Բելգրադի «Հայկական տունը»

«Վերածնված Հայաստան», թիվ 5 (530), մայիս 1990թ.
Բաբկեն Սիմոնյան

Ամիսներ են անցել հարավսլավական իմ ճամփորդությունից, և իմ մեջ բարի հուշ են թողել այնտեղ անցկացրած 55 օրերը։ Թախիծ, ուրախության արցունքներ են շաղախված մեկը մյուսին չկրկնող այդ օրերին։

Հիշում եմ 86-ամյա բելգրադաբնակ Մարի Բարոնյանին, Վրնյաչկա Բանյայում ապրող 88-ամյա Հակոբ Տեր-Պողոսյանին, հիշում մակեդոնահայերին, որոնք մի ողջ կյանք ապրել են Հարավսլավիայում ու լավ ծանոթ են տեղի փոքրաթիվ հայ գաղութին։

Հարավսլավական Հայաստան… Մի պտղունց հայություն է սփռված այս հրաշագեղ ու հեռավոր երկրի տարբեր անկյուններում՝ Բելգրադում ու Նովի Սադում, Վրնյաչկա Բանյայում ու Վալևոյում, Սկոպլեում ու Սարաևոյում։ Հազիվ 250 հայ՝ 24 միլիոնանոց Հարավսլավիայում։

Սողոմոն Թեհլիրյանը որդու` Շահենի հետ, Բելգրադ, 1928թ.

Սողոմոն Թեհլիրյանը որդու` Շահենի հետ, Բելգրադ, 1928թ.

Արդեն որերորդ անգամ բելգրադաբնակ Բարոնյանների ընտանիքում եմ, ուր տասնամյակներ շարունակ թևածել է հայ ոգին ու շունչը։ Տանտերը՝ 86-ամյա տիկին Մարին պատմում է դարասկզբի բելգրադահայ գաղութի մասին։ Նախնիները՝ Սուրմեյանները, ակնեցիներ էին, որ հետագայում փոխադրվել էին Պոլիս, ուր ծնվել ու մեծացել էր Մարի Բարոնյանը։ 1922-ին ամուսնու՝ Վարդան Բարոնյանի հետ գաղթել էր Արևմտյան Հայաստանից, Բուլղարիայից անցել Մակեդոնիա, այնտեղից՝ Սերբիա։ Մինչ այդ Սերբիայում կային հայեր, որոնք գաղթել էին 1915-ի մեծ եղեռնից շատ առաջ։

Բարոնյանները և էլի շատ ընտանիքներ խաղաղ ու ապահով հանգրվան են գտնում այստեղ։ Տեղի հայերը սատար են լինում նրանց, որ գոնե ոտքի կանգնեն, տունուտեղ հիմնեն։

— Սերբերը մեզ և մյուս գաղթականներուն սրտաբաց ընդունեցին, և մենք ալ սիրեցինք հյուրընկալ ու ազնիվ այդ ժողովուրդը,— երախտագիտությամբ հիշում է տիկին Մարին,— հարմարվեցինք միջավայրին, շատերը բացին մեծ ու փոքր խանութներ ու սկսեցին սուրճի գործ ընել, քանի որ ատ շահութաբեր գործ մըն էր։ Մեր զավակներին ալ սերբական դպրոց ձգեցինք, քանի որ Բելգրադին մեջ հայկական դարոց չի եղած և հիմա էլ չկա, բայց ընտանիքում հայերեն կխոսեինք, որ զավակներս գոնե լսելով սորվեին իրենց մայր լեզուն։

Սողոմոն Թեհլիրյանի ծննդավայրը` Արևմտյան Հայաստանի ներքին Բագառիճ գյուղը

Սողոմոն Թեհլիրյանի ծննդավայրը` Արևմտյան Հայաստանի ներքին Բագառիճ գյուղը

Տիկին Մարին հուզմունքով ու երախտագիտությամբ է հիշում Դալմատինսկա փողոցի 78 տունը։ Փայտե հնամաշ ցանկապատ, դրանից ներս՝ փոքրիկ բակ ու կղմինդրե տանիքով մեկ հարկանի մի կառույց…

1930–40-ական թվականներ… Երանելի ժամանակներ էին բելգրադահայերի համար: Նրանք իրենց միջոցներով գնել էին այդ տունը և հայապահպան ու բարեգործական նպատակներով հավաքվում էին այնտեղ, պատմում միմյանց Հայաստանի ու հայրենակիցների մասին՝ երբեք չխզելով կապը մայր հայրենիքի հետ։

«Հայկական տուն» էին կոչել այդ շինությանը, ուր հնչում էին շարականներ, ժողովրդական ու գուսանական երգեր, ուր հայերեն գրել ու կարդալ էր սովորեցնում Հունաստանի Սալոնիկ քաղաքից Բելգրադ եկած նուրբ ու համակրելի Նոյեմի Մանաշյանը, հայոց պատմություն էր դասավանդում Ասատուր Մկրտչյանը։ Նույնիսկ փոքրիկ երգչախումբ ուներ «Հայկական տունը», որը ղեկավարում էր երաժշտության քաջ գիտակ Գրիգոր Մորջիկյանը։

Դեռ 1930–40-ական թվականներին Բելգրադում գործում էր Հարավսլավիայի հայոց միությունը, որը նույնիսկ իր կանոնադրությունն ուներ, ուր հստակ նշված էին միության անդամների անելիքներն ու գործունեության ոլորտները։

Վարդան և Մարի Բարոնյանները, Բելգրադ, 1928թ.

Վարդան և Մարի Բարոնյանները, Բելգրադ, 1928թ.

— «Հայկական տունը» մեզ համար ամեն ինչ էր,— թախծոտ ասում է տիկին Մարին։— Ան հայրենիք ըսել էր, երկիր ըսել էր։ Հայ պատմությունը կուսումնասիրեինք, հայտնի երգողներ ու բանախոսողներ ունեինք։ Տոն օրերը և նոր տարիներու գիշերները հոն կանցկացնեինք։ Մեզի համար ան Հայաստան մըն էր…

Բելգրադի Դալմատինսկա փողոցում գտնվող այդ տունը մինչև հիմա էլ պահպանվել է այնպես, ինչպես տասնամյակներ աոաջ, բայց չի պահպանել «Հայկական տուն» անվանումը, քանի որ բելգրադահայ գաղութը հետագայում տարրալուծվեց, տեղի հայերից շատերը սփռվեցին աշխարհով մեկ, ոմանք էլ բռնեցին հայրենադարձության ճամփաները, եկան Հայաստան…

Մարիի հայրը՝ Աբրահամ Սուրմեյանը, մեծ եղեռնից հետո թողել է տունուտեղը, ամեն ինչ, բայց չի թողել այն հազվագյուտ ու արժեքավոր գրքերը, որոնք նվիրել էին Մխիթարյան միաբանության հրատարակիչները։ Գաղթի ճամփաներով աշխարհից
աշխարհ դեգերելով, Սուրմեյանները հասնում են Բելգրադ՝ իրենց հետ տանելով այդ գրքերը։ Տիկին Մարին փոքրածավալ մի գիրք է հանում պահարանից, պայծառ ու թախծոտ հայացքով վերջին անգամ նայում գրքին ու ասում.

— Այս գիրքը քեզ պիտի տամ, որդի՛ս, որ Հայաստան տանես։ Ասոր հայրենիքը Հայաստանն է։ Հոս, Եուկոսլավիոյ մեջ քիչ հայ կա, ատոր համար էլ հայկական վարժարան չէ եղած ու հիմա էլ չիկա։ Հոս այս գիրքը պիտի կորչի։ Կցավիմ, որ թոռներս հայերեն չեն խոսեր, բայց գիտեն, որ հայ ծնած են և շատ կհետաքրքրվեն Հայաստանով։ Տարեք այս գիրքը, որ իր հայրենի տան մեջ ըլլա հավերժ։

Բառարանը, որը տվեց ինձ տիկին Մարին, տպագրվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տպարանում 1846 թվականին Մկրտիչ Վարդապետ Ավգերյանի խմբագրությամբ։ Վենետիկից հասել է Պոլիս, լուռ վկան դարձել ցեղասպանության ու գաղթի, շարունակել իր դեգերումները, հասել Բալկանյան աշխարհ՝ Բելգրադ, 67 տարի պահվել Մարի Բարոնյանի տանը։ Ու 67 տարիներից հոգնած, հանվել է պահարանից ոչ թե դեգերելու, այլ Հայաստան վերադառնալու համար։

Ես կատարեցի Մարի Բարոնյանի խնդրանքը, գիրքն ինձ հետ Հայաստան բերեցի, որ հայրենի եզերքում իր վերջին հանգրվանը գտնի։ Նա պատմում է Բելգրադում ներկայումս ապրող հայերի մասին, հիշում է նաև իր սերնդակիցներին, որոնցից շատերն այսօր արդեն չկան։

— Հոս, Բելգրադին մեջ, շատ հայտնի մարդ մը կապրեր Սողոմոն Թեհլիրյան անունով, որ 1921-ին Թալեաթ փաշային սպանած է,— ասում է 86-ամյա հայուհին,— լսա՞ծ եք անոր մասին։

Մակեդոնիայի օպերային թատրոնի մեներգիչ Հարություն Սուրմեյանը կնոջ` Ռադմիլա-Շաքե Սուրմեյանի հետ, Սկոպլե, 1945թ.

Մակեդոնիայի օպերային թատրոնի մեներգիչ Հարություն Սուրմեյանը կնոջ` Ռադմիլա-Շաքե Սուրմեյանի հետ, Սկոպլե, 1945թ.

— Անշուշտ լսել եմ և որոշ բաներ գիտեմ մեծ վրիժառոլի կյանքից,— ասացի նրան,— Երևանում ևս Սողոմոնի մասին գովել է։

— Թեհլիրյանը կապրեր Դալմատինսկա փողոցում, ուր կգտնվեր «Հայկական տունը»,— շարունակում է նա,— այնպես որ այդ փողոցը հայերուս համար կարևոր նշանակություն ունեցած է։ Սողոմոնի տղաքն ալ Սերբիա ծնած են, մեծը՝ Շահենը, Բելգրադ կապրի, կուզե՞ք տեսնվիլ։

Տիկին Մարիի հետ քայլում եմ Բելգրադի հին ու հոգնած փողոցներով։ Նա ցույց է տալիս այն տունը, ուր պիտի կայանար զրույցը Շահենի հետ։ Փորձում էի պատկերացնել, թե ինչպիսի՞ն է լինելու հանդիպումը, և կամ ի՞նչ է պահպանել որդու հիշողությունը հոր մասին։

Մարի Բարոնյան, Բելգրադ, 1988թ.

Մարի Բարոնյան, Բելգրադ, 1988թ.

Շահենի տանն եմ։ Խոսում ենք մերթ հայերեն ու մերթ սերբերեն։ Դժվարությամբ է արտահայտվում մայրենիով, իսկ այն, ինչ հիշում է ու գիտի, պարտական է Նոյեմի Մանաշյանին, որը ժամանակին մեսրոպաշունչ հայերենով վառ է պահել բելգրադահայ գաղութի կյանքը, և որին Շահենը հարգանքով ու երախտագիտությամբ էր հիշում։

Հուշերը, ընտանեկան լուսանկարները, նամակներն ու արխիվային նյութերը տանում են մեզ հեռու, հասցնում Արևմտյան Հայաստանի Ներքին Բագառիճ գյուղը, ուր 1896 թվականին ծնվել էր Սողոմոն Թեհլիրյանը։ Այստեղ, բելգրադյան այս տանը, հավերժ ապրում է հայազգի մեծ վրիժառու, լուսահոգի Թեհլիրյանի հիշատակը, նրա ոգին ու շունչը։ Ալբոմի լուսանկարները տասնամյակների ընթացքում դեղնել ու խունացել են։

Ալբոմից զատ Շահենը լուսանկարներով լի մի նոր ծրար է բերում, պատմում, որ այդ լուսանկարներն արել է հորեղբորորդին՝ Վազգեն Թեհլիրյանը, որը 1987 թվականին եղել է Արևմտյան Հայաստանում, շրջել հարազատ ու հայրենի վայրերում ու իր սուրբ պարտքը համարել այցելել նաև նախնյաց ծննդավայրը՝ Ներքին Բագառիճ, ուր ժամանակին գործել է Հայկազյան վարժարանը, իսկ Սուրբ Հակոբ եկեղեցու հնամենի կամարների տակ հնչում էին հայոց մեղեդիներ։ Մարդիկ ուխտի էին գնում, մոմեր վառում ու լուռ աղոթք մրմնջում…

….Հայաստա՜ն աշխարհից մասունքներ դարձած լուսանկարներ, մասունքներ կորուսյալ, բայց սուրբ ու պաշտելի երկրից…

Ահա Պոլսի Հայոց պատրիարքարանը, Բաղեշի հայկական թաղամասերը, եկեղեցիները, հին ու նեղլիկ փողոցները, բակերն ու պատշգամբները։ Ահա Երզնկան, Բագառիճը՝ ավերակների մեջ, ամայի, գուցեև՝ անմարդաբնակ, եկեղեցիները քարուքանդ, որոնցում արդեն քանի տասնամյակ լռել են զանգերի ղողանջները, հայոց հինավուրց երգերը…

…Երանի քո աչքերին, Վազգեն, որ քաջաբար կտրել ես մահվան ու տառապանքի ճամփաները ու տեսել մեր շղթայված, ավերակ երկիրը, գնացել ու գտել ես պապենական օջախդ՝ բզկտված ու լքված Բագառիճը…

Ռադոսլավ և Յովան Տեր-Պողոսյան եղբայրները, Վրնյաչկա Բանյա, 1988թ.

Ռադոսլավ և Յովան Տեր-Պողոսյան եղբայրները, Վրնյաչկա Բանյա, 1988թ.

