Բնության գույներից հյուսված

«Հայրենիքի ձայն», 1986թ.
Սեյրանուհի Գեղամյան, Շարունակվող երկխոսություն, Երևան, 2007թ.

Երիտասարդ նկարիչ Մկրտիչ Ոսկանյանն անհայտ անուն է արվեստի աշխարհում: Նրա աշխատանքները դեռեւս չեն կախվել ցուցահանդեսներում ու մարդիկ դեռ հնարավորություն չեն ունեցել դիտել եւ քննարկել դրանք, ու եթե չլիներ պատահական մի հանդիպում, նրա՝ արվեստի նկատմամբ ունեցած երկյուղած պաշտամունքը եւ չափազանց համեստությունը դեռ երկար ժամանակ նրան ետ կպահեին թեկուզ այս կերպ «երեւալու» մղումից:

Նկարչին շրջապատող մթնոլորտը մի ուրույն աշխարհ է՝ յուրահատուկ գույներով, գծերով, նախասիրություններով, երազներով, թախիծներով: Եւ այդ գույների ու գծերի, այդ երազների ու թախիծների միջոցով է, որ կարելի է հյուսել նկարչի կերպարը, խոսել նրա հոգեկան կերտվածքի մասին: Քչախոս է Մկրտիչ Ոսկանյանը, թվում է նույնիսկ դժվար հաղորդակցվող, սակայն այն պայծառությունը, այն քնքշությունն ու մաքրությունը, որ ապրում են նրա աշխատանքներում, հուշում են, որ դրանք նաեւ նկարչի հոգու գույներն ու գծերն են: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի գեղագիտական ֆակուլտետը, ապա նկարչություն է դասավանդել Երեւանի 26 կոմիսարների անվան շրջանի պիոներների ու դպրոցականների պալատում: Եւ որքան առաջացել է տարիքը, այնքան զգալ են տվել ուսանելու, սովորելու պահանջն ու կարեւորությունը, դրանց հետ նաեւ՝ քննադատական վերաբերմունքը սեփական արածի նկատմամբ:

Ոսկանյանի սիրելի ժանրը նատյուրմորտն է: Նատյուրմորտի միջոցով է նա իրականացնում կապը աշխարհի ու բնության հետ: Հատկապես սիրում է նկարել հայկական հող ու քարից, ջուր ու արեւից ծնված հրաշք մրգերն ու պտուղները՝ խաղողը, նուռը, սերկեւիլը, փշատը, նաեւ հայկական սափորներ ու թասեր, կժեր ու կողովներ:

- Ես սիրում եմ նկարել հայկական բնաշխարհին հատուկ մրգեր,- ասում է Մկրտիչը:- Դրանք ինձ միշտ զարմանք ու հիացմունք են պատճառում: Ես պարզապես ապշում եմ, թե ինչպե՞ս են քարի ու հողի մեջ ծլարձակած ծառերի ու թփերի վրա ամբողջանում ձեւերով, գույներով, կառուցվածքով այդքան կատարյալ հրաշք մրգեր ու պտուղներ: Եւ երիցս ճիշտ է գեղանկարչության մեր նահապետ Մարտիրոս Մարյանը, երբ նկարիչներին խորհուրդ է տափս. «Բնությունն է ամենամեծ ուսուցիչը, գնացեք ու սովորեք բնությունից»: Ես, իհարկե, ձգտում եմ սովորել բնությունից, բայց դա շատ դժվար, տեւական ընթացք է, որովհետեւ բնության կատարելությունը մեծ առեղծված է: Եւ սա է ինձ մղում հիմնականում նատյուրմորտներ նկարել:

Սակայն այս ամենը քիչ կհետաքրքրեր մեզ, եթե նրա նկարած խաղողի ողկույզներում այնպես չբեկվեր ու չշողարձակեր լույսը, եթե նռներն այնպես խորհրդավորությամբ ու առեղծվածով չճառագեին, եթե սերկեւիլի թավիշը այնպես փափուկ ու քնքուշ չլիներ, եթե փշատն այնպես նուրբ չբուրեր եւ, վերջապես, եթե այս ամենի մեջ չթրթռար այն մեծ սերն ու զարմանքը, որ արթնացրել են դրանք նկարչի հոգում: Չէ՞ որ իսկական արվեստը արվեստագետի հոգու միջով անցած իրականությունն է, այն իրականությունը, որ կարողացել է այդ հոգուց դուրս կորզել նրա երանգները, թրթիռներն ու զգացումները: Եւ միայն այս դեպքում է, որ դիտողի ու արվեստի գործի միջեւ տեղի է ունենում այն զարմանալի, դժվար բացատրելի երեւույթը, որ հաղորդակցում է կոչվում, երբ մարդը անշունչ թվացող առարկայից հուզվում է մինչեւ հոգու խորքը…

