Բեն Դավիդյան

«Հայրենիքի ձայն», ապրիլ, 1991թ.
Սեյրանուհի Գեղամյան

Սփյուռքահայ թերթերը տեղեկացնում են, որ ամերիկահայ մեր հայրենակիցներից Բեն Դավիդյանը Կալիֆորնիայի կառավարիչ Փիթ Ուիլսոնի կողմից նշանակվել է ընտրական օրենքների հսկիչի եւ քաղաքական արդար գործունեության հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ամերիկյան վարչակառավարական կառուցվածքի մեջ սա շատ կարեւոր աթոռ է, որին կարող են արժանանալ միայն բացառիկ արդարամիտ ու քաղաքական ասպարեզում մեծ համարում ունեցող անձինք: Եւ կառավարիչ Ուիլսոնը հենց այդպես էլ արտահայտվել է. «Դավիթյան աչքի ընկած է արդարության զգացողականությամբ եւ մտավորականի պարկեշտությամբ, զոր ան ցուցաբերած է իր տպավորիչ ասպարեզի ընթացքին»:

Ընդամենը քառասուն տարեկան է Բեն Դավիդյանը: Ծնվել է 1951 թվականի հուլիսին, Ֆրեզնոյում: Կրթությամբ իրավաբան է՝ քաղաքական գիտությունների եւ միջազգային կապերի մասնագետի վկայականով: Իրավաբանական գիտությունների ճանաչված մասնագետ:
Մի քանի ամիս առաջ ես առիթ եմ ունեցել հանդիպելու Բեն Դավիդյանին: Նա այն ժամանակ ԱՄՆ-ի ներգաղթողների սպասարկության հիմնարկության արեւմտյան տարածաշրջանի տնօրենն էր: Ինձ ընդունեց իր հսկայական հիմնարկության առանձնասենյակում: Տիպիկ ամերիկյան այդ միջավայրում, գործնական ու արագաշարժ ամերիկացիների շրջապատում, անկեղծորեն, բավականաչափ կաշկանդված էի զգում ինձ եւ կարծես հարազատ ինչ-որ բան էի փնտրում, որից կարելի էր կառչել՝ միջավայրը փոքր-ինչ հայկականացնելու համար: Եւ պատկերացրեք՝ գտա. տնօրենի առանձնասենյակի անկյունում դրված համակարգիչի վրա նկատեցի Արարատի պատկերի գծագրությունը եւ «Արարատ, Արարատ, Արարատ» անգլատառ մակագրությունը:
… Շուրջ մեկ ժամ տեւած մեր զրույցի նյութը, բնականաբար, Հայաստանն էր: Հարցերը երկուստեք էին: Ինձ հետաքրքրում էին քաղաքական մեծ գիտելիքներ ու փորձառություն ունեցող բարձրաստիճան անձի տեսակետները Հայաստանի քաղաքական կացության ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ: Նա մանրամասներ էր ուզում իմանալ իր հեռավոր հայրենիքի, վերջին ժամանակներում այնտեղ կատարված բուռն վերափոխումների, ազգային նոր շարժումների մասին:
Մեր զրույցի ընթացքում Բեն Դավիդյանը բազմաթիվ անգամ հիշատակեց Ջորջ Դոքմեջյանի անունը, որին նա հոգեւոր հայր է համարում իր համար: Քաղաքական ասպարեզում իր առաջընթացը հովանավորել է Դոքմեջյանը: 1987-ին նախ նշանակել է նահանգի գյուղատնտեսական աշխատավորական հարաբերությունները կարգավորող մարմնի նախագահ, իսկ 1989-ի օգոստոսին առաջ է քաշել՝ վստահելով ամբողջ արեւմտյան տարածաշրջանի ներգաղթողների սպասարկության հիմնարկության տնօրենի պաշտոնը: Նրա կարծիքով Դոքմեջյանը ամերիկյան շրջանակներում շատ ավելին արեց հայության համար, քան բազմաթիվ հայեր, որոնք գործում էին միայն ազգային շրջանակներում:
Արտաքուստ հայկական քիչ բան կա Բեն Դավիդյանի մեջ: Հատ ու կենտ հայկական բառեր, որոշ հիշողություններ ու ազգանուններ: Եւ այնուամենայնիվ, ինձ թվաց, որ հոգու խորքերում ինչ-որ չբացահայտված, խոր թաքնված ազգային թրթիռներ կան: Այդ զգացողությունն ավելի հաստատուն դարձավ, երբ հրաժեշտից առաջ նա ներս հրավիրեց իր մի քանի աշխատակիցների եւ սիրալիր ներկայացրեց. «Իմ հայրենակիցն է, լրագրող՝ Հայաստանից»: Հետո, որպես հիշատակ բոլորս միասին լուսանկարվեցինք: Անշուշտ, հաճելի էր լսել «հայրենակից» արտահայտությունը: Եւ ես շատ կուզենայի, որ մեր այդ կարճատեւ հանդիպումը, այս համառոտ հոդվածի Երեւան գալը հայրենի լրագրում Բեն Դավիդյանի մեջ ամրապնդի իր ազգանվան փոքրիկ «յանի» խորհուրդը եւ հնչեղ դարձնի նրա հոգու հայկական լարը: Չէ՞ որ ամեն հայ մեզ համար մի աշխարհ է…

You may also like...