Բրազիլիա

Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի 2-րդ կեսից: 1895թ. բնակվել է շուրջ 100 հայ: 1920-ական թվականներին Բրազիլիա են գաղթել հայերի ավելի ստվար խմբեր՝ բնակություն հաստատելով առավելապես Սան Պաուլո քաղաքում: Ստեղծվել են հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություններ, եկեղեցական և կրթական հաստատություններ, հայրենակցական, երիտասարդական և տիկնանց միություններ: 1927թ. հիմնվել է համայնքի ազգային կյանքը կազմակերպող մարմին` Հայ գաղութային միությունը, 1928թ.` առաջին դպրոցը, 1935թ.` հայկական առաջին եկեղեցին:

Համայնքի պատմության երկրորդ փուլն ընդգրկում է 1950-60-ական թվականները, երբ Բրազիլիա են տեղափոխվել հայեր ոչ միայն Թուրքիայից, Լիբանանից և Սիրիայից, այլև` Եգիպտոսից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Երրորդ փուլում, որն ընդգրկում է 1960-ական թվականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը, բրազիլահայ համայնքն էապես չի համալրվել: Երկրի բնակչության աճի բարձր տեմպերը և տնտեսական դժվարությունները ստիպել են իշխանություններին սահմանափակել արտասահմանյան քաղաքացիների ներգաղթը:

Վերջին տարիներին Հայաստանից Բրազիլիա է գաղթել ընդամենը 15-20 ընտանիք: 2009թ. տվյալներով` Բրազիլիայում բնակվում է շուրջ 40 հազար հայ, ովքեր հիմնականում (մոտ 20 հազար) կենտրոնացված են Սան Պաուլոյում և շրջակա քաղաքներում (Օզասկո, Պրեզիդենտե Ալտինո):

Ռիո դե Ժանեյրոյում ապրում է մոտ 2000, Բրազիլիայի հյուսիս արևելյան Սեարա նահանգի մայրաքաղաք Ֆորտալեզայում` շուրջ 500 հայ: Փոքրաթիվ հայեր ապրում են նաև Սան Պաուլո նահանգի Սան Ժոզե Դո Ռիո Պրետո, Կամպինաս, Մարիլիա, Լինս, Ժաու, Սանտոս գավառներում և քաղաքներում, Մատո Գրոսո նահանգում, Պարանայի մայրաքաղաք Կուրիտիբայում, Սանտա Կատարինա նահանգում և Պորտո Ալեգրեյում:

Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, ազգային-հոգևոր կյանքը կազմակերպում են եկեղեցական, կուսակցական, հայրենակցական, բարեգործական, մշակութային, կրթական, մարզական կազմակերպությունները: Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի թեմը (կազմավորվել է 1983թ., առաջնորդանիստը` Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցի, հոգևոր առաջնորդ` Տաթև արք.Ղարիբյան):

Գործում են Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե եկեղեցիներ, «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանը, «Արարատ» հիվանդանոցը, «Վահագն Մինասյանի» անվան երգչախումբը, հայկական ծերանոց:

Հրատարակվում են հայկական «Սիփան» եռամսյա պարբերականը և համայնքային կազմակերպությունների տեղեկատուները: Գործում է «Արմենիա Վիվա» հայկական ռադիոժամն ու «Արմենիա» ինտերնետային (www. armenia.com.br) կայքէջը:

1964թ. Սան Պաուլոյի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հիմնվել է հայկական ուսումնասիրությունների ամբիոն (հիմնադիր` պրոֆեսոր Եսայի Գռուզյան, ղեկավար` Լուսինե Եղիազարյան):

Սան Պաուլո նահանգի պատգամավորների պալատն ավելի քան 15 տարի առաջ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և Ապրիլի 24-ը հռչակել որպես «Հարգանքի օր 1915-ի Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին»:

2003թ. Սան Պաուլոյում՝ նահանգային պատգամավորների պալատի մուտքի հարակից տարածքում, կանգնեցվել է հայ-բրազիլական բարեկամությունը խորհրդանշող խաչքար: 2007թ. Օզասկո քաղաքի գլխավոր հրապարակներից մեկում կանգնեցվել է Օզասկո և Գյումրի քույր քաղաքները խորհրդանշող խաչքար:

Ռիո դե Ժանեյրո քաղաքի Ավագանու անդամ (2004թ.), այնուհետև փոխնախագահ (2008թ.) Ստեփան Ներսիսյանի նախաձեռնությամբ Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 24-ը հռչակվել է որպես «Հայ ժողովրդին հարգանքի տուրքի և զորակցության օր»:

Համայնքն մասնակցել է համազգային ձեռնարկումներին, կազմակերպել օգնություն գաղթականներին ու որբերին, օժանդակել 1946-47 թթ. հայրենադարձությանը, 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո զգալի օգնություն տրամադրել աղետի գոտուն:
Սան Պաուլոյի քաղաքային հրապարակներից մեկը կրում է «Արմենիա» անունը: 1966թ. հրապարակում տեղի հայ համայնքի հովանավորությամբ տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: «Արմենիա» անունն է կրում նաև Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը (1995 թ-ից), որի գլխավոր երկու մուտքերի մոտ զետեղվել են խաչքար-հուշարձաններ` հետևյալ արձանագրությամբ. «Այս կայարանը վերակոչվում է «Արմենիա»` ի պատիվ ժողովրդի, որը եկավ այս երկիր` վերապրելով դարիս առաջին Ցեղասպանությունը, իր ջանասիրությամբ, տաղանդով ու ապրելու կամքով եղավ Բրազիլիայի գիտակից քաղաքացին և նպաստեց այս երկրի մշակույթին, ճարտարվեստին ու բարօրությանը»:

Սան Պաուլոյում կա նաև նույնանուն կամուրջ, պարտեզ, տեղացի մեծահարուստ Լևոն Աբովյանի, «Քսաջիքյան» և «Հայ նահատակների» անվան փողոցներ:

Լուսանկարներում
1. Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցի: 2. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Սան Պաուլոյում (տեղադրվել է 1966թ.): 3. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Օզասկո քաղաքի Հայաստանի Հանրապետություն անունը կրող հրապարակում (տեղադրվել է 1966թ.):

You may also like...