Եթովպիա

Հայ-եթովպական առնչությունների մասին առաջին հիշատակությունները գտնում ենք Մովսես Խորենացու վկայություններում: Հայ-եթովպական կապերը սերտացել են 451թ. Քաղկեդոնի ժողովից հետո, երբ եթովպական ուղղափառ եկեղեցին Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ մերժել է Բյուզանդական եկեղեցու պարտադրած որոշումները: Դավանանքի ընդհանրությունը հետագայում նույնպես կարևոր դեր է խաղացել հայ-եթովպական հարաբերությունների սերտացման գործում:

Հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ արաբական հալածանքների պատճառով մեծաթիվ հայեր Սիրիայից, Պաղեստինից և Եգիպտոսից գաղթել են Եթովպիա ու հաստատվել այժմյան Դեսիե քաղաքի մոտ` կառուցելով Սբ. Ստեփանոս վանքը: Այստեղ ժամանակի ընթացքում մեծ թվով հայեր են կենտրոնացել, անգամ կազմել սեփական զորքը: Այն հաբեշական պատմագրության մեջ հայտնի է «Հայկական կղզի» անվամբ:

16-րդ դարում «Հայկական կղզին» անկում է ապրել, և հայերը, խուսափելով բռնի դավանափոխությունից, ստիպված հեռացել են Հաբեշստանի այլ բնակավայրեր: Մեծ է հայերի դերը եթովպական եկեղեցու մշակութային ավանդույթների պահպանման, մատենագրության, տնտեսության զարգացման գործում: 16-րդ դարում հայ հոգևորականները Եթովպիայում հիմնել են վանքեր, դպրոցներ, հայերենից եթովպերեն են թարգմանել Գրիգոր Լուսավորչի վարքը, ճառեր և այլ աշխատություններ:

1539թ. Լեբնա Դենգել թագավորի հրամանով Եթովպիան անցել է հայկական տոմարի: Հայ առևտրականները Եթովպիա են ներմուծել երկաթեղեն, կապար, մետաքս, բամբակեղեն, ապակեղեն, ներկանյութեր, մեքենաներ և արտահանել մեղրամոմ, փղոսկր, մորթի, սուրճ և այլն: 19-րդ դարավերջից հայերը եթովպական բանակին հրետանի և այլ զինատեսակներ են մատակարարել: Մայրաքաղաքի ամենահայտնի և խոշոր գորգերի խանութը պատկանում է հայ գործարարի:

Եթովպիայի կառավարության բարձր պարգևների են արժանացել հայազգի գործիչներ` Մատթեոս հոգևորական դիվանագետը (Եվրոպա մեկնած եթովպական առաջին դեսպանը), Մուրադ Հալեպցին (Եթովպիայի թագավորի դեսպանն ու առևտրական ներկայացուցիչը Հնդկաստանում), դիվանագետներ Մուրադ Կրտսերը և Եղիա Ենովքը, կայսեր խորհրդականներ Կապրո Որգեն և Միրաճ Որգեն: 1923թ. Ադիս Աբեբայում եղել է շուրջ 400 հոգանոց հայկական համայնք, գործել է Սբ.Աստվածածին եկեղեցին: 1928թ. Դիրե Դավայում ապրել են 12-14 տուն հայեր, գործել է Սբ. Մինաս եկեղեցին:

1956թ. Եթովպիայում բնակվել է շուրջ 940 հայ, որոնց մեծ մասն զգալի ազդեցություն է ունեցել երկրի առևտրա-արդյունաբերական կյանքում: Սակայն 1973թ. հեղափոխությունից հետո սկսվել է ազգայնացման գործընթաց, և մեծ թվով հայեր հեռացել են: Եթովպիայում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եթովպիայի հոգևոր հովվությունը, որն ընդգրկված է Եգիպտոսի թեմի կազմում (կենտրոնը Ադիս Աբեբայի Սբ. Գևորգ եկեղեցի, 2003 թ-ից հոգևոր հովիվ` Գալուստ վրդ. Դարբինյան):

Եթովպիայում գործում է հայկական ազգային «Գևորգով» վարժարանը, որն ունի մանկապարտեզ և տարրական դասարաններ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կրոն, ամհարերեն` Եթովպիայի պետական լեզուն, անգլերեն, ֆրանսերեն: 1996թ. աշակերտների թիվը 100 էր, որից ընդամենը 11-ը հայ: Վերջին տվյալներով Եթովպիայում` միայն Ադիս Աբեբայում, բնակվում է շուրջ 80 հայ:

You may also like...