Գրականագիտությունը՝ հոգու գործ

«Հայրենիքի ձայն», 3 դեկտեմբերի 1986թ.
Սեյրանուհի Գեղամյան

Մեր մոլորակի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ), ճիշտ Նևա գետի ափին, կա հնաոճ, հրաշալի մի կառույց, որ քաջ հայտնի է գրականության հետ առնչվող յուրաքանչյուր մարդու. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ռուս գրականության ինստիտուտն է, որ այլ կերպ կոչվում է Պուշկինյան տուն: Շուրջ հիսուն տարի է, ինչ իր աշխատանքային օրն այստեղ է սկսում մեր հայրենակից գիտնականը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինստիտուտի ձեռագրերի բաժնի վարիչ Կամսար Գրիգորյանը (Տեր-Գրիգորյան): Սկսում է իր ո՛չ սովորական, ո՛չ միապաղաղ աշխատանքային օրը, քանի որ չի կարող սովորական ու միապաղաղ լինել աշխատանքը մի մարդու, որը գործ ունի բանաստեղծների գրական ժառանգության հետ, այն ամենի, ինչում ամփոփված են նրանց կյանքն ու հոգին, ցավն ու տառապանքը, սերն ու երազները: Ու երբ նրա աշխատություններից մեկի առաջաբանում կարդացի ռուս նշանավոր քննադատ Բելինսկու խոսքերը.«Խղճացեք բանաստեղծին, կամ ավելի լավ է ինքներդ ձեզ, քանի որ ձեր առջեւ բացելով իր սրտի վերքերը, նա ձեզ ցույց է տալիս ձեր սեփական վերքերը», հասկացա, որ դրանք ամենից առաջ իրեն են վերաբերում, իրեն, որ ամբողջ կյանքը խոնարհ պատրաստականությամբ, անաղմուկ նվիրումով ի սպաս է դրել գրականագիտությանը՝ աշխատանքի նյութ ընտրելով հատկապես գրական այնպիսի դեմքերի, որոնց հոգում շատ են տառապանքն ու ցավը, դրանով կարծես դիպչելով նաեւ սեփական հոգու վերքերին:

Բայց նրա մասին ավելի լավ է պատմել սկզբից, որովհետեւ այդ սկիզբն իր մեջ կրում է այն սաղմերը, որոնք հետագայում որոշարկեցին գրականագետի ճանապարհը: Ծնվել է Ջավախքի լեռնաշխարհի Գանձա գյուղում, որը հայ գրական քարտեզի ամենապայծառ կետերից է՝ Վահան Տերյանի ծննդավայրը: Եւ հենց նույն տանն էլ, ուր ծնվել է Վահան Տերյանը, աշխարհ է եկել նրա կրտսեր եղբոր՝ Ներսեսի որդի Կամսարը:

Տեր-Գրիգորյանների նախնիները Արեւմտյան Հայաստանից էին: Նրանց նախապապը՝ Ղազարոսը, գյուղական քահանա էր, թափառական քարոզիչ: Անցած դարի 20-ական թվականներին, ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո իր հայրենակից էրզրումցիների հետ նա տեղափոխվում է ռուսական բանակի կողմից ազատագրված Ջավախք, հաստատվում Գանձա գյուղում:

– Ծնվել ու մեծացել եմ այն միջավայրում, ուր իր մանկությունն է անցկացրել Վահան Տերյանը: Այն ամենը, ինչը հետագայում դարձավ մեծ բանաստեղծի պոեզիայի հիմնական թեմաներից մեկը, թանկ ու հարազատ են նաեւ ինձ: Եւ աշխատանքի բերումով ապրելավայր ընտրելով Լենինգրադը՝ գիտության ու արվեստի այդ կենտրոնը, ես հոգով ու սրտով եղել եմ հայրենի լեռնաշխարհում ու միշտ մնացել եմ «սարեցի»՝ լեռների ու բարձրության կարոտ,- պատմում է Կամսար Գրիգորյանը:

Ի՜նչ անբացատրելի զգացում է կարոտը: Ինչպե՞ս է այդ աննյութեղեն գոյությունը կարողանում ծովանալ աչքերի, ձայնի, շարժուձեւի մեջ: Իմ առջեւ նստած է 76 տարեկան մի մարդ՝ հիշողություններով ու իմացություններով ծանրաբեռ ու պատմում է իր մանկության, ծննդավայրի, իր ոչ այնքան հեշտ, բայց անչափ հետաքրքիր կյանքի մասին, եւ այնպե՜ս պարզ տեսանելի է կարոտը իր նկարագրած լեռների ու դաշտերի, իր մանկության դեմքերի նկատմամբ: Մարդու կյանքում պատահում են օրեր, որոնց վերհուշը կարողանում է ջերմացնել հետագա բոլոր տարիները: Կամսար Գրիգորյանի կյանքում շատ են այդպիսի երջանիկ օրերը: Դրանք նախ եւ առաջ այն հանդիպումներն ու զրույցներն են, որոնք նա ունեցել է հայ մշակույթի բազմաթիվ ականավոր ներկայացուցիչների հետ. Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Մառ, Հրաչյա Աճառյան եւ շատ ուրիշներ: Այդ կերպարներից յուրաքանչյուրը ապրում է նրա մեջ որպես սրբազան հուշ:

- Վահան Տերյանին իմ գիտակցական կյանքում տեսել եմ մեկ անգամ’ հայրենի գյուղ կատարած իր վերջին այցի ժամանակ: Նա մեզ՝ փոքրիկներիս համար խաղալիքներ էր բերել: Այսօր էլ դրանց հիշողությունը մի տաք քնքշանք է ծնում իմ մեջ: Հատկապես տպավորվել են առավոտները, երբ արթնանում էի ու տեսնում Վահանին՝ սեղանի առջեւ նստած արտագրում էր իր գիշերային տքնանքի արդյունքները, հետո պատռում էր թղթերի մի ստվար կույտ՝ հավանաբար բանաստեղծությունների սեւագրություններն էին: Նա չէր սիրում սեւագրություններ պահել, մաքուր արտագրելով վերջնական տեքստը, ոչնչացնում էր սեւագրությունները: Կամ ո՞վ գիտե, գուցե իր չհավանած բանաստեղծություննե՞րն էին…

Տարիներ անց Կամսար Գրիգորյանը գրեց հետաքրքիր ու շահեկան մենագրություն Վահան Տերյանի մասին՝ բանաստեղծի կյանքի մանրամասների լավատեղյակությանը միախառնելով գրականագիտական նրբին դիտարկումներ:

Եւ ոչ միայն Վահան Տերյանի:

Տասնյակ տարիներ աշխատելով գիտությունների համամիութենական ակադեմիայի ռուս գրականության ինստիտուտում, Կամսար Գրիգորյանն իր գրքերի ու հոդվածների մեծ մասը նվիրել է հայ գրականությանն ու մշակույթին եւ ռուսերեն հրատարակելով իր ուսումնասիրությունների արդյունքները՝ բազմամիլիոն ռուս ընթերցողներին ծանոթացրել հայ գրականության իսկական արժեքներին: Նրա առաջին աշխատությունները նվիրված էին իր ամենասիրելի բանաստեղծներին՝ Հովհաննես Թումանյանին (Լենինգրադ, 1953թ.) եւ Ավետիք Իսահակյանին (Մոսկվա, 1954թ.):

Վարպետն ինքը շատ էր հավանել այդ աշխատությունը եւ իր գոհունակությունն արտահայտել նրան ուղղված նամակներում: Ի դեպ, Կամսար Գրիգորյանն ու Ավետիք Իսահակյանը կապված էին երկար տարիների ջերմ բարեկամությամբ:

- Ավետիք Իսահակյանի հետ անձնական շփումների իմ հնարավորությունները սահմանափակ էին: Կապը պահպանվում էր նամակագրությամբ: Սակայն նամակները չէին կարող փոխարինել կենդանի զրույցին: Եւ ամեն տարի աշնանը (բացի պատերազմական տարիներից) գալով Երեւան՝ այցելում էի բանաստեղծին: Մեր զրույցի մշտական նյութը հայ ժողովուրդի անցյալը, ներկան, ապագան էր: Իսահակյանն առաջին հանդիպումից նկատել էր, որ խուսափում եմ մասնակցել ընդհանուր խոսակցություններին, որ անծանոթ մարդկանց շրջապատում անհարմար եմ զգում: Իսկ այցելուները շատ էին՝ ե՛ւ տեղացիներ, ե՛ւ հյուրեր արտասահմանից: Նոր բնակարան ստանալուց հետո, ուր այժմ բանաստեղծի տուն-թանգարանն է, նա ինձ հրավիրում էր այնտեղ եւ սովորաբար թեւանցուկ անելով տանում էր տնամերձ այգին: Գանգատվում էր, որ ամբողջ շենքում մի հանգիստ անկյուն չկա: Նստում էինք Ռաֆայել Իսրայելյանի նախագծով պատրաստված նստարանին ու զրուցում… 1957 թվականի հուլիսի վերջին օրերն էին: Այդ տարի շուտ էի եկել Երեւան: Անմիջապես գնացի Վարպետին տեսնելու: Գիտեի, որ հիվանդ է, թեեւ ոտքի վրա: Սովորականից ավելի մռայլ էր: Նախազգացումը ուժեղ էր նրա մեջ… Լուռ էր, մտազբաղ: Վերցրեց սեղանի վրայից երկու թերթիկ, գլուխը բարձրացրեց, նայեց մի խորհրդավոր տխուր ժպիտով ու գրեց թերթիկի վերեւում՝ «Ընկ. Կամսարին», արտագրեց երկու բանաստեղծություն եւ տվեց ինձ՝ «Շո- պենի մահվան քայլերգն» էր եւ այս տողերը.

Մենք… չենք հավատում,
Թե երբեւէ պիտի մեռնենք.
Սակայն կյանքը չգիտենք, որ
Հետաձգված մահ է միայն…

Դա մեր վերջին հանդիպումն էր…

 

Կամսար Գրիգորյանի հարուստ արխիվում պահվում են Իսահակյանի բազմաթիվ նամակների եւ իրեն նվիրված բանաստեղծությունների ձեռագրերի պատճենները (բնագրերը նա հանձնել է Իսահակյանի թանգարան): Այստեղ կան բազմաթիվ նամակներ նաեւ հայ մշակույթի ականավոր այլ ներկայացուցիչներից: Դրանցից մի քանիսը ստորագրել է նշանավոր հայագետ Հրաչյա Աճառյանը:

Կամսար Գրիգորյանի ուսումնասիրությունների ակնառու արգասիքներից մեկը «Ռուս-հայ գրական ու մշակութային փոխհարաբերությունների պատմությունից. 10-20-րդ դարի սկիզբ» ուսումնասիրությունն է: Աշխատության ընդգրկումները բնականաբար նրանից պահանջեցին երկար տարիների տքնաջան աշխատանք ու փնտրտուքներ, բազմաթիվ արխիվային փաստաթղթերի, հիշատակությունների, գրական ու պատմական կոթողների մանրազնին հետազոտություններ:

Հայ եւ ռուս մշակույթների փոխհարաբերությանն են նվիրված նաեւ գրականագետի այլ՝ «Բրյուսովը եւ հայ պոեզիան», «Ախմատովան հայերեն թարգմանություններում», ինչպես նաեւ «Հայաստանը ռուսական գրականության ու գեղանկարչության մեջ 18-19-րդ դարի առաջին կեսին» աշխատությունները:

Վերջին տարիների նշանակալի գործերի թվին պետք է դասել նրա կազմած հայ բանաստեղծության ընտրանին՝ ընդարձակ առաջաբանով եւ ծանոթագրություններով: Ժողովածուն ընդգրկում է հայ բանաստեղծության ընտիր էջեր՝ սկսած ժողովրդական բանահյուսության նմուշներից մինչեւ 20-րդ դարի առաջին կեսի արեւելահայ եւ արեւմտահայ բանաստեղծների ստեղծագործությունները: Ընդհանրապես հայ բանաստեղծության ընտիր էջերը ռուս ընթերցողներին ներկայացնելը գրականագետը համարում է իր հոգու պարտքը, կյանքի գլխավոր նպատակներից մեկը: Եւ այդ նպատակը նրան մի տեսակ դարձրել է հայ գրականության երկարամյա դեսպանը ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ռուս գրականության ինստիտուտում: Նրբանկատ, իմաստուն, վստահելի դեսպանը:

Մեծ է Կամսար Գրիգորյանի վաստակը նաեւ ռուս նշանավոր բանաստեղծների ու գրողների ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության ու արժեքավորման գործում: Եւ ում մասին էլ որ գրել է նա՝ Թումանյանի, թե Իսահակյանի, Տերյանի, թե Նալբանդյանի, Լերմոնտովի, թե Սալտիկով-Շչեդրինի, Յան Ռայնիսի, թե Վալերի Բրյուսովի, գրել է գիտնականի խորաթափանցությամբ ու բարեխղճությամբ, բանաստեղծական նրբանկատությամբ, սեփական դիտարկումներով ու ասելիքներով, իսկական գեղեցկի ընկալումներով, գնահատականների անաչառությամբ: Նրան բնորոշ է եւ պարզությունը՝ մտքի, գրելաոճի, մարդկային փոխհարաբերությունների:

Լենինգրադյան մեր հանդիպումների ընթացքում ես բախտ ունեցա թերթել նրա հուշատետրը, որը պարունակում է իսկական հանրագիտարանային տեղեկություններ հայ մշակույթի ու նրա նշանավոր ներկայացուցիչների մասին: Այդ հուշատետրի վերջին թերթերից մեկում կարդացի հետեւյալ գրառումը.

«Ապրում եմ կյանքիս վերջալույսը, որը կարող է եւ գեղեցիկ է, բայց տխուր է, ինչպես որ գեղեցիկ ու տխուր է երկնքի փեշին հանդարտ հանգչող վերջալույսը… Քիչ բան չի արված: Թվում է, թե պետք է գոհ լինեմ: Սակայն մնում է գիտակցությունը, որ շատ ավելին կարող էի անել: Խորապես ապրում եմ անբավարարության դառը զգացումը, թվում է, թե գրածս էն չի, ինչ պետք է լիներ, մտքի շատ մոտավոր, աղոտ արտահայտությունն է ու չի հաջողվել գտնել համապատասխան բառեր…»:

Այո, թերեւս ամենադժվարը համապատասխան բառեր գտնելն է: Ես էլ ունեցա այդ դժվարությունը, երբ փորձում էի գրել այս հոդվածը նրա մասին: Եւ համոզված չեմ, թե կարողացա ամբողջությամբ ամփոփել մեծ իմացությունների տեր, հետաքրքիր ու նրբանկատ, միեւնույն ժամանակ չափազանց համեստ մարդու եւ գիտնականի՝ Կամսար Ներսեսի Գրիգորյանի վաստակը: Բայց կան իսկական լրացումները՝ դրանք մեր երկրի բազմահազար գրադարաններում պահվող այն ուսումնասիրություններն են, որ գրել է գրականագետը, եւ մնացածները, որոնք դեռ գրվում են…

 

Հ.Գ. Երբ հրատարակության էի պատրաստում այս ժողովածուն, փորձեցի ճշտել, արդյոք ապրո՞ւմ է Կամսար Գրիգորյանը… Դժվարությամբ տեղեկացա, որ նա իր մահկանացուն կնքել է մի քանի ամիս առաջ’ 2004-ի ամռանը…

You may also like...