Շահենի հետ քայլում եմ Բելգրադի Դալմատինսկա փողոցով։ Նա մի պահ կանգ է առնում, մտորում։ Ո՞վ գիտե, գուցե այն երանելի ժամանակներն է հիշում, երբ հայաշատ ու աշխույժ էր Դալմատինսկա փողոցը, որի 101 տանը 1925—35-ական թվականներին միայն հայեր էին ապրում։ Երրորդ հարկում Սողոմոն Թեհլիրյանի ընտանիքն էր, առաջին երկու հարկերում ապրում էին նրա ազգականները։ Եռահարկ այդ շենքը Շահենի մանկության տարիներից մնացած միակ հուշն է։ Հիմա այդ շենքում այլևս ոչ մի հայ չի ապրում։ Անցյալի երանելի հուշեր, անցած, գնացած ժամանակներ…

«…Բեր համբուրեմ աչքերդ, որդի՛ս»

Վրնյաչկա Բանյա, 22 հոկտեմբերի։ Այդ անմոռաց ու սրտաճմլիկ օրը մինչև հիմա էլ հանգիստ չի տալիս ինձ։ Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ 88-ամյա Հակոբ Տեր-Պողոսյանին, որը 1920–ական թվականների սկզբին գաղթել էր Արևմտյան Հայաստանից ու իր վերջին հանգրվանը գտել սերբական գեղատեսիլ այս առողջարանում։

Ծերունի Հակոբին ես այցի գնացի տեղաբնակ Վլադիմիր Բելանյանի հետ, որին մտերիմները կոչում էին Վլադո։ Հետո իմացա, որ Բելանյանը հայկական անուն էլ ունի՝ Երվանդ։ Մենք քայլում էինք Վրնյաչկա Բանյայի ծառաշատ ու կանաչ փողոցներով։ Նա պատմում էր տեղի հայերի մասին, փորձում էր մտաբերել ծնողների պատմածը։ Ծնողները՝ Հակոբը և Դուդան Վրնյաչկա Բանյայի ամենահին բնակիչներից էին, որոնք Հակոբ Տեր-Պողոսյանի հետ 20-ական թվականներին թողել էին տունուտեղը ու եղեռնից փրկված, հաստատվել էին այստեղ։ Այդ ժամանակ Բելգրադն ու Վրնյաչկա Բանյան սերբական ամենահայաշատ քաղաքներն էին, ուր շատ հայ ընտանիքներում հաղորդակցության լեզուն հայերենն էր…

Վլադո Բելանյանի մասին ինձ պատմել էր Սողոմոն Թեհլիրյանի որդին՝ Շահենը, 1988 թվականի դեկտեմբերին Բելգրադում անցկացվող թարգմանիչների 14-րդ միջազգային հանդիպման օրերին։ Ես փորձել էի գտնել Բելանյանի հասցեն ու հեռակա կապեր հաստատել նրա հետ։ Շահենը պատմել էր ինձ, որ Վլադո Բելանյանը 36 տարի Վրնյաչկա Բանյայի քաղաքային գրադարանի անփոփոխ տնօրենն է եղել, գիր ու գրականությանը նվիրյալ մարդ։

Բելանյանի ուղարկած առաջին նամակը և լուսանկարն ստացա այն սահմռկեցուցիչ օրերին, երբ Հայոց հողը արյունով ու արցունքով էր շաղախված։ Երկրաշարժի բոթը սառնասիրտ չէր կարող թողնել նաև հարավսլավահայությանը։ Ահա Բելանյանի նամակի առաջին տողերը. «Սիրելի հայրենակիցներ, ամենից առաջ ընդունեք իմ ցավակցությունները Հայաստանում տեղի ունեցած ողբերգական ու կործանարար երկրաշարժի առիթով։ Մենք՝ տեղի բոլոր հայերս, հարավսլավացիների հետ անընդհատ արտասվել ենք և մեր ափսոսանքն ենք հայտնում։ Կարծում եմ մոլորակի մարդկությունը սատար կլինի ձեզ, կփարատի բոլոր նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրին իրենց հարազատներին ու սիրելիներին»։

Կարդում էի Վլադո Բելանյանի նամակի առաջին տողերը։ Նրա ցավակցական ու վշտալի տողերում, անգամ հույսի շող կա, ավերակ Հայաստանը նորոգ տեսնելու մեծ հույս ու հավատ։ Պատմում է, թե ինչպես շատ հարավսլավացիներ ու հարավսլավահայեր նյութական զգալի օգնություն ցույց տվեցին ավերակ Հայաստանին։ Բելանյանը պատմում էր տեղաբնակներ Ռադոսլավ Ու Յովան Տեր-Պողոսյան եղբայրների մասին, որոնք դեկտեմբերյան երկրաշարժից հետո նյութական օգնություն ցույց տվեցին՝ Հայաստան ուղարկելով զգալի քանակությամբ հագուստ։ Հանդիպումը նրանց հետ չուշացավ։ Վրնյաչկա Բանյայի բացօթյա «Գոչ» սրճարանում նստած էինք մենք՝ Տեր-Պողոսյան եղբայրները, Բելանյանը, քաղաքային «Վրնյաչկե նովինե» թերթի գլխավոր խմբագիր Օգնյան Տոպալովիչը և ես։ Տոպալովիչին ծանոթ էի նախորդ հանդիպումից։ Դեռ այն ժամանակ էր նա առաջարկում ստեղծագործական համագործակցություն։ Գիտեր, որ մասնագիտությամբ լրագրող-թարգմանիչ եմ, ուստի համաձայնվեց ակնարկաշար պատրաստել իրենց թերթի համար։

