Բժիշկները

«Հայրենիքի ձայն», 23 նոյեմբերի, 1988թ.
Սեյրանուհի Գեղամյան

1988-ի աշունը կարծես աննկատ եկավ: Ղարաբաղյան դեպքերը մեր կյանքի կիզակետը դարձած՝ շատ բան աննշան, աննկատ դարձրեցին: Ու հանկարծ զարմանքով տեսանք, որ ծառերն արդեն փոխել են գույները, որ դաշտերը դեղնել են, ու Հայաստանում աշուն է՝ տաք ու գեղեցիկ: Աշնան սկզբին Երեւանի «ամենաթեժ կետերից» մեկը «Արմենիա» հյուրանոցն էր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում պաղել-տխրել էր հյուրերի սակավությունից: Երեւանը փակ էր հյուրերի առջեւ… Իսկ հիմա այստեղ են աշխարհի ամենատարբեր ծայրերից ժամանած սփյուռքահայեր: Նրանց մեջ են հոգու եւ պարտքի մղումով Հայաստան եկած՝ ամենամարդասիրական մասնագիտության տեր մարդիկ՝ լոսանջելեսաբնակ բժիշկները։

Հակոբ Այնթափլյան. նշանավոր սրտաբան, միջազգային մեծ ճանաչում ունեցող բժիշկ, որի մասնագիտական կարողությունների մասին հրաշքներ են պատմում: Դոկտոր Այնթափլյանի համբավը իրենից շուտ էր Հայաստան հասել, ու տասնյակ մարդիկ արդեն օրհնել էին նրան, շատերն էլ նրա հրաշագործ ձեռքերի օգնությանը կարոտ՝ անհամբերությամբ սպասում էին:

Եւ ահա դոկտոր Այնթափլյանը Երեւանում է:
Առաջին ծանոթությունը: Առաջին տեղեկությունները:
Ծնվել է Հալեպում՝ 1939 թվականին: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Մխիթարյան, ապա Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարաններում: Նկատելով աշակերտի բացառիկ ընդունակությունները, Մուրադ-Ռափայելյան վարժարանի տնօրինությունը հատուկ կրթաթոշակ է հատկացնում նրան՝ Հռոմի բժշկական համալսարանում ուսումը շարունակելու համար: Ավարտելուց հետո Այնթափլյանը տեղափոխվում է Նյու Յորք, ուր մասնագիտանում է ներքին հիվանդությունների եւ սրտաբանության մեջ, միաժամանակ դասախոսում Նյու Յորքի համալսարանում եւ կատարում գիտական լուրջ հետազոտություններ սրտանոթագրության, սրտի անոթների ու փականների հիվանդությունների ասպարեզում: Հեղինակել է սրտի հիվանդություններին վերաբերող 45 հետազոտություններ եւ հոդվածներ, տասնհինգից ավելի բացառիկ հետաքրքրություն ներկայացնող զեկուցումներով հանդես եկել սրտաբանական միջազգային գիտաժողովներում՝ Նյու Յորքում, Տոկիոյում, Մոսկվայում եւ այլուր:
1978-ին ստանձնել է Թենեսիի համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը:
1980-ին բնակություն է հաստատում Լոս Անջելեսում, որտեղ ունի անձնական երկու կլինիկաներ: Կատարել է 4000-ից ավելի սրտանոթագրություններ եւ ավելի քան 3000 սրտի ամենաբարդ վիրահատություններ… Ի՜նչ թեթեւությամբ են գրվում այս թվերը, բայց դրանք փրկված մարդկային կյանքեր են, հաճախ անհուսության ճիրաններից դուրս կորզված մարդկային կյանքեր… Նրանցից մեկին շատերն են ճանաչում Հայաստանում, նշանավոր գրականագետ, պրոֆեսոր Հրանտ Թամրազյանը, որ մի քանի ամիս առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր հրավիրվել դասախոսություններ կարդալու: Հանդիպումներից մեկի ժամանակ, մարդաշատ դահլիճում, արդեն հիվանդ սիրտը իրեն զգացնել է տալիս… Ծանր տագնապից հետո պրոֆեսոր Թամրազյանին անմիջապես հասցնում են Լոս Անջելեսի Սան Վինսենթ հիվանդանոցը… Վիրաբուժական բարդ գործողություն… Այո, շատ անգամ էր Հակոբ Այնթափլյանը կանգնել կյանքի ու մահվան միջեւ, շատ մարդկանց համար էր մաքառել, ժամերով պրկվել, լարվել ու հաղթել: Բայց այս մեկն ուրիշ էր, այս մեկի համար նա անձնական տագնապ էր ապրում, որովհետեւ վիրահատական սեղանին հայ մարդ էր պառկած, հայրենիքից այս հեռավոր երկիրը եկած հայը:

Մեծ Մարդ է բժիշկ Այնթափլյանը՝ հրաշագործ ձեռքով, նուրբ հոգով, փիլիսոփայական խորքերով, համեստ ու զուսպ կեցվածքով: Եւ բանաստեղծ է, խորունկ բանաստեղծ, որ ապրում է այս բարդ, հակասական կյանքում, այս խելահեղ վազքում իսկական գեղեցկությունները փնտրելու, տեսնելու եւ հաստատելու մղումով, «նյութապաշտության սին արքայության» փոխարեն սիրո ղողանջի, հույսի բողբոջի, ծաղկի, ժպիտի, լույսի, բարիքի առջեւ մարդկային սրտերը լայն բանալու ազնիվ ձգտումով.

… Յո երթաս, ո՜վ մարդ, արձակ ու վայրագ,
Սուրով ու հուրով, խոռոտ հայհուչով,
Արյուն քրտինքով, արբեցումի սին
Դրոշը ձեռքիդ, ժահրը շրթունքիդ,
Ոսկեձույլ կուռքեր ոտերուդ բարձած,
Վիշտերդ խեղդած գինովության մեջ,
Մտքի խոյանքի թեւերդ կոտրած,
Մոլի, անաստված… կանգ առ, սթափվե,
Կյանքը այսօր կա, բայց վաղը ավա՜ղ
Ավա՜ղ ան չկա… խոկա, ան չկա…:

Ահա եւ առաջին ծանոթությունը Հակոբ Այնթափլյանի հետ: Ահա նրա ոչ ամբողջական դիմանկարը, որ վստահ եմ, պիտի մոտ ապագայում լրացվի նորանոր գծերով ու երանգներով: Այո, հանդիպումը շատ չի ուշանա, որովհետեւ այս անգամ նա չկարողացավ ինչպես հարկն է աշխատել, գործիքների, սարքավորումների պակաս կար, ու այլեւս հանգիստ քնել չի կարող, մինչեւ անհրաժեշտ սարքավորումները Հայաստան չբերի: Մտահոգ էր նաեւ, որ հայրենի ժողովուրդը անհրաժեշտ ուշադրությամբ չի հետեւում առողջությանը, եւ անընդհատ, պատվիրանի պես կրկնում էր. «Մարդը անպայման պետք է գիտակից ըլլա, թե իր կյանքի ամենեն կարեւոր հարստությունը առողջությունն է: Նաեւ գիտակից ըլլա, թե հիվանդությունը կանխելը շատ ավելի դյուրին է, քան հետո այն դարմանելը: Միշտ հիշենք, որ մենք՝ հայերս, քիչ ենք եւ եթե կուզենք ամուր տեսնել մեր ազգի ապագան՝ պետք է առողջ եւ ուժեղ ըլլանք»:

Սիմոն Սիմոնյան. միշտ պատրաստակամ, առույգ, արագաշարժ: Քիթ-ականջ-կոկորդի մասնագետ-վիրաբույժ է, Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտությունների ակադեմիայի այդ բաժանմունքի անդամ: Բժիշկ Սիմոն Սիմոնյանի հետ նույնպես առաջին հանդիպումն է: Ուրեմն՝ նույնպես ծանոթագրական տեղեկություններ:
Ծնվել է Բեյրութում՝ 1948-ին: Նախնական կրթությունը ստացել է տեղի Ս. Քառասուն մանկանց, ապա եւ Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում: Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի նախ կենսաբանության բաժինը, ապա բժշկագիտության:
1976-ից տեղափոխվել է ԱՄՆ՝ բնակություն հաստատել Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում: Այստեղ էլ մասնագիտացել է քիթ-ականջ-կոկորդի հիվանդությունների, ինչպես նաեւ պարանոցի քաղցկեղի վիրաբուժության մեջ:
1980-ից հաստատվել է Լոս Անջելեսում: Ունի անձնական երկու կլինիկաներ Հոլիվուդում եւ Փասադենայում: Առաջատար, փնտրված մասնագետ է իր բնագավառում:

Բնական եւ հասկանալի է բժիշկ Սիմոն Սիմոնյանի ոգեւորությունն ու հուզումը, առաջին հանդիպումն է հայրենի երկրի հետ.

– Այս այցելությունը ինձի համար երկիր մը այցելելե զատ՝ ուխտագնացություն մը եղավ, – ասում է նա, – ես երկու կարեւոր փորձառություն ձեռք ձգեցի, նախ առաջին անգամ հայրենի հողին վրա ոտք կոխելու, ջուրը խմելու, Արարատը աչքովս տեսնելու, հրաշալի թանգարանները այցելելու եւ աս պանծալի ժողովուրդին զավակն ըլլալու փորձառությունը եւ ապա՝ հայրենիքի առողջապահական կացությանը ծանոթանալու եւ հայրենի հիվանդանոցներու մեջ իմ ազգակից հիվանդներուն օգտակար ըլլալու փորձառությունը: Եւ այդ ամենը ինձի զգացնել տվեց, թե մենք՝ սփյուռքահայ բժիշկներս, շատ բան կրնանք ընել, որպեսզի ամենաարագ թափով զարգանա եւ բարելավվի Հայաստանի առողջապահությունը: Արդարացիորեն կրնամ ըսել, թե մեր գործընկերները Հայաստանի մեջ ունին գիտելիքներու նույն մակարդակը, սակայն անոնց կպակսեն արդիական սարքավորումներ ու գործիքներ, եւ ես, հետ այսու ամեն կարելին պիտի ընեմ Հայաստան ղրկելու իմ մասնագիտական բնագավառին մեջ օգտագործելիք անհրաժեշտ գործիքներն ու սարքավորումները:

Հայրենանվեր գործունեությունը բժիշկ Սիմոն Սիմոնյանի համար նոր չէ, որ պետք է սկիզբ առնի: Ազգապահպանման աշխատանքի նվիրյալ նա եղել է դեռեւս Բեյրութի համալսարանում ուսանելու տարիներից եւ այսօր էլ իր բազմազբաղ ժամանակի զգալի մասը դարձյալ այդ նպատակին է ծառայեցնում: Նա անդամ է Ամերիկահայ միջազգային քոլեջի հոգեբարձության գործադիր մարմնի, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համաշխարհային երիտասարդական գործադիր մարմնի:
Սակայն յուրաքանչյուր մարդ իր ազգային գործունեությունը նախ եւ առաջ սեփական տնից, սեփական ընտանիքից պետք է սկսի, այլապես մնացած ամեն ինչ կդառնա ինքնագովության նպատակ: Դրա հստակ գիտակցումը ունեին բժիշկ Սիմոն Սիմոնյանը եւ նրա տիկինը՝ Լենան, քանի որ նրանց տանը միայն հայերենն է հնչում որպես խոսակցական լեզու: Զավակները՝ Շիրազն ու Սեւակը, հաճախում են Մխիթարյան վարժարան ու հայրենիքն արդեն կրում են իրենց հոգիներում: Նրանց անուններն արդեն հուշում են, թե ինչ է այս հրաշալի ընտանիքի հոգեկան հացը, այո՜, հայկական պոեզիան, հայկականն ու հայրենականը, որ հիմա արդեն ուրիշ ավելի բարձր, ավելի ազնիվ որակներով լրացավ:
- 1988-ը մեզի համար կարեւոր թվական է,- հրաժեշտից առաջ ասաց Սիմոն Սիմոնյանը: – Մինչեւ հիմա շատերս կկարծեինք, թե հայկական ազգային հարցերու առաջմղիչ ուժը սփյուռքահայությունն է, սակայն ղարաբաղյան շարժումը ցույց տվեց, որ, ընդհակառակն, հայրենի ժողովուրդն ավելի համառորեն, ավելի զորավոր կերպով հետամուտ է մեր ազգային խնդիրներուն: Այս օրերուն ընդհանուր զորակցական ոգի մը մեջտեղ եկավ Ղարաբաղը մայր հայրենիքին վերամիավորելու գաղափարին շուրջ, եւ թող այդ զորակցական ուժը օգնե մեզի հետայսու ավելի հայ ըլլալու, ավելի գործնական գետնի վրա դնելու մեր հայրենասիրությունը:
Ավելի լավ հայ լինելու, ավելի գործնական հայրենասեր լինելու կերպը գտել է բժիշկ Սիմոն Սիմոնյանը: Նա արդեն հստակ ծրագիր ունի ամեն տարի հայրենիք գալու, իր գիտելիքներն ու փորձը հարազատ ժողովրդի բարօրության համար ի սպաս դնելու համար: Ուրեմն՝ մինչ նոր հանդիպումներ…

Կարո Դերձակյան. բարեհոգի, պայծառ ժպիտով, նույնպես հայկականության բեյրության «դպրոցն» անցած մարդ: Կրթությունը Բեյրութի ամերիկյան համալսարանում ստանալուց հետո՝ 1975-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ մասնագիտացել է վիրաբուժության եւ ուրոլոգիայի մեջ՝ կարճ ժամանակում դառնալով այս ասպարեզի լավագույն մասնագետներից մեկը ԱՄՆ-ում: Այսօր նա արդեն Կալիֆորնիայի նահանգի մեծագույն հիվանդանոցներից մեկի՝ «Վեսթըրն մեդիքըլ» կենտրոնի տնօրենն է, ինչպես նաեւ Կալիֆորնիայի համալսարանի ուրոլոգիայի բաժնի վերապատրաստող դասախոսը, որը ուսանողներին մասնագիտացնում է հատկապես երիկամների պատվաստման (տրանսպլանտացիա) մեջ: Նա եզակի մասնագետ է նաեւ ներմիզուկային, միջմիզուկային բացահայտումների ասպարեզում: Պրոֆեսիոնալ բարձր հատկությունները, զարմանալի արագաշարժությունը, անվրեպ, հստակ գործելու կարողությունը Կարո Դերձակյանի բժշկական տաղանդի բաղկացուցիչ տարրերն են, որոնց շնորհիվ ապահովվում է նրա կատարած բժշկական միջամտությունների ոչ միայն բարձր արդյունավետությունը, այլեւ գեղագիտական եւ հոգեբանական կողմը, փաստորեն՝ վիրահատություն առանց վիրահատման՝ կիրառելով տեխնիկական նորագույն սարքեր եւ սեփական ձեռքերի բացառիկ հմտությունը:
Սա Կարո Դերձակյանի երկրորդ այցելությունն է մայր հայրենիք, եւ ինչպես ինքն է ասում, եկել է շարունակելու կիսատ մնացած գործերը, օգնելու, բուժելու հայրենակիցներին, իր գիտելիքները հաղորդելու Հայաստանի գործընկերներին: Եւ այնքան մեծ է նրա հոգու այս մղումը, որ առանց ժամանակ ծախսելու փոքր-ինչ հանգստանալու վրա, նա անմիջապես մեկնեց հիվանդանոց, հագավ սպիտակ խալաթն ու կանգնեց վիրահատական սեղանի առջեւ: Եւ այսպես՝ ամեն օր, վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո, առանց հանգիստ ու դադար ճանաչելու, մեծագույն ոգեւորությամբ ու պատրաստականությամբ:
Կարո Դերձակյանը նույնպես հիացած է իր հայաստանյան գործընկերներով, նրանց տեսական գիտելիքներով եւ հմտությամբ: Բայց այս ասպարեզում դարձյալ նորագույն սարքավորումների ու գործիքների պակաս կա: Անցած տարի, իր առաջին այցելության օրերին, բազմաթիվ անհրաժեշտ գործիքներ էր բերել՝ համապատասխան մասնագետներին հաղորդելով նաեւ դրանցով աշխատելու իր մեծ փորձը: Այսօր տեսնելով նկատելի առաջադիմություն հատկապես միջմիզուկային վիրահատությունների ասպարեզում, Կարո Դերձակյանը առավել բարդ, վերականգնական գործողությունների ուսուցողական վիրահատություններ կատարեց՝ նպատակ ունենալով հայրենի գործընկերներին ներկայացնել նոր մոտեցումներ, նոր կտրվածքներ, գործնական նոր լուծումներ: Շատ մտահոգ էր այն փաստով, որ այսօր Հայաստանում երիկամի պատվաստումը կարող է կատարվել միայն ու միայն Լենինգրադից ստացվող երիկամների հաշվին, մի հանգամանք, որ բավականաչափ բարդացնում է այն հիվանդների վիճակը, որոնք պետք ունեն երիկամի պատվաստման անհրաժեշտության: Բայց չէ՞ որ մենք հենց այստեղ կարող ենք կազմակերպել այդ մարդասիրական գործը ի շահ մեր քույրերի եւ եղբայրների:
- Ատիկա զուտ դաստիարակումի հարց է: Պետք է հետեւողական աշխատանք տանիլ Հայաստանի ժողովուրդին ընդունելի դարձնելու համար, թե՛ որոշ դժբախտ պատահարներու դեպքում կարելի է գոնե մխիթարվել այն փաստով, թե՛ օգտակար եղած ես ազգին՝ փրկելու ուրիշ մեկ հայի կյանքը: Ասիկա նախ գենետիկորեն ավելի ճիշտ է եւ նաեւ մեզի կուտւա ինքնաբավության զգացում, – ասում է Կարո Դերձակյանը:
Առհասարակ մարդուն եւ մասնավորապես հայ մարդուն օգտակար լինելու մղումը Կարո Դերձակյանի կյանքի, նրա անսպառ ավյունի ու նվիրվածության ամենաթանկ վարձատրությունն է: Հիմա էլ, թեեւ գրեթե ժամանակ չունեցավ ինչպես հարկն է շրջագայել Հայաստանում, հենց այնպես, թեկուզ հանգստանալու պահանջով նստել մտերիմների ու ծանոթների շրջապատում, կամ տիկնոջ՝ Սիլվիի եւ զավակների՝ Թալինի եւ Արամի հետ զբոսնելու Երեւանի փողոցներում եւ հրապարակներում, բայց անչափ գոհ է, երջանիկ զգալու վաստակած իրավունքով եւ արդեն մտքում Հայաստանի բժիշկների ու հիմնակությունների հետ կապված հազար ու մի ծրագրեր է կազմում, որոնց իրականացումը կասկած չի հարուցում:

