Եգիպտոս

Եգիպտոսում հայերի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. 4-րդ դարին: Եգիպտահայ գաղութը կազմավորվել և ծաղկում է ապրել Ֆաթիմյան դինաստիայի տիրապետության շրջանում (969- 1171թթ.): Հայերի թիվն ավելացել է նաև Մամլուքների օրոք: Դեռևս 11-րդ դարավերջին Եգիպտոսում բնակվել է շուրջ 30.000 հայ, գործել է 37 հայկական եկեղեցի: Համաձայն որոշ պատմաբանների հաղորդած տվյալների` իսլամական աշխարհի միակ սուլթանուհի Շաջար ադ-Դուրը հայ է եղել: Գաղութը հատկապես աշխուժացել է 18-րդ դարի կեսից, երբ երկիրը դարձել է միջազգային առևտրի կենտրոն: 19-րդ դարի առաջին կեսին Եգիպտոսի փաշա Մուհամմեդ Ալիի վարած վարչական, տնտեսական, ինչպես նաև կրոնական բարենպաստ քաղաքականության շնորհիվ եգիպտահայ համայնքը նոր վերելք է ապրել, կառուցվել է հայկական երկու եկեղեցի` Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե:

Մինչև 1917թ. Եգիպտոսում բնակվել է մոտ 12000 հայ: Մի քանի անգամ երկրի վարչապետ է նշանակվել Պողոս Նուբար Փաշան, կառավարության կազմում եղել են հայազգի նախարարներ: 19-րդ դարի 90-ական թվականներին համիդյան ջարդերի և 1915 թ. Հայոց Ցեղասպանության հետևանքով սկսվել է զանգվածային գաղթ Արևմտյան Հայաստանից դեպի Եգիպտոս, որի արդյունքում հայերի թիվը հասել է 18 000-ի: 1926-27 թթ. երկրում բնակվել է շուրջ 28 հազար, 1950-ական թվականներին` շուրջ 50 հազար հայ:

1952թ. Գամալ Աբդել Նասերի հեղափոխությունից հետո Եգիպտոսում իրականացված ազգայնացման և համատարած արաբականացման քաղաքականության հետևանքով հայ համայնքի գերակշիռ մասն արտագաղթել է դեպի Արևմուտք` հիմնականում Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև Ավստրալիա: Այսօր հայ համայնքը Կահիրեում և Ալեքսանդրիայում միասնաբար կազմում է շուրջ 6000 հոգի, ովքեր հիմնականում Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են, կենտրոնացված են Կահիրեում (4000) ու Ալեքսանդրիայում (2 000):

Եգիպտոսի հայ համայքն ունի կրոնական համայնքի կարգավիճակ, որը ղեկավարվում է համայնքային օրենսդիր` Եգիպտահայ Թեմական Ժողովի Համագումար, (Կահիրեի և Ալեքսանդրիայի թեմական ժողովներ.պետական վավերացում է ստացել 1946թ. հունիսի 29-ին) և գործադիր` Քաղաքական, (Կահիրեի և Ալեքսանդրիայի քաղաքական ժողովներ) մարմինների կողմից: Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եգիպտոսի թեմը (առաջնորդանիստը` Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, թեմական առաջնորդ` Աշոտ եպս. Մնացականյան)` 5 եկեղեցիներով: Եգիպտոսում գործում է նաև Հայ Կաթողիկե թեմը` 3 եկեղեցիներով: Կա նաև Հայ Ավետարանական
եկեղեցի Ալեքսանդրիայում: Առաջին հայկական` «Եղիազարյան» հոգևոր վարժարանը բացվել է 1828թ.:

Ներկայում գործում է 4 հայկական դպրոց. Կահիրեում` «Գալուստյան և Նուբարյան», «Կաթողիկե Անարատ Հղության Հայ Քույրերի» վարժարանները և «Նուբարյան» դպրոցը, Ալեքսանդրիայում` «Պողոսյան» վարժարանը: 2007 թ.-ից Կահիրեի համալսարանում գործում է Հայագիտական կենտրոն, որի գործունեության երկու տարիների ընթացքում կազմակերպվել է միջազգային երկու համաժողով, տպագրվել են հայագիտական աշխատություններ: Հայկական ավանդական կուսակցությունները հանդես են գալիս մշակութային միությունների անվան ներքո` Հուսաբեր մշակութային միություն (ՀՅԴ), Կոկանյան մշակութային միություն (ՌԱԿ), Հայկական ընթերցասրահ (ՍԴՀԿ):

Եգիպտոսում գործում են ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղը, «Հայ Կարիքի Խաչ» կազմակերպությունը (ՀՕՄ մասնաճյուղ), Հայ գեղարվեստասիրաց միությունը, Հայ ազգային հիմնադրամի «Կոկանեան» սրահը, «Յուսաբեր» մշակութային ընկերակցությունը, Հայկական ընթերցասրահ, «Տիգրան Երկաթ» և «Յառաջադիմասեր» մշակութային միությունները: Համայնքի երիտասարդական միություններն են` «Յուսաբեր» երիտ-պատանեկան հանձնախումբը, «Վ. Թեքեյան» երիտասարդական հանձնախումբը, «Կոկանեան» երիտասարդական հանձնախումբը, «Քրիստոնեայ ընտանիք» երիտ-պատանեկան հանձնախումբը, «Յառաջադիմասեր» երիտ-պատանեկան հանձնախումբը, մարզական միություններն են` ՀԲԸՄ Նուպար, ՀԲԸՄ Արարատ, ՀԲԸՄ Կամք:

Եգիպտական պետական «Եվրոպիան» ռադիոալիքով հեռարձակվում են հայերեն հաղորդումներ, լույս են տեսնում` «Հուսաբեր» (ՀՅԴ), «Արև» (ՌԱԿ) օրաթերթերը, «Արև» ամսաթերթը` արաբերեն, «Ջահակիր» (ՍԴՀԿ) շաբաթաթերթը, «Ծիծեռնակ» երաժշտական, «Տեղեկատու» եռամսյա պարբերականները, «Արմավենի» էլեկտրոնային թերթը:
Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կա Մեծ Եղեռնի 50-ամյակի Հիշատակի խորան և խաչքար հուշակոթող եկեղեցու շրջաբակում, ինչպես նաև Կահիրեում` Հայ-եգիպտական բարեկամության հուշակոթող և «Էլ-Հորեյյա» զբոսայգի:

Լուսանկարներում
1. Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդանիստ: 2. Ալեքսանդրիայի Սուրբ Պողոս-Պետրոս Հայ Առաքելական եկեղեցի: 3. Կահիրեի Սուրբ Աստվածածին Հայ Կաթողիկե եկեղեցի: 4. Կահիրեի Սուրբ Թերեզա Հայ Կաթողիկե եկեղեցի: 5. Ալեքսանդրիայի Սուրբ Մարիամ Հայ Կաթողիկե եկեղեցի: 6. Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցի: 7. Կահիրեի «Գալուստյան» Ազգային վարժարան (հիմնադրվել է 1828թ.): 7. Նուբար Փաշայի արձանը Մուհամեդ Ալիի անվան թատրոնի (այժմ վերանվանված Սայեդ Դերվիշի անվան թատրոն) բակում, Ալեքսանդրիա:

You may also like...