88-ամյա Հակոբ Տեր-Պողոսյան, Վրնյաչկա Բանյա, 1989թ.

88-ամյա Հակոբ Տեր-Պողոսյան, Վրնյաչկա Բանյա, 1989թ.

— Մեր քաղաքային թերթը մի քանի անգամ անդրադարձել է տեղի հայ գաղութին։ Գիտեմ, որ զբաղվում եք հայ-հարավսլավական մշակութային առնչություններով։ Կարող եք մեզ համար մի նոր բան պատրաստել։ Սիրով կտպագրենք։ Մենք՝ սերբերս, ցավով ընդունեցինք երկրաշարժի լուրը ու փորձեցինք ինչ-որ բանով օգտակար լինել։ Ափսոս, որ մեր օդաչուների թռիչքը ողբերգական ավարտ ունեցավ։

88-ամյա Հակոբ Տեր-Պողոսյանի տանն ենք։ Երկհարկանի տուն, պարտեզ, գեղատեսիլ բնություն։ Վլադո Բելանյանի հետ ներս ենք մտնում։ Մեզ դիմավորում է Հակոբը։ Նրա աչքերում հայրենիքի կարոտն էր խտացած, մի օր նրան այցի գնալու մեծ հույսը։ Ծերունու ակոսված դեմքին ու խորշոմած ձեռքերին անհնար էր նայել առանց հուզմունքի։ Մայրենիով դժվարանում էր խոսել, շատ քիչ բան էր հիշում։ Բելանյանը մոտեցավ նրան ու սերբերենով ասաց, որ հյուրը Հայաստանից է։ Հակոբը լուռ ու միանշանակ ինձ նայեց։ Մի քանի րոպե անց զգացի, որ ծերունու աչքերը թացվել են։

— Բեր համբուրեմ աչքերդ, որդի՛ս,— սերբերենով անընդհատ կրկնում էր Հակոբն ու սրտաճմլիկ հեկեկում։ Արցունքը շիթ առ շիթ թափվում էր նրա խորշոմած ձեռքերին։ Շուրջ 60 տարի նա ոտք չի դրել հայրենի հողին։

Հակոբը սրբեց աչքերը։ Ես նայեցի Բելանյանին, որ փորձում էր հանգստացնել Հակոբին։ Նրա աչքերը ևս խոնավ էին։

Վլադիմիր Բելանյան, Վրնյաչկա Բանյա, 1980թ.

Վլադիմիր Բելանյան, Վրնյաչկա Բանյա, 1980թ.

— Ափսոս հայկական կոնյակ չունեմ,— հանդարտվելուց հետո ասաց Հակոբը,— նստեք, գոնե սերբական շլիվովիցայով հյարասիրեմ։

Շլիվովիցան Սերբիայում հայտնի սև սալորից պատրաստած խմիչք է, որն ինչ-որ չափով հիշեցնում է մեր հոնի օղին։

— Շտապում ենք, Հակոբ ջան,— ասաց Բելանյանը,— դեռ մյուս հայերին էլ պիտի այցի գնանք, սպասում են։

Հակոբի տնից ճանապարհը ձգվում է դեպի քաղաք։ Մենք հետզհետե հեռանում էինք Հակոբի տնից։ Ոլորաններից մեկում ինչ-ւոր ձայն լսեցինք։ Շրջվեցինք։ Հակոբն էր։

— Խնդրում եմ սպասեք,— հևիհև դեպի մեզ էր գալիս նա,— մի գնացեք։

Մենք կանգ առանք։ Հակոբը մոտեցավ մեզ ու խնդրեց, որ մի քիչ էլ զրուցենք, պատմենք Հայաստանի մասին։

— Տղաս մինչև հիմա ամուսնացած չէ, ուզում եմ, որ անպայման հայ աղջիկ առնի, օջախս հայանա,— հուզված ասաց նա,— այստեղ ընտրություն անելու հնարավորություն չունի։

Դժվար էր Հակոբին մենակ թողնել։ Նա կանգնած էր շվարած ու նրա ծերունական աչքերում միախառնվել էին արցունքն ու ժպիտը, կարոտն ու տառապանքը։ Մենք հեռանում էինք, իսկ արտասվաթոր ծերունին թափահարում էր ձեռքը։ Ես շրջվեցի ու նայեցի նրան։ Հակոբը դեռ կանգնած էր ու աչքը հառել էր մեր ճամփին։ Հեռվից նրա դողդոջուն ձայնն էր հասնում ականջիս.

