Ողջույնի խոսք

54_H.Hakobyan
Աշխարհասփյուռ սիրելի հայեր, թանկագին հայրենակիցներ.
Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում` այցելելու «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան»:
Ճակատագրի բերումով մենք` հայերս, հայրենազուրկ և գաղթական ենք դարձել, սփռվել ենք աշխարհով մեկ, բնակություն հաստատել աշխարհի չորս ծեգերում:
Սակայն ճակատագիրը մեզ չի կոտրել. օտար ափերում էլ մենք Օջախ ենք կառուցել, յուրաքանչյուրս մե′ր փոքրիկ Հայաստանն ենք ստեղծել, պահել և պահպանել տասնամյակներ շարունակ, դարեր ի վեր:
Եվ այսօր Հայն այլևս գաղթական չէ: Հայն ունի Հայրենիք և երիտասարդ, բայց արդեն կայացած Հայրենի պետություն: Հայ ազգի յոթ միլիոնից ավելի զավակները հեռու են Հայաստան-Հայրենիքից, հեռու են միմյանցից: Սակայն ի՞նչ է տարածությունն այսօր…
Եթե իրական կյանքում տարածությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ միմյանց ճանաչելու համար, ապա այստեղ` վիրտուալ հարթությունում, այն թերևս ոչինչ է, եթե կա միավորող գաղափարը` Հայապահպանությունը, ազգային հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը, Հայոց պետականության հզորացումը:
Այսօր` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանի, մենք ստեղծել ենք «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջը, որպեսզի Դուք, սիրելի′ հայրենակիցներ, հաղորդակից դառնաք հայի անցած ճանապարհին և աշխարհի տարբեր երկրներում հայի ստեղծած ազգային հոգևոր-մշակութային արժեքներին, որպեսզի մենք միացյալ ուժերով կանխենք ահագնացող ուծացումը, և մեր մատաղ սերունդը կրողն ու փոխանցողը դառնա ամեն հայկականի: Որպեսզի կոտրենք տառապող և արտասվող հայի կարծրատիպը, և աշխարհը ճանաչի պայքարող ու հաղթող, արարող և մտավորական հային, որպեսզի հանրահռչակենք մեր նախնիների` նվիրյալ հայորդիների դարերի տքնաջան աշխատանքի և լուսավոր մտքի հոյակերտ արգասիքները, որոնք ո′չ ժամանակը և ո′չ էլ անգութ թշնամին չկարողացան վերացնել, ինչպես չկարողացան կոտրել Հայի կամքն ու ոգին:
Մեր կայքում կարող եք ծանոթանալ հայ համայնքների պատմությանը, ճանաչել հայ ազգային արժեքները, որոնք Սփյուռքի հայկական կազմակերպություններն ու հոգևոր կառույցները խնամքով և հոգածությամբ պահում-պահպանում են դարեր շարունակ, ինչպես նաև` Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման մասնակիցը դառնալ:
Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կայքը լինի հետաքրքիր և ժամանակի ընթացքում դառնա համընդգրկուն` արտացոլելով Հայկական Սփյուռք ֆենոմենը` իր հարուստ գունապնակով ու խորը էությամբ:
Վստահ եմ, որ աշխարհի տարբեր ծայրերում կայքեր ստեղծող շատ հայ մասնագետներ իրենց ներդրումը կունենան կայքն առավել բազմաբովանդակ դարձնելու համար: Երախտապարտ կլինեմ կայքում տեղ գտած նյութերի, ծրագրերի և տեղեկատվության վերաբերյալ ձեր առաջարկությունների ու դիտողությունների համար: Վստահ եղեք, որ լավագույն առաջարկներն անարձագանք չեն մնա:
Սիրելիներս, կարծում եմ, որ յուրաքանչյուրդ պետք է մասնակցեք կայքի կատարելագործման աշխատանքին, ինչպես մասնակցում եք Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Դուք, հենց Դու՛ք կարող եք կայքն առավել հետաքրքիր դարձնել` ստեղծելով Ձեր համայնքի կամ կազմակերպության վերաբերյալ ցուցադրություն կամ տրամադրելով նյութեր մեր աշխատանքային խմբին:
Չէ՞ որ Ձեր համայնքի պատմությունը կերտել են հենց Ձեր մեծերը, այժմ էլ նրանց գործը շարունակում եք Դուք` վաղը փոխանցելով ձեր երեխաներին….
Հավատացած եմ, որ միասնությունն է հզորության և առաջընթացի գրավականը: Իսկ միավորվելու համար պետք է ճանաչենք միմյանց, ճանաչենք, որպեսզի վստահենք ու համագործակցենք:
Ի փառս հայ ժողովրդի և Հայոց պետականության …..
Սիրով և ջերմագին մաղթանքներով`
Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար