Գառզու. «Աշխարհը կտեսնեմ գիծերով»

Գարուն, 1967թ., թիվ 3
Թորոս Թորանյան

1966 թվականի վերջավորության Գառզուն հայրենիք գալով՝ տվավ իր առաջին անհատական ցուցահանդեսը քաղաքամայր Երևանի մեջ, խանդավառեց մեր արվեստասեր հասարակությունը, ու ինք իր կարգին խանդավառվեցավ մեր հայրենիքի, ի՛ր հայրենիքի հաջողություններով:

Գառզուի կենսագրությունը նման է իր սերունդեն հարյուր հազարավոր հայերու կենսագրության: Տառապանք, գաղթ երկրե-երկիր, անապահով վիճակ, պայքար հանուն պատառ մը հացի և ի վերա ամենայնի՝ անընկճելի կամք ու հարատևություն դեպի արվեստի բարձունքները տանող ճամփաներուն վրա:

Հիմա Փարիզի իր բնակարանին մեջ, սեղանի մը շուրջ նստած կզրուցենք: Ինքն է, իր քույրը և տիկին Նան Գառզուն: Ամենեն ավելի Նանն է ուրախացողը, երբ սեղանին վրա կդնեմ հայրենական լավաշը: Գրիգոր Քեշիշյանն էր ուղարկողը:
— Ուրիշ որևէ նվեր այսքան ուրախություն պիտի չպատճառեր ինձի,— կըսե Նան:

39

Պիկասոն և Գառզուն ցուցահանդեսում

Խոսակցությունը կծաղկի հայերենով, մերթ ընդ մերթ կետավորվելու համար՝ ֆրանսերենով: Կսկսինք շատ հեռուներեն՝ Գառզուի կյանքի առաջին շրջանեն, երբ Զուլումյանները կապրեին Հալեպի մեջ:

Քույր ու եղբայր երեխաներու նման կզվարճանան, երբ մեկ-երկու բառ կխոսիմ Տիգրանակերտի բարբառով: Չէ՞ որ իրենք տիգրանակերտցիներ են: «Գարուն» ամսագրի հարցազրույցի համար մեր տեսակցությունը ուրիշ օրվա մը կվերապահենք: Ինք՝ Գառզուն է առաջարկողը: Հաջորդ գալուս այստեղ կըլլան վիպագիր Վահե Քաչան և շարժանկարի հայտնի մասնագետ Աշոտ Մալաքյանը (Հանրի Վեռնեոյը), ու ավելի հետաքրքրական կըլլա մեր հանդիպումը ամեն տեսակետեն:

Ի մեծ ցավ ինձի, այդ տեսակցությունը չկայացավ: Գառզուն հարբուխով պառկած ըլլալուն ուրիշ ժամադրություն մը որոշեցինք, Հանրի Վեռնեոյը գործով Ամերիկա մեկնեցավ: Քաչան այդ օրերուն կարելի չեղավ գտնել, ամուրի, երիտասարդ գրող մըն է, դյուրին չէ զինք գտնելը:

Մենք երեքով իրարու հետ եղանք գլուխ-գլխի: Նան Գառզուն Հայաստան այցելության մասին գիրք մը կպատրաստե: Երբ ես ներս մտա, ինք գրամեքենային առջև կտպեր իր տպավորություններուն արդեն 300-րդ էջը:

Իրենցը բավական շքեղ կահավորված տուն մըն է: Գառզուն ավարտած է արդեն փարիզյան ցուցահանդեսի համար պատրաստած իր խոշոր մեկ պաստառը: «Փարիզը կերգե» վերնագրին տակ կազմակերպված նկարչական ցուցահանդեսին Գառզուն կներկայացնե Շառլ Ազնավուրը: Պաստառին վրա Ազնավուր կներկայանա քիչ մը հայկական մելամաղձոտությամբ, ֆոնը՝ խճճված կյանքն է, երգով քիչ մը պայծառացող: Կնախաճաշենք ու կխոսակցինք: Ինչ հարցի մասին ալ խոսելու ըլլանք, Հայաստանը կխուժե կարծեք արևի ճառագայթներուն նման՝ արտաբերված ամեն մտքի վրա:

Հիմա, երբ ըրած եմ մեկ քանի հարցումներ, խոսողը Գառգուն է անդադար.

— Տարօրինակ վիճակ մը կապրի համաշխարհային նկարչությունը: Վերջին հիսուն տարիներուն այնքան ընդլայնված են անոր սահմանները, որ այլևս նկարչական իր բնույթեն դուրս ելած է ան:

Տպավորապաշտներեն առաջ գիծեն դուրս ելլելը դժվար էր: Ելլողները չէին կրնար աշխատիլ: Անկախները հին տվյալները հաղթեցին: Բայց անսահման ազատությունը վնաս բերավ նկարչական արվեստին: Այսօր նկարչություն կկոչվին գործեր, որոնք ոչ մեկ կապ ունին նկարչության հետ: Հանդիպած ըլլալու եք կտորներով ու փայտերով, կոշիկներով պատրաստված «պաստառներու»: Կան նաև մեքենական, շարշող գործեր, որոնք որպես նորություն կհրամցվին: Ասոնք նկարչություն չեն: Այն, ինչ բանաստեղծները բառերով կներկայացնեն, նկարիչը պաստառին վրա գույներով տալու է:

Նկարչության մասին մեր այսօրվա ըմբռնումը կրնա փոխվիլ քաղաքակրթության զարգացման զուգընթաց: Բայց կարևոր է հաստատել, որ նկարիչը չի կրնար ծառայել դոգմաներու, նկարիչը կծառայե իր ներքին ձայնին: Թեև, երբ շատ է ազատությունը, այդտեղ ազատությունը կաշկանդված կըլլա: Այդպիսով կրնանք քանդել մեր պաշտածը, և արդյունքը կըլլա անիշխանական վիճակ ու այդ վիճակը ոչ միայն նկարչության, այլև ընկերության փլուզում կբերե:

Նկարչությունը պետք է ձգտի պաստառել մարդու հոգին, մարդու ներքին տիեզերքը:

Այս արվեստը մեծ փոփոխություններ կրած է վերջին տասնամյակին, մանավանդ սինեմայի ու լուսանկարչության գյուտերու հսկայաքայլ և առաջադիմութենեն վերջ:

36

Գառզու — Գարուն։ Այս նկարը Գառզուն արել է մեր ամսագրի համար։ Բնագիրը նա Փարիզից ուղարկել է մեզ. Նկարը այժմ գտնվում է մեր խմբագրատանը։ Գարուն, թիվ 3, 1967թ.

Եթե փաստաթուղթի մը պետք ունենանք, նկարիչին տեղ լուսանկարիչը կկանչենք: Այս իրողությունը արվեստագետ նկարիչին պարտավորությունները ծանրացուց, ու այսօր նկարչությունը հաշվետու է ու գիտակից բանաստեղծական արվեստին նման, որով մեր ներքին տվածը կարտահայտենք ամբողջական ազատությամբ:

Բայց կա վտանգ մը, երբ կմեծնանք ու կհասնինք Puissance total-ի, մեր ուժերու բարձրագույն աստիճանին, փչացումի վտանգը իր սպառնական մագիլները ցույց կուտա—կուզեի վկայակոչել ատոմական ռումբը:
Ամեն արվեստ ունի իր օրենքը:

Այս անգամ Նան Գառզուն է, որ կխոսի.

— Համաձայն եմ ամուսինիս ըսածներուն. ինչպես բանաստեղծությունը, երաժշտությունը, նույնպես նկարչությունը ունի իր օրենքները և այդ պետք է պահել գիտնալ:

Գրականության մասին երբեմն կվիճենք Գառնիկին հետ: Ինք երբեմն արտաքինեն կդատե գրողը և հակառակ է մանրամասնություններու նկարագրության:

Բալզակ իր մեծ վարով գեղեցիկ չէր, բայց իր գրականությամբ աշխարհ մագնիսացուց:

Գառզուն դարձյալ ձեռք կառնե խոսակցության կծիկը:

— Քննադատներու մասին կհարցնեի՞ր:

Երեք տեսակ մարդիկ կան: Կան, որ ստեղծագործողներ են, աշխարհ մը ունին իրենց մեջ և այն տալ կուզեն բոլորին: Կան, որ ստեղծագործող չեն, բայց ընկալող են, հասկացող, նույնիսկ մեծատաղանդ, այդպիսիները sense extraordinaire ունին: Կան երրորդ տեսակին պատկանողներ, որոնք միայն ընկալուչի մը նման կընդունին, չեն կրնար վերլուծել, խորաչափել: Ու այս վերջիններեն շատերը քննադատի քղամիդը կնետեն իրենց ուսերուն՝ չկարողանալով ստեղծագործել:

Գիտեք, քանդելը միշտ ավելի դյուրին է, քան կառուցելը…:
Շատ քիչ են այն մեծ քննադատները, որոնք անհրաժեշտություն են արվեստագետին և զանգվածներուն համար:

Բոմարշեն ըսած է. «Առանց քննադատելու ազատության չի կրնար գոյություն ունենալ գովասանք»:

Ինչպես և ինչու նկարիչ դարձա՞: Այս հարցումիդ սապես կպատասխանեմ: Մանկութենես կերազեի նկարիչ դառնալ: Իմ հոգիիս սնունդը նկարչության մեջ կգտնեի: Որով նկարիչ դարձա:

Վավա Սարգիսի ամուսինը՝ Խաչատուրյան, Ամերիկայեն Եգիպտոս գալով 1923—24-ին ցուցահանդես մը տվավ: Ես այն ժամանակ Կահիրեի Գալուստյան վարժարանը կհաճախեի: Անիկա գործերս տեսնելով քաջալերեց զիս և թելադրեց, որ Եվրոպա երթամ:

Այդ մեծ ուժ տվավ ինձի:

Փարիզ փոխադրվելով սկսա թերթերու համար նկարել ապրուստ ճարելու նպատակով:

Վայրկյան մը ուշադրությունս սկսավ թափառիլ Գառզուներու պատերեն կախված նկարներու վրա:

Հոն էին խաղաղ եղբայրության մը մեջ Պյուֆֆեն, Տյուֆին, Կրյուպերթը, Մարիա Պլանշարը, Ժակ Վելլոն, Անդրե Տեորենը, Լուիզ Հերվեոյը, Կրոմերը և ուրիշներ:

Գառզու այս անուններեն ոմանց հետ մտերիմ կապեր ունեցած է:
— Կերևի հայրենական նկարիչներու գործեր ալ կփնտրեիր,—կըսե ինձի:

Կպատրաստեմ հատուկ անկյուն մը իրենց համար:

Հայրենական փոքր թանգարան մը պիտի ունենամ տանս մեջ:

Տիկին Գառզուն, որ կհետևի մեր խոսակցության ու մերթ հայերեն բառերու իմաստը կհարցնե, ոտքի ելլեյով ցույց կուտա պահարան մը, ուր կողք-կողքի դրված են նկարներ, կուժեր, խեցեգործական նմուշներ, բոլորն ալ բերված Հայաստանեն:

—Այո,— կըսե Գառզուն,— կհարցնեիր իմ նկարչական լեզվիս մասին, որ գիծերու լեզուն է:
Կան, որ տիեզերքը գույներով կտեսնեն՝ առանձին-առանձին, մեծ մասերով, անոնք կբաժնեն տիեզերքը մասերու:

Ես չեմ բաժներ: Ինծի համար տիեզերքը մեկ գույն ունի, ու կրնամ ըսել, թե գույնեն առաջ գիծը կտեսնեմ: Ես ալ սկիզբները չէի անդրադարձած, որ գիծերով կնկարեմ: Բայց հետո գիծերը ավելի տիրապետող դարձան: Գիծերը ամեն ինչ բաժնելու փոխարեն կմիացնեն:
Եթե մթնոլորտը կապույտ է, ենթական ալ կապույտ է:

Իմ գործերուս մեջ տիրապետող գույներ եղած են: Սկիզբը սևն էր,-— կբերե այդ շրջանի իր գործերեն կնոջ դիմանկարը,— ապա կանաչին անցա, գորշ կապույտին, կապույտ-կանաչին անցնելես առաջ: Հիմա նարնջագույնն ալ կգործածեմ:

— Պրկված բան մը կա ձեր գործերուն մեջ, բան մը, որ կարծես պիտի պայթի:
— Այո, կյանքն է այդպես: Պայթուցիկ վիճակ մը չե՞ն ներկայացներ մեր ապրած օրերը: Ֆրանսայեն շատ դուրս չեմ ելլեր: Երբ ապրած տեղիդ մեջ շատ պատվերներ ունիս, դժվար է ճամփորդելը:

Նյու-Յորքի մեջ 1959-ին տվի անհատական ցուցահանդես մը, որ կայացավ քաղաքի մեծագույն ցուցասրահին՝ Վիտիշթայնի մեջ:

Նան Գառզուին կդառնամ:
— Ի՞նչ կմտածեք ձեր ամուսինին մասին:
— Գառնիկին ամենամեծ հանցանքը իր հանցանք չունենալն է: Մեյ մըն ալ այն, որ երբ իրեն հետ կխոսիս, ինք լուսնի մեջ է, այսինքն նկարելու մասին կմտածե:

Բայց եթե հարցնես, թե Գառնիկին ամենամեծ արժանիքներեն մեկն ինչ է, սապես կրնամ պատասխաներ շնորհիվ Գառնիկին տեսա Հայաստանը:

Ի՞նչ է Հայաստանը ինծի համար: Հայաստանը իմ հայրենիքս է, իմ ընտանիքս է, իմ երկիրս…: Եթե այսպես չմտածեի ու չզգայի, պիտի չկարենայի այս ձևով խոսիլ։ Ես շատ բարեկամներ ունիմ Հայաստանի մեջ, այնքան շատ, որ համրանքով չեմ կրնար ըսել:

Նան Գառզուն այս խոսքերեն վերջ ինձի կերկարե Երևանի մասին իր գրած մեկ բանաստեղծությունը:

Վարդագույն է նռան կեղևը աշնան ոսկեզօծ տերևների մեջ:
Վարդագույն է ոսկեզօծ խաղողը նուրբ մատների մեջ:
Վարդագույն է ձմերուկի միսը՝ ոսկեզօծված թարմ գինու ընկերակցությամբ:
Վարդագույն է հայ աղջիկների այտը՝ ոսկեզօծված նրանց թուխ հայացքի մեջ արտացոլվող արևի շողերով:
Վարդագույն է Արարատի գագաթը, երբ մայր մտնող արևը ոսկեզօծ նետով խոցում է նրա ձյունը:
Վարդագույն է Հայաստանի հողը, որի ոսկե ցոլքերով աշունը ներկում է իր տերևները:
Վարդագույն է Երևանի սուր բույրով հագեցած մեխակը, որը զարթնեցնում է իմ կարոտը:

Կարդալես վերջ կավելցնե.
— Կրնաք տանիլ «Գարուն» ամսագրին, եթե կուզեք:
Դարձյալ Գառզուն է խոսողը.
— Ինծի համար մեծ բախտավորություն կնկատեմ Հայաստանը տեսնելս:
Մեր երկիրը չափազանց մեծ ազդեցություն ձգեց իմ վրաս. Հայաստանի մեջ միշտ աչքերս լեցուն էին:
Սուրիա ծնած եմ, ապրած Եգիպտոս ու հաստատված Ֆրանսա:
Տիեզերքին մեջ հայրենիքս տեսա:
Մինչև գալս ալ ապրած եմ մեր եկեղեցական ու ժողովրդական երգերով: Հակառակ քառասուն տարի հայ կյանքեն հեռու ապրելուս, հայ երգն ու հայ հոգին ինձմե ներս ամեն օր ոչ թե քիչ մը հեռացած, այլ կուտակված են ու, երբ հայրենիք եկա, թնդանոթի պես մեկ անգամեն պայթեցավ հուզումս: Ահա թե ինչու միշտ արցունքոտ աչք մը ունեի՝ ի տես մեր պետականության, մեր ճարտարապետության, մեր գիտական ու մշակութային հիմնարկներուն, մեր հրաշալի մարդոց:
Անկարելին որպես իրականություն տեսանք: Մեզի հանդեպ եղած սերն ու հարգանքը մեր վիճակը բարդացուց:

Երբ մոտեն սկսա ճանչնալ մարդերը իրենց արժանիքներուն մեջ, լայն իմաստով, երաժշտության, թատրոնի, նկարչության, գրականության, գիտության ասպարեզներու մարզիկը, երբ տեսա հին սերունդին քովն ի վեր նոր սերունդեն ալ նկարիչներ, որոնք արժանի են Փարիզի մեջ ցուցահանդեսներ կազմակերպելու, ես անհունորեն հարստացած գտա ինքզինքս:

Մեր երիտասարդները արևմտյան նկարչության մասին իրենց գիտելիքներով և հասկացողությամբ զարմանք և ուրախություն պատճառեցին ինձի: Կմաղթեմ Հայաստանի երիտասարդության հարատև և արտակարգ ճիգ՝ նոր հաղթանակներ արձանագրելու համար արվեստի կալվածեն ներս, ապահովելու համար նոր ուժ Հայաստանի նոր վերածնունդին, որ եկավ 600 տարվան երազե մը վերջ:

Երիտասարդները թող չմոռնան այն կապերը, որոնք մեզ կկապեն հիներու արվեստին, այդ կապերը որքան սերտ ըլլան, այդքան շուտ պիտի կարելի ըլլա ստեղծել հայկական մեծ արվեստ մը, որ մեր հին, նշանավոր ճարտարապետության և մանրանկարչության արժեքով արվեստ մը դառնալով, փոքր Հայաստանը պիտի մեծցնե այնքան, որ ան չափվի աշխարհի խոշորագույն արժեքներուն հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգայինի հզոր տարրերով:

Թող հայ ճարտարապետները բնավ չմոռնան մեծն Թամանյանի դասը— Լենինի հրապարակի շենքերը— անկե ներշնչվին իրենց նոր գործերուն մեջ:

Մեծ ուրախություն է ինձի համար գիտնալ, թե Հայաստանի երիտասարդները նոր օրգան մը կունենան— «Գարուն» ամսագիրը: Այս ամսագիրը շատոնց կսպասվեր և մեծ պակաս մը պիտի լրացնե: Ան իր քանակով և որակով կոչված է մեծ դեր մը կատարել մեր ժոդովուրդին մեջ:

Այո, մեր, մեր կըսեմ, քանի «Գարունը» կպատկանի ամբողջ հայության, նոր օրգանը պիտի ունենա փայլուն հաջողություն, Մասիսի նման վճիտ գեղեցկություն:

You may also like...