— Բարևնե՜ր տարեք Հայաստանին…

Մակեդոնահայերը

Դեռ Բելգրադում Մարի Բարոնյանը խորհուրդ էր տալիս ինձ անպայման գնալ Սկոպլե՝ հարավսլավական ամենահայաշատ քաղաքը։ Մակեդոնիայում ոչ մի անգամ չէի եղել և համոզված էի, որ նոր ու հետաքրքիր հանդիպումներ էին լինելու։

Սկոպլեաբնակ Արաքսի Դավթյանի մասին ես լսելի էի, բայց անձամբ չէի ճանաչում։ Հեռախոսային ծանոթություն էր միայն։ Իմանալով Հարավսլավիա այցելելուս նպատակը, նա ինձ մի քանի օրով հրավիրել էր Սկոպլե, խոստացել ծանոթացնել տեղի հայերի հետ։ Ուշ գիշեր էր, երբ հասա Սկոպլե։

Դավթյանների տանն եմ։ Գիշերային լռությունը խախտում է դռան զանգը, և Արաքսին սիրալիր ներս է հրավիրում։

Հարավսլավիայի Հայոց միության կանոնադրության տիտղոսաթերթը, Բելգրադ, 1936թ.

Հարավսլավիայի Հայոց միության կանոնադրության տիտղոսաթերթը, Բելգրադ, 1936թ.

— Աս ի՞նչ եղաք, ձեզի կսպասեմ, կկարծեի, թե տեղը չկրցաք գտնել,— անհանգիստ ինձ դիմեց նա, ապա ներս հրավիրեց ու տեղավորեց իրերս։

Հանդիպում անծանոթ հայրենակցուհուս հետ։ Տանը բոլորը վաղուց քնել էին, իսկ նա համբերատարությամբ ինձ էր սպասել։ Գիշերային Սկոպլեից հիմա արդեն ոչինչ չեմ հիշում։ Հիշողությանս մեջ մնացել է միայն կենտրոնական փողոցներից մեկը, ուր ապրում էր Արաքսին դստեր ու երկու թոռների հետ։ Երկու տարի առաջ մահացել էր ամուսինը, մեկ տարի առաջ ավտովթարից զոհվել էր փեսան, որն ազգությամբ մակեդոնցի էր, և որի մասին նա դրվատանքով ու սիրով էր խոսում։ Զգում էի, որ այսքանից հետո նա կարողացել էր վերագտնել իրեն ու հաղթահարել երկու մեծ վիշտ։

Վերջին անգամ Հայաստանում էր եղել 1979-ին։ Պատմում էր, որ հարազատներ ունի հայրենիքում։ Ինքը ծնվել ու մեծացել է Սերբիայում, բայց հետո ամուսնացել է սկոպլեաբնակ Տիրան Դավթյանի հետ ու մշտական բնակության փոխադրվել Մակեդոնիա։ Տիրանը բժշկական կրթություն էր ստացել Փարիզում, որից հետո վերադարձել ու ծառայում էր Սկոպլեում, որպես զինվորական բժիշկ։ Արաքսին երախտագիտությամբ ու հարգանքով էր խոսում ամուսնու գերդաստանի ու հարազատների մասին։

— Ամուսնուս հայրը՝ դոկտոր Կարապետը, արտակարգ ու ճանաչված մարդ մըն էր, չքավորներուն ձրի կբուժեր, ատոր համար էլ Մակեդոնիո մեջ անոր շատ կսիրեին։ Դոկտոր Կարապետի զավակները Վենետիկ Մխիթարյաններու մոտ ուսանած են։ Հոս ավելի շատ հայ կա, բայց կափսոսանք, որ հայկական ակումբ չունենք, որ հավաքվենք ու տեսնվենք։

Տեղի հայերը արդեն գիտեին Սկոպլեում գտնվելուս մասին։ Արաքսին ջանացել էր բոլորին տեղյակ պահել ու նրանց հետ հանդիպումներ կազմակերպել։

Հարություն Սուրմեյանի տանն ենք։ Թեև Հարությունը վաղուց արդեն չկա, բայց դռան վրա մինչև հիմա էլ պահպանվել է նրա անուն ազգանունը։ Կինը՝ Ռադմիլան, ազգությամբ մակեդոնուհի է։ Պետք էր լսել, թե ինչպես էր նա խոսում արևմտահայերեն։

