«Դիմանկար»

«Հայրենիքի ձայն», 8 մարտի 1983թ.
Սեյրանուհի Գեղամյան

OLYMPUS DIGITAL CAMERA

Հայկական մանրանկարչությունը մեր ժողովրդի ստեղծած հոգեւոր ամենամեծ արժեքներից է, որը, իր գեղարվեստական բացառիկ որակներից զատ, անսպառ նյութ է նաեւ պատմական եւ ազգագրական տեսակետից: Վերջին հատկանիշները մասնավորապես վերաբերում են հայկական մանրանկարչության հարուստ էջերում սփռված մեծ թվով դիմանկարներին, որոնց շնորհիվ է, որ մենք այսօր հնարավորություն ունենք ճշգրիտ տեսնելու մեր պատմության ու մշակույթի բազմաթիվ գործիչների, մեզ համար սրբություն դարձած շատ անհատների պատկերները, նրանց շրջապատող իրերը, նրանց տարազը, կենցաղը՝ դրանցով առավել հստակորեն վերաիմաստավորելով նրանց հոգեկան աշխարհը, ճաշակը, գեղագիտական ըմբռնումները եւ ընդհանրապես՝ ժամանակը:

Ահա մեր ձեռքի տակ է մի նոր հրատարակություն՝ նվիրված հայկական մանրանկարչությանը, այս անգամ՝ մասնավորապես դիմանկարին: «Սովետական գրող» հրատարակչության լույս ընծայած այս շքեղ ալբոմում առաջին անգամ ի մի են հավաքված հայկական մանրանկարչության էջերում հանդիպող դիմանկարները: Ալբոմը կազմել, հարուստ առաջաբանը (տպագրվել է հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն) եւ չափազանց հետաքրքիր ծանոթագրությունները գրել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Աստղիկ Գեւորգյանը, որը մի քանի տարի առաջ պատրաստել էր մեկ այլ արժեքավոր ալբոմ՝ նվիրված հայ ազգային արհեստներին ու կենցաղին:

Ներկա ժողովածուն կազմված է գլխավորապես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հարուստ հավաքածուի 11-13-րդ դարերի ձեռագրերից: Հեղինակը օգտվել է նաեւ արտասահմանում պահվող հայկական ձեռագրերի մանրանկարների մասին հրատարակված նյութերից:

Ընտրված եւ ալբոմում ընդգրկված է առավել արժեքավոր 129 նկար, որոնցում պատկերված է 139 անձնավորություն:

Ընդունված է համարել, որ դիմանկարը որպես գեղանկարչական ժանր հայկական կերպարվեստում սկզբնավորվել է Հակոբ Հովնաթանյանի՝ մարդկային խառնվածքն ու հոգեկան որակները մեծ վարպետությամբ արտահայտած դիմանկարներով: Սակայն դեռեւս վաղ միջնադարյան մանրանկարչության էջերում հանդիպող թե՛ կրոնական եւ թե՛ աշխարհիկ գործիչների պատկերներում այնքա՛ն անհատականություն, ներքին խոր հուզականություն կա, որ դրանք արդեն իսկ կարելի է համարել դիմանկար՝ ժամանակակից ըմբռնումով ու տարողությամբ:

Քանի որ դիմանկարը մանրանկարչության մաս է կազմում, ապա դրան եւս հատուկ են այն գծերը, որոնցով հիմնականում բնորոշվում է մանրանկարչությունն ընդհանրապես, այն է՝ կատարման մաքրությունն ու հստակությունը, պարզությունն ու նրբությունը, պատկերի մասերի ու ամբողջության, գույների ու ձեւերի ներդաշնակությունը: Սակայն եթե հայկական մանրանկարչության լավագույն էջերը հիացումի, հրճվանքի եւ զարմանքի զգացումներ են ծնում, ապա դիմանկարները ամենից առաջ հուզում են, հուզում են եւ ստիպում անվերջ մտմտալ, թե ինչն է այդպես տակնուվրա անում հոգիդ, ու դժվար է գտնել ամբողջական պատասխանը, մի տեղ դա խոնարհ ինքնազոհության պատրաստականությունն է, մի այլ տեղ՝ անչափելի տխրությունն ու ողբերգականությունը, տագնապի ու սպասումի խորհրդավորությունը, մեկ ուրիշ տեղ՝ ուղիղ հոգուդ խորքն են թափանցում վշտով լի, խոշոր, խոնավ աչքերը ու ճմլում են սիրտդ անբացատրելի մի զգացումով… Պատահում է եւ, որ հուզվում ես զուտ պատկերված անձի որոշակիությունից: Ահա կարող ես բացել այս ալբոմը ու երկար նայել Մեսրոպ Մաշտոցի՝ տարբեր նկարիչների ստեղծած պատկերները, Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի համատեղ դիմանկարները, Մովսես Խորենացու, Երիցս մեծ ու անհաղթ փիլիսոփա Դավիթի, Ներսես Շնորհալու եւ այլ մտածողների պատկերները եւ, իհարկե, մեծ Նարեկացու չորս դիմանկարները, որոնցում նա մեկ բանաստեղծ է, մեկ գիտնական, մեկ ճգնավոր: Մանրանկարներից մեկում Նարեկացին նստած է ավետարանիչի կեցվածքով, մի ձեռքում մատյանը, մյուսում՝ գրիչը: Նրա առջեւ հարթաքանդակավոր փոքրիկ պահարան է դրված, որը ծառայում է որպես գրակալ: Բանաստեղծի ձեռքին նրբին, գեղեցիկ գրիչ կա, որ շատ նման է ժամանակակից գնդիկավոր գրիչներին: Ըստ իրենց՝ գրիչների տեղեկությունների, այդ ժամանակ իսկապես օգտագործել են լիցքավոր գրիչներ, որոնցով կարելի էր ավելի քան 900 բառ գրել, եւ դա դեռեւս 10-րդ դարում… Այս փոքրիկ մանրամասնը, արդեն, ինքնին արժեքավոր դիմանկարին նոր արժեք է տալիս: Նարեկացուն պատկերել են նաեւ որպես սրբերի շարքը դասված անձնավորություն: Այս փաստը նախ եւ առաջ ցույց է տալիս նկարչի եւ ժամանակակիցների վերաբերմունքը դեպի հանճարեղ բանաստեղծը: Պատմական, ազգագրական եւ գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում նաեւ հայոց արքաների դիմանկարները: Այս շարքում ուշագրավ է հատկապես Կարսի Բագրատունյաց վերջին թագավորի՝ Գագիկի ընտանեկան դիմանկարը, շքեղ գորգերով զարդարված թախտին նստած են Գագիկ թագավորը, նրա կինը՝ Գորանդուխտ թագուհին, իսկ մեջտեղում՝ նրանց դուստրը՝ Մարեմը: Նրանց նրբահյուս, բարձրաճաշակ հագուստը այդ ժամանակաշրջանի բարձր դասի ազգային տարազի հրաշալի նմուշ է: Մի շարք նկարներում պատկերված է Լեւոն Գ թագավորը տարբեր հասակներում, առանձին, կնոջ՝ Կեռան թագուհու, նաեւ իր հինգ որդիների հետ: Հատկապես արժեքավոր են Թորոս Ռոսլինի 1262 թվականին պատկերազարդած Ավետարանում ստեղծած Լեւոն Գ-ի եւ Կեռան թագուհու պատկերները: Այստեղ մանրանկարիչը մեծ վարպետությամբ դարձյալ ընդգծել է նրանց արքայական շքեղ զգեստների հայկական ինքնատիպ զարդանախշերը, գույների ներդաշնակությունն ու մաքրությունը:

Դիմանկարային մանրանկարչության ապշեցնող էջ է Հեթում 2-րդ թագավորի 1286 թվականի «Ճաշոցի» անվանաթերթի լուսանցքազարդը, որը ոճավորված բուսական զարդ է: Դրանում պատկերված են մարդկային վեց կերպարանքներ՝ տարբեր կեցվածքներով: Վեց բոլորովին տարբեր բնավորություններ… եւ նույն անմեկնելի հուզականությունը:

Դիմանկարների շարքում առանձին սիրով ես նայում իրենց՝ ծաղկողների ինքնադիմանկարները… կիլիկյան մանրանկարիչ Սարգիս Պիծակի, Վասպուրականի 14-րդ դարի մանրանկարիչ Ծերուն Ծաղկողի, եւ նույն դարի Գլաձորի անվանի գրիչ եւ ծաղկող Թորոս Տարոնացու, Տփխիսի 15-րդ դարի ծաղկող Մանուելի, Նոր Ջուղայի 17-րդ դարի ծաղկող Հայրապետի, Սահակ Վանեցու ինքնանկարները: Նայում ես նրանց եւ ուզում ես հասկանալ, թե ինչ զգացումներով են պարուրված եղել նրանք, երբ զօր ու գիշեր նստած մագաղաթի առջեւ՝ իրար են խառնել ոսկին ու լաջվարդը, որդան կարմիրն ու կապտականաչը, ինչպիսի ապրումներ ու տագնապներ են հուզել նրանց սիրտն ու հոգին՝ այդ անանց գեղեցկությունները, այդ ոսկեդեղին աշխարհներն ստեղծելիս:

Որպես դիմանկարային արվեստի նմուշներ, առանձին արժեք ունեն նկարիչների ժամանակակիցների դիմանկարները՝ ինչպիսիք են Հովնան Որոտնեցու, Գրիգոր Տաթեւացու, Թովմա Մեծոփեցու, Գրիգոր Խլաթեցու դիմանկարները, ինչպես նաեւ մի շարք վաճառականների, ձեռագրեր պատվիրողների, հոգեւորականների, արհեստավորների, կանանց պատկերները:

Վերջում նշենք, որ Աստղիկ Գեւորգյանի կազմած «Դիմանկար» ալբոմը գիտական եւ գեղարվեստական հարուստ նյութ է պարունակում եւ հույժ ուշագրավ է թե՛ արվեստաբանական, թե՛ պատմական եւ ազգագրական տեսակետներից, եւ թե, մանավանդ՝ հայկական մանրանկարչության խորունկ գեղեցկություններն ու արժանիքները մագաղաթյա մատյանների էջերից դուրս բերելու եւ բազմաթիվ մարդկանց հիացում պարգեւելու շնորհակալ ջանքերի համար:

You may also like...