջը
Դեռ իմ հույսը չեմ կտրի…

Հայրիկիս սիրած երգն է, ես ալ կսիրեմ այն, շատ լավ կբնորոշե հայու ոգին»…
Հրաժեշտից հետո երկար ժամանակ մտքումս կրկնում էի այդ տողերը, նաեւ վերհիշում Ժերանյանին տրված մարշալ Բաղրամյանի բնորոշումը ու մտածում, որ իսկապես, ամեն հայ պետք է ապրի պարտավորեցնող այն գիտակցությամբ, թե ինքը նախ եւ առաջ իր ժողովրդի պահապան զինվորն է, ու փրփրադեզ ալյաց մեջն անգամ չպիտի կորցնի հաղթելու հույսը, հավատն ու հաստատակամությունը:

You may also like...