— Տեղի հայերն ալ երբեմն կզարմանան, որ այսպես արևմտահայերեն կխոսիմ,— բարի ժպիտը դեմքին ասում է Ռադմիլան,— ամուսնուս հարազատները ընտանիքում միայն հայերեն կխոսեին, ինձ ալ նրանք սորվեցրած են, բայց գրել ու կարդալ չեմ գիտեր։

Հետո նա պատմում է, որ ամուսնու ծնողները սկզբում համաձայն չեն եղել իրենց ամուսնությանը, ցանկացել են, որ Հարությունն անպայման հայի հետ ամուսնանա, սակայն ծանոթությունից երեք տարի հետո նրանք ամուսնանում են ու նույնիսկ Ռադմիլային մտերմաբար անվանում Շաքե։ Հիմա արդեն նրան Մակեդոնիայում գիտեն որպես Շաքե Սուրմեյան։ Նա միայն անձնագրով է Ռադմիլա։

Տիկին Շաքեին խնդրում եմ, որ պատմի ամուսնու մասին։ Նա բերում է Հարությունի արխիվը։ Լուսանկարներ, հրավիրատոմսեր, թերթերում նրա մասին տպագրված նյութեր։ Կան նաև հուշեր ամուսնու կյանքից։ Մոտ երեք մեծ թղթապանակ նյութ, որոնք սուրբ մասունքի պես պահում է Ռադմիլա–Շաքե Սուրմեյանը։ Նրա թույլտվությամբ արխիվից որոշ գրառումներ եմ անում։ Հուշերում այնքա՜ն հետաքրքիր բաներ են պահպանվել, որ կարելի է մի ամբողջ գիրք գրել Սուրմեյանի մասին։

— Այն, ինչ կտեսնեք, Հարությունի արխիվի մի մասն է միայն,— ասում է Շաքեն,— շատ նյութեր դեռ հրատարակված չեն։ Այս ամենը հանպատրաստից ցույց կուտամ։ Կարող եք օգտագործել այն ամենը, ինչ կհետաքրքրե։ Եթե իմանայի ձեր գալու մասին, ավելի շատ բան կպատրաստեի։ Արխիվի մեկ մասը որդուս՝ Ղազարոսին մոտ է, որ Կանադա կապրի։

Ես դժվարանում էի որևէ բան առանձնացնել, բայց ամենատպավորիչը սերբերենով Շաքե Սուրմեյանի գրած հուշերն էին ամուսնու մասին։ Ահա ինչ է գրում նա.

«Պատերազմի ավարտից հետո Հարությունը ողջ ու առողջ վերադարձավ ու աշխատանքի անցավ Մակեդոնիայի առևտրի մինիստրությունում։ 1947-ին կազմավորվում էր մակեդոնական օպերային թատրոնը։ Միաժամանակ Հարությունին ուղարկում էին Շվեյցարիա՝ առևտրական գործունեության, բայց նա որոշեց մնալ Սկոպլեում։ Նվիրվեց օպերային արվեստին, քանի որ հրաշալի տենոր էր ու շատ էր սիրում երգել։ Օպերային թատրոնում հանդես է եկել 19 գլխավոր դերերգերով։ Նվիրված էր իր կոչմանը։ Էլ չեմ ասում, թե որքա՜ն շատ էր նա հանդես գալիս մենահամերգներով, որոնց ընթացքում, առանց բացառության, կատարում էր կոմիտասյան երգեր։

Հպարտանում էր, որ հայ էր, մեզ՝ բոլորիս, նա հայացրել էր իր երգարվեստով ու ապրած կյանքով։ Ընկերական մեծ շրջապատ ուներ ու նրանց համար հաճախ էր կատարում հայկական երգեր։ Մակեդոնական մեղեդիներ ու երգեր ևս շատ էր սիրում, քանի որ դրանք իրենց հուզականությամբ մոտ են հայկականին։ Նվիրված էր իր զավակներին՝ Ղազարուսին և Արմենին ու ուզում էր, որ նրանք էլ շարունակեն ավանդույթները, դառնան արվեստագետներ։ Ավագ որդիս՝ Ղազարոսը, հիմա Կանադայի ազգային բալետի առաջատար պարողներից է, շրջել է ողջ աշխարհը»։

– Կտեսնե՞ս ինչ տաղանդավոր մարդ եղած է Սուրմեյանը,— միջամտում է Արաքսին,— ափսոս շուտ մեռավ։ Հիմա Ղազարոսը հոր պատգամը կկատարե։

Արաքսի Դավթյանը մակեդոնահայ գաղութի կյանքում ինքնատիպ անհատականություն է, շատ աշխույժ է ու ձեռներեց։ Բոլորի հետ լեզու է գտնում, բոլորին նա գիտե ու ասես նրա համար արգելքներ չկան։ Նա պատմում է, որ այսօր Սկոպլեում մոտ հարյուր հայ է ապրում, բայց ափսոսանքով է նշում, որ նրանք չունեն հավաքատեղի։

– 1989 թվականի ապրիլի 24-ին Սկոպլեի Սուրբ Արանջել եկեղեցում կնշվեր մեծ եղեռնի օրը,— շարունակում է տիկին Արաքսին,— առանց բացառության կմասնակցեին մակեդոնահայերը, նաև շատ մակեդոնցիներ։ Այդ առիթով տեղի եկեղեցու քրիստոնյա քահանաները սգո պատարագ կմատուցեն հայ նահատակներու հիշատակին և միաժամանակ սգո արարողության մասնակիցներուն ներկայացրին ակնարկներ հայերու պատմական անցյալեն։ Մենք, ըստ էության, հարգեցինք ոչ միայն 1915-ի եղեռնի, այլև Սումգայիթի նահատակներու, ինչպես նաև դեկտեմբերյան կործանարար երկրաշարժի զոհերու հիշատակը։ Գիտենք, որ հիմա ալ անհանգիստ է հայոց հողը, նույնիսկ շրջափակման մեջ, բայց ինչ արած, պետք է համբերել ու պայքարել։

Արաքսիի աչքերը խոնավ էին։ Նա լուռ ցույց էր տալիս ընտանեկան ալբոմը, ուր պահպանված լուսանկարները տասնամյակների վաղեմություն ունեն։

Սերբահայեր, մակեդոնահայեր…

Նրանցից շատերն այսօր արդեն չկան։ Նայում էի «տարեց» լուսանկարներին ու զգում, որ դրանցում դեռ հիմա էլ բաբախում է տեղի փոքրաթիվ հայ գաղութի երակը։

Որպես վերջաբան

Երբ ավարտել ու տպագրության էի պատրաստում ակնարկս, բելգրադահայ Միոդրագ Վարդապետյանից անսպասելի մի նամակ ստացա, որի վերջին տողերը ինձ շատ ուրախացրին։ Նա գրում էր, որ բոլորովին վերջերս Բելգրադում ստեղծվել է սերբա-հայկական ընկերություն, որի առաջին և հետագա համագումարները նախատեսված են անցկացնել ամեն տարի ապրիլի 24-ին։ Դեռ երկու տարի առաջ Հարավսլավիայում գտնվելիս ես տեղի հայերին հուշել էի նման ընկերություն ստեղծելու գաղափարը, հարավսլավական մամուլում մի քանի անգամ հանդես էի եկել հայ-սերբական մշակութային կապերին վերաբերող հոդվածներով՝ նպատակ ունենալով հարավսլավահայերին տեղյակ պահել հայ ու սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությանը վերաբերող պատմական անցուդարձերին, որոնց մասին, ցավոք, քիչ բան գիտեն Հայաստանում ու Հարավսլավիայում։ Բելգրադյան սերբա–հայկական ընկերությունը հիմա արդեն կդառնա Հայաստանն ու Սերբիան միմյանց կապող կամուրջ։

Վարդապետյանը գրում է նաև, որ հարավսլավական ՏԱՆՅՈԻԳ գործակալության և զանգվածային լրատվության մյուս միջոցներով նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այս տարվա հունվարին Բաքվում և Ադրբեջանի մյուս քաղաքներում հայ ազգաբնակչության հանդես գործած աննախադեպ վայրագությունների ու բարբարոսությունների առիթով։ Ի՞նչ գիտեն հարավսլավահայերն ու հարավսլավացիները Սումգայիթի և Նախիջևանի դեպքերի, ադրբեջանցի ոճրագործների ու ցեղասպանների մասին։ Շատ քիչ բան։ Բայց լավ գիտեն, որ հայ ժողովուրդը արդար պայքարի է ելել կյանքի գնով պաշտպանելու իր սուրբ հողը, իր Ղարաբաղը։ Գիտեն, քանի որ հարավսլավացիներն էլ իրենց Ղարաբաղն ունեն՝ Կոսովոն՝ Սերբիայի ոգին ու սիրտը, որի մեջ սեպի պես խրվել է ալբանաբնակ մի խառնամբոխ ու տասնամյակներ շարունակ սերբահալած քաղաքականությամբ դուրս է մղել տեղաբնիկներին պապենական հողերից։

Կոսովոն սերբական Ղարաբաղն է։ Դա գիտեն բոլորը։ Իսկ ամենաարդար դատավորը՝ ժամանակը, ցույց կտա, որ ամեն մի ժողովուրդ պետք է իր հողի տերը լինի…

Երևան — Բելգրադ
նոյեմբեր 1989 – հունվար, 1990

You may also like...