Մկրտիչ Ոսկանյանի նախընտրելի գույնը շագանակագույնն է, լուսավոր շագանակագույնն ու արծաթագույնը՝ տարբեր երանգներով ու զուգորդություններով: Այս գույների միջոցով է նա լավագույնս արտահայտում ասելիքը: Սակայն առավել ամբողջականության ու բարձր վարպետության է կարողանում հասնել հատկապես միագույն աշխատանքներում, ինչպիսիք են «Նատյուրմորտ նռներով», «Նատյուրմորտ ջրամանով», «Սխտորներով նատյուրմորտ», «Հայկական թեմաներ» եւ նման այլ ստեղծագործություններ, որոնցում ակնհայտ են կառուցիկ հստակությունը, գծերի զգայականության հասնելու նկարչի կարողությունը, լուսաստվերի եւ երանգափոխությունների միջոցով ասելիքը հաղորդելու հնարավորությունները:

Մկրտիչ Ոսկանյանը սիրում է նկարել նաեւ այն առարկաներն ու իրերը, որոնք սիրելի հիշողություններ են թողել իր հոգում, այն իրերը, որոնք պատկանում են արդեն կորչող, անցյալ դարձող գեղեցկությունների թվին: Նկարիչը սիրով ու կարոտով է վերարտադրել պղնձե ջրամաններն ու սափորները, հյուսկեն կողովներն ու թասերը, որոնք ինքնին արդեն ժողովրդական արվեստի գործեր են, սակայն նկարչի վրձնի տակ շնչում են մի առանձին հմայքով ու գեղեցկությամբ: Այս ստեղծագործությունները, բնականաբար, սյուժե չունեն, սակայն ակնհայտորեն պատմություն ու ասելիք ունեն, նրանք խոսում են այն մասին, թե որքան կարեւոր է մարդու համար անցյալը, թե ինչքան թանկ զգացում է կարոտը եւ թե ինչպես պետք է մարդը դողա ու պահպանի իր տատերից ու պապերից, իր մանկությունից եկած գեղեցկությունները:

Մի փոքրիկ նատյուրմորտ կա Ոսկանյանի աշխատանքների մեջ. իր չափերով ամենափոքրը ու կարելի է ասել ամենակատարյալը այդ աշխատանքների մեջ. սեղանի պռնկին դրված է կիսատ, դեռ մխացող ծխախոտը՝ ծխամորճով… Ընդամենը այսքանը… Սակայն բարձր վարպետությունն ու արտահայտչականությունը զգայական այնպիսի լիցք են հաղորդել նկարին ու այնպես են ընդարձակել այդ փոքրիկ աշխատանքի սահմանները, որ ակամա տեսնում ես մարդուն, որը կիսատ է թողել ծխախոտը, սկսում ես մտածել նրա ճակատագրի մասին, տագնապել նրա համար, ի՞նչ է պատահել, ի՞նչ խորհրդավոր մտորումների մեջ է նա անավարտ թողել ծխախոտը: Ընդհանրապես, Ոսկանյանի աշխատանքների կարեւոր յուրահատկություններից մեկը խորհրդածությունների տեղիք տալն է: Այս առումով հետաքրքիր են նաեւ նրա «Ինքնանկարների» շարքը եւ դրանց մեջ հատկապես մեկը, որ ստեղծված է տարիներ առաջ, մուգ շագանակագույնով շրջանակված՝ քիչ վախվորած, հազար ու մի ապրումներ հոգում թաքցրած, արվեստի՞, թե մարդկանց հանդեպ մեղանչական մի արտահայտությամբ մեզ, աշխարհին է նայում դեռեւս շատ ջահել մի պատանի՝ տառապագին հարցականներով, կընդունի՞, արդյոք, այդ աշխարհն իրեն, կկարողանա՞, արդյոք, երբեւէ ինքը կրել այն բարձր, այն ծանր ու գեղեցիկ անունը, որ «արվեստագետ» է կոչվում: Ինչպես ասում են, ժամանակն է ամենամեծ ու արդար դատավորը, ժամանակը կպատասխանի այս բոլոր հարցերին, սակայն այն ամենը, ինչ արդեն արված է, մեզ իրավունք է տալիս հուսալու, որ ժամանակը կխոսի նրա օգտին եւ շուտով մարդկանց ու նրա ստեղծագործությունների միջեւ տեղի կունենա այն զարմանալի, այն դժվար բացատրելի երեւույթը, որ հաղորդակցում է կոչվում:

Հ.Գ. Ցավոք, Մկրտիչ Ոսկանյանի հանդիպումը արվեստասեր հասարակության հետ այդպես էլ տեղի չունեցավ: Այս հոդվածը լույս տեսնելուց մեկ տարի անց նա հեռացավ կյանքից…

You may also like...