Վարդգես Նաճարյան. հպարտ, ինքնավստահ կեցվածքով նշանավոր ոսկրաբանը: Կարելի է ասել հին ծանոթ է հայրենիքում. 1984 թվականից սկսած, նա ամեն տարի տիկնոջ՝ Մերիի հետ Հայաստան է գալիս, եւ դա նրանց համար դարձել է հոգեկան սնունդ, անհրաժեշտություն:
Ծնունդով քեսապցի է Վարդգես Նաճարյանը, նույնպես Բեյրութի բժշկական համալսարանի շրջանավարտ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1958-ից: Մասնագիտությունը դոկտոր Քելեքյանի մոտ խորացնելուց հետո, հաստատվում է Քլիվլենդ Օհայոյում, ստանձնում տեղի խոշորագույն հիվանդանոցներից մեկի տնօրենի պաշտոնը եւ կարճ ժամանակում դառնում ճանաչված, գնահատված մասնագետ:
Սակայն Նաճարյանների համար Քլիվլենդ Օհայոն սառը, անհրապույր քաղաք էր, որովհետեւ հայերն այստեղ շատ քիչ էին, հայկական կյանք գրեթե գոյություն չուներ: Նաճարյանների համար մեծ ցավ էր, որ զավակները՝ Արան, Արմենը, Րաֆֆին, Մարոն, զրկված էին ազգային միջավայրից, ու իրենց ընտանեկան հայաշունչ, տաք մթնոլորտը բավարար չէր զավակներին հայ մեծացնելու համար: Եւ հիվանդների մեջ էլ սակավ էին հայերը, իսկ իրենք այնպե՜ս ուզում էին օգտակար լինել ազգակիցներին: Ու նրանց սկսեց ձգել Լոս Անջելես հայաշատ քաղաքը… եւ տեղափոխվեցին: Այստեղ ամուսիններով իրենց ամբողջ ավյունով՝ մասնագիտական ու ազգանվեր մղումով գործի անցան: Եւ այսօր Լոս Անջելեսում նրանց ընտանիքը դարձել է իսկական հայկական օջախ, ազգային փոքրիկ կենտրոն: Հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի համար, այս նպատակով են ապրում ու գործում Նաճարյանները եւ ամեն անգամ հայրենիք գալուց՝ ծանրաբեռ են զանազան գործիքներով ու սարքավորումներով:
Այս անգամ էլ շուրջ կես միլիոն դոլարի արժողությամբ բժշկական ամենաբազմազան գործիքներ ու դեղորայք են Հայաստան բերել, որի մի մասը՝ Ղարաբաղ ուղարկելու համար է:
- Աս սարքավորումների եւ դեղորայքի մեկ մասը ուզեցինք Ղարաբաղ ղրկել՝ ավելի շատ նեցուկ ըլլալու համար մեր քույրերուն եւ եղբայրներուն: Մենք շատ բանով կպարտինք քաջակորով ղարաբաղցիներուն, որովհետեւ աս շարժումը զորավոր լիցքեր հղեց մեզի՝ եւ սփյուռքի հայությանը արթնցուց, ու անոնք, որոնք հայ չէին՝ հայ դարձան, անոնք, որոնք արդեն հայ էին՝ հայրենասեր դարձան, անոնք, որոնք հայրենասեր էին՝ հայրենանվեր դարձան, – ասում է դոկտոր Նաճարյանը:
Կարծում եմ, որ ինքը՝ Վարդգես Նաճարյանը ընտանյոք հանդերձ վերջիններիս թվին է պատկանում: Նրանց, որոնց համար կյանքն ու աշխարհը անիմաստ է առանց հայրենիքի ու հայ ժողովրդի:
…Դուք արդեն մեկնել եք, հարգարժան բժիշկներ Հակոբ Այնթափլյան, Սիմոն Սիմոնյան, Կարո Դերձակյան, Վարդգես Նաճարյան, սիրելի, անուշ տիկիններ Լյուդովիկա, Լենա, Սիլվի, Մերի, մեկնել եք, այստեղ թողնելով ձեր հարազատ, անձնազոհ կերպարները, ձեր հրաշագործ ձեռքերի ջերմությունը, տասնյակ մարդկանց երախտապարտ հոգիները, եւ ձեր այստեղ չլինելը, ձեր բացակայությունը շատ զգալի է հայրենիքում:
Ու հիմա, երբ գրում եմ այս տողերը, մի տեսակ ափսոսանքով ու մեղավորության զգացումով եմ հիշում, որ ձեր խիստ զբաղվածության պատճառով չհասցրեցինք լավ ճանաչել միմյանց, եւ որ ձեր հայրենանվեր, անձնազոհ աշխատանքը գուցե եւ ավելի ջերմ բառերի էր արժանի…

Բայց մենք առջեւում դեռ շատ հանդիպումներ ունենք: Ուրեմն՝ մինչեւ տեսություն…

Հ. Գ. 1988-ի երկրաշարժից հետո ամերիկաբնակ բժիշկներն ավելի սերտացրեցին իրենց կապը հայրենիքի հետ եւ յուրաքանչյուրի ներդրումը աոանձին հոդվածի նյութ կարող է դառնալ:

You may also like...